‘
«Ղարաբաղցիներն են մեզ սովորեցրել, որ հայությունն անպարտ է»,- քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց կիսակարկառուն հանրապետական Սամվել Ֆարմանյանը: Իհարկե` նախապես ճռճռան ու ճապաղ բառակույտով սեփական «հայրենասիրությունն» ԱԺ դահլիճի գաղջ մթնոլորտում օդ արտանետելով:
Իյա՜, իրոք՞, պարոն Ֆարմանյան: Ձեզ նման էլի՞ քանի «ակունք իմաստության» կա ձեր տարոնանժդեհակոմերիտական շարքերում:
Եկեք Ֆարմանյանի այս մտքի ժայթքումը ձևափոխենք այսպես. «Հայաստանցիներն են սովորեցրել ղարաբաղցիներին, որ հայությունն անպարտ է»:
…Պատկերացրի՞ք, թե նման միտք արտահայտող «դավաճանն» ինչպիսի թուքումուրի կարժանանա` Հայաստանի և Ղարաբաղի միջև սեպ խրելու համար:
Ես շա՛տ լավ պատկերացրի: Եվ ուզում եմ հարց տալ` իսկ ահա Ֆարմանյանի այս բլթոցն ինչո՞ւ չի դիտարկվում Հայաստանի և Ղարաբաղի միջև սեպ խրելու փորձ:
Երկու դեպքում էլ, կարծես, հայ ժողովրդին տեսակավորում են` մեկ խմբին հակադրելով մյուսին:
Եվ այս վտանգավոր ու մանկամիտ տարանջատումն էլ պատճառ է դարձել տարիներ շարունակ և մինչ օրս էլ շարունակվում է զանազան ճռճռան «հայրենասերների» ջանքերով, ու սրա պատճառով է, որ այսօր կանգնել ենք այն դառնագույն իրողության առջև, որ Հայաստանից Ղարաբաղ ուղևորվողներին դիմավորում է զինված ավազակների ոհմակը:
Ի՞նչ նպատակով էին այդ մարդիկ գնում Ղարաբաղ` երկրորդական-երրորդական հարց է: Դժնատեսիլ «իրադրության» մասին ճամարտակողները կարո՞ղ են գոնե մեկ հոդաբաշխ հիմնավորում մտցնել «ղարաբաղցիներից հայրենասիրություն սովորածներիս» աչքը, թե 30-40 ավտոմեքենաներով, կին ու երեխայով Ղարաբաղ գնացող այդ մարդիկ ի՞նչ կարող էին անել այնտեղ` «իրադրությունն» ավելի բարդացնելու համար: Եվ եթե նույնիսկ` կարո՛ղ էին, և եթե նույնիսկ` Ղարաբաղի խաղաղության պահպանման միակ փրկարար ելքը նրանց կեսճամփից ետ ուղարկելն էր, այլ քաղաքակիրթ ձև չկա՞ր դրա համար, միակ ելքը բանդիտական, սրիկայական, թաթար-մոնղոլական հարձակու՞մն էր:
Գուցե «իրադրության» մասին հիշողներն ու հիշեցնողներն իրենք իրենց հա՞րց տան` իրե՛նք «իրադրությանը» համապատասխա՞ն են ապրում: «Իրադրությանը» համարժե՞ք է իրենց փադիշահական, կուշտուկուռությունից պայթող կենցաղը: Այս ծանր «իրադրության» պայմաններում ի՞նչ հրաշքով միլիոնատեր հղփացածներ դարձան Հայաստանի ու Ղարաբաղի իշխանությունները: Պատերազմական այս «իրադրության» պայմաններում ինչու՞ գոնե մեկ լկտի իշխանավորի զավակ սահման չի պաշտպանում, և էս ո՞նց է պատահել, որ «իրադրությանը» դիմակայող ու գրեթե ամեն օր զոհվող մեր տասնութամյա զինվորները` բոլո՛րը, համեստ, մի կերպ ծայրը ծայրին հասցնող ընտանիքների երեխաներ են: Իսկ «իրադրության» մասին բարբաջողների սիրասուն զավակները «տժժում են» որտեղ ուզում են ու եթե հավես են ունենում` ձեռի հետ էլ իրենց հայրենակիցներին են սպանում ու անպատիժ շարունակում աջուձախ «ցփնել» իրենց ավազակ հայրերի` մեզանից թալանած փողերը:
Եվ ամենակարևորը` «իրադրությանը» համարժե՞ք է այն անհերքելի իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի բոլոր «հաբռգածներն» ու նախկին իշխանավորները «սահուն քայլերով» լքել ու լքում են պատերազմական վիճակում գտնվող իրենց «պաշտելի» ծննդավայրը, բնավորվում Երևանի կենտրոնում ու մեր վզին նստած` ապրում Մանթաշովի թոռների պես:
Երևի եկել են հայաստանցիներիս հայրենասիրություն սովորեցնելու…
Իրադրությունն, իրոք, ծանր է, սիրելի հայաստանցիներ ու ղարաբաղցիներ, մեր ընդհանուր տունը որդ է ընկել ու սադիստական հետևողականությամբ կրծում է մեր արմատը:
Եվ այս իրադրության գլխավոր մեղավորը Սերժիկ Սարգսյանն է:
Սա չհասկանալն այլևս ո՛չ միայն անմեղսունակության նշան է, նաև դավաճանություն է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:
Լիզա Ճաղարյան
‘