‘Խմբագրական. Նախագահացուների վախճանը’

2198

Սահմանադրական փոփոխությունների նախագծի հետ կապված՝ բացի դրա հիմնական քաղաքական նպատակից, որի շուրջ բազմիցս խոսվել է, կան եւ հետաքրքիր երանգներ: Հիմնական նպատակը, որը լուծում է Սերժ Սարգսյանը, պարզ է՝ սեփական անձնական իշխանության «հավերժացում», սակայն կամա թե ակամա՝ առաջանում են եւ անուղղակի, երկրորդական հետեւանքներ: Դրանցից մեկն այն է, որ խորհրդարանական կառավարման ձեւին անցնելով՝ դրվում է ոչ միայն տվյալ անձի, այլեւ տվյալ իշխող խմբի «հավերժացման», իշխանության կայունացման խնդիրը: Ինչպե՞ս:

Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ Հայաստանում իշխանափոխության լուրջ հնարավորությունները միշտ առաջացել են նախագահական ընտրությունների ժամանակ, եւ որ հենց նախագահական, եւ ոչ թե որեւէ այլ համապետական ընտրություններն ունեն հասարակությունը հավաքագրելու հզորագույն ներուժ: Ուզենք թե չուզենք, բայց մեր հասարակության գերակշիռ մասն ունի հասարակական- քաղաքական գործընթացների եւ պետության անձնավորված ընկալում, եւ դեռ երկար ժամանակ կանցնի՝ մինչեւ այդ իրողությունը մեղմվի կամ փոխվի: Շարքային հայաստանցին քաղաքական պայքարն ընկալում է որպես անձերի առաջնորդությամբ կռիվ եւ քաղաքական հոսանքներն էլ անվանում է անձերի անունով՝ «լեւոնականներ», «սերժականներ» եւ այլն: Նախագահական ընտրությունների ժամանակ ծավալվող պայքարն, ըստ այդմ, ընալվում է որպես «թագավորի» կռիվ, եւ համապատասխանաբար էլ՝ դրան տրվում է առանձնահատուկ նշանակություն. մեր հասարակությունը հավատում է, որ դրա միջոցով միայն կարելի է արմատապես իրավիճակ փոխել, եւ, մեծ հաշվով, նկատի առնելով թե՛ իրավական, թե՛ փաստացի վիճակը՝ այդ գնահատականը համարժեք է իրականությանը: Այս իրողության դեմ կարելի է բողոքել, կարելի է փորձել այն աստիճանաբար փոխել, բայց հաշվի չառնել դրա երկարատեւ ազդեցությունը մեր քաղաքական կյանքի վրա՝ հնարավոր չէ: Նախագահական ընտրությունների ժամանակ  իշխանության դեմ կարող են համախմբվել նույնիսկ այնպիսի անձեր ու խմբեր, որոնք այլ պարագաներում կա՛մ անտարբեր ու չեզոք են մնում, կա՛մ էլ նույնիսկ պատրաստ են ծառայել իշխանությանը (խորհրդարանական ընտրությունների ժամանակ հանուն իշխանության կեղծողը կարող է նախագահականի ժամանակ դառնալ կեղծիքի դեմ պայքարող. առաջինի դեպքում նա, իր կարծիքով, անձնական հարց է լուծում՝ համարելով, որ ԱԺ ընտրությունները բան չեն փոխում, իսկ երկրորդի դեպքում ընդհանուրի շահը անձնականից վեր է դնում, քանի որ համարում է, որ առկա իշխանությունը արգելք է երկրի զարգացման համար): Պարզ է, որ եթե անցկացվեն սահմանադրական փոփոխոթյունները, եւ անցում կատարվի նախագահականից դեպի խորհրդարանական համակարգ, ապա մի որոշ ժամանակով իրավական իրականության եւ փաստացի հասարակական ընկալման միջեւ լուրջ հակասություն կառաջանա: Ժամանակ կանցնի՝ մինչեւ հասարակության մեծ մասն ազատվի հին ընկալումից եւ կսկսի, ասենք, ԱԺ ընտրություններին այն վճռական նշանակությունը տալ, ինչ որ դրանք կունենան խորհրդարանական համակարգում: Եւ այդ ժամանակն աշխատելու է հօգուտ իշխանության, որը, փաստորեն, կազատվի նախագահական ընտրությունների «գլխացավանքից»՝ ընտրություններ, որոնք, գրեթե առանց բացառության՝ քաղաքական լուրջ ճգնաժամեր են առաջացրել Հայաստանում, որոնք գրեթե երբեք չեն անցել առանց հետընտրական հրապարակային զարգացումների եւ միշտ էլ լուրջ մարտահրավեր են եղել հայաստանյան ցանկացած իշխանության համար՝ նույնիսկ չնայած այն փաստին, որ իշխանությունը միշտ էլ հաղթող է դուրս եկել (բայց միշտ էլ՝ այս կամ այն չափի կորուստներով): Հասարակությունն էլ կզրկվի համախմբման, բողոքի արտահայտման եւ իշխանությանն իր կարծիքը փոխանցելու, իսկ որոշ կետերում՝ նաեւ պարտադրելու կարեւորագույն զենքից: Այսպիսով, տեսնում ենք, որ այս կետում էլ սահմանադրական փոփոխությունները թեեւ արտաքուստ եւ ձեւականորեն ուղղված են քաղաքական համակարգի ապակենտրոնացմանը եւ դեմոկրատացմանը, իրականում, ելնելով Հայաստանի փաստացի պայմաններից՝ հանգեցնելու են իշխանության կենտրոնացմանը եւ իրավիճակի ճահճացմանը:

Հարցն ունի եւ մեկ այլ կողմ: Գաղտնիք չէ, որ Հայաստանը լի է նախագահացուներով, որոնց մի մասն ունի կամ այլեւայլ հանգամանքներում կարող է ունենալ քիչ թե շատ լուրջ կշիռ (բացարձակ անլուրջներին դեռ մի կողմ թողնենք): Մի քանիսն էլ կան, որոնք եթե ոչ հրապարակավ, ապա գոնե որոշակի շրջանակներին ներկայացնում են իրենց քաղաքական նպատակը՝ որպես մասնակցություն 2018-ի ընտրություններին, նաեւ՝ ընկալվում են որպես այդպիսին այս կամ այն շրջանակի կողմից: Մի կողմ թողնենք այն հարցը, որ քաղաքական նպատակի այդպիսի ձեւակերպումն ինքնին անհեթեթություն է, քանի որ որքան էլ կարեւոր լինեն ապագայի հաշվարկներ, սակայն քաղաքականությունն իրականացվում է այսօր ու այստեղ՝ ներկայի մեջ, եւ քաղաքականություն իրականացնելն էլ անընդհատ կողմնորոշում է ամեն տվյալ պահի իրավիճակում, այլ ոչ թե «սպասենք մինչեւ իքս թվականը», որի քաղաքական դասավորությունը ոչ ոք ի զորու չէ կանխատեսել: Մեզ հետաքրքրող խնդիրը տվյալ դեպքում ոչ թե այդ՝ տեսական, այլ գործնական մասն է: Բոլոր անձինք, ովքեր հավակնություններ ունեն 18-ի հետ կապված, պետք է որ իրենց մեծապես վտանգված զգան սահմանադրական փոփոխությունների նախագծի իրականացման հեռանկարից: Պատճառը պարզ է՝ փոփոխությունների փաթեթի ընդունմամբ փլուզվում է «նախագահացու 2018» ցանկացած ծրագիր: Հետեւաբար՝ այդպիսի ծրագիր ունեցողները պետք է ոչ միայն սոսկ միանան փոփոխությունների դեմ պայքարին, այլեւ, հենց իրենց իսկ անձնական քաղաքական հաշվարկից ելնելով՝ լինեն այդ պայքարի առաջամարտիկը, մունետիկը, թեման անընդհատ արծարծողները: Եվ եթե իրականությունն այդպիսին չէ, իսկ մենք տեսնում ենք, որ դա իրոք այդպես չէ, ուրեմն ստիպված պետք է ենթադրենք մի քանի տարբերակ: Օրինակ.

ա. Հասկանալով հանդերձ իրենց քաղաքական հաշվարկների սխալը՝ այդ անձինք նաեւ հնարավորություն չունեն ետքայլ անելու կամ չգիտեն՝ ինչպես դա անեն՝ չկորցնելով սեփական դեմքը:

բ. Ներկայացված քաղաքական հաշվարկը կեղծ է եղել ի սկզբանե: Այդ դեպքում՝ տվյալ անձն ի գլխե իմացել է, որ չի պատրաստվում մասնակցել նախագահական պայքարի, բայց կեղծել է՝ ելնելով այլեւայլ պատճառներից՝ թաքցնելու համար իր իրական քաղաքական դիրքորոշումը, կապերն ու ծրագիրը:

Ուրեմն՝ եւս մի փոքր համբերություն ունենանք, եւ սպասենք, թե ինչով կավարտվի քաղաքական դրամայի այս ենթասյուժեն՝ հասկանալու համար, թե մեր ենթադրություններից ո՛րն է ճիշտ: Եթե զարգացումներն ընթանան այսօրվա տրամաբանությամբ, եւ ոչ մի անսպասելի բան տեղի չունենա, ապա արդեն աշնանը մենք կարող ենք ականատես դառնալ մի վիճակի, երբ խուսանավելը հստակ դիրքորոշումից շատ բարդ է դառնալու, քանի որ սահմանադրական փոփոխությունների հարցը դառնում է թիվ մեկը օրակարգում, եւ դրա շուրջ է ծավալվելու դիրքավորումը՝ անկախ նախկին բոլոր դիրքերից: Սերժ Սարգսյանի համար սա կենաց-մահու հարց է եւ այդպիսին է դառնում նաեւ հասարակության համար:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական խմբից առգրավված իրեղեն ապացույցների մի մասը’
Հաջորդ հոդվածը‘Ցավակցական՝ Վահագն Հակոբյանի մահվան կապակցությամբ’