‘Խմբագրական. Ուկրաինակենտրոն’

1726

Հեշտ չէ վերլուծել դեռ անավարտ գործընթացները: Մյուս կողմից` դրանց անդրադառնալն անհրաժեշտություն է: Հետեւաբար, խնդրում եմ ընթերցողներին` այս շարադրանքն ընդունել ոչ թե որպես վերլուծություն կամ խորքային գնահատական, այլ յուրահատուկ նոթեր կամ գուցե նյութեր` հետագա վերլուծության համար, որոնցում ավելի շատ կարձանագրենք, կդասակարգենք իրողությունները՝ հետագային թողնելով ավելի համակարգված մոտեցումներն Ուկրաինայում տեղի ունեցած վերջին դեպքերի վերաբերյալ:

«Սառը» գեոպոլիտիկայից՝ տաք բախման

Կիեւում տեղի ունեցածը կենդանի օրինակն է այն բանի, թե ինչպես կարող է գերտերությունների միջեւ ընթացող աշխարհաքաղաքական սառը բախումը վերածվել իրական տաք քաղաքացիական բախման` աշխարհաքաղաքական բախման առարկա հանդիսացող երկրի ներսում: Ընդհանրապես համաշխարհային պատմությունից հայտնի բազմաթիվ առավել արյունալի եւ ավերիչ իրադարձությունները հետեւանք են չհաշվարկված, ապաբանական քաղաքական որոշումների: Իհարկե, Կիեւի իրադարձություններն իրենց ծավալով համեմատելի չեն, օրինակ, առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմների հետ, բայց, այսպես ասած, կառուցվածքի մակարդակում, թերեւս, որոշ նմանություն կա: Երկու համաշխարհային պատերազմներն էլ ոչ միայն իրենց բուն փաստով, այլեւ հատկապես իրենց ծավալով եւ ավերիչ բնույթով` ինչ-որ տեղ հետեւանք են մեծ տերությունների սխալ հաշվարկած, հաճախ զուտ պատահական, անձնական մոտիվներով ընդունված քաղաքական որոշումների (ոչ միայն ավանդապես ամեն ինչում մեղավոր գերմանացիների, այլեւ Արեւմուտքի եւ Ռուսաստանի/ՍՍՀՄ ղեկավարության չմտածված քաղաքականության): Դրանց հետեւանքով հատկապես տուժել են, այսպես կոչված, «փոքր» ժողովուրդները: Սա պետք է լավ դաս լինի նրանց, ովքեր կամա թե ակամա ընդունում կամ քարոզում են սեփական երկիրն աշխարհաքաղաքական բախումների դաշտի վերածելու ծայրահեղական ծրագիրը:

Ուժային հարաբերությունը

Կարելի է ասել, որ այն պահից, երբ Յանուկովիչը դիմեց ուժային գործողությունների, նրա քաղաքական կարիերան ավարտվեց, եւ հարցը միայն ժամկետներն էին: Սա կարող է թվալ բռնազբոսիկ պնդում, բայց պետք է հաշվի առնել իրավիճակի յուրահատկությունները: Հայտնի է, որ Ուկրաինան բարդ «կոմպոզիցիա» ունեցող երկիր է, որը հնարավոր է կառավարել միայն նուրբ բալանսավորման միջոցով: Արեւմտյան եւ Արեւելյան Ուկրաինաներն իրենց, համապատասխանաբար, հակառուսականությամբ եւ ռուսամետությամբ երկու ծայրահեղ բեւեռներ են, որոնց միջակայքում գտնվող Կիեւը կոչված է պահպանել կայունություն ապահովող հավասարակշռությունը: Պարզ է, որ «սատկացնելով», «ջարդելով»` հավասարակշռություն պահել հնարավոր չէ. համենայն դեպս` Կիեւը նման ռեսուրս չունի: Դա կարող էր անել գերկենտրոնացած եւ գերհզոր սովետական կայսրությունը, բայց ոչ` անկախ Ուկրաինան: Էլ չենք խոսում ուժային դասավորության մյուս բաղադրիչների մասին՝ ուժեղ ընդդիմության առկայությունը, այդ թվում` ընդդիմության պատկառելի ներկայացվածությունը խորհդարանում (որն էլ, ինչպես տեսանք` վերջին օրերին առնետավազքի հանգեցրեց), զանգվածային քաղաքականության ուժեղ ավանդույթները, ներքեւից եկող իշխանափոխության փորձը, որն ունի ուկրաինական հասարակությունը եւ այլն: Այս պայմաններում էլ հենց ուժի կիրառումն իշխանության կողմից` սեփական պարտության ստորագրումն էր:

Կարելի է, իհարկե, ասել, որ տվյալ դեպքում ուժը կիրառվեց երկու կողմից, ինչպես իր ասուլիսում նշում էր, օրինակ, Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը, կամ նույնիսկ` հենց ուկրաինական ընդդիմության արմատական մասն էր ուժի կիրառման նախաձեռնողը, բայց դա որեւէ կերպ չի արդարացնում Յանուկովիչի իշխանությանը: Նախ՝ հենց այն փաստը, որ բողոքողների մի մասը դիմեցին բռնության, արդեն խոսում է նրա մասին, որ դրան նախորդող եւ դրան հանգեցրած իշխանության քաղաքականությունը սխալ էր եւ հավասարակշռությունը խախտող: Այսպես թե այնպես, Արեւմտյան Ուկրաինայի կամ ընդհանրապես ուկրաինացի ազգայնականների համար Յանուկովիչը թշնամի էր որպես Արեւելքի ներկայացուցիչ, բայց դրանից անմիջապես չի հետեւում, որ այդ մարդիկ զենքերը ձեռքներին ամեն տարի գալիս են Կիեւ` ապստամբելու եւ փողոցային կռիվներ մղելու նպատակով: Որպեսզի իրականացվի այդ սցենարը՝ վերացական թշնամանքը վերածվի անմիջական բախման, հավասարակշռությունն արդեն խախտված պետք է լինի: Եվ երկրորդ՝ անկախ բռնության երկուստեք բնույթից, միշտ էլ իշխանության կողմից կիրառված բռնությունն ընկալվում է ավելի դատապարտելի` ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ դրսում: Եթե նույնիսկ պատկերացնենք, որ Յանուկովիչը հաղթեր ճակատամարտն՝ արյան մեջ խեղդելով ապստամբությունը, միեւնույնն է` նա պարտվել է պատերազմը այն պահից, երբ Կիեւի փողոցներում արյուն թափվեց: Յանուկովիչն այսպես թե այնպես հեռանալու էր, քանի որ հնարավոր չէ լինել Ուկրաինայի նախագահ` այդքան զոհերից հետո. նախ՝ որովհետեւ երկրի առնվազն կեսը վերածվելու էր քո անձնական թշնամու, արյան պահանջատիրոջ, երկրորդ՝ որովհետեւ հետսովետական տարածքի քրիստոնյա մասի, էլ չասած բուն Եվրոպայի մասին, նման թվով զոհերով իշխանություն պահելն աննախադեպ երեւույթ պետք է դառնար (միակ բացառությունը 10 զոհի արյամբ իշխանությունը զավթած Սերժ Սարգսյանի ռեժիմն է):

Որքան էլ Հայաստանի եւ Ուկրաինայի պայմանները տարբերվում են միմյանցից, սակայն, պետք է հաշվի առնենք, որ Հայաստանում էլ այսօր ուժային կշռույթը զգալիորեն փոխվել է, հատկապես շնորհիվ ԱԺ-ում եղած դասավորության, եւ այսօր 2008-ի սցենարն իրականացնելն իշխանության համար շատ ավելի դժվար կարող է լինել: Համենայն դեպս, Յանուկովիչի գլխավորած կուսակցության հայտնի հայտարարությունը, որտեղ նրանք իրավիճակի պատասխանատվությունը բարդում են իրենց նախկին առաջնորդի վրա, լավ հուշում է, թե ինչ կարող է լինել խորհդարանում, որտեղ ոչ իշխանական ուժերը թեեւ մեծամասնություն չեն, բայց բավականաչափ պատկառելի թիվ ունեն, որպեսզի ճգնաժամային իրավիճակում իրականանա իշխող ուժից առնետավազքի սցենարը:

Ազգայնական գործոնը

Ուկրաինական հեղափոխության առավել անկանխատեսելի եւ իրավիճակին հետաքրքրություն հաղորդող գործոնն ուկրաինական ազգայնականների առաջին պլանում հայտնվելն էր: Տվյալ դեպքում չեմ ուզում գնահատական տալ ուկրաինական ազգայնականության գաղափարախոսությանը, որը պարունակում է այսօրվա աշխարհում ընդունված պոլիտկորեկտության նորմերի տեսակետից բավականին սկանդալային տարրեր: Այս գործոնը տվյալ դեպքում հետաքրքիր է ոչ թե իր բովանդակությամբ, այլ իր գործնական դերով: Կարելի է ասել, որ հենց այս գործոնը հաշվարկելի չէր աշխարհաքաղաքական բեւեռների կողմից: Կայսերական տեսակետից ազգայնականությունն ինքնուրույն էություն չէ, այլ ընդամենը` հակառակորդ աշխարհաքաղաքական բեւեռի գործակալ: Կայսերական աշխարհայացքն ի զորու չէ ըմբռնել ազգային զգացմունքների, ազգային-ազատագրական հարացույցի լրջությունը, իրական լինելը` դա կրող «փոքր» ժողովուրդների համար: Մյուս կողմից էլ` այսօր աշխարհում տիրող յուրահատուկ «լիբերալ» կոնսենսուսի տեսակետից ազգայնականությունը լուսանցքային, հնաոճ, անհասկանալի ուժ է: Սակայն, լուսանցքայինը տվյալ դեպքում գոնե առժամանակ հայտնվեց իրադարձությունների կենտրոնում եւ վճռական դեր կատարեց:

Հայտնի է, որ ուժային պայքարը Կիեւի փողոցներում իրենց վրա վերցրին հենց ուկրաինացի ազգայնականները, այսպես կոչված, «Աջ հատվածից» («Պրավի սեկտոր»), որոնք չէին ենթարկվում խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին: Իրադարձությունների կենտրոնում սրանց հայտնվելը պատահական չէր: Նախ՝ ուկրաինական ազգայնականության համար, որի բնօրրանն է Արեմտյան Ուկրաինան, Ռուսաստանը մոտավորապես նույնն է, ինչ, ասենք, հայկական ազգայնականության տեսակետից` Թուրքիան:

Երկրորդ՝ ինքնին պարզ է, որ եթե գործը հասնում է փողոցային մարտերի իշխանության հետ (ոչ թե բախումների, այլ հենց մարտերի՝ իսկական զենքով, տասնյակ զոհերով, մի քանի օր տեւողությամբ եւ այլն), ապա առաջին գծում, բնականաբար, չեն կարող հայտնվել, ասենք, «սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության լիգայի» կամ «անօթեւան կատուներին օթեւանով ապահովելու կոմիտեի» ներկայացուցիչները: Նույնիսկ այսօրվա աշխարհում կռվելու, կյանքը զոհելու մոտիվացիա առաջին հերթին կարող է տալ ազգային-ազատագրական հարացույցը՝ ազգի, հայրենիքի, հավատքի գաղափարները: Եվ բնականորեն առաջին գծում հայտնվում են այդ գաղափարներն իրական համարող, պայմանական ասած՝ արաղը սալով «զակուսկի» անող, տարբեր տեսակի «կարծրատիպեր» կրող, աղոթող, խաչակնքվող, հողային «տղեքը»:

Լավ է դա թե վատ՝ ճաշակի հարց է, բայց հենց «տղեքի» առաջին գծում հայտնվելն իրավիճակին հաղորդեց, այսպես ասած, «ուկրաինակենտրոնության» երանգ: Չնայած այն բանի, որ իրավիճակն ի սկզբանե աշխարհաքաղաքական ուժերի բախման հետեւանք էր եւ չնայած ուկրաինական ազգայնականների բնական արեւմտամետությանը, պարզ է, որ «Փա՜ռք Ուկրաինային, հերոսներին փա՜ռք» կարգախոսների կրող «բանակի» առաջին պլանում հայտնվելը որոշ իմաստով փոխում է նախնական դասավորությունը եւ հավելում երրորդ՝ բավականաչափ անկախ եւ ինքնուրույն գործոնը, որը ներկայացնում է ոչ թե աշխարհաքաղաքական բեւեռներն, այլ բուն Ուկրաինան:

Հեռանկարը

Պարզ է, որ բուն ճակատամարտում առաջնային դեր կատարած ծայրահեղ ազգայնականները չեն ունենալու այդ նույն առաջնային դերակատարությունը նոր իշխանության մեջ, որը կձեւավորվի արդեն ավելի «սոլիդ» քաղաքական ուժերի մասնակցությամբ եւ աշխարհաքաղաքական բեւեռների ազդեցությամբ: Մյուս կողմից էլ պարզ է, սակայն, որ «տղեքի» հարցն այդքան հեշտ չի լինի լուծել, որքան գուցե այսօր թվում է շատերին: Որպես զոհեր տված եւ արյուն թափած` նրանք լինելու են պահանջատեր: Նոր իշխանությունը գոնե առժամանակ ստիպված է լինելու հաշվի առնել այդ պահանջատիրությունը, նաեւ՝ շատ հարցերում յուրացնել եւ օգտագործել ազգայնական կարգախոսները: Մյուս կողմից էլ` հենց նույն իշխանությունը ստիպված է լինելու ինչ-որ կերպ զսպել եւ նվազեցնել ազգայնական միտումները: Այս երկու հակադիր միտումների արդյունքում` ինչ-որ իքս պահի կոնֆլիկտային իրավիճակ առաջանալու հնարավորությունը բավականին մեծ է: Կարելի ենթադրել, որ աշխարհաքաղաքական կենտրոնները նույնպես փորձելու են հնարավորինս արագ ետին պլան մղել ազգայնական շարժումը՝ վերադարձնել լուսանցքային դաշտ: Բայց կարող է պատահել, որ դա բավականին բարդ առաջադրանք է, եւ «տղեքն» էլ այնքան միամիտ ու հեշտ հանձնվող չեն, որքան կարող է թվալ տարբեր տրամաչափի «գեոպոլիտիկոսներին»: Այնպես որ` ուկրաինական իրադարձությունները դեռ հեռու են վերջնական հանգուցալուծումից:

Հ.Գ. Ի դեպ, Հայաստանում նույնպես այս առումով նկատելի են բավականին հետաքրքիր միտումներ: Մինչ ուկրաինական իրադարձությունները դեռ չէին հանգեցրել իշխանության հրաժարականին, մեր տեղական «ուլտրահեղափոխականները» նախընտրում էին աչք փակել այն հանգամանքի վրա, որ Ուկրաինայում առաջին գծում կռիվ են տալիս ոչ թե «առաջադիմականները», այլ «կարծրատիպեր կրողները»: Այժմ, կարծես, մերոնք էլ են հայտնագործում իրենց համար, որ «տղեքը» չեն համապատասխանում «սահմանված ստանդարտին»: Կան նույնիսկ տնայնաբույծ «պոլիտիկոսներ», որոնք համարում են, որ այժմ, երբ «մավրերն» իրենց գործն արել են, նրանք պետք է լքեն թատերաբեմը: Բայց «պոլիտիկոսները» մոռանում են, որ արյուն թափած մարդիկ հեշտությամբ իրենց տեղը չեն զիջում, եւ փորձը ցույց տվեց, որ այսօր էլ` գոնե Արեւելյան Եվրոպայում ազգայնականությունը լուրջ մոբիլիզացնող ուժ է, համենայն դեպս` այն դեպքերում, երբ գործը հասնում է բռնության:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի գործով մեղադրականն արդեն դատարանում է’
Հաջորդ հոդվածը‘Այսօր նավթամթերքի մանրածախ գները Հայաստանում 2,2-4.2%-ով նվազել են’