‘
Դեռ երբեք նախաապրիլքսանչորսյան ժամանակահատվածում Հայաստանում այսպիսի «տոնական» մթնոլորտ չի եղել, ինչպես հիմա՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցից առաջ:
Ծանր բան է սա խոստովանելը, բայց ինչ արած, ամեն ինչ հենց այդպես է, առանց չափազանցության: Մի իշխանություն, որն իր իշխանությունը երկարաձգելու եւ արտաքին աջակցություն ստանալու համար ստորագրել է հայ-թուրքական արձանագրությունները, համաձայնել է ստեղծել պատմաբանների տխրահռչակ հանձնաժողովը, բնականաբար, 100-ամյա տարելիցը պիտի վերածեր տոնակատարության: Դա ինչ-որ տեղ նաեւ սպասելի էր սրանցից: Բայց ա՞յս աստիճան: Նախ մոգոնեցին «թխած» անմոռուկը՝ որպես Ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ, ապա կարգախոս ընտրեցին՝ «Հիշում եմ ու պահանջում», եւ հետո՝ գնա՜ց: Անմոռուկներն ու «Հիշում եմ ու պահանջում»-ները հայտնվեցին ամենուր, անգամ մարդկանց ճակատներին, դրանցով սկսեցին բառի ուղիղ իմաստով զարդարել դպրոցները, պետական հիմնարկները, ավտոմեքենաները, հասարակական տրանսպորտը, բայց այդ ողջ խառնաշփոթում ադպես էլ պարզ չդարձավ՝ կոնկրետ ովքեր են հիշում, ինչ են հիշում եւ ինչ են պահանջում: Անմոռուկը դարձավ ուղղակի կենցաղի մի անբաժանելի մաս՝ ուրախության եւ տխրության մեջ, Ցեղասպանության խորհրդանիշից վերածվելով համահայկական մի բրենդի, որի իմաստը դրա կրողների մեծ մասը, մեղմ ասած, չի էլ ընկալում: Ինչպես Արարատը պիտի երեւա ամեն հայի պատուհանից եւ կախված լինի ամեն հայի պատից, այնպես էլ Անմոռուկը պիտի կախված լինի ամեն հայի ճակատից,դոշից ու «մաշնայից»: Ու բնական է, որ այդ տոնական մթնոլորտում 3000 ՀՀԿ կանանց զորագունդը պիտի ծաղիկները վեր պարզած, խայտալով բարձրանա Ծիծեռնակաբերդ ու ցնծա, ցնծա անվերջ եւ անթաքույց ուրախությամբ, եւ տոն պիտի լինի բոլորի սրտերում, զի մենք ուրախանում ենք ազգովի, որ լրացել է մեզ Ցեղասպանելու 100-ամյակը, եւ երիցս պիտի ուրախանանք, զի մենք պատիվ ենք ունեցել առաջինը ցեղասպանված լինել: Եւ կթնդան սրանց օրոք շեփորները (եւ ոչ թնդանոթները), եւ 100-ամյակի «ատմազկով» շուստռիները անմոռուկի բիզնեսներ կանեն, եւ նույնիսկ կանայք ՀՀԿ-ից «հեզաճկուն» անմոռուկը խորհրդանշող կոշիկներով կբարձրանան սուրբ տեղը, եւ հարգանքի տուրք մատուցելն այլեւս անկեղծ ծիծաղն ու ուրախությունը պիտի լինի, ու ջհանդամ թե «թուրքը կտեսնի ու կուրախանա», իրենք պիտի կարծեն, թե թուրքը տեսնում եւ տխրում է, երբ հայ կանայք անկեղծ հրճվում ու լիաթոք ծիծաղում են, ու ոչինչ, որ նրանց լիաթոք ծիծաղը հնչում է Ծիծեռնակաբերդի պատերի ներսում:
Եւ թող հիմա փչի զուռնեն, հարբած ըլնեն մինչեւ էգուց, Հայոց դարդի տոնը տոնեն, ու բաց լինեն մինչեւ էգուց, գինին լցնեն, ու պար բռնեն, շուրջպար անեն մինչեւ էգուց, խելքը քամուն, հովին տված, երթան ընկնեն դուքան ու բաղ, «ընկերների» սուփրին գինի ու հաց ըլնեն մինչեւ էգուց, եւ թող հիմա փչի զուռնեն, հարբած ըլնեն մինչեւ էգուց….
Քրիստինե Խանումյան
‘