‘Խմբագրական. Յա՜ գիծը, յա՜ գծատերը ‘

2254

Ճիշտ ժամանակն է վերջապես անել այն, ինչի մասին այդքան ժամանակ երազում էինք՝ մտածեց «շեֆը», երթուղայինի գինը բարձրացնելով: Հարյուր դրամ թե հարյուր հիսուն դրամ՝ նույնիսկ այս կարգի հարցերը մեր երկրում պահանջում են բարձր հովանու տակ իրականացվելիք «քաղաքական» որոշում: Ընտրական ցիկլերն ավարտվեցին, քաղաքական ընդդիմությունը կամ թուլացած է կամ գնված, ԶԼՄ դաշտում նույն վիճակն է, վերջապես ամառ է՝ կրավորական վիճակ (նույնիսկ այդ առաջին հայացքից՝ երկրորդական հանգամանքը հաշվի առնենք): Դուք կարող եք ներկայացնել ձեր հակափաստարկները թանկացման դեմ. տրանսպորտի որակը մնում է նույնը՝ ցածր, բայց գինը բարձրանում է, տրանսպորտային բիզնեսը թափանցիկ չէ՝ պարզ չէ, թե եկամտի որքան մասն է մտնում պետական բյուջե, հազար ու մի բան, բայց գծատիրոջ շահի փաստարկը մնում է ավելի հզոր եւ համոզիչ: Ո՛չ ձեզ համար՝ իհարկե, ո՛չ ընդհանուր տրամաբանության տեսակետից, բայց չվերահսկվող բռնատիրական կապիտալի դիկտատուրայի տեսակետից դա միակ տրամաբանական քայլն է:

Ո՞ւմ կողմը պետք է բռնի իշխանությունն, ո՞ւմ շահը սպասարկի: Բնականաբար, ոչ մեզ ու ձեզ նման փաստարկ ներկայացնողի, որից իշխանությունը ոչ մի շահ ու կախում չունի՝ գոնե իր հաշվարկներում: Բնական է, որ առաջնային է գծատիրոջ շահը, որն ընտրությունների ժամանակ իրեն ապահովել է գնված ձայներ, ապահովում է կոնկրետ ստվերային եկամուտ պախանին, հասարակական որոշակի հատվածի հավատարմություն եւ այլն: Ի վերջո, գծատերն էլ իր տերն ունի՝ համայն հայոց Գծատերը: Սա ձեզ արտաքին կամ տնտեսական քաղաքականություն չէ, որտեղ Գծատերը տապալում է իր հերթական քննությունը: Սա այն ոլորտն է՝ 100-150 դրամների ոլորտը, որտեղ Գծատերը կոնկրետ վարպետ է, կոնկրետ տաղանդ ունի: Դեռ չզարմանաք, եթե նա մի ձեռքով սպասարկի գծատերերի շահերը՝ ուղեվարձը բարձրացնելով, իսկ մյուս ձեռքով՝ մի երկու «սկզբունքային» ԶԼՄ-մլմ, լրագրող-մրագրող, ֆեյսբուքիստ քսի տա նույն գծատերերի վրա, թե յանի՝ հըլը տես է´ սրանց, ժողովրդի արյունը խմում են: Սա իր ոճն է, իր սիրելի ոճը՝ երկու ձեռքով խաղալ: Որպեսզի գծատերերն էլ շատ չոգեւորվեն ու ամեն դեպքում չթուլանան:

Ի՞նչ կարող է անել նման դեպքերում հասարակությունը: Կարճատեւ հեռանկարում՝ ոչ այնքան շատ բան: Պարզ է, որ ուժերն անհավասար են: Փակ են գրեթե բոլոր ճանապարհները: Իշխանությունը կախում չունի ինձանից եւ քեզանից, հետեւաբար իմ եւ քո կարծիքը երկրորդական-երրորդական է իր համար: Նա պարտք ունի գծատիրոջը, եւ ինչն ավելի կարեւոր է՝ կոնկրետ եկամուտ ունի գծատիրոջից: Գծատիրոջ կողմից շահագործվող վարորդները նույնպես գրեթե անզոր են՝ անկախ արհմիություններ չկան եւ ներկա տնտեսական ու քաղաքական պայմաններում չեն էլ կարող լինել՝ բացակայում են դրանք ստեղծելու, զարգացնելու, հզորացնելու առարկայական հիմքերը: Իսկ առանց արհմիության կազմակերպած բողոքի գործողություններն աշխատավորների կողմից՝ մոտավորապես 19-րդ դարի բան են եւ շատ խոցելի: Գործադուլի դուրս եկած ցանկացածին գործազուրկների մեր երկրում կարելի է անմիջապես փոխարինել գծատիրոջ առաջարկած պայմաններով աշխատել պատրաստ մյուսով:

Մնում են ուղեւորները, այսինքն՝ ՀՀ բնակչության մեծ մասը: Մենք կարող ենք կազմակերպվել եւ չվճարել սահմանված ուղեվարձը: Եթե այդ գործողության զանգվածայնությունը ապահովվի, եթե դրա մեջ ընդգրկվի ուղեւորների իրապես մեծ հատված, դա կարող է որոշակի ազդեցություն ունենալ: Որքան էլ իշխանությունը թքած ունենա մեր կարծիքի վրա կամ էլ նախընտրի գծատիրոջը, սա այն հարցը չէ, որ ինքը գնա մինչեւ վերջ, այսինքն՝ սա այն աստիճան կենսական չէ, որպեսզի, ասենք, մարդ սպանի կամ բանակ տանի, եթե, իհարկե, խնդիրը դուրս չգա վերահսկողությունից՝ վերածվելով ավելի լայն շարժման:

Բայց այստեղ հիմնական խնդիրը մնում է մարդկանց կազմակերպումը, որը ծայր աստիճան բարդանում է համապատասխան լծակների բացակայության պայմաններում՝ տեղեկատվական (օրինակ՝ հեռուստատեսություն), կազմակերպչական (օրինակ՝ որեւէ քաղաքական կամ քաղաքացիական շարժման իրապես հզոր կառույցների ցանց երկրով մեկ): Մի խոսքով, խնդիրը նորից գալիս հանգում է ռեսուրսների անհավասարության: Հասարակությունը, լավագույն դեպքում, ունի մի քանի ատրճանակավոր պարտիզան կանոնավոր բանակի դեմ:

Այնուամենայնիվ, դիմադրել անպայման պետք է: Նույնիսկ՝ սահմանափակ ռեսուրսների եւ հաջողության փոքր հնարավորությունների պայմաններում: Նախ՝ դա կարեւոր է հեռանկարի առումով: Իշխանությունը պետք է տեսնի, որ հասարակության մի հատվածը պատրաստ է դիմադրել ցանկացած հարցում եւ ցանկացած պայմաններում, այլապես կարող ենք զրկվել նույնիսկ այն սահմանափակ ազատությունից եւ ռեսուրսից, որ այսօր ունենք, քանզի ազատության սահմանն անցնում է այնտեղով, որտեղ իշխանությունը զգում է դիմադրություն եւ ուժ: Երկրորդ՝ ոչ ոք երբեք չի կարող 100 տոկոսով հաշվարկել, թե հատկապես ո´ր կետում, ո´ր օղակում տեղական դիմադրությունը կարող է անսպասելի թափ ստանալ եւ հաջողության հասնել: Եթե դիմադրող օջախը բավականին թափ հավաքի, ապա տեսականորեն չի բացառվում, որ ունենա անսպասելի դաշնակիցներ՝ բաց կամ քողարկված, եւ դա օգնի հարցի լուծմանը (չբացառենք նույնիսկ, որ որոշ գծատերեր էլ ուրախ կլինեին ոչ թե ձեւական գերշահույթ ստանալ, որի մեծ մասը, միեւնույնն է, տալու են պախանին, այլ նորմալ աշխատել՝ ոչ մեկի հետ չկիսելով իրենց եկամուտը):

Վերջապես՝ դիմադրությունը յուրահատուկ հաղորդակցության ձեւ է, իսկ հաղորդակցությունը հասարակության հիմքն է: Դիմադրությունը հարթակաստեղծ է, կազմակերպող է, փորձի դպրոց է: Եթե կա ինքնաբուխ դիմադրություն, ուրեմն՝ հասարակությունն ունի ներուժ:

Բոլորս էլ հասկանում ենք, որ հարցը զուտ ավելացված 50 դրամը չէ: Եթե իմանանք, որ այդ 50 դրամը գնալու է ի նպաստ մեր պետության, երկրի, ապա ոչ թե 50, այլ ավելի էլ կվճարենք: Միգուցե չվճարելու գործողությունը չստացվի կամ տապալվի: Բայց Գծատերը երբեք որեւէ նման քայլ չպետք է անի առանց, թեկուզ, խորհրդանշական դիմադրության բախվելու: Նա պետք է իմանա՝ դիմադրողականությունը մեր հասարակության մեջ մեռած չէ: Նա պետք է իմանա, որ եթե նույնիսկ հաջողի հազար ու մի անգամ, հազար ու մի մանր եւ մեծ հարցում, ապա մի՛ օր, մի´ տեղ, մի´ հարցում ձախողելու եւ պարտվելու է իր պատերազմը հասարակության դեմ, եւ ոչ ոք երբեք չի կարող կանխատեսել, թե հատկապես ի´նչը կլինի առիթը: 

Կարդացեք նաև՝ Ի հայտ են գալիս Տարոն Մարգարյանին պատկանող նոր բիզնեսներ. Քաղաքապետին են պատկանում N 5, N 32 երթուղայինները (փաստաթուղթ)

Նախորդ հոդվածը‘ՎԶԵԲ-ը 120 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին’
Հաջորդ հոդվածը’34-ամյա ամուսինը կասկածվում է կնոջ սպանության մեջ’