‘
Փոխել մարդկա՞նց, թե՞ համակարգը. այս հարցադրումը հաճախ է քննարկման նյութ դառնում, և այսօր էլ, քաղաքական գործընթացների վճռական փուլ մտնելուն զուգահեռ՝ դառնում է ոչ միայն իրապես բովանդակային, այլև դեմագոգիկ խոսքի առիթ՝ որպես այդպիսին կամա թե ակամա սպասարկելով իշխանական հակաքարոզչական շահերը: Հարցն իրոք կարևոր է և անմիջական կապ ունի այսօրվա քաղաքական օրակարգի հետ: Փորձենք մենք էլ մի երկու բան ճշտել դրա շուրջ՝ առանց, իհարկե, ամբողջական և վերջնական եզրահանգումների հավակնության:
Պարզ է, որ հարցի ճիշտ պատասխանն այն է, որ խնդիրը ոչ թե մարդկանց, այլ համակարգը փոխելն է, բայց միայն այսպիսի վերացական ձևակերպմամբ ոչինչ ասած չենք լինի, և առավել ևս՝ չենք խուսափի վերացականությանը բնորոշ բազմաթիվ ծուղակներից՝ դեմագոգիայի առատ հնարավորություններով, որովհետև, նախ՝ չի կարելի անտեսել նաև մարդկային գործոնը, որքան էլ այն տվյալ դեպքում երկրորդական լինի, երկրորդ՝ պետք է հասկանալ, թե համակարգը փոխելն ի՛նչ է, և ի՛նչ միջոցներով դրան կարելի է հասնել, և վերջապես՝ երրորդ՝ պետք է այս ամենը տեղադրել կոնկրետ քաղաքական իրավիճակի մեջ:
Լավ տղերքի խնդիրը, կամ մարդը չի կարող մարդ ստեղծել
Իսկ ինչո՞ւ ոչ թե մարդ, այլ, առաջին հերթին՝ համակարգ փոխելը պետք է լինի քաղաքական նպատակ: Թերևս՝ երկու պատճառով: Նախ՝ եթե մարդ փոխել ասելով՝ հասկանում ենք մարդկանց մի խումբը մարդկանց մեկ այլ խմբով, պատկերավոր ասած՝ վատ տղերքին լավ տղերքով փոխելը, ապա դա, իհարկե, մեծամասամբ ուտոպիստական նպատակ է: Եթե նույնիսկ ընդունենք, որ «լավ տղերքը» գոյություն ունեցող և սահմանելի բնութագրիչներով խումբ են, նրանք, միևնույն է, որևէ հասարակության մեջ այդքան մեծ քանակ չեն կազմում, որ կարողնանք նրանցով մի ամբողջ կառավարման համակարգ ձևավորել, այն էլ՝ արդի պետության նման բարդ և բազմաճյուղ համակարգ: Իհարկե, այստեղ մի «բայց» կա: Կարելի է պատկերացնել, որ եթե մի շատ նեղ խումբ լավ տղերքի դնենք կառավարման համակարգի ամենակարևոր պաշտոններում, ապա նրանք կստիպեն մնացածներին նույնպես «լավը» լինել: Բայց էլ չասած այն մասին, որ պարզ չէ, թե ինչպես պետք է դրան հասնենք, միևնույն է, նույնիսկ այդպիսի ծրագրի հաջողման դեպքում ստանում ենք շատ հեղհեղուկ, անկայուն իրավիճակ՝ «լավ տղերքն» իշխանություն ստանալով՝ կարող են «վատը» դառնալ, նրանք կարող են «վատերի» կողմից խաբվել, և այլն, և այլն, մի խոսքով՝ լրիվ հեքիաթային իրավիճակ:
Իսկ եթե մարդ փոխել ասելով՝ հասկանում ենք ոչ թե մարդկանց մեկ խումբը մյուսով փոխելը, այլ մարդկային որակ փոխելը, այսինքն՝ ամեն տվյալ մարդուն կամ խմբին ավելի լավը դարձնելը, ապա կարևոր է հասկանալ, որ քաղաքական գործիչը կամ ուժը ստիպված է գործ ունենալ այն մարդկային նյութի, որակի հետ, որը տրամադրելի է տվյալ հասարակության կողմից: Մարդը կարող է ստեղծել համակարգեր, տեխնիկա, գաղափարներ և այլն, բայց մարդը չի կարող մարդ ստեղծել: Ոչ էլ հնարավոր է «իդեալական մարդկանց» մեծ պարտիա ներմուծել, ասենք՝ արտերկրից կամ այլ մոլորակներից: Քաղաքական ուժը կարող է մի փոքր ավելի առաջ լինել հասարակության միջին մակարդակից, առանձին անհատ գործիչները որոշ դեպքերում կարող են նույնիսկ մի քանի քայլ առաջ լինել, բայց որևէ քաղաքական ուժ չի կարող 10 գլուխ բարձր լինել, քան այն հասարակությունը, որի մեջ նա գործում է: Հետևաբար, կարող ենք ունենալ աշխարհի ամենապայծառ ծրագրերն ու գաղափարները, բայց քանի որ քաղաքական նպատակներն իրագործելի են ոչ թե միայնակ, այլ թիմով, խմբով, մարդկանցով, ուրեմն միշտ ունենալու ենք «պայծառի» սահմանափակում մարդկային գործոնի կողմից:
Մարդկային որակ փոխելը տասնամյակների և սերունդների գործ է, որը կարող է մաս կազմել հեռահար քաղաքական ռազմավարության, բայց այսօր ու այստեղ աշխատելու ենք այն նյութի հետ, որն ունենք:
«Ուժն է ծնում իրավունք»
Ուրեմն՝ պարզ է, որ քաղաքական ողջամիտ նպատակը պետք է լինի ոչ թե մարդ փոխելը՝ նկարագրված երկու իմաստներով, այլ համակարգ փոխելը: Բայց սրանով էլ դեռ ոչինչ ասված չէ, քանի որ համակարգ փոխել ասելով՝ նույնպես «հազարումի» անիրատեսական դեմագոգիա կարող ենք պատկերացնել: Այս քաղաքական փուլում առավել տարածված դեմագոգիայի տեսակն է՝ փոխենք սահմանադրությունը, իրավական ձևակերպումները, և կստանանք համակարգի փոփոխություն: Կարծում եմ, նույնիսկ այդպես ձևակերպողների մեջ նվազագույն տոկոս են կազմում այնպիսիները, որոնք իրապես հավատում են իրենց ասածին. չափից ավելի ակնհայտ է, որ եթե նույնիսկ եղած սահմանադրությունն ու իրավական համակարգը Հայաստանում փաստացի չեն գործում, ապա մի թղթե շերեփը մյուսով փոխարինելն առնվազն որևէ բան չի փոխի, իսկ որոշ դեպքերում նույնիսկ կարող է վատթարացնել իրավիճակը: Թե ինչու այդպես՝ բավականաչափ հիմնավորվել է ընդդիմության ներկայացուցիչների՝ վերջին մի քանի ամիսների տարբեր ելույթներում և հրապարակումներում: Նույն այս դեմագոգիայի մյուս տեսակն է՝ կստեղծենք (կամ, առավել ծանր դեպքերում՝ արդե՛ն ստեղծել ենք) մի ֆանտաստիկ լավ ծրագիր, գաղափարախոսություն, նախագիծ, որով կփոխենք երկիրը, որովհետև ցայժմ բոլորը պայքարել են անձերի դեմ, իսկ մենք գաղափարական մարտիկներ ենք, և այլն: Էլի կան տարբերակներ և ենթատարբերակներ, կարծում եմ՝ ինքներդ էլ ինձնից լավ կհիշեք դրանք: Բայց ինչպե՞ս ընդհանրապես տարբերել այստեղ դեմագոգիան բովանդակային խոսքից:
Կարծում եմ՝ տարբերակման համար պետք է մտապահենք հետևյալ ձևակերպումը. համակարգը հնարավոր է փոխել ոչ թե լավ կամ վատ ծրագրով, գաղափարով, ցանկությամբ, թուղթուգրիչով, բարի մղումներով, այլ՝ ուժո՛վ: Ավելի ստույգ՝ թվարկած բոլոր գործոնները՝ ծրագրից մինչև ցանկություն, կարևոր են, բայց ոչինչ են առանց ուժի, կամ կարևոր են դառնում ուժի առկայության դեպքում: Ուրեմն՝ պետք է հասկանանք, թե ի՞նչ է տվյալ դեպքում ուժը, ինչպես նաև տեղադրենք մեր ասելիքն այսօրվա քաղաքական իրավիճակի շրջանակներում:
Խոսքը շատ պարզ, նույնիսկ պարզունակ բանի մասին է: Ուժը սեփական կամքի պարտադրանքի կամ էլ հակադիր կամքի չեզոքացման կարողությունն է: Այլ կերպ ասած՝ ուժը սահմանն է կամ հարաբերությունը, կշռույթը երկու կամ ավելի հակադիր կամքերի: «Վատ տղուց» «լավ տղա» սարքելը սովորաբար մեր հնարավորություններից վեր է, բայց «վատ տղուն» սահմանների մեջ դնելն ավելի իրատեսական նպատակ է:
Հասարակական համակարգը կարող ենք համարել տարբեր հասարակական շերտերի ուժային հարաբերությունների ամբողջություն: Որևէ հասարակության մեջ սրբերը մեծամասնություն չեն կազմում: Տարբեր շերտերն ու անձերն ունեն իրենց մասնավոր նպատակները, և գիտակցորեն կամ բնազդաբար ձգտում են իրենց ազդեցության ոլորտի լայնացմանը՝ ի հաշիվ մյուսների, իրենց կամքի անսահմանափակ տարածմանը, այնքան ժամանակ, քանի դեռ չեն հանդիպում դիմադրության կամ անհաղթահարելի խոչընդոտի:
Քաղաքական շաքարի ներկրման խնդիրը
Այսօր Հայաստանում ծավալվող քաղաքական գործընթացներն, ինչպես հիմա սիրում են ասել՝ «դրա մասին են»՝ հասարակության մի նեղ շերտի՝ բոլորին իրենց կամքը պարտադրելու գործընթացին հակադրվելու մասին: Այս թեման թերևս արժի առանձին բացել, բայց մի քանի խոսք ավելացնենք նաև այստեղ: Այսօր մեր երկրի գերխնդիր է մե՛կ ուժի, մե՛կ նեղ շերտի քաղաքական և տնտեսական բացարձակ մենաշնորհի հաստատմանը խոչընդոտելը: Ընդ որում՝ պետք է հաշվի առնել, որ քաղաքական բացարձակ մենաշնորհ Հայաստանում ցայսօր դեռ ոչ մեկի չի հաջողվել հաստատել՝ սա նոր մարտահրավեր է՝ չնայած բխում է մեր երկրի նախորդ տարիների քաղաքական զարգացման տրամաբանությունից: Իշխող խմբի կողմից հարցն այսօր դրվել է վերջնական սրությամբ՝ «քաղաքական շաքարն» այսուհետ միայն մեկ հոգի կարող է և պետք է ներկրի, այսինքն՝ անցում կատարվի Հայաստանի համար նոր՝ ալիևյան տիպի համակարգի, որն էլ պետք է ամրապնդվի նոր՝ արտաքուստ ավելի դեմոկրատական սահմանադրությամբ, ինչպես որ ՍՍՀՄ-ում անցումը դեպի ստալինյան բացարձակ մենիշխանություն կատարվեց 1934-39 թթ.-ին՝ ուղեկցվելով շատ ավելի դեմոկրատական համարվող (և իրապես այդպիսին հանդիսացող)՝ 1936-ի սահմանադրության ընդունմամբ: Պետք է հասկանալ, զգալ պատմական, քաղաքական, հասարակական գործընթացների տրամաբանության նրբությունները (տվյալ դեպքում՝ տրամաբանություն բառի նաև հին, գրաբարյան՝ դիալեկտիկա իմաստով) գործընթացների արտաքին շղարշի տակ տեսնելու համար այս հիմնարար միտումը:
Մնացած բաները երկրորդական խոսակցություններ են, որոնք վերաբերում են գործընթացի մակերեսին՝ ո՛ւմ ո՛ր քաղաքական ուժը կամ գործիչն է դուր գալիս, ո՛վ նախկինում ո՛վ է եղել, ո՛վ ինչ սիրուն ասելիքներ կամ աչքեր ունի, ո՛վ ո՛ւմից է նեղացել և այլն: Ո՛չ ընդդիմությունն է պարտավոր լինել սուրբ, կամ երբևիցե եղել է այդպիսին, ո՛չ էլ իշխանությունը՝ դև, կամ երբևէ եղել է այդպիսին, ո՛չ էլ դա ընդհանրապես հետաքրքիր է: Այսօր, առավել, քան երբևէ, հետաքրքիր է միայն մեկ բան՝ արդյո՞ք Հայաստանում կհաջողվի հաստատել բացարձակ քաղաքական մենաշնորհ, և այլևս որևէ՝ նույնիսկ չարյաց փոքրագույնի կամ վատ ու վատթարագույնի ընտրություն չենք ունենալու շատ երկար ժամանակ (իսկ քաղաքականությունը, մեծ հաշվով, միշտ չարյաց փոքրագույնի ընտրություն է, ով դա չի ուզում ըմբռնել, ապրում է Երկնային Երուսաղեմում, որովհետև միայն այդտեղ է Բարու ու Չարի իրական ընտրությունը, բայց դա արդեն քաղաքականության՝ գերազանցապես երկրային զբաղմունքի հետ կապ չունի՝ այստեղ խոսքը միայն պայմանական, համեմատական բարու և չարի մասին է), թե՞ հասարակությունն, այնուամենայինվ, դեռ ունի բավականաչափ ներուժ, որպեսզի՝ ա. գոնե պահպանի առկա իրավիճակը, երբ կան սահմանափակ այլընտրանքային հնարավորություններ և ընտրություն քաղաքական դաշտում, և բ. կարողանա հասնել ավելիի, քան կա այսօր, և ձևավորել այնպիսի համակարգ, ուր ոչ ոք, ոչ մի ուժ, նույնիսկ՝ ամենալավը, չկարողանա հավակնել քաղաքական մենաշնորհի: Սա է ամբողջ խնդիրը, և սա է պատճառը, որի համար արժե գալ հոկտեմբերի 10-ի և հաջորդող հանրահավաքներին, իսկ մնացածը, ռուսների ասած՝ «ռազգովոռի վ պոլզու բեդնիխ»՝ «խոսակցություններ են հօգուտ չքավորների»:
Հրանտ Տեր-Աբրահամյան
‘