‘Խմբագրական. Նոր քաղաքական իրավիճակին ընդառաջ’

1933

Արտաքուստ չափազանցություն կարող է թվալ, սակայն արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանում ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ: Ուստի, հիմնավորելու համար այս պնդումը, անհրաժեշտ է նշել այն գործոններն ու քաղաքական մթնոլորտում տեղի ունեցած փոփոխությունները, որոնք հանգեցրել են նոր քաղաքական իրավիճակի ստեղծմանը:

Հրաժեշտ՝ ռեժիմի արտաքին «օրակարգին»

Վիլնյուսյան գագաթնաժողովի և ՌԴ նախագահի այցով Հայաստանի քաղաքական օրակարգից վերջնականապես դուրս եկավ արտաքին քաղաքական կողմնորոշման արհեստական օրակարգը (խնդրում ենք սա չնույնացնել արտաքին քաղաքականության հետ՝ ընդհանուր առմամբ, որը Հայաստանի, ինչպես և ցանկացած այլ երկրի համար ունի կենսական կարևորություն): Հանուն արդարության՝ հարկ է արձանագրել, որ վերջին մի քանի ամիսներին իշխանություններին հաջողվել էր հասարակական-քաղաքական կյանքի հիմնական դիսկուրս դարձնել Հայաստանի արտաքին քաղաքական հնարավոր կողմնորոշման հարցը՝ հատկապես այն բանից հետո, երբ դրա վերաբերյալ բոլոր պատրանքները հօդս ցնդեցին սեպտեմբերի 3-ին (ինչի մասին մենք պարբերաբար զգուշացնում էինք դրանից դեռ շատ առաջ): Այս ժամանակավոր էյֆորիան, որն արտահայտվում էր ԵՄ ասոցացման կողմնակիցների կողմից, բացի Սերժ Սարգսյանից՝ մնացած բոլորին ուղղված մեղադրանքներով, ինչպես նաև հակառուսական ալիք բարձրացնելու՝ իշխանությունների կողմից սրսկվող հռետորաբանությամբ, կատարելապես զուրկ էր քաղաքական բովանդակությունից, սակայն, այդուհանդերձ, կարողացավ ժամանակավորապես շեղել հասարակության ուշադրությունը Հայաստանի այսօրվա դժբախտությունների իրական պատասխանատուից՝ Սերժ Սարգսյանից ու նրա հանցախմբից: Նույնիսկ հիմա, երբ և՛ Վիլնյուսում, և՛ Գյումրիում ու Երևանում Սերժ Սարգսյանը ենթարկվեց նախադեպը չունեցող նվաստացման՝ ձեռքի հետ գետնովը տալով նաև Հայաստանի արժանապատվության փշրանքները, և այս հարցերում դրվեց վերջակետ, իշխանական քարոզչությանը լծված լրատվամիջոցները (և՛ իշխանական, և՛ «ընդդիմադիր») փորձում են շարունակել հուսահատություն, հիասթափություն և պառակտում մտցնել հասարակության և քաղաքական ուժերի շրջանում: Իսկ նոր հրապարակ նետված քարոզչական խայծն ունի հետևյալ «պատկերը». ճիշտ է, որ Սերժ Սարգսյանը ձախողել է ԵՄ ասոցացումը, այո՛, նա հանձնում է Հայաստանի ինքնիշխանությունը, այո՛, Հայաստանը սրընթաց դառնում է ռուսական գուբերնիա: Բայց քանի որ Սերժ Սարգսյանն ամբողջությամբ տրվել է Ռուսաստանի և Պուտինի քմահաճույքին, ապա վերջինս ամեն կերպ կաջակցի Սերժ Սարգսյանին՝ իշխանությունը պահելու հարցում: Այնպես որ, հարգելի ժողովուրդ, որևէ հույս չունենաք:

Այս պարզունակ փուչիկը պայթում է շատ պարզ բացատրությամբ: Իշխանությունը պահելու հարցում աջակցում են գործընկերոջը, ոչ թե ծառային: Իսկ  գործընկեր է Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինին, թե ծառա, կարելի է դատել տեսախցիկների առաջ վերջինիս ցույց տված վերաբերմունքից, որն այլ բան չէր պարունակում, քան ծաղր ու արգահատանք Սերժ Սարգսյանի նկատմամբ (չար լեզուներն ասում են, որ սրանք ծաղիկներ են՝ այն ամենի համեմատ, ինչ տեղի է ունեցել տեսախցիկների դիտանկյունից անդին): Այնպես որ՝ իշխանական արտադրության այս տխմարությունը շատ կարճ կյանք է ունենալու, նաև այն պատճառով, որ, ինչպես արդեն նշվեց վերևում, վերջակետն արդեն դրված է:

Վերադարձ՝ ընդդիմության ներքին օրակարգին

Իշխանությունն այժմ իր ողջ նողկալի մերկությամբ հասարակության առաջ է: Նա այլևս չի կարող թաքնվել արհեստականորեն բուծված մանրապատումների հետևում և ստիպված է լինելու արձագանքել հասարակության ու իրապես ընդդիմադիր քաղաքական ուժերի մեղադրանքներին: Այսինքն՝ Հայաստանում վերստին տիրապետող է դառնում ընդդիմության օրակարգը, ինչն իշխանափոխության ճանապարհի կարևոր փուլերից մեկն է:  Իսկ օրակարգի առանցքը, մեխը, եթե կուզեք՝ զարդը՝ Սերժ Սարգսյանի ու նրա շոշափուկների անհապաղ հեռացումն է իշխանությանից և երկրի կառավարման համակարգից: Այս առանցքի հիմքում դրված են նրա կողմից կատարված բոլոր հանցագործությունները. Մարտիմեկյան սպանդի մասնակցություն, ընտրությունների կեղծում, պետական միջոցների թալան և ժողովրդի անխնա հարստահարում, արտագաղթ, գազի մեքենայություններ, մարդասպանների հովանավորում, համակարգված կոռուպցիա, ոստիկանական մեքենայություններ, հանուն իշխանության պահպանման և ընտանեկան հարստության դիզման՝ քաղաքական, տնտեսական, ոստիկանական ահաբեկումների իրականացում:

Իշխանության մերկության ևս մեկ ազդակ է նաև տրամադրությունների շարունակական փոփոխությունը պետական կառավարման համակարգում, որտեղ Սերժ Սարգսյանի իշխանության հանցավոր, հակապետական, հակաժողովրդավարական լինելու մասին դիտարկումներն այլևս ունեն մեծ տարածում:

Մենք առիթ ենք ունեցել նշելու, որ առաջիկա ամիսներին Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակը ծայրաստիճան լարվելու է: Սա բնականորեն հանգեցնելու է քաղաքական լարվածության: Եվ բոլոր այն ուժերը, ովքեր իրապես շահագրգռված են Սերժ Սարգսյանի ռեժիմի անհապաղ հեռացմամբ և Հայաստանը անդունդի վարընթաց ճանապարհից վերելքի ուղու վրա դնելու, չպետք է կորցնեն այս պատեհ առիթը:

Նախորդ հոդվածը‘Դեկտեմբերի 6-ին ծնված հայտնիները’
Հաջորդ հոդվածը‘Դավութօղլուն հայտարարել է, որ կժամանի Երևան’