‘Խմբագրական. Նոր խավ. Մարտնչող հակասահմանադրականները ‘

1483

1995 թվականի այս օրը անցկացված համաժողովրդական հանրաքվեով անկախ Հայաստանն ունեցավ իր Սահմանադրությունը: Մայր օրենքը, որն առայսօր մեզ ավետում է, որ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավականպետություն է» եւ որ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»:

Ավետում է ու ավետում: Վերջիվերջո Մայր օրենքն է, օրենքների օրենքը: Ու մենք գիտենք, որ նա այնտեղ մի տեղ կա, գոյություն ունի: Բայց այնետղ՝ հեռվում, վանդակի մեջ պարփակված, որովհետեւ չի գործում, որովհետեւ Սահմանադրության այսօրվա «երաշխավորները» Մայր օրենքը դրել են փակի տակ ու ամեն ինչ անում են, որ մենք մոռանանք նրա գոյության մասին: Մեզ դեմ են տալիս ինչ-որ կեղծ, իմիտացիոն Սահմանադրություն, իրենց ներքին Սահմանադրությունն ու ասում են, թե շարժվում են Սահամանադրությամբ, երկիրը Մայր օրենքով են կառավարում: Ասում են, բայց ոչինչ չի փոխվում: Սահմանադրությունը չի գործում, որովհետեւ իշխանության են եկել նրանք, ովքեր հենց այս առաջին տողերի հետ կռիվ ունեն՝ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»:

Այս հիմնական ուղերձը, այս հիմքերի հիմքը նրանց թշնամին է, նրանց կռիվը հենց այստեղից է սկսվում: Ու եթե ձեռքներին հնար լիներ, Սահմանադրությունն էլ կվերացնեին, կամրագրեին, որ Հայաստանում իշխանությունը ժողովրդին չի պատկանում եւ չի կարող պատկանել: Բայց քանի որ այդպես անել չեն կարող, Սահմանադրությունը ուղղակի փակի տակ են առել, գերի են վերցրել՝ թե կուզեք: Որովհետեւ այն իրենց թշնամին է, իրենց հետ գենետիկորեն անհամատեղելի մի բան, որն ուղղակի արգելում է նրանց գոյությունը քաղաքական դաշտում:

Նայեք նրանց դեմքերին, լսեք նրանց ելույթները, խոսքերը, հատուկենտ բառերը, նայեք նրանց աչքերին ու նորից կարդացեք Սահմանադրության առաջին տողերը: Սահմանադրությունն ասում է, թե «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին», այնինչ, այսօր Հայաստանը ղեկավարում են հակասահմանադրականները: Մարտնչող հակասահմանադրականները: Ու նրանք արդեն մեկ-երկու հոգի չեն: Հակասահմանադրականությունն արդեն ձեւավորված տեսակ է, մի յուրօրինակ խավ, որոնք իրենց ամբողջ վարքուբարքով, իրենց նիստուկացով, իրենց մտածելակերպով անգամ հակասահմանադրական են: Հակասահմանադրական են ուղնուծուծով: Եւ ավելի չարացած հակասահմանադրական են, քանի որ Սահմանադրությունն արգելելու, հրապարակայնորեն վերացնելու հնարավորություն չունեն: Ու հենց այդ պատճառով էլ ամեն օր, ամեն վայրկյան փորձում են նսեմացնել օրենքների օրենքի գաղափարն անգամ, փորձում են հանրության մոտ ձեւավորել նույն արհամարհարական վերաբերմունքը: Սրանց թիրախը խեղճուկրակ այն մարդիկ են, որոնք ընտրությունից-ընտրություն 5 հազար դրամի համար սրանց մոտ վիզ ծռելով պիտի անիծեն Սահմանադրությունն էլ, այնտեղ ամրագրված տողերն էլ:

5 հազար դրամ են նետում ու ասում՝ մոռացեք, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Չկա այդպիսի բան, գոյություն չունի: Ասում են՝ այստեղ Սահմանադրությունն էլ ենք մենք, ժողովուրդն էլ, ու իշխանությունն էլ մեզ է պատկանում:

Իհարկե, ամեն հուլիսի 5-ին նույն հակասահմանադրականները առաջինն են հիշում Սահմանադրության օրվա մասին, ճառեր են ասում, ելույթներ ունենում ու ուղերձներ հղում, շնորհավորում են մեզ ու իրար: Ու մեկ օր դիմանում են մի կերպ այդ օրվա «փորձությանը»: Ինչպես գահընկեց արված եւ բերդում փակված թագուհուն՝ ծննդյան օրով կշնորհավորեին, նույնիսկ հրապարակավ երախտիքի խոսքեր կասեին, միայն թե նա, գահընկեց արված թագուհին երբեք դուրս չգար բերդի պատերից այսկողմ եւ մնար այնտեղ հեռվում՝ որպես մի սիմվոլ: Բայց դա հակասահմանադրականների երազանքն է:

Հ.Գ. Այսօր Սահմանադրության օրն է: Շնորհավորում ենք բոլորին, եւ հիշենք, մի երկրում, որի Սահմանադրությունն ավետում է, որ «իշխանությունը պատկանում է ժողովրդին», հակասահմանադրականներն ուղղակի տեղ չունեն: Այնպես որ, սահմանադրական կարգերի վերականգնումը Հայաստանում այլընտրանք չունի: 

Նախորդ հոդվածը‘ՀՀ դատախազության վրա հարձակում է տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Քաղծառայության խորհուրդը փաստաթղթերի հետ կապված իր մանիպուլյացիաներն է արել. ԲՈՀ–ի նախկին պետն իր ազատման մասին’