‘Խմբագրական. Մազալու Սերժը եւ երկրի իրական խնդիրները’

4838

‘

Սերժ Սարգսյանը մազալու մարդ է: Պահ է լինում՝ ինքը խոսում, հարցնում է, ինքն էլ պատասխանում է: Օրինակ, ըստ Նյուս.ամ-ի՝ նա ասել է հետեւյալը. «Խոսելով ՀԱԿ-ի չմասնակցելու մասին՝ Սարգսյանն ընդգծել է, թե որեւէ կուսակցություն չի կարող իրեն մեղադրել հանդիպելու ցանկություն չունենալու մեջ։ «Բայց եթե կուսակցությունն ամեն օր հայտարարում է, թե չի ցանկանում հանդիպել ինձ հետ եւ քննարկել այդ թեման, ի՞նչ իմաստ ունի նրանց հրավիրելը։ Արժե՞ արդյոք հրավիրել նման ուժին քննարկման»,- ասել է նա»:

Հարց է ծագում՝ ո՞վ է նրան մեղադրել սահմանադրական փոփոխությունների շուրջ Կոնգրեսի հետ հանդիպման ցանկություն չունենալու մեջ: Համենայն դեպս՝ ՀԱԿ-ի կողմից նման մեղադրանք չի հնչել եւ չի էլ կարող հնչել: Կոնգրեսն, իհարկե, Սարգսյանի նկատմամբ շատ մեղադրանքներ ունի, բայց դրանց շարքում այս մեկը չկա: Կասեինք, նույնիսկ, որ սա այն քիչ հարցերից է, որտեղ Սերժին կարելի է լիովին մաքուր եւ անմեղ համարել:

«Կոնսոլիդացիոն» ֆոտոսեսիան եւ իրական քննարկումը

Ըստ նույն աղբյուրի՝ «Հայ ազգային կոնգրեսը կամա, թե ակամա կմասնակցի Սահմանադրության բարեփոխման քննարկմանը։  Այդ մասին հայտարարել է … Սերժ Սարգսյանը»: Եթե քննարկում համարենք մեկ օրվա մեջ 6 կուսակցության հետ հանդիպելը կամ, ավելի ճիշտ կլիներ ասել՝ ֆոտոսեսիա կազմակերպելը, ապա այստեղ «քննարկում» եզրի՝ մեր եւ ՀՀԿ առաջնորդի պատկերացումները խիստ տարբերվում են: Եթե նույնիսկ հաշվի չառնենք այդ հանդիպումների տեմպը («6-ը մեկում»), այլ միայն հիշենք այն փաստը, որ այդ «քննարկումների» բովանդակությունից հասարակությունն այդպես էլ որեւէ էական տեղեկություն չստացավ ո՛չ նախագահականից, ո՛չ էլ «հանդիպացվողներից», ապա պարզ է դառնում նման քննարկումների «լրջությունը»:

Բայց այլ հարց է, որ այստեղ Սարգսյանի ասածում որոշ չափի ճշմարտություն կա: ՀԱԿ-ը ոչ թե մասնակցելու է, այլ ինչ-որ իմաստով վաղուց մասնակցում է սահմանադրական փոփոխությունների քննարկմանը: Ավելին՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ից (նախկինում) բացի՝ միակ ուժն է Հայաստանում՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանամետ դաշտում, որը սահմանադրական գործընթացի մասին ներկայացրել է բովանդակալից, հոդաբաշխ, փաստարկված տեսակետներ՝ քաղաքական ելույթներով եւ հայտարարություններով, մամուլի հրապարակումներով: Այլ էական, բովանդակալից բան թեմայի շուրջ չի ներկայացվել ո՛րեւէ եւ մա՛նավանդ՝ փոփոխությունների կողմ արտահայտվածների կողմից: Գոնե ինձ նման բան հայտնի չէ, եւ եթե մեկը գիտի այն տեղը, ուր սահմանադրական գործընթացին կողմ որեւէ քաղաքական ուժ, գործիչ կամ փորձագետ ներկայացրել է համակողմանի եւ փաստարկված տեսակետ, կամ էլ հակափաստարկել է եղած ընդդիմախոսությանը՝ քաղաքական թե իրավական առումներով, թող անպայման հայտնի դրա մասին: Բնականաբար՝ նկատի չունեմ փոփոխությունների բուն հայեցակարգը՝ որպես նման տեսակետի արտահայտում, ոչ էլ այս կամ այն հանրապետական պատգամավորի անհոդաբաշխ տանջանքները թեմայի շուրջ հերթական «ձիժուրնի» մամլո ասուլիսում: Այնպես որ՝ ոչ թե ՀԱԿ-ը կամա թե ակամա մասնակցելու է քննարկումներին, այլ ՀԱԿ-ը մեկն է երկու ուժերից, որոնց ասելիքը կարելի է համարել արժանի՝ քննարկում կոչվելու: Սա մեծամտություն չէ, այլ փաստ:

Պատճառն էլ պարզ է, եւ այն չէ, որ մնացած քաղաքական ուժերում բացարձակապես հիմարներ են հավաքվել: Բնականաբար՝ այդպես չէ, եւ բազմաթիվ խելքը գլխին մարդիկ կան ամեն տեղ, եւ պատրաստ ենք ընդունել, որ մեզնից էլ հասկացող ու խելոք են: Խնդիրն անձնական չէ, այլ առարկայական՝ հնարավոր չէ պատկերացնել անգամ որեւէ քիչ թե շատ, գոնե ձեւի համար՝ խելքին մոտ փաստարկում՝ հօգուտ սահմանադրական փոփոխությունների այսօրվա Հայաստանում: Իսկ եթե մարդը, բացի ամենից, նաեւ խելոք է, ապա կարելի է միայն պատկերացնել, թե ինչպիսի ներքին տանջանքներ պետք է նա ապրի, եթե ստիպված է հրապարակայնորեն արդարացնել մի տեսակետ, որը լիովին փլուզվում է մեկ-երկու թեթեւակի հակափաստարկներից իսկ (ի դեպ, թեմայի շուրջ անձամբ հանդիպել եմ նման հրապարակումների, որոնցից պարզապես «զռում է», որ մարդը տանջվում է, բայց ստիպված է հիմարություններ խոսել): «Անմեղ» հանրապետականների գործն, իհարկե, ավելի հեշտ է՝ նրանք, ինչպես միշտ, չեն հասկանում, թե ինչից են խոսում եւ պարզապես «թութակում» են միմյանց՝ փորձելով հիմնավորել Պարծիայի գեներալնի լինիան պատմական հերթական զիգզագում:

Ռեգբիի առաջնությունը եւ իրական օրակարգը

Կոնգրեսը չի ուզում հանդիպել ինձ՝ ոչ այն է՝ բողոքում է, ոչ այն՝ փաստում է Սերժ Սարգսյանը: Այնպիսի տպավորություն է, կարծես Սարգսյանը մասնավոր անձ է, գուցե նույնիսկ՝ անմեղ մանկիկ, Կոնգրեսն էլ ինչ-որ դիվական ուժ է, որը չի ուզում խեղճ երեխուն խաղացնի կամ կոնֆետ տա: Կարծես խոսքը ոչ թե քաղաքական հանդիպման եւ քննարկման, այլ հարսանիքի կամ խաշի սեղանի մասին է: Հանդիպի, որ ի՞նչ անի: Քննարկի խորհրդարանական կարգի առանձնահատկությունները նախագահականի համեմա՞տ: Իսկ գուցե հանդիպենք ու քննարկենք Եղիշեի եւ Փարպեցու տարբերություննե՞րը Վարդանանց պատերազմի շարադրանքի առումով, կամ Լեւի- Ստրոսի «Տոտեմիզմն այսօր» գի՞րքը, կամ, չգիտեմ, Ավստրալիայի Ռեգբիի Ազգային Լիգայի նոր մեկնարկած սեզոնի հեռանկարներն ու Լեդ Զեփփելինի 1975-ի մարտի 11-ին Լոնգ Բիչի համերգի սիրողական եւ «սաունդբորդ» ձայնագրությունների համեմատական առանձնահատկություննե՞րը: Է՞լ ինչ թեմա կա աշխարհում, որն անմիջական կապ չունի Հայաստանի իրական քաղաքական, հասարակական, տնտեսական պահանջների հետ, խնդրեմ, ասեք, հանդիպենք՝ որպես մասնավոր անձեր, ու խոսենք, միայն թե պետք չէ քաղաքական քննարկում կոչել անիմաստ, վերացական թեմաների շուրջ «արագի մեջ» կազմակերպված ֆոտոսեսիան 2008-ի երբեմնի քաղբանտարկյալների հետ:

Իրականում ՀԱԿ-ն ունի իր կայուն ասելիքը Սերժ Սարգսյանին, որը բխում է երկրի իրական խնդիրներից: Դրա կարեւոր կետերն են, օրինակ.

ա. Հրաժարվել երկրում բացարձակ քաղաքական մենատիրություն հաստատելու ռազմավարությունից, առավել եւս՝ հրաժարվել 2018-ից հետո իշխանությունը սեփական ձեռքերում պահելու ծրագրից: Բացարձակ մենատիրական, անայլընտրանք, միաբեւեռ, նույնիսկ՝ ներքուստ գերկենտրոնացած իշխանական համակարգի կայացումը հակասում է երկրի եւ պետության շահերին, որովհետեւ Հայաստանն ի զորու չի լինի պահել եւ «կերակրել» նման ռեսուրսատար համակարգ, եւ դա դառնալու է մշտական ներքին անկայունության, չթուլացող լարվածության հիմք (անկախ նրանից, թե այդ լարվածությունն ինչ-որ փուլերում արտաքուստ կարող է չարտահայտվել) եւ, ի վերջո, հանգեցնելու է անկանխատեսելի հետեւանքներով պայթյունի: Սա ոչ թե Կոնգրեսի կամ ինչ-որ այլ խմբի, այլ երկրի խնդիրն է:

բ. Հրաժարվել տնտեսության մեջ հետագա մենաշնորհացման եւ «փայ մտնելու» քաղաքականությունից: Սա նույնպես ոչ թե Կոնգրեսի կամ ինչ-որ մեկի, այլ երկրի խնդիրն է: Եթե ուզում ենք վաղն էլ անկախ Հայաստան ունենալ, ապա պետք է թողնել, որ երկիրը շնչի, իսկ մարդիկ իրենց հայրենիքում հարստանալու, բարիք կուտակելու հնարավորություն ունենան: Բնականաբար, այս կետն անմիջականորեն կապված է նախորդի հետ: Եթե դնում ես սեփական իշխանության «հավերժացման» եւ գերկենտրոնացված համակարգ ստեղծելու նպատակ, ապա պետք է արգելակես այլընտրանքային «հարստությունների» կայացումը եւ, բնական պաշարների սահմանափակության պայմաններում, միաբեւեռ համակարգին անհրաժեշտ ռեսուրս հայթայթես՝ քամելով մարդկանց: Ուրեմն՝ այստեղ էլ բռնապետության շահերը ուղիղ հակասության մեջ են երկրի եւ պետության շահերի հետ:

գ. Հրաժարվել արտաքին քաղաքական արկածախնդրական, «կտրուկ վիրաժների», հավասարակշռությունը պարբերաբար խախտող ոճից: Սա նույնպես ոչ թե Կոնգրեսի կամ ինչ-որ մեկի, այլ երկրի եւ պետության խնդիրն է: Հրաժարվել նաեւ այս կամ այն արտաքին կողմնորոշումը որպես ներքաղաքական բաժանման հիմնական գիծ ներկայացնելու վտանգավոր քարոզչությունից, որը հովանավորվում է Սերժ Սարգսյանի կամ նրա մերձավորների կողմից:

դ. Հայ-թուրքական հարաբերություններում հրաժարվել «պատեպատ» տալու, մի ծայրահեղությունից մյուսն ընկելու, վերոնշյալ «կտրուկ վիրաժների», «գիշերային որոշումների» ոճից: Երկրի եւ պետության շահերից չի կարող բխել մի օր համաձայնել ցեղասպանության հարցը քննարկող պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, իսկ մյուս օրը անպատասխանատու «հայդատականության» մեջ ընկնել, մի օր «գերխաղաղասեր», իսկ մյուս օրը «գերհայրենասեր» խաղալը: Այդ երկու ծայրահեղ բեւեռների միջակայքում կան շատ ավելի հավասակշիռ՝ ազգային արժանապատվությունը քաղաքական իրապաշտության հետ համատեղող հնարավորություններ, էլ չասած, որ կտրուկ շրջադարձերն ինքնին օգուտ չեն կարող բերել նման նուրբ հարցերում:

Սա միայն մի մասն է այն կարեւոր խնդիրների եւ պահանջների, որոնք ոչ միայն ՀԱԿ-ը, այլեւ մեր հասարակության զգալի մասն ունի ՀՀԿ առաջնորդից եւ նրա վարչակարգից: Սրանք ոչ թե ընթացիկ, այլ հիմնարար հարցեր են, եւ որեւէ ֆոտոսեսիա կամ քննարկման նմանակում չի կարող դրանց լուծումը տալ: Եվ քանի որ այս հարցերը հիմնարար են, ապա Հայաստանում միշտ լինելու է դրանք բարձրաձայնող անձանց եւ խմբերի պահանջարկ՝ անկախ նրանից, թե ամեն տվյալ պահին իշխանությանը տիրացած խումբը որքան է ինքն իրեն «հաղթած» կամ «պարտված» զգում:

Մենք բոլորս պատմության առաջ ենք պատասխան տալու, ոչ թե օրվա փոփոխական իրավիճակի: Համենայն դեպս՝ քաղաքականության մեջ ներգրավված մարդիկ եւ անձերը հենց ա՛յդ կերպ պետք է զգան, մտածեն ու գործեն, այլ ոչ թե միայն օրվա կուրսով: Ու քանի դեռ կա պատմական պատասխանատվության զգացումը, կլինի նաեւ դիմադրությունն ու քննադատությունը Հայաստանն անձնական բոստանի կամ էլ արտաքին ուժերի խաղալիքի վերածելու քաղաքականությանը:

Հ.Գ. Որեւէ իմաստուն «սերժական» «կաղնի» կարող է սա համարել ապացույց այն բանի, թե «նրանք» միայն «հայհոյում են» եւ «կառուցողական չեն»: Հասկանալի է, որ նման մարդկանց համար ամենամեծ հայհոյանքը հենց բովանդակային, փաստարկված քննադատությունն է, որին նրանք պատասխանելու բան չունեն: Եթե նրանց հայհոյես բառիս բուն իմաստով, նրանք դրանից ավելի պակաս կնեղվեն, քան նրանից, որ կան մարդիկ, ովքեր, նախ՝ քննադատում են փաստարկված, երկրորդ՝ իրենց դիրքն օրվա կուրսով չեն չափում եւ խորապես անտարբեր են, թե տվյալ պահին որքանով «հզոր է» զգում իրեն իշխող խումբը: Իսկ մեր կողմից կարող ենք ասել, որ մեզ համար հայհոյանք է ա՛յն մարդկանց կենսագրությունը, որոնք 20 տարվա մեջ 20 ճամբար եւ 20 անուն փոխելով՝ միշտ հայտնվել են ամեն տվյալ պահի իշխանության կողքին, զորօրինակ՝ «հայհոյանքներից» խոսող «իմաստուն կաղնի» Խոսրովի կենսագրությունը:

Հրանտ Տեր-Աբրահամյան

‘

Նախորդ հոդվածը‘Օսիպյանի եղբորորդուն չեն կալանավորի, քանի որ նա կբարեհաճի ներկայանալ ոստիկանություն’
Հաջորդ հոդվածը‘Երկրի վրա սկսվել է արևի խավարումը (ուղիղ)’