‘
«Պատմությունից դասեր քաղելու» կոչ-հորդորը ամենահաճախ հանդիպողներից մեկն է։ Այնքան հաճախ է այն հանդիպում եւ այնքան բազմազան, նաեւ՝ այդ պատմությունից անտեղյակ մարդկանց կողմից, որ այն, մի տեսակ, առարկայականությունից զրկվել, դարձել է հռետորական մի ֆրազ։ Իսկ առարկայական բան կա՞ դրա մեջ, թե՞ ի սկզբանե մտահղացվել է հենց որպես այդպիսին՝ խելոք, գիտակ ու խորիմաստ երեւալու գեղեցիկ մի խոսք։
Պատմությունն, իրոք, կարող է ակտիվ ներգործություն ունենալ տվյալ ժողովրդի ներկայի վրա, ազդել նրա արժեքային համակարգի, քաղաքական մտքի ձեւավորման, դրանով իսկ՝ վարքագծի ու գործելակերպի վրա, ավելի արդյունավետ դիմակայել ներկայի մարտահրավերները, գտնել զարգացման ու բարգավաճման ավելի լայն ճանապարհ։ Բայց դրա համար պետք է ունենալ չաղավաղված, չխեղաթյուրված, չկեղծված, հավաստի պատմություն։
Այս երկու գիտակցումն էլ ունեցել է հայ քաղաքական, պատմագիտական միտքը՝ սկսած 5-րդ դարից։ Պատմահայր Խորենացին իր «Հայոց Պատմության» սկզբում մանրակրկիտ եւ ընդարձակ բացատրություններ ունի, ըստ էության, հենց պատմության՝ որպես ներկայի վրա ազդող ակտիվ քաղաքական գործոնի մասին։ Եւ այդ բացատրությունների պսակը, բանաձեւը նրա հայտնի խոսքն է. «Թեեւ մենք քանակով քիչ ենք, փոքրաթիվ, զորությամբ տկար եւ շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, սակայն մեր աշխարհում էլ են բազմաթիվ արիական գործեր եղել, գրով հիշատակվելու արժանի»։ Գերխիտ այս բանաձեւումն այլ մեկնաբանությունների կողքին ունի նաեւ հետեւյալ իմաստը. անցյալի «արիական գործերի» իմացությունը կարեւորագույն ներգործություն ունի ներկայում ապրող ժողովրդի հոգեկերտվածքի, ազգային ինքնության, ինքնագիտակցության, արժանապատվության, ոգու, ուստիեւ՝ քաղաքական ակտիվ վարքագծի ձեւավորման, նրա կենսունակության բարձրացման համար։ Հենց այս նկատառումով, Խորենացու վկայությամբ, իրենցից շատ առաջ գիր ու պատմագրություն ունեցող մեր հարեւանները կա՛մ դիտավորյալ չեն արձանագրել մեր նախնիների «արիության գործերը», նրանց կատարած ներքին «բարեկարգումները», կա՛մ նույնիսկ կեղծել, ոչնչացրել են, եթե այդպիսիք արդեն եղել են գրված, քանզի նրանց համար՝ «…պարծանք եւ պատիվ չէր օտար ազգերի քաջությունը եւ արիական գործերը հիշատակելը»։ Օտարների նման վարմունքն ինչ-որ տեղ բացատրելի համարելով՝ Պատմահայրը մի ամբողջ գլուխ է նվիրում անխնա քննադատելու «մեր առաջին թագավորների եւ իշխանների անիմաստասեր բարքը», որոնք չեն հասկացել այդ խնդրի կարեւորությունը եւ հոգ չեն տարել գրել ու հիշատակել իրենց ու իրենցից առաջ եղածների «քաջությունը եւ արիական գործերը» ։
Այսինքն՝ պատմությունը արհամարհելը, նվաստացնելը, արժեզրկելը, պատմական իրողություններն ուրանալը, պատմությունը կեղծելը շա՜տ հին մեթոդ է, տվյալ ժողովրդի դեմ օտարի, հակառակորդի կողմից կիրառելի թշնամական, դիվերսիոն գործողություն՝ նրան թուլացնելու, խոցելի դարձնելու, կազմալուծելու, ընդհուպ ոչնչացնելու նպատակով։ Գիտակցելով վտանգը՝ դրա դեմ հայ քաղաքական, պատմագիտական միտքը կռիվ է տվել 5-րդ դարից ի վեր։ Թշնամական այդ գործողությունը, մասնավորապես՝ ի դեմս թուրքական եւ ադրբեջանական պատմագիտության, շարունակվում է այսօր։
***
Հիմա, դեռ 5-րդ դարում Խորենացու տված այս դասը սերտած, վերադառնանք ներկա իրողություններին։
«Պատմությունից դասեր քաղելու» հորդորը հնչում է հատկապես շրջադարձային պահերին։ Այդպիսին էր 1988-90 թթ. համաժողովրդական շարժման եւ անկախ պետականության հիմնադրման շրջանը, երբ առավելագույնս օգտագործվեցին «պատմության դասերը»։ Հակադրվելով ավելի քան երեքհարյուրամյա պատմական փորձին եւ այդ ընթացքում ձեւավորված ավանդական պատկերացումներին՝ Համաժողովրդական շարժման, ապա նորանկախ Հայաստանի իշխանության կողմից որդեգրվեցին մի շարք սկզբունքներ, ինչպես՝ ապավինել միայն սեփական ուժերին, ունեցած ռեսուրսների համեմատ ձեւակերպել քաղաքական խնդիրները, հրաժարվել «մշտական թշնամու» կարծրատիպից, մերժել արտաքին քաղաքական օրիենտացիան («մշտական բարեկամ»), հարեւանների հետ հաստատել բարիդրացիական հարաբերություններ եւ այլն։ Սկզբունքները նույնքան, երբեմն՝ ավելի կարեւոր են, որքան ռեսուրսները։ Սակավ ռեսուրսների եւ ծանրագույն իրավիճակի պայմաններում հիշյալ առողջ սկզբունքների գործադրմամբ 1988-1998թթ. գրանցվեցին արդյունքներ, որոնց համարժեքը դժվար է գտնել հետխորհրդային որեւէ հանրապետությունում։ Դրա համարժեքը դժվար է գտնել Հայոց պատմության վերջին հազարամյակի պատմության որեւէ տասնամյակում։ Իսկ 1998-ին հաջորդած շրջանում ականատես ենք միայն այդ ձեռքբերումների մսխմանն ու ոչնչացմանը։
***
1998-ին կատարված պետական հեղաշրջմամբ քաղաքական սկզբունքների եւ պետականության հիմնադրույթների, երկրի քաղաքական ընթացքի մեջ տեղի ունեցավ շրջադարձ։ ՀՀ Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ փետրվարի 3-ի հրաժարականի հայտարարության մեխը այդ շրջադարձի, այդ ամենավտանգավոր իրողության արձանագրումն էր. «Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության եւ պատերազմի այլընտրանքի հետ»։ Բայց դա դեռ քիչ էր. խնդիրն ավելի խորացավ 1999թ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ, ավելի ճիշտ՝ արդեն կատարված հեղաշրջման ավարտական փուլով։ Շրջադարձի անկյունն ավելի մեծացավ, եւ երկրի քաղաքական ընթացքն ուղղվեց դեպի ավազակապետական ռեժիմի հաստատում։
Ամենալավատեսական պատկերացումներով անգամ 1990-ից ի վեր ոչ մեկը չէր կարող պատկերացնել, թե ղարաբաղյան հակամարտությունն ու պատերազմը կունենան հաղթական այն արդյունքը, ինչ եղավ։ Մեր պատմության մեջ համարժեք մի դրվագ գտնելու համար պետք է ճանապարհորդել պատմության խորքերը՝ հարյուրավոր տարիներ։ Եւ դա ունեցավ նաեւ մի այլ, շատ կարեւոր հոգեբանական արդյունք։ Հայ հասարակության մեջ քայլ առ քայլ տեղի տվեց ավանդական, հարյուրամյակներով կարծրացած՝ թույլի, խեղճի, թշվառի, անօգնականի, ճնշվածի, անգամ՝ ցեղասպանության զոհի բարդույթը։ Դրան փոխարինեց հաղթողի, «արիական գործերի» ունակի, ուժեղի, կարողի հոգեբանությունը։ Իր հերթին՝ այն ունեցավ ածանցյալ արդյունքներ՝ որպես անխուսափելի հետեւանք բորբոքելով մարդկանց ազգային արժանապատվության, ազատության եւ հպարտության զգացումը։ Հաղթողի հոգեբանությամբ, ազգային եւ մարդկային արժանապատվությամբ, ազատության զգացումով օժտված անհատը, ժողովուրդը խոչընդոտ է ոչ միայն հարեւանի ագրեսիվ նկրտումների, այլ նաեւ իրեն ունեզրկել, կողոպտել, իրավազրկել, ճորտացնել փորձող սեփական իշխանության համար։ Դա լուրջ խոչընդոտ էր 1998-ի հեղաշրջման երկրորդ փուլի ավարտից հետո մեկնարկած՝ ավազակապետության հաստատման ճանապարհին։ Ավազակապետության հաստատման ճանապարհին կար նաեւ երկրորդ մի վտանգ՝ նույն այդ հաղթանակների՝ «արիական գործերի», «բարեկարգումների» առաջնորդն իր հսկայական քաղաքական կապիտալով։
1999-ի Հոկտեմբերի 27-ից հետո իշխանական ողջ քարոզչական մեքանան լծվեց այդ երկու խոչընդոտների վերացման կամ վտանգների չեզոքացման գործին։
Դրա համար պետք էր կեղծել սեփական պատմությունը։
Մի կողմ թողնելով ղարաբաղյան հակամարտությունն ու Ադրբեջանը՝ ռեժիմը, որպես իր քարոզչության առաջնահերթություն, որդեգրեց երկու ուղղություն։ Առաջին՝ որպես «ցրտի, մթի ու խավարի» տարիներ ներկայացնել հերոսական պատերազմի շրջանը։ Դրանով հասարակությունը պիտի ազատվեր հաղթողի հոգեբանությունից եւ դրանից ածանցյալ «վտանգավոր» այլ հատկանիշներից։ Երկրորդ՝ ներկայացնել, թե Առաջին նախագահը կա՛մ «տեղյակ չի եղել», կա՛մ «դեմ է եղել» հաղթանակներին։ Դրանով պիտի նվազեցվեր նրա քաղաքական կապիտալն ու ակտիվ քաղաքական ասպարեզ վերադառնալու ռեսուրսը։ Կեղծիքը թերթերով ու լիովին վերահսկվող երկու տասնյակ հեռուստաալիքներով (չվերահսկվող մեկ-երկու հեռուստաընկերությունները փակվեցին) սփռվում էր ամե՛ն օր, անընդհա՛տ։ Իշխանական հրահանգով կեղծիքը գնաց մտավ ընդհուպ ակադեմիական հիմնարկներ, բուհական ու դպրոցական դասագրքեր (հիշենք ԵՊՀ «Հայոց պատմության» խայտառակ պատմությունը)։ Կոմունիստական պրոպագանդան այնքան չէր քարոզում կոմունիզմի կառուցումը, որքան ռեժիմը վերջին 13 տարում քարոզել է այս երկու գաղափարները։
Մեր պատմությունն այսպես, դեռ Պատմահայր Խորենացու վկայությամբ՝ վաղնջական ժամանակներից, հանուն իրենց ազգային շահերի կեղծել են օտարները, թշնամիները։
Առ այսօր, մեր աչքի առջեւ, դարձյալ հանուն իրենց ազգային շահերի՝ այդ բանը շարունակում են անել դարձյալ օտարները՝ ի դեմս թուրքական եւ ադրբեջանական պատմագիտության։
Ի տարբերություն օտարների ապարդյուն անցած ջանքերի՝ երբ նույն գործին լծվել է «հայրենի» ավազակապետական ռեժիմը, արդյունքն ակնհայտ է՝ քաղաքացիների բարոյալքման, Հայաստանի աղետալի դատարկման, ազգային կյանքի ոչնչացման, պետականության խարխլման տեսքով։
Որովհետեւ դեռ չենք քաղել երկուհազարամյա պատմության ամենակարեւոր դասը։
‘