‘
Սբ. Գրիգոր Նարեկացու դասումը Եկեղեցու մեծ վարդապետների շարքին, անշուշտ, այնպիսի իրադարձություն է, որը հնարավոր չէ թերագնահատել: Միայն թե դա պետք է առիթ դառնա ոչ թե ազգային սնապարծության (որը միշտ էլ մակերեսային է) եւ քարոզչական դատարկաբանության, այլ ազգային գիտակցության նոր որակի հասունացման: Իսկ դրա համար պետք է բացել իրադարձության խորքային բովանդակությունը՝ զատելով այն մակերեսային զգացմունքայնությունից, նեղ քաղաքականացումից եւ օրվա շահերից:
Հայանպաստ հայտարարությունների արժեքը
Նախ՝ որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, պետք է զատենք իրադարձության զուտ քաղաքական մասը: Պարզ է, իհարկե, առանց ավելորդ բացատրությունների, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի շեմին Նարեկացու դասումը Եկեղեցու մեծ վարդապետների շարքին չի կարող քաղաքական նպատակ, իմաստ եւ նշանակություն չունենալ՝ ե՛ւ այդ քայլը ծրագրավորողների ու իրականացնողների, ե՛ւ դա ընկալողների համար: Այդուհանդերձ, զուտ քաղաքականն այստեղ ամենակարեւորը չպետք է համարվի: Իրոք, եթե շեշտը դնում ենք այն փաստի վրա, որ Հռոմի պապը խոսեց հայերիս ցեղասպանության մասին, ապա, չնայած նրան, որ դա դրական փաստ է, բայց դրա նշանակությունը հաստատ գերագնահատելու չէ: Այնպես չէ, որ մեր նոր պատմության մեջ պակաս ենք ունեցել հայանպաստ, այդ թվում՝ շեշտված հայանպաստ դիրքորոշումների եւ հայտարարությունների Արեւմուտքի ամենատարբեր մակարդակի ներկայացուցիչների կողմից (Արեւմուտք ասելով, տվյալ դեպքում՝ նկատի ունեմ ողջ քրիստոնեական աշխարհը, այդ թվում՝ Ռուսաստանը): Ի վերջո, ունեցել ենք Սեւրի պայմանագիր, որով Արեւմտյան Հայաստանի մեծ մասը ճանաչվել է որպես անկախ Հայաստանի մաս՝ դրանից այն կողմ ավելի հայանպաստ դիրքորոշում աշխարհից մենք հազիվ թե ստանանք երբեւէ: Այդ բոլոր հայանպաստ հայտարարությունները, ելույթները, փաստաթղթերը, սակայն, որքան էլ բարձ մակարդակով են արված եղել, մեր շահերին ծառայել են միայն այն դեպքերում, երբ մենք կարողացել ենք տեղում՝ Հայաստանում հանդես գալ որպես կազմակերպված ուժ, երբ այդ ուժով կարողացել ենք պարտադրել մեր կամքը: Նման դեպքերում, իհարկե, արտաքին աջակցությունը, թեկուզ միայն քարոզչական մակարդակում, կարեւոր է դառնում: Իսկ, ահա, երբ տեղում բավական ներուժ չկա, նույնիսկ Սեւրի պայմանագրի նման հզոր փաստաթուղթը ոչինչ է: Ավելին, թույլին արտաքին աջակցությունը ոչ միայն օգուտ չի բերում, այլեւ հաճախ վնասում է: Քաղաքական մասն, ուրեմն, կարեւոր է, բայց՝ խնդրահարույց եւ առանձնապես նորույթ իր մեջ չպարունակող (գոնե եթե վերցնում ենք պատմական մեծ կտրվածքով):
Եկեղեցու մեծ վարդապետները
Մնում է, սակայն, բուն փաստը՝ Նարեկացու դասումը մեծ վարդապետների շարքին: Կարող է թվալ, որ սա վերացական, ոչ շոշափելի եւ զուտ նեղ եկեղեցական իմաստ ունեցող երեւույթ է, մանավադ որ տեղի ունեցածի քաղաքական դրդապատճառներն էլ ակնհայտ են: Սակայն այստեղ կան շատ ավելի խորքային ուղերձներ եւ իմաստներ՝ պետք է միայն կարողանանք բացել դրանք: Ուղերձ ասելով՝ նկատի չունեմ, որ ինչ-որ մեկը հատուկ բան է փոխանցել մեզ՝ մտածված, ծրագրային հաղորդագրության տեսքով: Նկատի ունեմ բուն փաստը, արդյունքը՝ անկախ դա իրականացնողների եւ կազմակերպողների գիտակցված կամքից, այսպես ասած՝ ճակատագրի նշանը:
Նախ՝ պարզենք չիմացողների համար, թե ի՛նչ բան է «Եկեղեցու մեծ վարդապետներ»-ը: Դրանք ոչ թե պարզապես եկեղեցական սրբերն են կամ աստվածաբաններ, այլ քրիստոնեական պատմության երկու հազար տարվա ընթացքում եկեղեցական ուսմունքի մեջ մեծագույն ներդրում ունեցողները, առանցքային դեր կատարածները: Տարբեր դավանանքի քրիստոնեական եկեղեցիներում կան Եկեղեցու հայրերի ընդունված ցանկեր, բայց կաթոլիկ եկեղեցին սրան հավելում է կամ միացնում է նաեւ մեծ վարդապետների հատուկ ցուցակը: Այդ ցուցակը բաղկացած է ընդամենը 36 հոգուց: Սրանք բազմաթիվ սրբերի, աստվածաբանների, վարդապետների՝ ընտրյալների միջի ընտրյալներն են: Ցուցակի մեջ մտնում են համաքրիստոենական ճանաչում ունեցող մի քանի առավել հայտնի աստվածաբաններ (Եկեղեցու հայրեր), ինչպես՝ Բարսեղ Մեծը, Գրիգոր Նազիանզացին, Աթանաս եւ Կյուրեղ Աղեքսանդրացիները, Հովհաննես Ոսկեբերանը, Եփրեմ Ասորին, Օգոստինոսը, նաեւ բուն Արեւմտյան՝ Կաթոլիկ եկեղեցու ամենահայտնի հայրերը՝ Թովմաս Աքվինացին, Անսելմ Քենթրբերցին, Բեռնար Կղերվոսացին, Ալբերտ Մեծը, ինչպես եւ նոր շրջանի կաթոլիկ աստվածաբաններ: Հասկանալի է, որ այս սահմանափակ ցուցակում տեղ ունեն միայն շատ քիչ թվով ազգությունների եւ եկեղեցիների ներկայացուցիչներ: Բացի արեւմտյան մի քանի ազգերից, որոնց ներկայությունը զուտ կաթոլիկ ցուցակում բնականորեն գերակշռող է, ներկայացված են միայն հույները, ասորիները եւ ղպտիները (եթե որպես այդպիսիք հաշվենք, իհարկե, Աղեքսանդրացի վարդապետներին), ինչը նույնպես բնական է, քանզի այդ ժողովուրդները (հատկապես՝ հույներն ու ասորիները) եղել են քրիստոնեական աստվածաբանության առաջամարտիկները, ձեւակերպողներն ու զարգացնողները՝ առանց որոնց հնարավոր չէ որեւէ քրիստոնեական ցուցակ՝ ընդհանրապես: Իսկ եթե հաշի առնենք միայն այն լեզուները, որոնցով ստեղծագործել են ցուցակի մեջ ընդգրված վարդապետները, ապա կունենանք միայն երեք լեզու՝ լատիներեն, հունարեն եւ ասորերեն, մասամբ նաեւ իսպաներենն ու ֆրանսերենը: Ահա այս սահմանափակ ցուցակին այս տարվանից միանում է մեկ հայ, իսկ լեզուներին՝ հայերենը: Լեզվի հանգամանքը նույնպես կարեւոր է, քանզի խոսքը ոչ թե ծագմամբ հայի, այլ Հայաստանում եւ հայերենով ստեղծագործած, հայադավան հայի մասին է: Բազմաթիվ այլ քրիստոնեական եկեղեցիների եւ ազգերի ներկայացուցիչներ (օրինակ՝ վրացիներ, ռուսներ, սլավոնական այլ ազգեր եւ այլն) ցուցակում տեղ չունեն:
Ճակատագրի նշանը
Ի՞նչ է սա նշանակում: Եթե մակերեսային մոտենանք փաստին, ապա ազգային սնապարծության եւս մեկ, հարմար առիթ, եւ ուրիշ ոչինչ: Առաջին քրիստոնյան էինք աշխարհում, հիմա էլ կդառնանք մեծ վարդապետների ցուցակում «մերոնքական» ունեցող՝ վրացիների կամ ռուսների «ինադու»: Ազգը, որն ի զորու չէ նման փաստերի հետ ճիշտ վարվել, ավելին չի ստանա, եւ մի օր ինքն էլ կհիասթափվի այդ փաստից, քանզի ամեն մակերեսային ընկալում արագ մաշվելու հատկություն ունի: Իսկ ինչպե՞ս վարվենք այս եւ նման փաստերի հետ, որպեսզի դրանք չդառնան միայն մակերեսային սնապարծության առիթ: Պետք է փորձենք բացել դրանց ավելի խորքային ուղերձը, որը ոչ միայն պատմական, այլեւ արդիական նշանակություն ունենա, կյանքի մեջ մտնի:
Նարեկացու մեծ վարդապետների ցուցակի մեջ ընդգրկվելը վկայությունն է կամ ճանաչումն է մեր ազգի հատուկ ներուժի, չվախենանք ասել՝ համաշխարհային, ունիվերսալ ներուժի: Պետք չէ մտածել, թե քանի որ հարցն ունի հստակ քաղաքական առում, ապա դրանով այդ ճանաչումն արժեզրկվում է, որովհետեւ նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում հնարավոր չէր 36 հոգանոց այդ ցուցակի մեջ անցկացնել մեկին, ում մասին լուրջ կասկածներ լինեին, որ նա իրականում արժանի չէ դրան: Նարեկացին պատահականորեն չի ընտրված, նրա տեղը չէր կարող լինել ամեն մեկը, ասենք՝ նույն հայկական մեծերից ամեն մեկը: Նարեկացին իրոք հայ ազգի այն քիչ ներկայացուցիչներից է (շատ չէինք էլ կարող ունենալ, որովհետեւ շատ ունեն միայն մատների վրա հաշված մի քանի՝ մշակութապես գերհզոր ազգեր), որոնք համաշխարհային նշանակության արժեք են ստեղծել: Դա չի նսեմացնում մյուսներին, պարզապես՝ ամեն արժեք ունի իր չափը, տեղն ու դերը:
Խոսքն, իհարկե, պատմական ներուժի մասին է: Պատմական՝ այն իմաստով, որ դա անցյալում եղած ներուժ է, որն այսօր հայ ազգը չունի: Այսօր ասելով՝ նկատի չունեմ 2015 թվականը, այլ ընդհանրապես՝ նոր շրջանում:
Նարեկացու ճանաչումը՝ որպես մեծ վարդապետ, մի կողմից՝ հիշեցում է այդ պատմական ներուժի մասին, մյուս կողմից՝ պետք է դառնա ավելին, քան պարզապես հիշեցում՝ յուրահատուկ ավանսով ճանաչում ապագայի համար: Ինքն իրենով Նարեկացու ճանաչումն էլ դեռ սկիզբը չէ այդ գործընթացի, այլ ընդամենն առիթ մեզ համար՝ խորհելու, իմաստավորելու եւ մարտավարություններ ընտրելու: Հարցը դրված է հետեւյալ կերպ՝ ուզում ենք մնալ աշխարհի գավառների՞, թե՞ աշխարհի կենտրոնների շարքում: Կենտրոն լինելու հավակնությունը կարող է մեծամիտ թվալ, բայց դա այդպիսին չէ, քանզի Հայաստանը Նարեկացու ժամանակ էլ չի եղել գերհզոր երկիր, բայց կարողացել է հոգեբանորեն ինքն իրեն կենտրոնում զգալ եւ կենտրոն լինել, որով եւ Հայաստանում ծնվել են Նարեկացին, Գրիգոր Մագիստրոսը, Ներսես Շնորհալին, Ներսես Լամբրոնացին՝ բոլորն էլ ոչ թե զուտ ազգային, այլ ունիվերսալ ներքին մասշտաբի դեմքեր (պատահական անուններ չտվեցի, այլ մտածված՝ այդ ժամանակվա ամեն հայտնի հայ ինքնաբերաբար չի մտնում այս ցուցակի մեջ):
Կենտրոնն ու գավառացու գիտակցությունը
Հիմա հասկանանք, թե ի՛նչ ներուժի մասին է խոսքը, ինչպիսի՛ ներքին կառուցվածք եւ դիրք ունի այն, եւ ինչպե՞ս կարելի է հասնել դրա ակտուալացմանն այսօր: Այս ճանապարհին պետք է հանդիպենք մի քանի, առաջին հայացքից՝ իրար հակասող դրույթների, բայց պետք է պատրաստ լինել, որ նման նուրբ հարցերը չեն լինում առանց արտաքուստ իրար հակասող տարրերի միասնության:
Մեր ազգային ներուժի եւ արժանապատիվ, սթափ հպարտության դասական ձեւակերպումը տվել է Խորենացին իր հայտի խոսքում՝ «Թեպետ մենք փոքր ածու ենք և թվով շատ սահմանափակ ու զորությամբ թույլ և շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց և այնպես մեր աշխարհում էլ գրելու և հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել»: Հասկանալու համար այս ձեւակերպման իմաստը՝ պետք է համեմատենք այն այսօր մեզանում տարածված երկու ծայրահեղ մոտեցումների հետ: Մեկն ազգային սնապարծ գերագնահատումն է, մյուսը՝ բարդութավորված թերագնահատումը՝ երկուսն էլ իրենց վրա գավառականության շեշտված կնիքը կրող: Իրականությունը, սակայն, այն է, որ մենք մեր ժառանգությամբ եւ ստեղծածով, անշուշտ, համեմատելի չենք աշխարհին առաջնային ծառայություններ մատուցած մշակույթների՝ հին հունականի, հռոմեականի, չինականի, գերմանականի եւ մյուսների հետ, բայց եթե համեմատվում ենք ոչ թե այս գերհզորների, այլ մոտավորապես մեր քանակի եւ մեր քաղաքական հզորության ազգերի հետ, ապա դրանց շարքում ոչ միայն հավասարը, այլեւ հաճախ առաջատարը համարվելու իրավունք ունենք: Որոշ ոլորտներում կարող ենք հանգիստ մրցել նաեւ մեծ եւ հայտնի համարվող մշակույթների եւ ազգերի հետ: Օրինակ, ունենք միջնադարյան պատմագիտություն, որին նույն շրջանի Եվրոպան կարող է նախանձել, ունեցել ենք աստվածաբանության նմուշներ, որոնք ոչնչով չեն զիջել իրենց ժամանակի արեւմտյան օրինակներին եւ այլն: Ի դեպ, հնի եւ միջնադարի մեր քաղաքական պատմությունն էլ այնքան էլ արհամարհելի եւ խեղճ չէ, որքան կարող է թվալ պատմության մասին մակերեսայնորեն դատողներին: Եվ նույնիսկ նոր շրջանում՝ քաղաքականապես առավել թուլացած վիճակում շատ հետ չենք մնացել մյուսներից: Բայց աստիճանաբար կորցրել ենք գլխավորը՝ աշխարհի կենտրոնում գտնվելու զգացողությունը, եւ ձեռք ենք բերել գավառացու, երկրորդական ազգի եւ մշակույթի հոգեբանություն: Այստեղ է հարցի մեխը: Այսօր մենք չենք կարողանում դուրս գալ երկու ծայրահեղությունների միջեւ անվերջ տատանումից, որովհետեւ կորցրել ենք ներքին չափը:
Ո՞րն է գաղտնիքը, ինչո՞ւ է հայկական մշակույթը ժամանակին կարողացել տալ համաշխարհային անվիճելի արժեքներ, գավառական չլինել՝ չնայած հայ ազգի միջին կամ հաճախ էլ թույլ քաղաքական կշռի: Քաղաքական ուժի թուլացումն, իհարկե, նպաստել է գավառականացմանը, բայց միայն դա չէ պատճառը: Տարբերությունն այսօրվանից նաեւ հոգեբանական է, ինքնագիտակցության մեջ է:
Որքան էլ, առաջին հայացքից՝ հակասական հնչի, բայց մեկը՝ անհատը կամ ազգը, երբ իրեն զգում է աշխարհի լիարժեք, այլ ոչ թե երկրորդական դերակատար, նա չի վախենում, մի կողմից՝ փոխառելուց, մյուս կողմից էլ՝ հակադրվելուց, ազգայնացնելուց, վիճելուց: Նա ինքնակենտրոն է, այսինքն՝ ինքն իրեն զգում է աշխարհի կենտրոն ու աշխարհի կենտրոնում եւ վախ չունի «սխալ», «ոչ քաղաքացի», «գեղցի» երեւալուց: Նա ինքնաբավ է, հետեւաբար՝ նրա ինքնուրույն դիրքը չեն կարող սասանել ո՛չ փոխառություններն ու ազդեցությունները, որոնք նա արագ մարսում, յուրացնում եւ իրենով է անում, եւ, մյուս կողմից էլ՝ նա չի ձգտում ձուլվել «առաջին աշխարհին» իր յուրահատկության, ինքնուրույնության ժխտման գնով: Գավառացու հոգեբանությունը ճիշտ հակառակն է՝ նա կա՛մ վախենում է «գեղցի» երեւալ՝ ստրկորեն պատճենելով եւ վերարտադրելով «մեծերի» ամեն խոսք, ամեն դիրքորոշում եւ ճշմարտությունն ու կենտրոնն իրենից դուրս տեսնելով, կա՛մ էլ, հակառակը՝ վախենում է կորցնել իր ինքնությունը դրսի ազդեցության եւ փոխառության արդյունքում՝ կառչելով իմաստ չունեցող, ձեւական, մակերեսային «ավանդույթներից» (նաեւ ամեն հիմարությունն ավանդույթ համարելով): Երկու դեպքում էլ պատճառը սեփական բարդույթավորությունն է եւ անինքնավստահությունը: Ընդ որում, առաջին՝ «առաջադիմական գավառականությունը» հաճախ ավելի վտանգավոր է, քան երկրորդ՝ «ավանդապաշտականը»: «Առաջադիմական գավառացին» ինքնակենտրոնությունը շփոթում է ինքնամեկուսացման հետ, իսկ քանի որ նրա գոյության կերպը ոչ թե իրապես լինելն է, այլ թվալն ու երեւալը, նա վախենում է ինքն իր հետ մնալու հեռանկարից:
Ինչպե՞ս է դրսեւորվել հայկական մշակույթի ինքնակենտրոնությունն անցյալում: Մի օրինակ բերեմ: Շնորհիվ նրա, որ մենք մեզ զգացել ենք քրիստոնյա աշխարհի լիիրավ մաս, տան հարազատ, այլ ոչ թե որդեգրած անդամ, տեր, այլ ոչ թե հյուր, մենք չենք վախեցել, օրինակ, հակադրվել մեր դավանանքով ամբողջ քրիստոնյա աշխարհին, այդ թվում՝ այդ աշխարհի առավել հզորներին (բայց նաեւ որոշ կարեւոր հարցերում մեզ դավանակից՝ ասորիներին եւ մյուսներին): Այսօրվա «առաջադիմական գավառացու» համար նման վիճակը պարզապես սարսափելի է թվում, նա չի կարող պատկերացնել, թե ինչպես մարդը կարող է գերագույն ճշմարտության հարցերում սեփական դիրքորշումն ունենալ՝ առանց «մեծերի» թույլտվության, առանց արտաքին սանկցիայի: Դա էլ հենց լավագույն վկայությունն է այն բանի, որ «գավառացին», որքան էլ ճգնում է «քաղաքացի» երեւալ, իրականում ինքն իրեն օտար է զգում «մեծերի մեջ»: Մինչդեռ Նարեկացու ժամանակվա հայերը, այդ թվում ինքը Նակերացին, երբեք չեն վախեցել սեփականն ունենալ եւ պնդել «մեծ աշխարհում», վիճել եւ քննադատել «մեծ աշխարհը»՝ հենց որովհետեւ այդ աշխարհի մեջ հավասար են իրենց զգացել, տեր են եղել: Դրա համար էլ Նարեկացին եւ մյուսները համաշխարհային մասշտաբի արժեքներ են տվել՝ չնայած իրենց «ընդդիմադիր» դիրքին աշխարհի նկատմամբ, իսկ հարմարվողների անուններն այսօր ոչ ոք չի հիշում եւ երբեք չի էլ հիշելու:
Քաղաքական ինքնակենտրոնությունը՝ Նոր Նարեկացիներ եւ նոր Բագրատունիներ
Ի դեպ, տարբեր չի վիճակը նաեւ քաղաքական պատմության առումով: Օրինակ, Նարեկացու ժամանակակից Բագրատունիները, լինելով ջերմեռանդ քրիստոնյաներ (եւ նահատակներ տալով հանուն հավատքի), նաեւ՝ հունական գիտության տարածման հովանավորներ, չեն «խորշել» Հայաստանի անկախությունը կերտել արաբների նկատմամբ հավասարակշիռ, սթափ քաղաքականությամբ եւ խալիֆայության նկատմամբ լոյալ դիրքով: Ավելի ուշ Ռուբինյանները կերտեցին իրենց անկախ իշխանությունը Լեռնային Կիլիկիայում Բյուզանդիայի հետ պայքարում, իսկ երբ հերթը հասավ Դաշտային Կիլիկիայի նվաճմանը, դաշնակցեցին նաեւ մահմեդական իշխանությունների հետ՝ ընդդեմ քրիսոտոնյա խաչակիրների, չնայած Ռուբինյաններից ավելի «արեւմտամետ»՝ մշակութային առումով՝ դժվար է պատկերացնել: Եվ, ի դեպ, հենց Դաշտային Կիլիկիայի նվաճումը հնարավոր դարձրեց Կիլիկիայի վերածումը իշխանությունից՝ անկախ թագավորության: Արդեն թագավորության շրջանում Լեւոն արքան մի ձեռքով սերտ կապեր հաստատեց գերմանական կայսր՝ Ֆրիդրիխ Բարբարոսայի հետ, իսկ մյուս կողմից՝ նրա զորքի տեղաշարժի մասին մանրամասնորեն տեղեկացնում էր հարեւան մահմեդական իշխաններին, իսկ Հեթում արքան առաջիններից էր Մերձավոր Արեւելքում, ով դաշնակցեց մոնղոլների հետ:
Հասկացաք երեւի արդեն, որ այս՝ առաջին հայացքից զուտ եկեղեցական թեման բերեց մեզ հայաստանակենտրոնության թեմային՝ մշակույթի եւ քաղաքականության մեջ: Հենց ինքնակենտրոնությունն է բնական դիրք ինքն իրեն աշխարհի մասը զգացող ազգի համար, եւ միաժամանակ՝ բանալին է մշակութային եւ քաղաքական ձեռքբերումների: Եվ հենց հայաստանակենտրոնությունն են գավառացին եւ քաղքենին շփոթում ինքնամեկուսացման հետ: Հայաստանակենտրոն մշակույթն ու քաղաքականությունը՝ աշխարհի մաս լինելով, սեփական դիրք ունենալուց չվախենալը եւ սեփական շահի տեսակետից արտաքին զարգացումները դիտարկելը, իսկ մյուս կողմից էլ՝ դրսի ազդեցություններից եւ փոխառություններից չվախենալը, այլ ստեղծագործաբար յուրացնելը՝ մեր քաղաքական անկախության եւ մշակութային նոր վերելքի միակ հիմքը կարող են լինել: Դրա հիման վրա կարող ենք ունենալ նոր Նարեկացիներ եւ Խորենացիներ, ինչպես նաեւ՝ նոր Բագրատունիներ եւ նոր Ռուբինյաններ:
Հրանտ Տեր-Աբրահամյան
‘