‘Խմբագրական. Ներքաղաքական քարտեզ’

2558

Հայաստանի քաղաքական իրավիճակի այս պահի քարտեզը բավականին յուրահատուկ է՝ չնայած առաջին հայացքից այն կարող է թվալ նախկինի սովորական շարունակություն: Մի քանի գործոններ առավել կարեւոր են եւ տարբերակիչ՝ իրավիճակի կառուցվածքի տեսակետից: Դրանք են.

ա. իշխանության քաղաքական ասելիքի սպառվածությունը, դրական ասելիքի բացակայությունը,

բ. իշխանության փոխանցման խնդրի անորոշությունը,

գ. վերնախավային ճեղքվածքները,

դ. խորհրդարանում իշխող ուժի դիրքերի թուլացումը:

Փորձենք մի փոքր բացել այս կետերը:

Իշխանության ասելիքի սպառվածությունը

Ցանկացած իշխանություն՝ վատ կամ լավ, բռնակալ կամ ազատ, օրինակարգ կամ ոչ, թեկուզ ձեւական մակարդակում ունենում է իր դրական ուղերձը հասարակության տարբեր շերտերին եւ ինքն իրեն՝ այսպես ասած՝ սեփական գոյության իմաստի արդարացմամբ եւ երկիրը դեպի ուր տանելու ձեւակերպմամբ: Որեւէ վարչակարգ, նույնիսկ ամենաբռնապետական, չի կարող իր գոյությունն ու գործունեությունն արադարացնել միայն ուժի կամ բռնության միջոցով:

Սերժ Սարգսյանի իշխանության ուղերձը հասարակությանն ի սկզբանե՝ 2008-ից, եղել է ներքին բարեփոխումների խոստում-ակնարկը («օլիգարխիայի» հաղթահարումը, «նախկին ժառանգությունից ազատվելը» եւ այլն), ինչպես նաեւ «առաջադեմ» արտաքին քաղաքականությունը (հայ-թուրքական նախաձեռնողականություն, ապա եւ՝ եվրաասոցացում): Վերեւից եկող բարեփոխումների ակնարկ-խոստումներով եւ արտաքին քաղաքական նախաձեռնողականությամբ էր Սարգսյանի վարչակարգը փորձում ապահովել իր օրինակարգությունը ներսում եւ դրսում՝ անկախ այդ փորձերի հաջողվածության աստիճանից (որոշակի հաջողության՝ ներսում, բայց հատկապես՝ դրսում, այդ փորձերն ունեցան): Անցած՝ 2013 թվականը քաղաքական առումով իմաստավորվեց իշխանական հիշյալ հայեցակարգի լիարժեք տապալմամբ բոլոր ճակատներով: Այսօր անկհայտ է թե՛ ներքին բարեփոխումների ռեսուրս եւ կամք չունենալը, թե՛ արտաքին քաղաքականության տապալումը (նույնիսկ իշխանական գծի հավատավորները՝ «ողջախոհ երիտթեւի» գծի սպասարկու գաղափարական-տեղեկատվական «ֆրոնտից», կարծես հասկացել են դա, բայց նահանջելու տեղ այլեւս չունեն): Տապալումը պայմանավորված է ոչ թե անձնական, այլ գերազանցապես առարկայական գործոններով, որոնց մասին այստեղ տարածվելը շատ կերկարացներ շարադրանքը:

Հատկանշական է, որ պակասել կամ անհետացել է թե՛ իշխանության «հեղափոխական» ճարտասանությունը, որով աչքի էր ընկնում հատկապես Սերժի 2013-ի նախընտրական արշավը, նաեւ՝ «ողջախոհ երիտթեւի» մամուլի վերլուծականները, թե՛ այն, որ արտաքին քաղաքականության կուրսի կտրուկ շրջադարձից հետո իշխանության որեւէ բարձրաստիճան ներկայացուցիչ այդպես էլ հանդես չեկավ տեղի ունեցածի հրապարակային հիմնավորմամբ: Հատկանշական է նաեւ, որ ստվերում է հայտնվել ոչ անհայտ իշխանական Փեսան՝ «օլիգարխիայի» դեմ «պայքարի» գերագույն գլխավոր հովանավորը, իսկ նրա տեղը զբաղեցնել փորձող «ռոքեր» վարչապետի դիրքերը նույնպես բավականին խախուտ են թվում վերջին շրջանում: Իշխանական ասելիքի սպառվածությունն այնքան էլ անմեղ ու անհետեւանք բան չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Սա կարեւոր կառուցվածքային դատարկություն է ստեղծում համակարգի մեջ եւ թուլացնում է իշխանության դիրքերը: Նույնիսկ ձեւական ասելիքի առկայությունը կարեւոր է համակարգն ավելի կայուն պահելու առումով, իսկ իշխանական ասելիքի սպառվածությունը կամ բացակայությունը աննախադեպ է ոչ միայն ընդհանրապե՛ս, այլեւ Հայաստանում ցայսօր եղած քաղաքական իրավիճակների համար:

Իշխանության փոխանցման խնդիրը

Բռնապետության պայմաններում ամեն հաջորդ բռնապետ առավել հաճախ հաստատում է իր իշխանությունը նախորդ բռնապետի հաշվին, որքան էլ նախորդը լինի հաջորդի ընկերը, բարեկամը, զինակիցը կամ էլ «հայր»-ը: Սա բռնապետական՝ թույլ օրինակարգությամբ համակարգերի ներքին օրինաչափությունն է, որը քիչ է կախված ամեն տվյալ պահի կառավարչի անձնական հատկանիշներից: Սերժ Սարգսյանը լավ է հասկանում այդ իրողությունը թե՛ որպես սովետական կադր, թե՛ իր անձնական փորձից: ՍՍՀՄ գրեթե ամեն հաջորդ կառավարչի օրոք «պարզվում էր», որ նախորդ կառավարիչը կրողն էր լուրջ թերությունների (Ստալինը՝ Խրուշչովի օրոք, Խրուշչովը՝ Բրեժնեւի, Բրեժնեւը՝ Գորբաչովի. ավանդույթը չի խախտվում նաեւ այսօր հետսովետական տարածքում), չնայած նրանք բոլորը նույն համակարգի մասն էին, եւ հաջորդներն իրենց դիրքերի ամրապնդմամբ պարտավոր էին նախորդներին: Նույն այս միտումն ուժեղ է եղել Հռոմեական կայսրությունում եւ Բյուզանդիայում, որոնց համակարգերը զգալի նմանություն ունեին սովետականին՝ երկուսն էլ պաշտոնապես «հանրապետություններ» էին, բայց փաստացի՝ ոչ ժառանագական միապետություններ, որը բնականից առաջացնում է օրինակարգության խնդիր ամեն նոր կառավարչի օրոք: Իր սեփական փորձից Սերժ Սարգսյանը գիտի, որ այսօրվա իր շրջապատը չի խնայի իրեն իր որեւէ հաջորդի օրոք, եթե այդպես պահանջեն «պարԾիայի» շահերը, ինչպես որ այսօր նա ու իր թիմը հարկ եղած դեպքում չեն խնայում Սերժի նախորդին, որն իրենց «ընկերն» ու «հայրն» էր ժամանակին: Այստեղ չի օգնի ոչ աներ-փեսա, ոչ ատամներով պահած զինակից-վարչապետ, ոչ էլ որեւէ այլ կարգավիճակ: Հակառակը՝ հենց ա՛յդ տարբերակների դեպքում Սերժի ապագա վիճակը կարող է առավել աննախանձելի լինել:

Գաղտնիք չէ, որ Սերժի ծրագիրն  այս պայմաններում ոչ թե ժառանգորդ ընտրելն է, այլ սահմանադրական բարեփոխումների միջոցով ուժեղացնել վարչապետի դիրքերը եւ զբաղեցնել վարչապետի աթոռը «անգլիական թագուհու» վերածված ժառանգորդի կառավարությունում՝ պահելով փաստացի իշխանությունը: Ինչ խոսք, այս ծրագիրը որքան էլ պարզ ու տրամաբանական է թվում, նույնքան էլ ռեսուրս պահանջող: Մոտակա տարիներին Սերժի քաղաքական գործողությունների առանցքը պետք է հենց այս ծրագրի իրականացման շուրջ պտտվի, բայց բազմաթիվ հանգամանքներ սրա իրականանալիությունը հարցականի տակ են դնում: Նախեւառաջ, պետք է հաշվի առնել, որ այս սցենարում Սերժի թիմի առավել աչքի ընկնող, հետեւաբար եւ՝ սեփական առաջնորդական հավակնություններ ունեցող անդամները այլեւս առարկայորեն շահերի ընդհանրություն չունեն իրենց նախագահի հետ: Իհարկե, նրանք կարող են դիմել այս կամ այն քայլերի՝ կապված ուժային կշռույթի դասավորվածությունից, եւ պոտենցիալ ներիշխանական կոնֆլիկտներն այս հարցի շուրջ կարող են ակտուալիզացվել կամ ոչ, բայց հենց թեկուզ պոտենցիալ շահերի բախման փաստն ինքնին հավելյալ լարվածություն եւ անկայունություն է մտցնում ներքակաքական քարտեզում:

Վերնախավային ճեղքվածքը

Ակնհայտ է, որ հայաստանյան վերնախավն այլեւս այն միասնական վերնախավը չէ, որն է՛ր նախկինում: Հայաստանյան բռնապետությունը հիմնված է եղել իշխող եւ տնտեսական վերնախավերի (խոշոր բուրժուազիայի կամ «օլիգարխների»), այսպես ասած՝ անքակտ դաշինքի վրա: Այդ միասնականությունն ինքնին բավական էր, որպեսզի, չնայած գերազանցապես ընդդիմադիր տրամադրված հասարակության մի քանի լուրջ փորձերի, այդ հասարակությանը չհաջողվի խախտել ուժային կշռույթն իր կողմ եւ հասնի իշխանափոխության: Վերջին շրջանում այդ միասնությունը միտում ունի լուրջ ճեղքվածներ տալու, իսկ որոշ կետերում՝ նույնիսկ ակնհայտ քանդվելու: Սա եւս ունի իր առարկայական պատճառները, որոնք հեռու են որեւէ մեկի անձնական ցանկություններից կամ բարի ու չար կամքից: Խոշոր սեփականատերերի եւ Սերժ Սարգսյանի շահերն առարկայորեն սկսել են հակասել իրար: Կարելի է ենթադրել, որ սա գիտակցում է հայկական խոշոր բուրժուազիայի զգալի մասը, այլ հարց է, սակայն, որ դրա մի մասն է այս պահին միայն պատրաստ հրապարակային հակադրության մեջ մտնել վարչակարգի հետ, որը նույնպես ունի իր առարկայական հիմքերը՝ ոչ բոլոր խոշոր սեփականատերերն ունեն համապատասխան քաղաքական ռեսուրս: Այս պահին վերնախավային ճեղքվածքն իր քաղաքական արտահայտությունն է գտել հատկապես կառավարական կոալիցիայի փաստացի քայքայմամբ 2012-ին (ՕԵԿ-ի ինքնուրույն քաղաքական արժեքը՝ որպես կոալիցիայի անդամ, բնականաբար՝ ոչ ոք լուրջ չի ընդունում), եւ խորհրդարանում իշխող ուժի դիրքերի թուլացմամբ: Գործընթացը, սակայն, հեռու է իր ավարտից, եւ ինչպես ցանկացած քաղաքական գործընթաց՝ չունի երաշխավորված ելք: Համենայն դեպս՝ կարող ենք ասել, որ հասարակությունը պետք է գիտակցի իր համար բացվող հնարավորությունները այս աննախադեպ պայմաններում, իսկ խոշոր սեփականատերերն էլ հասկանան, որ վերջնական արդյունքն՝ առանց հստակ քաղաքական օրակարգի եւ հրապարակային քաղաքականության, կարող է հարցականի տակ մնալ:

Խորհրդարանում իշխող ուժի դիրքերի թուլացում

Սրանց մասին մասամբ հիշատակեցինք երրորդ կետում: Այստեղ շեշտենք, որ երբեւէ անկախ Հայաստանի պատմության մեջ ոչ իշխանական ուժերն այդքան մեծ ներկայություն չեն ունեցել խորհդարանում, քան այսօր: Կարեւոր է նաեւ, որ վերջին շրջանում այդ զուտ քանակական ցուցիչը սկսել է տալ նաեւ որակական որոշ արդյունքներ, որոնք, թեկուզ զգուշավոր, բայց լավատեսության հիմք են տալիս: Աննախադեպ այս դասավորվածության նշանակությունը չարժե ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել: Պարզ է, որ կան թույլ եւ ուժեղ կողմեր:

Թույլ կողմերն են՝ ա. չնայած աննախադեպ քանակի, միեւնույն է, ոչ իշխանական ուժերը փոքրամասնություն են եւ ի վիճակի չեն տապալել կարեւոր որոշումներ, ինչպես նաեւ առաջ տանել սեփական նախագծերը, բ. Պարզ է նաեւ, որ ոչ իշխանական ուժերից եւ ոչ մեկը չի կարող 100 տոկոսով երաշխավորել իր խմբակցությունների անդամ պատգամավորների վարքը ճգնաժամային պայմաններում: Վճռական պահին շատ բան կախված կլինի կոնկրետ ուժային հաշվեկշռի ազդեցությունից ամեն կոնկրետ պատգամավորի վարքի վրա՝ չհաշված յուրաքանչյուր խմբակցության սկզբունքային կորիզը:

Ուժեղ կողմերն են՝ ա. Այնուամենայնիվ, նույնիսկ այս հարաբերական քանակական առավելությունը կարեւոր գործոն է: Դրա մասին վկայում է թեկուզ այն հանգամանքը, որ ճիշտ այն պահերին, երբ ոչ իշխանական ուժերի համագործակցության հեռանկար է բացվում որեւէ հարցի շուրջ, իշխանական քարոզչությունը հրապարակ է նետում իբր խիստ արմատական՝ մանդատներից հրաժարվելու կոչը: բ. Բայց է՛լ ավելի կարեւոր է այն, որ նշված պայմաններում իրապես թուլանում է նաեւ իշխող ուժի ներկայացուցիչների վերահսկելիությունը: Ոչ միայն ոչ իշխանական ուժերը, այլեւ իշխանությունը չի կարող 100 տոկոսով երաշխավորել իր պատգամավորների վարքը ճգնաժամային պայմաններում, մանավանդ որ իշխող ուժում սկզբունքային կորիզը նվազագույն է, եթե ընդհանրապես կա: Կարծում եմ՝ պետք չէ բացատրել, թե այս պարագայում եւս կոնկրետ վճռական իրավիճակում ամեն կոնկրետ պատմագավորի վարքը կարող է կախված լինել կոնկրետ պահի ուժային հաշվեկշռից, եւ եթե այդ հաշվեկշիռը թեքվի ի վնաս իշխանության, ապա հետագա սցենարը մեզ ծանոթ է անկախ Հայաստանի պատմությունից:

Սա է Հայաստանի ներկա պահի քաղաքական քարտեզի այն մասը, որը հիմնականում վերաբերում է վերնախավային դասավորվածություններին: Վերացարկվելով կոնկրետ զարգացումներից՝ ներկայացրել ենք միայն ամենաընդհանուր գծերն ու միտումները: Ինչ վերաբերում է հասարակության ավելի լայն շերտերի անելիքներին այս քարտեզի պայմաններում, ապա դրա մասին, թերեւս, խոսենք, այլ առիթով: Կարեւոր է միայն հասկանալ, որ հասարակությունը լավ հնարավորություն ունի օգտվելու համակարգային ճեղքերից եւ ուժային բալանսի խախտումներից, եթե իհարկե մեր հասարակությունն ունի այդ ներուժը: Եթե ոչ, ապա նույնիսկ տասնապատիկ ավելի հզոր իշխանական թուլացումներ մեզ որեւէ օգուտ չեն բերի:

Նախորդ հոդվածը‘«Դ!եմ եմ». Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի աշխատակիցները այսօր բողոքի ակցիա կիրականացնեն’
Հաջորդ հոդվածը‘Հրդեհ «SAS» սուպերմարկետի պահեստում’