‘Խմբագրական. Նոր քաղաքական փուլին ընդառաջ’

3332

Արդյո՞ք Սերժ Սարգսյանը լիակատար հաղթանակ տարավ ներքաղաքական պայքարի այս փուլում՝ ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Առայժմ կարելի է խոսել միայն լուրջ հաջողության մասին, բայց ոչ միայն լիարժեք հաղթանակի մասին է խոսելը վաղ, այլեւ՝ քաղաքական փուլը դեռ լիովին ավարտված չէ, եւ պատկերավոր ասած, կինոյի «տիտրերը» տրված չեն, քանի դեռ որոշ կարեւոր հարցեր, գոնե հրապարակայնորեն, հասանելի տեղեկատվությամբ չունեն իրենց պատասխանները: «Կինոն» թվում է՝ դեռ պետք է ունենա առնվազն որոշ «հետգրություններ», որոնք կա՛մ կազդարարեն վերջնական ավարտը եւ նոր «կինոյի» սկիզբը, կա՛մ էլ՝ եղած «կինոյի» անսպասելի շարունակությունը:

Փորձագետ «ըլնեմ»

Մինչ օդում կախված մնացած հարցերին կոնկրետ անդրադառնալը, մի փոքր շեղում:  Արդյո՞ք միանշանակ կանխատասելի էր իշխանության հիշյալ հաջողությունը ներքաղաքական պայքարի այս փուլում: Բարձրաճակատ փորձագետների եւ վերլուծաբանների բանակի փառավոր ներկայացուցիչներն իրար հերթ չտալով՝ այսօր պնդում են, որ ամեն բան կանխատեսելի էր իրենց համար՝ չբերելով, սակայն, կատարված վերլուծական կանխատեսման եւ ոչ մի հղում: Նման «փորձագիտությունը» յուրահատուկ եւ ահագին շահավետ փեշակ է դարձել այսօրվա Հայաստանում, եթե չասեմ՝ ընդհանրապես տարածում է գտել աշխարհում: Դրա էությունը երկար ու բարակ բացատրելու փոխարեն, միանգամից օրինակով ցույց տամ: Այսպես, ամենեւին դժվար չէ կանխատեսել, որ այս տարի էլ Իտալիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոնը կդառնա Յուվենտուսը, չնայած առաջնության ավարտին դեռ մնացել է երեք ամիս (նույնպես բարդ չէ կռահել, որ Անգլիայում չեմպիոն է դառնալու Չելսին, Գերմանիայում՝ Բավարիան, Շոտլանդիայում՝ Սելիթիկը, եւ այսպես շարունակ): Որեւէ մեկը կարող է հենց այսօր խաղադրույք կատարել այդ կանխատեսման վրա, եւ որոշակի գումար վաստակել: Նմանապես բարդ չէ կանխատեսել, որ ապրիլի մեկին Երեւանում ձյուն չի գա. 99, 99 % հավանականությամբ այդ կանխատեսումը կիրականանա: Բայց պարզ է, որ նման կանխատեսման արժեքը զրոյական է, որովհետեւ, նախ՝ դա կարող է անել ցանկացած մեկն՝ առանց փորձագետ լինելու, եւ երկրորդ՝ որեւէ ջանք եւ վերլուծություն անհրաժեշտ չէ դրա համար: Բայց արի ու տես, որ չնայած շատ փոքր ընդհանուր հավանականության, 2014-ի ապրիլի մեկին Երեւանում ձյուն եկավ, իսկ, օրինակ՝ Իսպանիայի 2013-14 թթ.-ի ֆուտբոլի առաջնությունում անսպասելիորեն չեմպիոն  դարձավ Ատլետիկոն՝ կանխատեսելի Բարսելոնա, կամ՝ Ռեալ տարբերակի փոխարեն: Հետեւաբար, արժեքավոր եւ հետաքրքրիր կարող են լինել միայն ա՛յն վերլուծությունները, որոնք կանխատեսել են այդ եզակի եւ ոչ սպասելի երեւույթները: Այնպես որ, բոլոր մտքի տիտանները, որոնք այսօր պոստֆակտում ճառում են, որ իրենց նախապես ամեն բան հայտնի էր եւ պարզ, միայն ժպիտ են առաջացնում:

Իշուկներ եւ շշուկներ

Որքան էլ տարօրինակ չհնչի, իրավիճակի ա՛յն հանգուցալուծումը, որն եղավ բոլորի աչքի առաջ, իրապես կանխատեսելի կարող էր լիներ միայն մարդկանց շատ նեղ խմբին, որոնք կա՛մ տիրապետում էին ներխոհանոցային տեղեկատվությանը, կա՛մ՝ ուշադիր հետեւում էին հրապարակային դաշտում եղած հիմնականում անուղղակի ազդակներին (այդպիսի ուշադիր հետեւողները Հայաստանում չնչին փոքրամասնություն են նույնիսկ հասարակական կյանքով հետաքրքրվողների մեջ): Եւ հենց միայն այս նեղ խումբը, նկատելուց հետո, որ ուշ աշնանից Եռյակում լուրջ ճեղքեր են առաջացել, կարող էր իրապես «վերլուծաբար» կանխատեսել, որ, ուշ թե շուտ, հենց այս ճեղքի գոյացումից օգտվելով էլ՝ Սարգսյանը (որը ամբողջ 2014-ի ընթացքում հակառակ ամենագիտունների պնդումների նահանջում էր) 2015-ին հասցնելու է պատասխան հարվածը:

Ցավալին այն է, որ դա նկատողները հնարավորություն չունեին լիարժեքորեն եւ ուղղակիորեն բարձրաձայնել իրենց տեսածի մասին, իսկ անուղղակի ուղերձները հայաստանյան հասարակության վրա շատ թույլ են ազդում: Մնացածները, ովքեր այսօր Կասանդրա են ինքնահռչակվել, կամ էլ մեծն Իմաստուն, կներեք գռեհկաբանությունս՝ «տուֆտում են»: Երբ դեպքերը վերջին մի շաբաթվա մեջ սրընթաց զարգացում ստացան, բոլոր Կասանդրաները մի տեսակ կորան, եւ իրենց հոգու խորքում լավ էլ սկսեցին  կասկածել իրավիճակի հանգուցալուծման առումով: Եվ կրկին ցավալին այն է, որ հասարակության զգալի հատվածը ուշացումով հավատաց մի հնարավորությանը, որն իրոք կար դեռ անցյալ տարի, բայց որը նվազում էր ավելի ու ավելի՝ անցած աշնանից սկսած, եւ որն առավել նվազ էր դարձել այն պահին, երբ թվաց, թե իրավիճակը հասել է գագաթնակետին:

Ինչո՞ւ եմ այսքան կարեւորում այս խնդիրը: Որովհետեւ սա վկայում է Հայաստանում  իրապես անկախ, պրոֆեսիոնալ փորձագիտական հանրության բացակայության մասին, իսկ այդ պայմաններում, հասարակության այն անդամները, որոնք ցանկանում են իրապես տեղեկացված լինել եւ անակնկալների չգալ, պետք է հենց իրենք ավելի մեծ  ջանքեր գործադրեն՝ իրավիճակները նախապես հասկանալու համար: Որովհետեւ եթե վերադառնանք մեր օրինակներին, մի օր ապրիլի մեկին ձյուն է գալու, իսկ «պրոգնոզիստները» ձեզ խաբելու են: Դրա համար, գոնե ավելի ուշադիր եղեք «իշմարներին»՝ ուղիղ խոսքը գիտեք, թե ում են ասում, եւ բացի այդ, բուն քաղաքական գործընթացներում ներգրավվածները այլ ելք չունեն որոշ պարագաներում, քան «իշմարով» խոսելը:

А компот? (իսկ կոմպո՞տը)

Հիմա դառնանք բուն քաղաքական վիճակին: Ինչպես նշեցի ամենասկզբում՝ ընթացիկ փուլն ավարտված համարելու համար դեռ պակասում են մի քանի կարեւոր հարցերի պատասխաններ:

ա.  Քանի դեռ չկա սահմանադրական փոփոխությունների լինել-չլինելու մասին հարցի պատասխանը, «կինոն» ավարտված համարել չի կարելի: Իր հայտնի «մարտական» ելույթում ՀՀԿ նախագահը սպասվածին հակառակ՝ հստակություն չմտցրեց այդ հարցում: Նա միայն ասաց, թե իրականում խնդիր չունի, եւ երբեք էլ չի ունեցել դրանց զարկ տալու համար: Սարգսյանն, իհարկե, շատ «բարի» եւ «կամեցող» անձնավորություն է, բայց միամիտներս այդպես էլ չհասկացանք, թե խնդիր չունենալու դեպքում ի՞նչն էր նրան խանգարում գոնե ա՛յս անգամ դա անել: Ամենապարզ ենթադրությունն այն էր, որ Սերժն իրեն ամեն դեպքում նահանջի ճանապարհ է թողնում, որովհետեւ ի տարբերություն բարձրաճակատ եւ վսեմաշուք Կասանդրաների, նա իրապաշտ մարդ լինելով՝ այնքան էլ վստահ չէր, թե ինչով կավարտվի իր հռչակած պատերազմը: Եթե այս պարզ ենթադրությունը ճիշտ է, ուրեմն, մոտ ժամանակներս նա պետք է արդեն հայտարարի սահմանադրականի մասին: Իսկ եթե ոչ, ուրեմն՝ «կինոյում» կա մի չերեւացող կադր, որը բաց ենք թողել, կամ՝ որին բավարար ուշադրություն չենք դարձրել: Սա թիվ մեկ հարցն է, որից կախված է այն, թե կինոն ավարտվո՞ւմ է, թե՞ նոր սերիայի սկիզբ է «ազդարարվում»: Որովհետեւ ուժի մեջ է այն պնդումը, համաձայն որի սահմանադրական փոփոխությունները պետական հեղաշրջման ծրագրի մաս են, եւ այն, որ Սերժի խաղադրույքը հաղթում է միայն դրանց իրականացման դեպքում:

բ. Շուտ է փակել նաեւ ԲՀԿ-ի եւ անձամբ Ծառուկյանի հարցը: Առայժմ պարզ է միայն, որ նրանք հրաժարվում են ընդդիմադիր պայքարի պայմանականորեն արմատական համարվող տարբերակից: Բայց ՀՀԿ առաջնորդի նախապես հայտարարված ճանապարհային քարտեզը, որը ենթադրում էր Ծառուկյանի ի սպառ հեռացում քաղաքականությունից, դեռեւս իրականություն չէ, եւ պարզ չէ, կդառնա՞ արդյոք, եւ եթե դառնա, ո՞րն է լինելու ԲՀԿ նոր դերը քաղաքական դաշտում: Որոշ ակնարկներից արդեն կարծես կարելի է նշմարել մի քանի հնարավորություններ, բայց առայժմ չխոսենք դրանց մասին:

Կան էլի մի քանի բաց հարցեր, այդ թվում այնպիսիք, որոնք առաջին հայացքից կարող են կապ չունենալ հիմնական սյուժեի հետ, բայց առայժմ սահմանափակվենք այսքանով:

Հրանտ Տեր-Աբրահամյան 

Նախորդ հոդվածը‘ՔԿՀ-ի աշխատակիցը կալանավորին թմրամիջոց է փոխանցել’
Հաջորդ հոդվածը‘Նաիրիտցիները երթով շարժվում են դեպի նախագահական’