‘Խմբագրական. Շիտակ ու միասնական ճանապարհ մաղթենք միմյանց’

5058

Ձի չսիրող դժվար թե գտնվի այս հողագնդի վրա: Ասում են` ձին լավ կենդանի է, տարին լավն է լինելու: Ասում են` ձին մուրազ է: Ասում են, ու գրեթե բոլորի մտքում «լավ տարի»՝ նշանակում է` Հայաստանի ներկա իշխանությունների «ոչ ևս» լինելը: Արդար ցանկություն է, ներկա Հայաստանի համար` ամենաարդարն ու ամենահրատապը:

Այս «մուրազի» կատարումը յուրաքանչյուրը տեսնում է տարբեր կերպ. մեկը` իր անմիջական մասնակցությամբ, մյուսը` իր հարևանի կամ դարավոր բարեկամի, կամ էլ` նոր բարեկամի մասնակցությամբ, երրորդը` երկնային ուժի օգնությամբ: Մի դեպքում են միայն բոլոր ՀՀ արժանապատիվ քաղաքացիները միասնական եղել անցած տարում` ցանկացել են Հայաստանն ազատված տեսնել այն իշխանություններից, որոնց պատճառով ողջ տարվա ընթացքում կորուստներ են ունեցել ու զրկանքներ կրել, այն իշխանություններից, որոնց պատճառով իրենց նվաստացած են զգացել և հաճախ չեն իմացել` գլուխները որտեղ թաքցնեն ամոթից, որ նման իշխանությունների հանդուրժել են երկարուձիգ տարիներ:

Ինչ որ է` այս սիրելի ձիու շնորհիվ ինքզինքը մխիթարողները բազմաթիվ են այս տարի:

Տարի, որը դեռ նոփ-նոր սկսել ենք ապրել:

Անկասկած, ձին լավ կենդանի է: Նախ` գեղեցիկ է, երկրորդ` հպարտ կեցվածք ունի, երրորդ`հրաշալի աքացի տալ գիտի, եթե դիմացինը իր պնդերեսությամբ և ամբարտավանությամբ համբերությունից հանում է:

Սակայն Հայաստանի համար լավ տարի կլինի, եթե ձիուն էլ հանգիստ թողնենք, դարավոր բարեկամին էլ, նորագույն բարեկամին էլ, հարևանին էլ, ու դադարենք հույսներս դնել զանազան կենդանիների հրեղեն հատկությունների վրա, գիտակցենք` մենք ենք մեր երկրի տերը, և հենց մենք ենք լինելու ազատ ու արդար Հայաստանի կերտողները:

Միասին: Մոռանալով` անցած տարում կամ անցած տարիների ընթացքում ով ում է խեթ-խեթ նայել, ով ումից չի ստացել իր ակնկալածը, ով ում բազմաչարչար էշին է «չոշ» ասել:

Հակառակ դեպքում` այս նոփ-նոր տարին հենց ավարտվի, մեկ էլ կրկին ստիպված ենք լինելու խոստովանել, որ մեր հպարտ ու գեղեցիկ «մուրազ» ձին հլու-հնազանդ, ականջները կախ ավանակ է դարձել:

Ճանապարհի սկզբին ենք, դեռ չենք հասցրել սխալներ անել: Շիտակ ու միասնական ճանապարհ մաղթենք միմյանց:

Հանուն արդար և անկախ Հայաստանի Հանրապետության:

Նախորդ հոդվածը‘Մեկնարկել է Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Պերու’
Հաջորդ հոդվածը‘Այս տարի շատ են ավելացել «Շտապօգնության» կանչերը’