‘Խմբագրական. Ո՞վ, եթե ոչ մենք, եղբայրներ. Տեսանյութ’

2223

Та нам з тобою своє робити,
Відкрити очі і далі йти!
І зуби сильно стиснувши,
маму ніжно любити
Хто ж тоді, як не ми, брати?!!

Океан Ельзи*

Հարցնում եմ՝ հոկտեմբերի 24-ին գալո՞ւ ես հանրահավաքի: Մտորումների մեջ է ընկնում: Հարցնում եմ՝ իսկ 10-ի հանրահավաքին մասնակցե՞լ ես: Ասում է՝ մի քիչ գործեր ունեի, չհասցրի: Հետո ասում է՝ բայց ոնց որ ահագին մարդ կար: Հետո, մի որոշ ժամանակ անց, ի միջի այլոց, իր հետ պատահած անարդարություններից է պատմում: Ասում է՝ սա եկավ, ասաց՝ այստեղ էս բանը չպիտի անես՝ առանց մեզ կաշառք տալու, հետո էս մյուսն եկավ՝ էսպիսի բան ասաց, հետո՝ էն մյուսը: Հետո եզրակացություն է անում: Ասում է՝ չէ, էսի երԳիր չի, գնալու եմ: Ասում եմ՝ ինչո՞ւ ես գնում: Ասում է՝ որովհետեւ ամենուր անիրավչություն է: Արդարություն չկա, առանց կաշառք՝ գործ գլուխ բերել չկա, առավոտից գիշեր աշխատում ես, էլի՝ չես հասցնում, ընկերս գիտե՞ս Եվրոպա տեղ ինչ գործեր ա անում: Իր խելքով աշխատանքի է ընդունվել, չէ, ոչ թե ընդունվել է, այլ երբ իր գիտելիքների մասին իմացել են, ուղղակի ձեռքից ձեռք են փախցրել, էնքան աշխատավարձ է ստանում, որ տունն առավ, մեքենա առավ, ամուսնացավ, ամեն ինչ ունի, հիմա մենակ մի բանի մասին է մտածում՝ էդ ավելացող գումարներն ինչի՞ վրա ծախսի: Իսկ իմ մոտ գիտե՞ս քանի նիսյայի տետր կա: Ընտանիք կա, չորս հոգի են, երեքն աշխատում են, ամեն ամիս մինչեւ 150 հազար դրամի նիսյայի ցուցակ ունեն մոտս: Աշխատավարձները ստանում են, բերում են նիսյան փակում են, հետո մի 10-15 օր քեշ փողով առեւտուր են անում, հետո էլի գալիս են նիսվելու, ու տենց մինչեւ մյուս աշխատավարձ՝ մի 150 հազար կուտակում են: Բայց գիտե՞ս, ասում է,  էնպես չի, որ ափռ-ցփռ ծախսում են, էդ տանը մենակ երեխու համար են շոր-մոր առնում: Հետո պատմում է ոստիկանից: Ասում է՝ օրենքը չգիտեր, եկել ակտ էր ուզում գրեր, էս ու էս եմ հարցնում, ասում է՝ չի կարողանում պատասխանի, ուղղակի կանգնեցրել է, եթե կպավ-կպավ, էլի: Հետո թաղապետարանի անիրավչությունից է պատմում: Հետո, մեկ էլ չգիտեմ՝ որտեղից-որտեղ, Սերժ Սարգսյանի ելույթները հիշեց, Մինսկի քնած տեսանյութից հասավ «ինչքան ուզեմ՝ էնքան խփեմ»-ին, հետո Սաշիկին հիշեց, Սաշիկի թեմայով ամենահայտնի անեկդոտը պատմեց, ասաց՝ բա իմացա՞ր, Սաշիկն էլ է արտագաղթում, մարդը դժգոհ ա, ասում ա՝ էսի երԳիր չի, բիզնես անել չի լինում, սաղ ազգը հետս փայ ա մտել, հետո, չգիտեմ ոնց՝ հիշեց, որ Հայաստանի ԵՐԿՐՈՐԴ ԴԵՄՔԸ Գալուստ Սահակյանն է, ավելի դարդոտված դեմք ընդունեց, քան երբ նիսյայի ցուցակն էր թվարկում: Հետո իր տատի-պապիներին հիշեց, որ Մեծ Ներգաղթի ժամանակ Սփյուռքից՝ ապահով կյանքը թողել եկել էին Սովետական Հայաստան, դժվար օրեր ապրել, բայց դիմացել էին, որովհետեւ հայրենիք էին եկել: Հետո լույսերը տարան, բոլորը քթները դուրս հանեցին իրենց հեռախոսներից եւ սկսեցին շփվել իրական շփմամբ՝ մի պահ մոռանալով վիրտուալ աշխարհը, ասաց՝ ոնց որ 90-ականները լինեն, լույս չկա, դրսում էլ արդեն ցրտոտ ա: Հետո դեմքին մի տեսակ տարօրինակ «նոստալժիկ» ժպիտ հայտնվեց: Ասում ենք՝ էդ ինչի՞ վրա տենց ժպտացիր: Ասում է՝ բայց զգո՞ւմ եք, էն ժամանակ լույս չկար, բայց մի տեսակ լուսավոր էր, ձմեռները՝ համ ցուրտ էր, բայց համ էլ՝ մի տեսակ ջերմություն կար, հիմա մի տեսակ ոնց որ խավարի մեջ լինենք, թեեւ մշտական էլեկտրականություն ունենք ու գազ: Համ էլ՝ հայրենիքը, ասում է, մի տեսակ, ոնց որ էլ չի ջերմացնում: Հարցնում ենք՝ ինչի՞: Ասում է՝ եսի՞մ, գուցե որովհետեւ հայրենիքն ինքն էլ ջերմության կարիք ունի, մեր ջերմության կարիքը, մենք էլ թողում գնում ենք, ջերմացնողները պակասում են, քչանում են, հայրենիքն էլ հո կենդանի էակ է, ջերմության կարիք ունի, խռովում է երեւի մեզնից, ու ինքն էլ էլ մեզ չի ջերմացնում: Ասում եմ՝բա էդքանից հետո էլ դու ո՞ւր ես գնում: Լռում է: Հետո, երբ արդեն էլեկտրականությունը միացնում են, մի կես ժամի չափ այլ թեմաներից ենք խոսում, մեկ էլ շրջվում է ու թե՝ ոչ մի տեղ էլ չեմ գնալու: Հարցնում եմ՝ հա՞ որ: Ասում է՝ հա, հաստատ, թե գնամ էլ, միայն մի տեղ ունեմ գնալու: Ասում եմ՝ ո՞ւր: Ու փորձում եմ մտքումս կռահել, թե ինչ երկրի անուն պիտի տա: Մեկ էլ թե՝ դե էլ ո՞ւր պիտի գնամ, մի տեղ կա գնալու, հրապարակ, էդ որ ասում էիր՝ հանրահավաքի: Ո՞ւմից պակաս տղա էմ որ:

Քրիստինե Խանումյան

 

* Բայց մենք գործը մեր պիտի ավարտենք

Աչքերս բացենք ու գնանք առաջ՝

Ատամները մեր ուժգին սեղմելով,

Մեր մայրիկներին  քնքուշ սիրելով,

Եւ ո՞վ, այդ դեպքում, եւ ո՞վ, եղբայրներ,

Ո՞վ, եթե ոչ՝ մենք: 


Նախորդ հոդվածը‘ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստերի աշխատանքը (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Ռաուլը համաձայնության է եկել «Նյու Յորք Կոսմոս» ակումբի հետ’