‘
Ժողովրդավարական հասարակություններում իշխանափոխության մեջ որեւէ արտառոց ու «դարակազմիկ» բան չկա։ Ընդհակառակը՝ արտառոց է, երբ քաղաքական որեւէ ուժի իշխանություն ձգվում է տասնամյակից ավելի։ Իշխանափոխությունը տվյալ ժողովրդի համար նշանակալի, ընդհուպ՝ ճակատագրական նշանակություն է ստանում, երբ խոսքը վերաբերում է ռեժիմային իշխանություններին, որոնք գրված կամ չգրված «սահմանադրությամբ» իրենց համարում են իշխանության անսակարկելի ու մշտական տերը։ Նման ռեժիմները կարող են հենվել կրոնական ու դրան հավասարեցված որեւէ գաղափարախոսության վրա (գաղափարախոսականացված ռեժիմներ), օրինակ՝ ֆաշիստական, կոմունիստական։ Նման ռեժիմները կարող են հենվել նաեւ ցեղային, ազգակցական կամ պարզապես հայրենակցական ընդհանրությունների վրա (կլանային ռեժիմներ)։ Այս կտրվածքով՝ Հայաստանում ակնհայտորեն առաջինը (գաղափարախոսականացվածը) չէ, որքան էլ փորձ է արվում այդպես ներկայացնել։
Ժողովրդավարական հասարակություններում, ունենալով լայնածավալ քաղաքական աշխատանքի միջոցով զանգվածների հետ հաղորդակցվելու ու նրա համակրանքը շահելու լիարժեք հնարավորութունը, իշխանափոխության կարելի է հասնել հերթական ընտրությունների միջոցով։ Իշխող քաղաքական ուժը այս դեպքում դուրս չի գալիս օրենքի, օրինականության ու քաղաքական վարվելակերպի որոշակի շրջանակներից, եւ իշխանափոխությունը կատարվում է ամենամեղմ, անցնցում տարբերակով։ Պատճառն այն է, որ տվյալ պահին իշխանություն ունեցող քաղաքական միավորը վստահ է, որ ինքը պահպանում է մեկ-երկու ընտրաշրջան հետո նույն մեխանիզմով իշխանության վերադառնալու հնարավորությունը։
Բռնապետական, ռեժիմային հասարակություններում իշխանափոխությունները անխուսափելիորեն ուղեկցվում են արմատական եւ ամբողջական համակարգային վերափոփոխումներով։ Դրանք կարող են լինել ինչպես արտահերթ ընտրությունների միջոցով, այնպես էլ՝ օգտագործելով համընկած հերթական ընտրության առիթը։ Ըստ էության չունենալով քաղաքական բնութագիր եւ ժողովրդավարության, օրինականության պայմաններում գործելու որակներ՝ բռնապետական ռեժիմ հաստատած ուժը շատ լավ գիտակցում է, որ իշխանությունը կորցնում է անվերադարձ՝ դեռ մի կողմ թողած իր կատարած ապօրինությունների համար դրանից հետո պատասխան տալու հնարավորության տխուր հեռանկարը։ Ուստիեւ հասկանալի է, որ իշխանությունը կորցնելու վտանգի առջեւ ռեժիմները գործի պիտի դնեն իրենց ողջ ռեսուրսները, ինչպես նաեւ ապօրինի մեթոդների ու միջոցների ողջ զինանոցը։
Ժողովրդավարական հասարակություններում, որտեղ ամեն ինչ, իշխանությունից սկսած, հենված է օրինականության, իրավունքի գերակայության, արժեքների, հասարակայնորեն ընդունված արժեքային համակարգի, մարդկանց արժանիքների օբյեկտիվ գնահատման վրա, իշխանափոխության հետեւանքով հասարակության կյանքում ոչինչ կամ համարյա ոչինչ չի փոխվում։ Չի խաթարվում որեւէ մեկի հասարակական դիրքը, համարումը, ընդհուպ՝ կյանքի պայմանները։ Բռնապետական հասարակարգերում ռեժիմներն իրենց՝ սովորաբար ոչ օրինակարգ իշխանությունը պահելու համար հասարակական կյանքի բոլոր բնագավառներում հենարաններ են ստեղծում՝ բոլորովին այլ արժեքների ու չափորոշիչների վրա հենված հիրերարխիաների տեսքով։ Ուստիեւ՝ իշխանափոխության վտանգի դեպքում հօգուտ ռեժիմի՝ «կյանքի ու մահվան» պայքարի է դուրս գալիս արհեստականորեն ստեղծված այդ հիերարխիաներում առանձնաշնորհներ, օբյեկտիվորեն չվաստակած հասարակական դիրք, համարում եւ ապօրինի արտոնություններ ունեցողների ողջ «ընտրանին»։
Այս ամենի պատճառով է, ահա, որ ռեժիմների պայմաններում կատարված իշխանափոխությունները կոչվում են «հեղափոխություն»՝ նկատի ունենալով վերջինիս ոչ թե իրականացման ձեւը, այլ, առաջին հերթին՝ քաղաքական, բովանդակային կողմը։
Այս ամենը նշանակում է նաեւ, որ անխուսափելիորեն տարբեր պետք է լինեն իշխանափոխություն իրականացնելու համար կիրառվող «քաղաքական տեխնոլոգիաները» ժողովրդավարական եւ ռեժիմային հասարակարգերում՝ նաեւ դրանց իրականացման միանման խաղաղ ու բացարձակ անցնցում տարբերակների դեպքում։
***
Վերոշարադրյալը կարելի է հաստատել տարբեր երկրների ու ժողովուրդների փորձով։ Լավ է, սակայն, երբ ինքդ ունես սեփական փորձ, եւ այն էլ՝ ոչ վաղ անցյալում։
Ի տարբերություն ժողովրդավարության պայմաններում իշխանափոխության՝ ռեժիմային հասարակարգերում անհրաժեշտ են մի շարք պայմաններ.
ա) ռեժիմն իրեն սպառել է՝ կորցնելով նաեւ արտաքին աշխարհի վճռորոշ օժանդակությունը,
բ) հասարակական դժգոհությունը հասել է իր բարձրակետին,
գ) առկա է այդ գործն անելու ունակ քաղաքական ուժ,
դ) ծավալվում է համաժողովրդական շարժում։
1988-90թթ. այս բոլոր պայմանները մեկտեղվեցին։ Կոմունիստական 70-ամյա իշխանությունը, «մարտի դաշտ» նետելով հանդերձ իր բոլոր ռեսուրսները՝ «կեղծ ընդդիմության» նախատիպ կազմակերպություններից («Նախախորհրդարան», զանազան «ճակատներ» եւ այլն) սկսած՝ մինչեւ հնարավոր ապօրինություններ, ստիպված եղավ տեղի տալ։ Այս պայմաններն առկա էին նաեւ 2007-08 թվականներին, երբ ավազակապետական ռեժիմի դեմ ծայր առած Համաժողովրդական շարժումը վերջնական արդյունքի չհասավ միայն վարչախմբի՝ ազգային շահերի վաճառքի գնով արտաքին աշխարհում ձեռք բերած օժանդակության եւ բռնի ուժի կիրառման պատճառով։ Սակայն տեւական ու անզիջում այդ պայքարի շնորհիվ Շարժումը ոչ միայն պահպանեց իր հիմնական ռեսուրսները, այլեւ ստիպեց ռեժիմին բացահայտելու իր սնանկությունն ու ազգային դավաճանական էությունը։ Դրա շնորհիվ հնարավորություն առաջացավ վերջնական արդյունքի հասնելու համար կրկնապատկել իշխանության դեմ ծառացած հասարակական եւ քաղաքական ռեսուրսը։ 2011թ. սկսվեց ներքաղաքական ծրագրված մի գործընթաց, որի արդյունքը եղավ հիմնական ուժերի՝ ԲՀԿ-ի եւ Կոնգրեսի մեկտեղումը «ամբողջական իշխանափոխության» պլատֆորմի վրա։
Ծանրակշիռ, իր հռչակած խնդրի լուծման բոլոր ռեսուրսներն ունեցող քաղաքական կենտրոնի կազմավորումը, որպես համախմբող գործոն, բնականաբար, իր անմիջական ազդեցությունը պիտի ունենար ողջ հասարակական եւ քաղաքական կյանքի վրա։
Հոկտեմբերի 10-ի եւ 24-ի հանրահավաքները, որպես նոր համաժողովրդական շարժման սկիզբ, դրա ապացույցն էին։ Դրանով ստեղծվել է իրոք նոր քաղաքական մի իրավիճակ, երբ արդեն հրապարակ է դուրս եկել նաեւ հիմնական «խաղացողը»՝ բազմահազար ժողովուրդը, իսկ հասարակական մթնոլորտը «պասիվ սպասողական» վիճակից վերածվել է «ակտիվ սպասողականի»։
Շարժման ռեսուրսներն ավելի քան բավարար են։ Հասարակական մթնոլորտն իր ակտիվ սպասումներով ավելի քան բարենպաստ է։ Իշխանության խուճապը եւ քանդվելու նշաններն ակնհայտ են։ Հասարակության ոչ ակտիվ, բայց կարեւոր խավերի մեջ տեղաշարժերն ակնառու են։ Հոկտեմբերի 24-ից հետո պետք են ոչ թե սովորական իշխանափոխությունների համար կիրառելի «քաղաքական տեխնոլոգիաներ», այլ քաղաքական գործողություններ՝ մեկը մյուսով թելադրված, հաշվարկված տրամաբանական քայլեր։
Աշոտ Սարգսյան
‘