‘Խմբագրական. Նախ՝ սահմանադրականության հաստատում, հետո՝ մնացածը’

1456

Ես հասկանում եմ՝ ներկա արտագաղթի և սոցիալական աղետի պայմաններում մե՛ծ է գայթակղությունը սուր հարցադրումներ անել հատկապես տնտեսության վերաբերյալ, «խաղալ թվերի հետ», համեմատություններ ու զուգահեռներ անցկացնել մեր ոչ վաղ անցյալի համատեքստում, կոնկրետ անարդարություններ մատնացույց անել:

Նաև սրամտել՝ նկատելով, որ Հայաստանի Հանրապետության փոխարեն՝ մենք այսօր սոսկ «Բաղրամյան 26&Co.» փակ բաժնետիրական ընկերությու՛ն ունենք, և հույս էլ չկա, թե այստեղ երբևէ «բաժնետոմսեր կթողարկեն՝ կորպորատիվ կառավարման հրավիրելով» լուսանցքում ապրող քաղաքացիներին:

Հասկանում եմ նաև ազնիվ միամտության մղումը՝ մինչև վերջ անհավասար կռիվ տալ հատկապես օրինականության դաշտում և Սահմանադրական դատարանում վիճարկել, օրինակ, կենսաթոշակային «բարեփոխումների» հիմքում ընկած «պարտադիր» բաղադրիչը:

Հասկանում և գուցե հարգում եմ նաև բոլոր նրանց «անմեղության կանխավարկածը», ովքեր ներկա իրավիճակը կապելով կոնկրետ «քաղաքակրթական ընտրության» հետ՝ առաջարկում են ամեն բան մի կողմ դնել և վերջապես կողմնորոշվել կոնկրե՛տ ընթացքով:

Միևնույն ժամանակ, սակայն,  չեմ հասկանում և չե՛մ ուզում հասկանալ նրանց, ովքեր ինքնարտահայտումը՝ ազնիվ, կամ ոչ, ավելին են դասում այն պետությունից, որի համար իրենք  պայքարի են ելել:

Իսկապե՛ս. ու՞մ համար պարզ չէ,  որ անկախ իրենց բերած բարիքի ու թույնի չափաբաժնից, անկախ տնտեսության «վագրանման» կասկածելի թռիչքից ու հստակ «կատվային մլավոցից»՝ վերջին 16 տարիներն իրականում խոտոր ընթացքի և մեծագույն կորստի՛ տարիներ էին:

Մի՞թե անհնար է ըմբռնել, որ 1998-ի պետական հեղաշրջմամբ սկսված շրջանը մեզ ուղղակի պարտադրում է «վերադառնալ» այնտեղ, որտեղ  ցավալիորեն գայթեցինք…

… Խնդիրն, ի վերջո, Լևոն Տեր-Պետրոսյա՛նը չէ, թեպետ  համարում եմ, որ ներկայիս Հայաստանում չկա մեկ այլ գործիչ, ով ի վիճակի է ադեկվատ կերպով պատասխան տալ բոլոր այն մարտահավերներին, որ նետված են մեր պետության ուղղությամբ՝ այս ու այն կողմից:

Խնդիրը  նույնիսկ նրանից հետո հիմնված «Բաղրամյան 26&Co.» փակ բաժնետիրական ընկերությու՛նը չէ, դրա երկու ղեկավարներն ու այն արհեստավարժ ռեկետը, որ տարիներ շարունակ իրականացվել է երկրում:

Խնդիրը, այն էլ՝ միակը, երկրում սահմանադրականության վերահաստատումն է:

Եւ դժվար չէ գիտակցել, որ եթե նույնիսկ հենց վաղն էլ ապրենք կատարյալ «սոցիալական դրախտում», խորը և համապարփակ եվրաինտեգրմամբ, միևնույն է, մեր պետության սուվերենությունն ու մեր անկախությունը շարունակելու են երերալ և կասկածի տակ առնվել, որովհետև 1998-ին ոչ թե կոնկրետ մարդ է զրկվել իշխանությունից, այլ Հայաստանի Հանրապետությու՛նն է տանուլ տվել իր ինքնիշխանությունը: Եւ երկի՛րն է, որ օկուպացվել, գրավվել է կոնկրետ խմբակի կողմից:

Սա, և սկզբի համար միայն սա՛ է պետք փոխել:

Եւ այս պատճառով է, որ հասկանալով ու ընդունելով ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի,  Ժառանգության, ՀԱԿ-ի առանձին կուսակցություն լինելն ու կոնկրետ տեսլական ունենալու նրանց իրավունքը, միևնույն է, սուր քննադատության և մերժման է արժանի ցանկացած ձեռնարկ, որն անիմաստորեն կվատնի մեր հանրության կենսական էներգիան և կշեղվի այն գլխավոր նպատակից, որ կոչվում է սահմանադրականության, օրինականության վերականգնում:

Կրկնում եմ՝ քանի դեռ իրագործված չէ այս նպատակը, քանի դեռ անհնար է նորմալ ընտրություններ կազմակերպել այս երկրում, ցանկացած կառավարման համակարգ ու սոցիալական դրություն, ուզածդ աշխարհաքաղաքական ընտրություն և ամենափայլուն-կատարյալ սահմանադրություն նույնանալու է իշխանության ու պետության բռնազավթման վերջնական հետևանքի՝ պետականության կորստի հետ:

Եւ ուրեմն, Քառյակի չորս անդամներն էլ լավ կանեն, եթե սեփական կուսակցական ամբիցիաներն ու այս կամ այն ընտրության որակը քննարկեն միայն ու միայն նախապես հայտարարված նպատակն իրագործելու՛ց հետո:

Մի բան, որ ինչպես վերջին ջղաձգումներից է երևում՝ «Բաղրամյան 26&Co.»-ն ամեն կերպ, բայց անհու՛յս է կամենում շրջանցել…

Գոհար Սիմոնյան

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանի փեսան նշանակվել է «Զվարթնոց» մաքսատան պետ. «Ժամանակ»’
Հաջորդ հոդվածը‘Արցախի սահմանին կանգնած է ողջ հայ ժողովուրդը. Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը’