‘Խմբագրական. Ունենք ոչ թե իշխանություն, այլ անիշխանություն’

2342

Տարօրինակ զգացում ունեմ. տարիներ շարունակ ընդդիմադիր դիրքերից հրապարակավ քննադատել եմ Հայաստանի իշխանությանը, այդ քննադատությունը հաճախ եղել է սուր նաեւ իր ոճով, բայց հիմա եմ հասկանում, որ թերեւս ինչ-որ մի ներքին սահման կար, որը երբեք չեմ անցել, իսկ այսօր, հատկապես՝ Գյումրիի ողբերգական իրադարձություններից հետո, այդ սահմանն այլեւս չկա:

Հասարակության եւ իշխանության անդառնալի խզումը

Քննդատելիս, ամեն դեպքում, միշտ պատկերացրել եմ, որ քննադատվողները մարդիկ են, որոնք թեեւ իմ պատկերացմաբ՝ սխալ, երբեմն՝ աղետալի սխալ քաղաքականություն են վարել, երկրի շահերը ստորադասել են անձնական կամ խմբային շահերին եւ այլն, բայց, այդուհանդերձ, վերջին հաշվով՝ նույն ազգից ու հանրությունից են, ինչ ես: Քաղաքական քննադատությունը, անկախ նրանից, թե որքանով սուր է իր բովանդակությամբ կամ իր ոճով, չի ենթադրում բացարձակ խզում, օտարացում. ճիշտ հակառակը, հենց ինքը քննադատությունը հասարակական կապի, հաղորդակցության կարեւոր, հիմնարար ձեւերից մեկն է՝ քննադատում ես նրան, ով քոնն է, եւ պահանջում ես նրանից, ով քոնն է: Ես չեմ ուզում ասել, թե հարազատության կամ համակրանքի զգացողություն եմ ունեցել. բնականաբար՝ ո՛չ, բայց դա պետք էլ չէ, քանի որ դրանք ընկերական հարաբերության որակներ են. նկատի ունեմ հասարակական մակարդակով յուրայինի եւ օտարի բաժանումը, որի դեպքում այդ զուտ զգացմունքային որակներն էական չեն:

Բացի այդ, քաղաքական քննադատությունը ենթադրում է, որ որքան էլ քննադատես, եւ հենց այն պատճառով, որ քննադատում ես, պետք է ժամանակ առ ժամանակ քեզ դնես քննադատվողի տեղը, փորձես իր տեսանկյունից նայել իրավիճակին, իր փոխարեն քո քայլերը պատկերացնես, նաեւ ժամանակ առ ժամանակ՝ վերստուգես ընդհանուր դիրքորոշումներդ՝ գուցե սխալվում ես, գուցե չափազանցում ես, գուցե իներցիայի մեջ ես ընկել: Եվ ամեն դեպքում գիտես, որ այդ ամենն էլ ստուգելուց եւ ճիշտ դուրս գալուց հետո՝ կարող են լինել բացառիկ պահեր, ծայրահեղ իրավիճակներ, երբ դու նույն այդ քննադատվողի հետ նույն գործն ես ստիպված լինելու անել, որովհետեւ դուք նույն հասարակության անդամ եք: Կրկնեմ՝ սրությունը կամ, այսպես կոչված՝ «կոնտսրուկԾիվ» եւ ոչ «կոնստրուկԾիվ» քննադատությունն այստեղ կապ չունեն (դրանք ընդհանրապես ոչ մի բանի հետ կապ չունեն, այլ դատարկ բառախաղեր են): Հակառակը՝ սուր քննադատությունը ենթադրում է ինչ-որ տեղ ավելի ուժեղ կապ, քան սառը կամ անտարբերը:

Բայց ինչպես ասացի՝ այս քանի օրն զգում եմ եւ հասկանում եմ, որ այս նախկին վիճակն ավարտվում է: Օտարացումը իշխանության եւ հասարակության միջեւ հատել է ինչ-որ սահման, որից հետո կարելի է խոսել անդառնալիության մասին: Ամեն բան կարելի է պատկերացնել, հասկանալ, բայց հիրավի համազգային ողբերգության ֆոնին՝ այն անհամերժեք հայտարարությունները եւ կեցվածքը, որոնք ի հայտ բերեցին Սերժ Սարգսյանն եւ իր նեղ թիմը, պարզապես աննախադեպ են:

Չէ, վրդովված չեմ: Ճիշտ հակառակը: Գուցե վաղուց ավելի հանգիստ չեմ եղել որեւէ փաստ արձանագրելիս: Զգացմունքային ֆոն չկա՝ լավ մտածված, կշռած, չափած ձեւակերպումներ են, որոնք արդյունք են հանդարտ վերլուծության: Ես շատ քիչ եմ խոսել այս օրերին, որովհետեւ ողբերգությունն ու շատախոսությունը հակացուցված են իրար, գոնե ինձ համար (այլ խառնվածք ունեցող մարդկանց համար դա այլ կերպ կարող է լինել՝ սա ճիշտ ու սխալի հարց չէ, այլ բնավորությունների տարբերության): Եվ հենց իմ հանգիստ վիճակից ասում եմ. այն, ինչ տեղի ունեցավ այս օրերին՝ իշխանության եւ հասարակության վերջնական հոգեբանական խզում կարող ենք համարել:

Իհարկե, կասեք, նո՞ր են առիթ տալիս: Բնավ ո՛չ: Տասնյակ առիթներ են եղել՝ մտածելու, թե ներկա իշխանական թիմն անհամարժեք է, անձնական եւ ընդհանուր շահի նույնիսկ ձեւական հավասարակշռությունը չի պահում, օտարամոլ է եւ այլն: Միայն հայ-թուրքական հաշտեցման գործընթացի հետեւանքներն ի՛նչ արժեն կամ այդ գործընթացի թեժ օրերին իշխանական խմբի եւ նրանց հարող առաջադեմ ՀԿ-ականների պահվածքը: Ցայսօր, ի դեպ, վերապրում ենք դրա հետեւանքները, որովհետեւ ազգային ավելի մեծ ստորացում, քան ՀՀ նախագահին Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը նշելուն հրավիրել ապրիլի 24-ին՝ դժվար է պատկերացնել (եթե չլիներ Գյումրվա ողբերգությունը, այս դեպքը շատ ավելի էր գրավելու մեր ուշադրությունը): Տասնյակ առիթներ, ուրեմն, եղել են՝ զարմանալու, զայրանալու, բայց, նախ՝ դրանք ոչ բոլորն են եղել այդ աստիճան սուր՝ մարդկային եւ ազգային տեսակետից, երկրորդ՝ եթե նույնիսկ եղել են, միշտ լինում է մի վերջին կաթիլ, որից հետո իրավիճակն անդառնալի է:

Շատ-շատ է խոսվել, եւ նորից ծավալվել չեմ ուզում, այն մասին, որ Հայաստանում այդպես էլ պաշտոնապես սուգ չհայտարարվեց, այն դեպքում, երբ սա ոչ թե պահանջ էր, այլ համահայաստանյան բնական վիճակ, նաեւ՝ այն մասին, որ Սերժ Սարգսյանը եւ նույնիսկ ամենայն Հայոց կաթողիկոսը (որը փաստացի դարձել է իշխանության մաս) ցավակցության խոսք ասացին միայն այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Պուտինի ցավակցության մասին լուրը, շատ են մեկնաբանվել Հանրապետականի ներկայացուցիչների՝ մեղմ, նույնիսկ՝ մեղմագույնս ասած՝ անհեթեթությունները՝ «սգո մշակույթ չունենք», «երեխան քաղաքական դեմք չէր» եւ այլն: Շատ է մեկնաբանվել, եւ ինչ-որ տեղ՝ իզուր: Սրանք մեկնաբանելու բաներ չեն, որովհետեւ մեկնաբանելի են մարդկային ինչ-որ, թեկուզ՝ ամենալայն իմաստով ողջամիտ սահմաններում տեղավորվող երեւույթները, իսկ այս ամենը դուրս է այդ սահմաններից, դուրս է քաղաքական սխալի հասկացությունից, դուրս է արժանապատվության, բանականության, համարժեքության մասին նույնիսկ ամենալայն պատկերացումներից: Իսկ եթե չմոռանանք, որ այս ամենի հետ մեկտեղ, իշխանական քարոզչական թիմը տակից, այսպես ասած՝ ընդհատակյա, նաեւ հակառուսական հիստերիան համապատասխան լրատվամիջոցներում բարձրացրեց անհասանելի աստիճանի, ապա ամբողջանում է իշխանության անհամարժեքության պատկերը. մի կողմից՝ փալասային անարժանապատվություն, մյուս կողմից՝ հասարակական գիտակցության մանիպուլյացիա՝ կոչված վրդովմունքի թիրախը ներսից դեպի դուրս ուղղելուն, բայց այնպես, որ ոչ ոք «չֆայմի», թե ո՛վ է այդ «խորամանկ» պլանի հեղինակը:

Բռնապետություն եւ անիշխանականություն

Պետք է տալ այս ամենի նաեւ քաղաքական գնահատականը: Հայաստանում անիշխանություն է կամ անիշխանության աստիճանի հասած անտերություն: Կարող է հակասական թվալ, որ այն ռեժիմը, որին սովոր ենք բռնապետական կոչել, միաժամանակ նաեւ անիշխանության աղբյուր է: Բայց խորքային իմաստով չկա որեւէ հակասություն: Ճիշտ հակառակը՝ նոր չի նկատվել, որ բռնապետությունն ու անիշխանությունն իրար հետ հիմքային կապի մեջ են: Նախ՝ բռնապետություն՝ նշանակում է ոչ թե ցանկացած կենտրոնացած իշխանություն կամ միապետություն, այլ, նախեւառաջ՝ ոչ օրինակարգ, ի վերջո՝ միայն բռնի ուժով պարտադրված իշխանություն (միապետությունը կամ այլ տիպի «ուժեղ» իշխանությունը պարտադիր չի՝ լինի անօրինակարգ): Այդպես են հասկացել եւ սահմանել բռնապետությունը դեռեւս հին հույները, եւ դասական այդ սահմանումները ուժի մեջ են: Անիշխանական վիճակն էլ, եթե կենդանի պատկերացնենք, ապա դրանում շահող է դուրս գալու զուտ բիրտ ուժը, այլ ոչ թե, ասենք, արդարությունը կամ իրավունքը եւ այլն: Պատահական չէ նաեւ, որ բռնապետությունները սովորաբար տապալվում են հեղափոխությունների միջոցով, եւ հեղափոխություններն էլ պարունակում են բռնության տարր՝ այդ երկուսն ընդամենը զուտ հայելային հակապատկերներ են եւ յուրահատուկ երկվորյակ եղբայրներ, որովհետեւ այնտեղ, ուր չկա բռնապետություն, չկա եւ հեղափոխություն: Եվ հեղափոխություններին էլ հաճախ հետեւում է տեւական անիշխանականության շրջանը, որը ստիպում է մարդկանց հիասթափվել փոփոխություններից, բայց պետք է նաեւ հաշվի առնել, որ հետհեղափոխական անիշխանությունն ընդամենը բռնապետության մեջ թաքնված անիշխանական ներուժի բացահայտումն է: Այսքանը գրեցի, որպեսզի պարզ դառնա, որ անիշխանության եւ բռնապետության միջեւ տարբերությունը մակերեսային է, իսկ իրականում դրանք խորքով նույնն են: Եթե հաշվի առնենք, որ բռնապետությունը ոչ օրինակարգ իշխանությունն է, ապա, մեծ հաշվով՝ դա նույնն է, ինչ անիշխանությունը: Բայց սա՝ տեսականում, իսկ գործնականում՝ բռնապետությունն էլ, իհարկե, կարող է տարբեր դրսեւորումներ ունենալ, եւ պարտադիր չէ, որ վերածվի բացահայտ անիշխանության, ինչպես այսօր մեզանում է:

Ինքնիշխան Հայաստանը

Սակայն այս ծանր օրերին տեսանք նաեւ, որ Հայաստանում կա նաեւ իրական իշխանություն: Գյումրեցիները, որոնք դրսեւորեցին իրենց կամքը, իրականում պահեցին իրենց իրական իշխանության, երկրի տիրոջ պես: Սա չափազանցություն չէ, որովհետեւ բոլորս էլ տեսանք, որ գյումրեցիների կամքի ցուցադրումից հետո (անկախ նրանից, թե ով եւ ինչպես էր ձախողված փորձեր անում մանր քաղաքական կամ տեղեկատվական խաղեր տալ՝ օգտվելով կամքի այդ դրսեւորումներից), իրավիճակ փոխվեց: Գյումրեցիները պարտադրեցին հաշվի նստել Հայաստանի ինքնիշխանության հետ, եւ դա էլ հնարավորություն տվեց Սարգսյանի խմբակին՝ թեկուզ ուշացմամբ, թեկուզ կիսատ-պռատ, բայց գոնե ցավակցություն հայտնել:

Ի դեպ, շատերը նաեւ բողոքում էին, թե վերջին օրերին յուրահատուկ պսիխոզ էր տիրում հասարակության մեջ: Միգուցե որոշ դրսեւորումներ իրոք չափազացված էին, եւ կար անհամարժեքություն նաեւ հասարակության մի փոքր հատվածի կողմից: Անժխտելի է նաեւ այն փաստը, որ որոշ՝ շատ նեղ խմբակներ փորձեցին եւ դեռ փորձելու են (ընդ որում՝ մեծ հաշվով բացարձակ ապարդյուն, ինչպես եւ այն ամենը, ինչ արել են, անում են եւ մինչեւ կյանքի վերջ կանեն այդ փոքր խմբերը) ինչ-որ շահույթներ քաղել ողբերգական իրավիճակից: Բայց այս ամենը նույնպես զգալի չափով հետեւանք է «իշխանական անիշխանության»: Եթե հասարակությունը զգում եւ տեսնում է, որ իր համար այսքան կարեւոր պահին ինքը փաստորեն մենակ է, անտեր է, որ ի պաշտոնե իրենց երկրի տերեր հռչակածները չկան, կամ էլ, եթե կան՝ բացարձակ անհամարժեք վարք են դրսեւորում, ապա, որպես այդ ամենի ուղիղ հետեւանք, բնականաբար, կարող են առաջանալ նաեւ պսիխոզին մոտեցող դրսեւորումներ: Եվ պետք է ասել, որ շնորհիվ մեր ժողովրդի բնածին առողջ հոգեբանության՝ անհամարժեք այդ դրսեւորումները շատ ավելի քիչ տարածում ստացան, քան որեւէ մի այլ հասարակության մեջ կարող էին ստանալ:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Հայկական կողմը 2 զոհ ունի. Սահմանին լարված իրավիճակը պահպանվում է (լրացված)’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված է ՄԼՍ-ի առաջնությունը ներկայացնող «Չիկագո Ֆայր» ակումբը’