‘Խմբագրական. Նահանջի տեղ չի մնացել’

1623

Եթե իշխանության կամակատար լրատվամիջոցներն սկսում են առավել անճոռնի կեղծել փաստերը, քան` սովորաբար, եթե հանրապետականների և նրանց շվաքի տակ իրենց գոյությունը քարշ տվող զանազան դհոլ-պարկապզուկների բարձրաձայնած մտքերը հատում են նույնիսկ անհեթեթության ու զվարճալիության սահմանը, եթե «արևմտամետության» շահեկան վարագույրի հետևից ոչ անհայտ անձինք սկսում են կատաղի մոլեգնությամբ սուր ճոճել «շատ վախենալու» ուրվականների դեմ` Հայաստանը դեպի անդունդ գլորող իրական հանցագործներին անտեսելով, ուրեմն` կասկած չկա, որ ՀՀ իշխանություններ կոչեցյալ ավազակախմբի վախի աչքերը մեծացել-մեծացել  են և ուր որ է` ակնակապիճներից դուրս «կժայթքեն»:

Արտաքուստ, կարծես, ամեն ինչ նույնն է, և ասվածը գուցե չափազանցություն թվա, բայցև դժվար չէ նկատել, որ խառնիփնթոր թվացող քաղաքական դաշտում երբևէ թացը չորից այսքան որոշակիորեն անջատված չի եղել, ինչպես հիմա է:

Ի դեպ, նկատե՞լ եք, որ Ամանորից ու Ծննդյան տոներից հետո Սերժիկ Սարգսյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, մեկնեց արտերկիր` կարճատև արձակուրդ վայելելու, և նրա բացակայության ընթացքում Հայաստանում գրեթե ոչ մեկի չհետաքրքրեց, թե ուր գնաց կամ ինչու գնաց: Օրերն անցնում են, ու շարունակում է ոչ մեկի չհետաքրքրել նաև, թե երբ կվերադառնա կամ կվերադառնա՞ արդյոք: Ժողովրդի լեզվով ասած` եղած-չեղած մի հաշիվ է:

Եվ հիմա ու այստեղ «բարիկադի» մի կողմում սեփական հոգեվարքը շնչառական ապարատով արհեստականորեն երկարաձգող վերոգրյալ խմբակն է, մյուս կողմում` մինչև կոկորդն այդ խմբակի նկատմամբ ատելությամբ լցված հասարակությունը և ոչ իշխանական բոլոր քիչ թե շատ ազդեցիկ քաղաքական ուժերը: Այլ հարց է, թե հասարակությունն ու նշված քաղաքական ուժերն այս ժամանակահատվածում բավարար գործնական են արտահայտում իրենց ատելությունն ու դժգոհությունն ավազակախմբի ապօրինությունների նկատմամբ, թե դեռ հապաղում ու հաշվարկում են իրենց քայլերը, բայց փաստն ակնհայտ է`բոլորն ուզում են ազատվել սրանցից: Իսկ ուզում են, որովհետև այլևս նահանջի տեղ չի մնացել: Սա գիտակցում են ե՛ւ այս տարիներին պայքարի առաջին գծից չշեղվողները, ե՛ւ նրանք, ովքեր կողքից դիտել ու սպասել են, թե երբ են պայքարողները Հայաստանն ազատելու Սերժիկ Սարգսյանի հանցախմբից, որ իրենք «ուռա» գոռան: Նույնիսկ ամենածույլ «դիտորդների» միացումը պայքարողներին` ցանկացած պահի կարող է իրականություն դառնալ, որովհետև նույնիսկ այս տեսակի համար նահանջի տեղ չի մնացել:

Մտավախություն կա՞, որ իշխանական հանցախմբից Հայաստանն ազատագրելուց հետո ասպարեզում կհայտնվեն ոչ պակաս հանցագործներ, որոնք կձգտեն իշխանության, և նրանց կսատարեն ինչ-ինչ քաղաքական ուժեր, որոնք նույնպես ընդդիմադիր ուժերի հետ պայքարել են իշխանափոխության նպատակով: Իհարկե` կա: Սակայն, մեր գերնպատակը, կարծես, ազատ, թափանցիկ և արդար ընտրություններն են: Եվ եթե նման պայմաններում հասարակությունը կընտրի անարժանի, ուրեմն` ստիպված կլինենք ցավով արձանագրել, որ հիմա` այս ժամանակահատվածում մեր հասարակությունը հենց դրան էլ արժանի է:

Իսկ մինչ այդ` ինչպիսի մտավախություններ ու կասկածներ էլ մեզ հետապնդեն, միևնույն է` մեկ հարցում միասնական ենք` Հայաստանը կործանող ա՛յս իշխանություններից պետք է ազատվել:

Դժգո՞հ կլինենք հաջորդ իշխանություններից` նրանցից էլ կազատվենք ու հաջորդ անգամ կընտրենք առավել արժանավորների:

Տեղում դոփելը դեպի ինքնաոչնչացում է տանում, և այլ ճանապարհ չկա: 

Նախորդ հոդվածը‘ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ ավտոմեքենան բախվել հաստաբուն ծառին’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի ԱԳՆ. «ԵՄ-ն տառապում է մարդու իրավունքների հիվանդություններով»’