‘Խմբագրական. Որովհետեւ Տեր ենք’

2184

Երեկ ողջ օրը ֆեյսբուք չեմ մտել, երեկ եւ այսօր չեմ ընթերցել զանազան լրատվամիջոցների արձագանքները մարտի 1-ին Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքին, ավելին` դեռ չեմ «վայելել» ֆեյսբուքյան իմաստունների «բարձրակարգ» մեկնաբանությունները:

«Հայելու առաջ» մեր հանրահավաքն է, մենք ենք, ես եմ:

Մի քանի ծխամորճավոր ու անծխամորճ «տեսուչների»՝ հանած, որոնք սովորաբար գալիս են Հրապարակ` «տեղանքը զննելու», որ հետո ֆեյսբուքում «տժժան» իրենց պես «անսխալականների» հետ միասին, երեկ կրկին Հրապարակում էին այն մարդիկ, որոնք` քամի լինի, թե կարկուտ, ձյուն լինի, թե սառնամանիք, կիզիչ շոգ լինի, թե ջրհեղեղ, այդ պահին ինքնավստահ եւ ուժեղ լինեն, թե մի քիչ մոլորված ու անորոշությանը դեմ-հանդիման, Կոնգրեսի կողքին են, Կոնգրեսի թիկունքին են, Կոնգրեսի շարքերում են:

Որովհետեւ նավը լքող առնետներ չեն: Որովհետեւ Տեր են:

Տեր են ե՛ւ Կոնգրեսի հաջողությանն ու անհաջողությանը, ե՛ւ ուրախությանն ու տխրությանը, ե՛ւ ճշտին ու սխալին, ե՛ւ ուղղամտությանն ու թվացյալ մոլորությանը, ե՛ւ անկումին, ե՛ւ վերելքին:

Որովհետեւ սիրում են իրենց անցած ճանապարհը: Որովհետեւ հպարտանում են իրենց անցած ճանապարհով:

Որովհետեւ այդ ճանապարհին ե՛ւ ժպտացել են, ե՛ւ արցունք են թափել, ե՛ւ սերժառոբական բռնություններն ու չեկիստական նենգություններն են լիուլի «ըմբոշխնել» ու չեն ընկրկել, ե՛ւ իրենց` այլեւս նախկին պայքարի ընկերների դավաճանությունն ու ստորությունն են համտեսել ու սրտխառնուքից կնճռոտվել… Բայց չեն պղտորվել:

Որովհետեւ չեն վաճառել իրենց հոգիները «մի գրվանքա հաց»-ով:

Որովհետեւ չեն փորձել ինքնահաստատվել այլոց անհաջողությունները թմբկահարելով:

Որովհետեւ վաղուց են հասկացել, որ սխալվում է գործ անողը, եւ որ հաջողությունն ու անհաջողությունը համառորեն ու անկաշառ պայքարողներին են ուղեկցում, ոչ թե վարագույրի հետեւից ծիկրակողին ու սեփական կենսագրությունը պղծողին:

Որովհետեւ պայքարի ճանապարհին տասը հարազատ են ճամփել Երկինք, եւ նրանց դահիճները դեռ չեն պատժվել:

Որովհետեւ կարոտում են իրար:

Որովհետեւ իրարից կարոտն առնելու ամենատաք «անկյունը» Ազատության հրապարակն է:

Որովհետեւ Ազատությունն իրենց կենսակերպն է ցանկացած իրավիճակում:

Որովհետեւ Հայաստան պետություն ունեն իրենց հոգիներում փայփայած, որը բզկտված է ու շարունակում է բզկտվել:

«Հայելու առաջ» մեր հանրահավաքն է, մենք ենք, ես եմ:

Ու հպարտ եմ, որ չնայած տխրելու շատ բան ունենք, ապագան դեռեւս անորոշության թանձր մշուշով է պատված, բայց գլուխներս ամոթի՛ց կախելու առիթ ու պատճառ չունենք:

Լիզա Ճաղարյան

 

    

Նախորդ հոդվածը‘ՀՔԾ. Հատուկ ծառայություն իրականացնողները բռնության գործադրմաբ ստիպել են խոստովանել չկատարված մի շարք հանցագործություններ’
Հաջորդ հոդվածը‘Air Armenia-ն մինչև մարտի վերջը չեղյալ է հայտարարել չվերթները դեպի Նիժնի Նովգորոդ’