‘Խմբագրական. «Շուխուռ»՝ ոչնչից, և լռություն՝ կարեւորի մասին’

2224

Եթե Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները եւ, մասնավորապես, իշխանությունների գործելաոճը ձեւարկերպենք մեկ նախադասությամբ, ապա այն կարելի կլիներ բնութագրել այսպես. «Շուխուռ՝ ոչնչից, եւ լռություն` կարեւորի մասին»:

Այն, ինչ քաղաքական դաշտում անկարեւոր է կամ արժեք չունի, իշխանական քարոզչամեքենան շրջանառում է բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով.  իշխանական ԶԼՄ-ները հրամցնում են վերլուծություն-հարցազրույց-մեկնաբանություն-ասուլիսներ, ու թե հանկարծ որեւէ մահկանացուի մտքով անցնի դուրս մնալ լրատվական հորձանուտից, դա նրան գրեթե չի հաջողվի, քանզի այդ ժամանակ վրա  կհասնեն գալուստսահակյաններն ու երիտհանրապետականները եւ այնքան հարցազրույցներ ու մեկնաբանություններ կտան, որ քաղաքացին, ուզած-չուզած, կմտնի լրատվական այդ քաոսի մեջ: Ընդ որում՝ լրատվական այդ յուրահատուկ ահաբեկչությունն արվում է այնպիսի ինտենսիվությամբ, որ քաղաքացիները չեն էլ հասցնում աչք թարթել, ու մի իրադարձությանը կամ թոփ լուրին հետեւում է նորը, հետո՝ մեկ ուրիշը, այն էլ` այնպիսի արագությամբ, որ քաղաքացին կիսատ թողնի նախորդ թեման ու հաջորդ լրատվական փազլը հավաքելու ցանկությամբ տարված` մոռանա նախորդի մասին:

Լրատվական ահաբեկչության այս գործուն մեխանիզմն արվում է շատ հստակ եւ կոնկրետ նպատակով. հնարավորինս շատ «շուխուռ»՝ անկարեւորի մասին, զի դրանով պետք է այնպես ու այնքան զբաղեցնել մարդկանց, որ նրանք չհասցնեն կարեւորի մասին պատասխաններ պահանջել իշխանություններից: Կարճ ասած` հնարովի, արհեստածին քաղաքական օրակարգերը դաշտ նետելով` ստվերվում է իրական քաղաքական օրակարգը:

Իրական քաղաքական օրակարգը

Հայաստանը դե ֆակտո ղեկավարում է մի քաղաքական գործիչ, ով ընտրություններում չի հաղթել, կեղծել է ընտրությունները, նախագահ է դարձել առնվազն տասը քաղաքացիների կյանքի, հարյուրավոր վիրավորների եւ քաղբանտարկյալների գնով, կոռուպցիան ծլում ու ծաղկում է, աղքատությունն ու արտագաղթը աննախադեպ թափ են առել, երկրում ցանկացած անշարժ եւ շարժական երեւույթի հետ կապված որոշումը կայացվում է մեկ մարդու կողմից, եւ այդ մարդը նստած է Բաղրամյան 26-ում,  Սերժ Սարգսյանը բառիս ուղիղ իմաստով տանուլ է տվել Հայաստանը արտաքին քաղաքականության ոլորաններում, Ցեղասպանության ճանաչման էջը նրա օրոք կարելի է փակված համարել, Հայաստանն այլեւս կորցրել է վստահելի գործընկերոջ համբավը բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների համար, ու եթե ֆորս մաժորներ չլինեն, ապա հերթն արդեն հասել է Ղարաբաղին, հետեւաբար՝ նաեւ Հայաստանին: Կարճ ասած՝ իրավիճակն այնպես է հատել Ռուբիկոններն ու կարմիր գծերը, որ օր առաջ իշխանափոխությունն ուղղակի այլընտրանք չունի:

Մտացածին քաղաքական օրակարգը

Այստեղ սկսվում է «Կուստուրիցան»: ԱԽՔ-ի մեքենայի վրա ԱՊՊԱ չկար, մի նախարարը կառավարության նիստից առաջ թարս է նայել մյուսին, երիտհանրապետականը վիրավորել է ինչ-որ մեկին, ինչ-որ մեկը պատասխանել է նրան, էպոսագետը իբր թե ցանկացել է Հայրիկյանի մահը, մահափորձը ցնցել է ողջ Հայկական աշխարհը, Տիգրան Սարգսյանը տակից եվրոպամետ է, կին քաղաքական գործիչը կանանց կոչ է անում մինչև 26 տարեկանը զրկվել կուսությունից, ամեն օր ի հայտ է գալիս մի նոր քաղաքագետ կամ վերլուծաբան, իսկ եթե բախտներս բերի` ապա մի նոր էզոտերիկ, որոնք բոլորն էլ գրեթե նույն բառապաշարով ու նույն առոգանությամբ համոզում են համայն հայությանը, որ Վեներան ու Յուպիտերը սիրում են Հայաստանը, իսկ Մարսը` տանել չի կարողանում Թուրքիային, ինչը նշանակում է, որ Հայաստանն ամրապնդել է իր դիրքերը միջազգային հանրության մեջ՝ երկու ոտքով հաստատվելով այնտեղ: Բանն այն է, սակայն, որ սրանք մտացածին իրողություններ են: Ուղղակի այդ մտացածին քաղաքական օրակարգի համար գործի են դրվում իրական մարդիկ, ովքեր պետք է մարդկանց ուշադրությունը կարեւորագույն հարցերից շեղեն իրենց կողմը, եւ երբ, օրինակ, ազգն ամենայն լրջությամբ քննարկի մինչև 26-ը կուսությունը կորցնելու կոչ-պահանջը, եւ մտորի դրա հայեցի ու ոչ հայեցի լինելու մասին, մոռանա մեկ այլ 26-ի մասին, որ Բաղրամյան պողոտայում է:

Ընտրությունը քոնն է

Այս երկու քաղաքական օրակարգերի ամենաէական տարբերությունն այն է, որ առաջինը մենք են ընտրում, երկրորդը մեզ հրամցնում-պարտադրում են: Հենց այդ պատճառով էլ քաղաքացին պետք է հստակ ընտրություն կատարի` ո՞ր օրակարգն է ինքն ընտրում, կամ արդյո՞ք ինքն է ընտրում, թե՞ սպասում է, որ օրակարգն իրեն ընտրի: Ինչպես ասում է դասականը հայտնի ֆիլմում` վերլուծիր սա: 

Նախորդ հոդվածը‘Ֆլեշի Բարսեղը կփրկի Եվրոպան. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ֆուտբոլը հայկական հեռուստաեթերում’