‘Խմբագրական. Ուրիշներին եք գժի տեղ դնո՞ւմ, թե՞ ինքներդ եք գժվել’

2354

Պարզ տեղեկատվական-մանիպուլյատիվ տեխնոլոգիա է՝ դաշտ նետել արհեստական օրակարգ, դրա շրջանակում ձեւակերպել կեղծ այլընտրանքներ եւ հասարակությանը բանավեճ պարտադրել նախապես գծած սահմանների մեջ, որոնք ձեռնտու են օրակարգը ստեղծողին, բայց որով խնդրի բուն էությունը դուրս է մնում քննարկումից, իսկ դրա վրա ուշադրություն դարձնողների փաստարկները կա՛մ անտեսվում են, կա՛մ էլ աղավաղվում ու պիտակավորվում՝ արհեստականորեն տեղադրվելով նախապես գծածի մեջ: Կարծես հենց այս տեխնոլոգիան է այսօր կիրառվում հայտնի շրջանակների կողմից հրահրվող «արեւմտամետությո՞ւն, թե՞ ռուսամետություն» թեմայի շրջանակներում: Ինչո՞ւ է այդ օրակարգը, գոնե այն ձեւով, ինչպես այսօր պարտադրվում է մեր հասարակությանը, արհեստական եւ մանիպուլյատիվ:

Ետ տվեք մեր հողերը

Նախ՝ մի օրինակ բերենք, որը, կարծում եմ, հարց չի առաջացնի որեւէ մեկի մոտ: Ենթադրենք՝ հարց է ձեւակերպվում՝ թուրքամե՞տ եք դուք արդյոք, թե՞ հակաթուրք: Պարզ է, որ որեւէ հայի համար այս հարցն անհեթեթ է, պատասխանն էլ հայտնի՝ իհարկե՝ թուրքամետ չեմ: Շատ լավ, կարող է շարունակել ենթադրյալ հարց տվողը, այդ դեպքում եկեք բոլորս պահանջեք, որպեսզի Թուրքիան անհապաղ վերադարձնի մեր հողերը՝ Կարսը, Կարինը, Վանը, Տարոնը… Եկեք նաեւ պահանջ ձեւակերպենք, որպեսզի Հայաստան պետությունն էլ հետամուտ լինի այդ օրակարգին, չէ՞ որ թուրքերը ոչնչացրել են մեր նախնիներին, խլել են մեր հողերը, եւ անհրաժեշտ է վերականգնել արդարությունը, ուրեմն՝ պետք է ժամ առաջ եւ ամենաբարձր մակարդակով այդ խնդիրը բարձրացնել: Տրամաբանակա՞ն է: Իսկ եթե դուք փորձեք բացատրել նման պնդումներ անողներին, թե՝ գիտեք ինչ, մեր հողերն, իհարկե, մեր հողերն են, եւ դրանց վերադարձի պահանջն արդար է, սակայն ներկա պահին ո՛չ ՀՀ-ն, ո՛չ էլ համաշխարհային հայությունը նման հարց թուրքերի առաջ դնելու անհրաժեշտ ռեսուրս չունեն, ապա վերը նկարագրված կերպով հարց դնողները ձեզ անմիջապես կմեղադրեն թուրքասիրության մեջ: Ինչպե՞ս թե, բա ասում էիք, թե դուք թուրքամետ չեք, թե դուք համաձայն եք, որ հողերի վերադարձի պահանջն արդար է, բա ինչո՞ւ չեք ուզում միասին բարձրաձայնենք այն հենց հիմա ու հենց այստեղ, մի՞թե դուք վախկոտ եք, կամ մի՞թե գաղտնի գործարքի մեջ եք թշնամու հետ:

Ավելորդ է բացատրել, թե որքան անհեթեթ է հնչում այս ամենը որեւէ, չասեմ՝ քաղաքական գործընթացներից գոնե մի երկու կոպեկի չափ հասկացող, այլ պարզապես առողջ բանականություն ունեցող ցանկացած մեկի համար: Բոլորին էլ պարզ է, որ սխալն այստեղ հենց խնդրի ձեւակերպումն էր: Հարցի ճիշտ քաղաքական ձեւակերպումն է ոչ թե թուրքամետ կամ հակաթուրք, այլ արդյո՞ք Հայաստան պետությունը կամ հայությունն ընդհանրապես Թուրքիայի հետ հարաբերվելու, Թուրքիայից որքա՛ն պահանջ ունենալու ռեսուրս ունի ամեն տվյալ պահին: Օրինակ, 90-ականներից ցայսօր մեզ հաջողվել է, ի հեճուկս Թուրքիայի՝ ազատագրել Արցախն ու պահել այն՝ շրջակա տարածքների հետ միասին: Հասկանալի է, որ եթե թուրքերը հնարավորություն ունենային միջամտել այդ հարցին, նրանք ամեն բան կանեին, որպեսզի Արցախի հարցը լուծվեր հօգուտ իրենց դաշնակից Ադրբեջանի: Ուրեմն՝ մենք կարողացել ենք այնպիսի ներքին եւ արտաքին քաղաքական ռեսուրս ստեղծել կամ օգտվել եղած արտաքին դասավորություններից, որպեսզի այս հարցում կարողանանք թուրքերի ցանկությունների դեմն առնել: Իսկ, ահա, նույն Կարսն ու Վանը վերանվաճելու ռեսուրս չունենք, որքան էլ դա ցանկալի լինի: Կարող է գալ մի պահ, երբ այդ ռեսուրսն էլ ունենանք, և այդ ժամանակ, ուրեմն, Արեւմտյան Հայաստանի տարածքների խնդիրն էլ զուտ երազային ցանկությունից կարող է վերածվել կոնկրետ քաղաքական խնդրի: Մի քիչ զավեշտալի է, որ նման պարզ բաները կարիք ունեն բացատրվելու, բայց իրավիճակը ստիպում է դա անել:

«Գժի պրազդնիկ»

Դժվար չէ կռահել, որ ճիշտ նույն խնդիրն է «արեւմտամետության», «ռուսամետության» եւ ցանկացած այլ նման ձեւակերպման շուրջ: Այսինքն՝ հարցը չպետք է դրվի վերացական «մետության» մասին, այլ՝ թե ամեն տվյալ պահին այս կամ այն քաղաքական քայլն ու նրա հետեւանքները, որքան էլ դրանք տեսականորեն լավն ու ձեռնտու թվան, որքանո՞վ են ապահովված ներքին ռեսուրսով: Կասկած կա, որ  ցայսօր ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում ընկած հաշվարկած հավասարակշռության սկզբունքը որոշ իշխանական շրջանակներ ու նրանց հովանավորած գործիչներ ու վերլուծաբաններ փորձում են ռևիզիայի ենթարկել: Համենայն դեպս՝ ռևիզիայի տեսական հիմքն արդեն ակտիվորեն ապահովվում է: Դա արվում է հենց հասարակությանը արհեստական սահմաններով եւ կեղծ այլընտրանքներով բանավեճ պարտադրելու միջոցով: Պետք է ջարդել այդ օրակարգը եւ փոխարենը առաջ տանել այնպիսի օրակարգեր, որոնք բխում են մեր երկրի կենսական առօրյայից: Օրինակ, եթե խոսում ենք արեւմտյան արժեքներից, արեւմտամետությունից, ապա մեր առաջնային նպատակը պետք է լինի՝ երկրի ներսում հաստատել այդ արժեքները, բարեփոխել եւ հեղափոխել Հայաստանն այնպես, որ մեր՝ Եվրոպա լինելը որոշվի, նախեւառաջ, ոչ թե արտաքին, այլ ներքին չափանիշներով: Կասեք՝ անիրականանալի՞ երազանք է: Բա այդ դեպքում՝ քանի՞ կոպեկ արժեն «գեոպոլիծիկ» խաղերը արեւմտամետության եւ հակաարեւմտամետության շուրջ: Չէ՞ որ այդ դեպքում, բովանդակությունը թողած՝ ընկնում ենք մեռյալ ձեւի հետեւից: Եվրոպա ձգտելն ինքնանպատա՞կ է, թե՞ միջոց՝ ներքին կյանքը կարգավորելու ըստ սահմանադրականության, օրինականության, արդյունավետության արդի չափանիշների: Մեր հասարակության մեծ մասի համար իրական կենսական օրակարգ է հենց երկրորդը, իսկ «գեոպոլիծիկ» վեճերը հետաքրքրում են միայն մի շատ նեղ խումբ անձանց: Բայց տեսեք, որ այս նեղ խումբը հասել է արդեն նրան, որ ամենայն լրջությամբ խոսում է, թե մեր հասարակությունը պետք է դիմակայի ռուսական պատժամիջոցներին: Անհեթեթություն չէ՞ սա արդյոք, եթե մի պահ պատկերացնենք իրավիճակը շարքային հայաստանցու տեսակետից: Եթե մի պահ ենթադրենք, որ, իրոք, գործը հասնում է պատժամիջոցների, ապա հանուն ինչի՞ հայաստանցին պետք է դիմանա դրանց: Հանուն Սերժ Սարգսյանի վարչակարգի պահպանմա՞ն, հանուն կիրթ, արեւմտամետ եւ ռոք լսող վարչապետի օֆշորային հաշիվների՞, հանուն եվրաբյուրոկրատների օրհնությամբ (մեկ քայլ առաջ) իրականացվող ընտրակեղծիքների՞, հանուն բարեփոխումների խոստումների՞, թե՞ հանուն այդ բարեփոխումների համար հատկացված հերթական արտաքին գումարների վատնման՝ պետական վերնախավի կողմից: Գժի տե՞ղ եք դնում մարդկանց, թե՞ ինքներդ եք գժվել:

Հ.Գ. Ի դեպ, թուրքերից հող խնդրելու օրինակի մասին գրեցի ու հիշեցի, որ, ախր, այդքան էլ պատահական չէր համեմատությունս, որովհետեւ «արեւմտամետության» անվան տակ սերժամետություն քարոզող կայքերից մեկի առաջատար գրողն էր վերջերս ձեւակերպել հերթական «մամա միա» ոճի հանճարեղությունը. «Անցած մի քանի ամիսներին Հայաստանը խորը ռուսամետ երկրից վեր է ածվել դիվերսիֆիկացիայի, հետեւաբար՝ իր քաղաքականությունն ինքնիշխան դարձնելու ձգտող երկրի: Ամռան ընթացքում Հայաստանը կոշտ դիրքորոշում է ներկայացրել Թուրքիայի նկատմամբ՝ հայտարարելով տարածքային պահանջների մասին»: Հասկանո՞ւմ եք, թե ո՛ւր ենք հասել: Պարզվում է՝ «ինքնիշխանանում» ենք՝ քիչ է, մի հատ էլ՝ թուրքերից հող ենք պահանջում: Բա որ ասում եմ…..: 

Նախորդ հոդվածը‘«Գոլդ» համարանիշներում կօգտագործվեն նաև «C» «F» «Z» տառերը’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը պնդում է, որ իրար հակասող հայտարարությունները իրար չեն հակասում’