‘Խմբագրական. Մի քանի արձանագրումներ վերջին իրադարձությունների առիթով’

2552

1. Վերջին շրջանի իրադարձությունները՝ 1994-ին կնքված զինադադարի աննախադեպ խախտումների տեսքով, հասարակության մեջ արթնացրին պատերազմի զգացողությունն իր բոլոր դրսեւորումներով։ Ոմանք՝ ճիշտ այնպես, ինչպես ֆուտբոլի համաշխարհային առաջնության մեկնարկին, երկու շիշ գարեջրով հարմար տեղավորվեցին համակարգիչների առաջ՝ խանդավառությամբ հետեւելու, «հույժ հայրենասիրական» գրառումներով արձագանքելու համար «ռազմաճակատի գծում» տեղի ունեցող դեպքերին։ Ոմանք ոգեւորված կոչ արեցին «կամավորական ջոկատներ» կազմել։ Ոմանք իրոք անհանգստացան ու, բարձրաձայն ոչինչ էլ չասելով, ներքուստ որոշում կայացրին անել այն, ինչ պետք է անել, եթե պատերազմի վտանգն իրական դառնա։ Ինչպես միշտ նման դեպքերում, հասարակության մեջ շարժվեց, սկիզբ առավ ամեն ինչ. սկսած ամենաարգահատելիից՝ «հայրենասիրության բիզնեսից», մինչեւ ամենավեհը՝ իրական հայրենասիրական զգացումների զորաշարժը։ Այս ամենը բնական է վերջին հաշվով։ Այս ամենի մեջ կարեւոր ու արձանագրելու արժանի է մի բան. ժողովրդի, հայաստանյան հասարակության ռեակցիան, ընդհանուր առմամբ, պայմանավորված էր ոչ թե իրեն ունեզրկող, հարստահարող, իրավազրկող ռեժիմի նկատմամբ արմատավորված ատելությամբ, այլ ազգային շահի ու ազգային անվտանգության ըմբռնմամբ։ Սա խիստ կարեւոր ցուցանիշ է ոչ միայն որպես արտաքին վտանգի դեմն առնելու նախապայման, այլ նաեւ ժողովրդի՝ վաղն իրեն վայել օրինակարգ եւ օրինավոր իշխանություն ունենալու գրավական։

2. Արտաքին վտանգի դեմ հասարակության եւ քաղաքական ընդդիմության բանական պահվածքը ինչ-որ անթաքույց ոգեւորություն առաջացրեց իշխանական ճամբարում ու մանավանդ` ՀՀԿ-ական երիտթեւի ներկայացուցիչների մոտ։ Սրանք համարեցին, թե ահա, ի դեմս առարկայացող արտաքին վտանգին տրվող հասարակական հակազդեցության, գտնվել է ընդդիմության՝ աշնանը սպասվող գործողությունների հակաթույնը։ Ու այդ ոգեւորության մեջ չնկատեցին, որ պատերազմի մասին շատ խոսելով` ժամանակային ավելի լայն կտրվածքով անցնում են Սերժ Սարգսյանին հակառակ քաղաքական դիրքորոշման վրա։ Հիշենք, որ 1998-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը փոխզիջմամբ խաղաղության հասնելու իր ծրագրով պնդում եւ հիմնավորում էր, որ «փոխզիջման այլընտրանքը պատերազմն է»։ Այն ժամանակ հայտնի խմբակը, Ս. Սարգսյանի հետ միասին, բացառում էր պատերազմի հեռանկարը՝ դրան հակադրելով ստատուս-քվոյի պահպանման, Սփյուռքի փողերով Հայաստանի առաջանցիկ զարգացման եւ 8000 քառ. կմ տարածքով անկախ Ղարաբաղի «ծրագիր»։ «Առաջանցիկ զարգացմանը» բոլորս ականատես ենք, ոչ թե «փոխզիջումների», այլ զիջումների մասին վաղուց խոսում է Ս. Սարգսյանը, իսկ պատերազմի վտանգի մասին էլ, ահա, այսօր ոգեւորված ու ակամա վկայում են երիտհանրապետականները։

3. Սահմաններում վերջին 1 ամսվա իրադարձությունները ցույց տվեցին արձանագրելի մի այլ, շատ կարեւոր իրողություն, այն է՝ դիզբալանս մի կողմից երկրի քաղաքական ղեկավարության, մյուս կողմից՝ բանակի ունակությունների միջեւ։ Ովքեր մոռացել են՝ հիշեցնենք, որ տեւական մի շրջան սահմանային գոտում հակառակորդի ցինիկ ոտնձգությունները համարժեք պատասխան չէին ստանում, ինչը ոգեւորում էր նրան։ Միայն այն բանից հետո, երբ արձանագրվեց, որ «…հայկական կողմի պասիվությունն ամենեւին բանակի մեղքը չէ, այլ քաղաքական որոշման արդյունք, հետեւաբար` դրա պատասխանատուն իշխանություններն են և ոչ թե զինված ուժերը», եւ որ «հայկական կողմի զսպվածությունը ավելի է լկտիացնում Ադրբեջանին» (Տես «Հրատապ հարցազրույց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ», ww.ilur.am/news/view/32661.html), այսինքն հուշվեց, թե ինչ պետք է անել նման դեպքերում, դրանից հետո միայն սահմաններում պատկերը փոխվեց։ Ճիշտ է՝ քանի դեռ չկա վերջնական խաղաղություն, պատերազմի հեռանկարը միշտ կա։ Սակայն, նաեւ պետք է կարողանալ տարբերել ու հասկանալ, թե հակառակորդի ո՛ր գործողություններն են ուղղված պատերազմի վերսկսմանը, եւ որոնք են բոլորովին այլ` «լոկալ» նպատակ հետապնդում։ Ու երկու դեպքում էլ տալ համարժեք պատասխան։

4. Սահմանային միջադեպերի առաջին շաբաթներին դրսեւորած քաղաքական ոչ ադեկվատության, վախեցածի անհարմար վիճակից դուրս գալու համար, Ս. Սարգսյանը հիմա փորձում է խեղաթյուրել ընդամենը 10-15 օր առաջվա իրողությունները։ Սոչիի հանդիպումից հետո իրեն տրված նախապես պայմանավորված հարցին (Փաստորեն՝ անմիջապես Սոչիի հանդիպմանը նախորդեցին սահմանային միջադեպերը: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ խնդիր էր փորձում լուծել Ադրբեջանը») նա պատասխանում է. «Չեք կարող հիմա ինձ հիշեցնել մի դեպք, որ յուրաքանչյուր կարևոր հանդիպումից առաջ կամ հետո միջադեպերի ինտենսիվություն չգրանցվի: Իսկ այդպիսի կարևորագույն հանդիպումն, իհարկե, այն գլխից ենթադրում էր այդպիսի մոտեցում»: Սա սուտ է։ Սոչիի հանդիպման Պուտինի նախաձեռնությունը օգոստոսի սկզբին ոչ թե նախորդել է «միջադեպերի ինտենսիվությանը», այլ հաջորդել է դրան ու պայմանավորված է եղել հենց դրանով։

5. Սերժ Սարգսյանն, իրոք, չափազանց վախենում է պատերազմից, ու ինչպես շատ բան, այնպես էլ այս վախը դուրս է գալիս բանականության շրջանակներից՝ հիմք դառնալով իրողությունների ոչ համարժեք ընկալման։ Վախենում է՝ ոչ թե երկրի ու ժողովրդի մասին մտածելով։ Վախենում է, քանզի շատ լավ գիտի, որ ինքն իր ոչ օրինակարգ իշխանությամբ, ունակություններով, իր բացասական վարկանիշով ու հասարակության մեջ ունեցած խայտառակ համարումով ոչ մի կերպ չի կարող բավարարել պատերազմող երկրի ղեկավարին ներկայացվող պահանջները։ Պատերազմի սպառնալիքի շրջանում, բնականաբար, տասնապատիկ սրվում է հասարակության ուշադրությունն այս հարցի նկատմամբ։ Եւ սահմանային սրացումները եւս մեկ անգամ շեշտեցին երկրի՝ օրինակարգ, ունակ եւ կարող ղեկավար ունենալու անհրաժեշտությունը։ Հետաքրքիր է, որ ճիշտ նույն կերպ՝ Ս. Սարգսյանը համոզված է, որ իր իշխանության համար նույնքան վտանգավոր է նաեւ վերջնական խաղաղության հաստատումը։ Նման իշխանության գոյատեւման համար միակ հնարավորը հենց այս՝ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակն է (ինչը նա` վերոհիշյալ «խմբակի» հետ միասին, հասկացել էր դեռ 1998-ին)։ Հենց դրա համար էլ հիմա ոգեւորված ասում է, թե երբ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակ է»՝ ընդդիմության պայքարը իշխանության դեմ կարող է «ոգեւորել հակառակորդին»։ Այսինքն, «ստատուս-քվոյի» պահպանում կամ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» բանաձեւը ինչպես ժամանակին եղել է ռեժիմի հաստատման հիմք, այնպես էլ առ այսօր շարունակում է օգտագործվել որպես նրա պահպանման միջոց։ Այն երբեք ոչ մի կապ չի ունեցել ո՛չ «Սփյուռքի փողերով» Հայաստանի գերհզորացման, ո՛չ 8000 քառ. կմ տարածքով անկախ Ղարաբաղ ունենալու հետ։ Այսօր առկա արդյունքները դրա լավագույն ապացույցն են։

6. Իսկ ինչի՞ է հասցրել «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը։ Սերժ Սարգսյանը նույն հարցազրույցում մի տեսակ պարծանքով արձանագրում է. «Մենք բանակցությունները վարում ենք Կազանյան փաստաթղթի շուրջ, և դա 2011 թվականի փաստաթուղթն է, որը ստորագրելուց Ադրբեջանի նախագահը վերջին պահին հրաժարվեց: Կազանյան փաստաթուղթը, ինչպես հայտնի է, հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա և ենթադրում է խնդրի լուծում երեք հիմնական սկզբունքների, այն է̀ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա»: Արդեն քանի անգամ Ս. Սարգսյանը սա ներկայացնում է որպես նվաճում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Եւ արդեն քանի անգամ նրան պետք է հակադարձել. եթե մի տեղում հիշատակվում են «տարածքային ամբողջականության» և «ժողովուրդների ինքնորոշման» սկզբունքները, նշանակում է` երկրորդը ստորադասվում է առաջինին։ Ու արդեն քանի անգամ հիշեցնենք, որ հենց այդ պատճառով` ճիշտ այս ձեւակերպմամբ Ադրբեջանի երազած փաստաթղթի վրա, 1996թ. Լիսաբոնում` ԵԱՀԿ գագաթնաժողովում «վետո» դրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Այն ժամանակ դա Ադրբեջանի համար երազանք էր ու չստացավ, հիմա Ալիեւի համար արդեն դա էլ է քիչ։

7. Բանակի մասին։ Ճիշտ է, որ բանակում չէին կարող չպրոյեկտվել եւ առկա են ռեժիմի արատները։ Ճիշտ է, որ բանակի համար բարոյահոգեբանական հարված էր, երբ այն 2008-ի մարտի 1-ին օգտագործվեց քաղաքական ընդդիմության դեմ ու որպես հեղաշրջման գործիք։ Բայց նույնքան ճիշտ է, որ բանակում եղած թերությունների ու արատների բուռն հասարակական քննադատությունները ստիպել են նաեւ դրանում շատ բան շտկել։ Իսկ այսօր ոչինչ այնքան վտանգավոր չէ բանակի համար, որքան, երբ նրան վիրավորում են՝ սկսած շարքային զինվորից մինչեւ սպայական կազմը։ Այս մասին վերջերս շատ է գրվել։ Վիրավորական է ե՛ւ զինվորի, ե՛ւ սպայի համար, երբ «վերեւից» այստեղ են գալիս բանակում չծառայած (բանակից փախած) ու միայն այդ այցի առիթով առաջին անգամ զինվորական համազգեստ հագած պաշտոնյաներ։ Ասենք՝ Տարոն Մարգարյանի երանելի տեսքով։ Ու, չգիտես ինչու, բարձրաստիճան սպան պատիվ է առնում եւ զեկուցում բանակից փախածին։ Վիրավորական է, երբ նույն զինվորական համազգեստով, նույն «վերեւից» այստեղ տարբեր դիրքերով նկարվելու են գալիս անհասկանալի կանայք, ինչ է թե` նրանք նախարարի կարգավիճակ ունեն։ Վիրավորական է բանակի համար, երբ, ահա, ամեն ինչ հանդարտվելուց հետո, խլելով ուրիշների նախաձեռնությունը, հերոսաբար «ռազմաճակատի գիծ» է սլանում Հովիկ Աբրահամյանը, որ 1990-ի սկզբին, երբ գրեթե ողջ Արարատն ու Արտաշատը Երասխավանի ճակատամարտի զինված կամ անզեն մասնակիցն էր, նա այդպես էլ այնտեղ ոչ մի օր չերեւաց։ Պետք չի վիրավորել բանակին։

Աշոտ Սարգսյան

Նախորդ հոդվածը‘Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ԱՊՊԱ համակարգի վնասաբերությունը կրճատվել է 2 տոկոսով’
Հաջորդ հոդվածը‘Մետաքսեի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում ‘