‘Խմբագրական. Ուկրաինական դասեր-2’

1542

Իրադրություններն Ուկրաինայում եւ Հայաստանում ունեն ակնհայտ նմանություններ, ինչպես եւ ոչ պակաս ակնհայտ տարբերություններ: Դրանց արդեն մասամբ անդրադարձել ենք (տե՛ս՝ «Ուկրաինական դասեր» խմբագրականը), այսօր փորձենք մի փոքր ավելի լայն հայացք գցել:

Թե՛ Ուկրաինան, թե՛ Հայաստանը, երկար ժամանակ հայտարարելով եվրոասոցացման պայմանագիրը կնքելու մտադրության մասին, վերջին պահին «անսպասելիորեն» հրաժարվեցին այդ ուղղությունից՝ զիջելով ռուսական ճնշումներին: Ընդ որում՝ երկու երկրների նախագահներն էլ՝ Յանուկովիչն ու Սարգսյանը, իրենց կենսագրություններով, կերպարով, ոճով՝ կապվել ու կապվում են ոչ թե եվրոպական, այլ տիպիկ սովետական կողմնորոշման հետ: Սա ամենաակնհայտ նմանությունն է:

Ի տարբերություն Հայաստանի, սակայն, Ուկրաինայում, ի պատասխան Յանուկովիչի գործողությունների՝ անմիջապես ծավալվեց դիմադրության հզոր ալիք: Ամենաառաջին պահին բողոքավորները պահանջում էին չնահանջել եվրոպական ինտեգրման ուղղությունից, բայց շատ արագ նրանց պահանջը դարձավ նաեւ իշխանության հրաժարականը: Բողոքը հիմնականում կրում է խաղաղ բնույթ, իսկ եղած մի քանի բռնի միջադեպերը՝ կառավարական շենքերի գրավման փորձերը եւ այլն, հանրահավաքի պատասխանատուների կողմից որակվեցին որպես սադրանք եւ դատապարտվեցին: Մյուս կողմից էլ՝ իշխանության ներկայացուցիչներից ոմանք, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, դատապարտեցին բողոքավորների նկատմամբ կիրառված բռնությունները ոստիկանության կողմից, եւ ոստիկանությունում այդ առիթով հրաժարականներ եղան: Նաեւ պետք է նկատի ունենանք, որ բողոքի գործողություններին, այդ թվում՝ գործադուլներին, միացել են նաեւ Ուկրաինայի արեւմտյան շրջանների պաշտոնյաներից շատերը՝ ընդհուպ մինչեւ քաղաքապետերի մակարդակ, իսկ ընդդիմությունը (Եվրամայդանում ներկայացված երեք կուսակցությունները) պատկառելի՝ մոտ 40 տոկոս ձայների ներկայություն ունի խորհդարանում: Իսկ եթե հաշվի առնենք հաջողված խաղաղ իշխանափոխության փորձի առկայությունն Ուկրաինայում, ապա պարզ է, որ այդ երկրի իշխանությունն ի սկզբանե ավելի թույլ դիրքերում է, քան մերը, եւ ավելի զգուշավոր պետք է լինի:

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչո՛վ է բացատրելի երկու երկրների միջեւ այս հիմնական տարբերությունը՝ միաժամանակ ուշադրություն դարձնելով մյուս՝ ավելի դետալավորված նմանություններին եւ տարբերություններին:

Պատճառ 1. Հզոր դիմադրության ալիքը չի կարող կազմակերպվել մեկ քաղաքական ուժի կողմից: Եթե չհաշվենք բացառիկ դեպքերը, ապա զանգվածային հրապարակային մոբիլիզացիան ապահովվում է քաղաքական լայն համախմբման շնորհիվ: Ուկրաինայում դա տեղի ունեցավ ակնթարթորեն: Հայաստանում դրա մասին նույնիսկ խոսակցությունն է դժվար սկսել, չնայած, կարծում ենք՝ այդ ուղղությամբ մեզանում էլ կարելի է հուսալ փոփոխություններ մոտ ապագայում:

2. Մինչեւ Յանուկովիչի վերջին քայլերը, ուկրաինացի ընդդիմադիրները պատրաստ էին ժամանակավորապես մեղմել իրենց դիրքորոշումն իշխանության նկատմամբ՝ հանուն եվրոպական ինտեգրման քաղաքականության, որը վարում էր Ուկրաինայի նախագահը: Մինչեւ սեպտեմբերի երեքը բաց կամ քողարկված կերպով նույնն էին անում Հայաստանի այն քաղաքական ուժերը եւ գործիչները, որոնք համարվում են մեզանում «արեւմտամետ»: Բայց այն պահից, երբ Յանուկովիչը կտրուկ փոխեց իր քաղաքական կուրսը, ուկրաինական ընդդիմությունն անմիջապես առաջ քաշեց նրա հրաժարականի պահանջը: Հայաստանում, սակայն, նույն բանը տեղի չի ունենում: Զարմանալի է ապշելու աստիճան, բայց նույն այդ արեւմտամետ համարվող ուժերից ոչ մեկը ցայսօր այդպես էլ հստակ չի պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ավելին՝ միակ խոշոր քաղաքական ուժը, որն այս պահին հստակ ձեւակերպել է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, Հայ ազգային կոնգրեսն է, որին նույն «արեւմտամետները» մեղադրում են ….ռուսամետության մեջ, եւ որի համախմբման կոչերն այս միակ՝ տրամաբանորեն հնարավոր քաղաքական օրակարգի շուրջ՝ մնում են «ձայն բարբառոյ յանապատի» (ի դեպ՝ հետաքրքիր է, որ, այսպես ասած, երկրորդ էշելոնի քաղաքական ուժերից հրաժարականի պահանջին համաձայն է «Հայազն» կուսակցությունը, որն, ինչպես եւ ՀԱԿ-ը, հանդես է գալիս հայաստանակենտրոն, այլ ոչ թե «գեոպոլիծիկ» դիրքերից): Կարծում եմ՝ հատկապես ուկրաինական դեպքերը լավ առիթ են վերջապես կոշտ գնահատական տալու այս կրկեսին. այն քաղաքական ուժերը, որոնք, դատապարտելով Սարգսյանի վարած քաղաքականությունը, այդ թվում՝ արտաքին ոլորտում, չեն ձեւակերպում նրա հրաժարականի պահանջը, ոչ թե պարզապես անտրամաբանական քաղաքական պահվածք են դրսեւորում, այլեւ կիսում են Սարգսյանի վարած քաղաքականության պատասխանատվությունը:

3. Մյուս կետերն ավելի շատ վերաբերում են Ուկրաինայի եւ Հայաստանի առարկայական տարբերություններին: Ի տարբերություն Հայաստանի, ուր արտաքին քաղաքականության հարցերը, հատկապես՝ Եվրոպա-Ռուսաստան աշխարհաքաղաքական ընտրությունը, բնակչության լայն խավերին քիչ հուզող խնդիր է, եւ բանավեճը հիմնականում վերնախավային է, Ուկրաինայում նույն օրակարգը կարող է զանգվածային գործողությունների առաջնային կարգախոսների մասը կազմել: Սա պայմանավորված է երկրի պատմական եւ աշխարհագրական իրողություններով: Հայտնի է, որ Ուկրաինայի արեւմուտքում Ռուսաստանը մոտավորապես նույնն է, ինչ մեզ համար Թուրքիան: Դա է պատճառը, որ արեւմտյան շրջաններում նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաները միանում են բողոքին: Բնականաբար, դա զսպիչ գործոն է ցանկացած իշխանության համար: Մյուս կողմից՝ Ուկրաինայի Արեւելքը եւ Հարավի մի մասը, օրինակ, Ղրիմը, հակառակը՝ ծայրահեղ ռուսամետության օջախներ են: Հայաստանում խոսք իսկ չկա նման հիմնարար պառակտման մասին: Մեզանում հրապարակային մոբիլիզացման միակ հնարավոր օրակարգը ոչ միայն բովանդակության, այլեւ զուտ տեխնիկական տեսակետից կարող է լինել ներքաղաքական՝ հրաժարականի պահանջը: Սա փաստ է, որ բարդ է հերքել:

Չենք ուզում ավելի խորանալ եւ հիշատակել այլ՝ բավականին ակնհայտ նմանություններն ու տարբերությունները (ասենք՝ Ղարաբաղի հարց, հայ-թուրքական հարաբերություններ, ռուսական ռազմական ներկայություն, որոնք ստիպում են հայաստանցիներին ավելի շրջահայաց եւ հեռանկարային ռազավարություն որդեգրել): Ամփոփելով՝ ասենք, սակայն, որ ռուսական ազդեցության վերջին ծավալման լրջության եւ տեւականության հարցը լուծվելու է Ուկրաինայում, որը Արեւմուտք-Ռուսաստան հակասության կենտրոնական դաշտն է, եւ որի համեմատ՝ մնացած դաշտերը երկրորդական են: Բնականաբար, ելքը ազդելու է բոլորի վրա: Իսկ հայաստանյան խնդիրների բանալին շարունակում է մնալ Հայաստանում, ինչպես եւ ակնհայտ կերպով ցույց է տալիս համեմատությունն ուկրաինական զարգացումների հետ: Դա նշանակում է՝ քաղաքական լայն համախմբում, իշխանության հրաժարականի պահանջ, զանգվածային հրապարակային գործընթաց: 

Նախորդ հոդվածը‘Ահա թե ինչով է զբաղված Սերժ Սարգսյանը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Վանաձորի «տապոռ» քաղաքապետը 4 մանկապարտեզի տնօրեն է նշանակել իր բարեկամներին’