‘
Ասել` այս օրհնյալ ամառային շրջանում, երբ իշխանությունները, պատկերավոր ասած, գետնի տակն են անցել` Հայաստանը մոլորվել է, գլուխը կորցրել է՝ անգութ, շատ անգութ չափազանցություն կլինի: Հայաստանը շարունակում է իր գոյությունը քարշ տալ` ինչպես քարշ էր տալիս այն ժամանակ, երբ իշխանություն կոչվածը նստած էր իր վզին, հիմա էլ է նույնկերպ քարշ տալիս այդ, այսպես կոչված, գոյությունը:
Մայթերով մարդիկ են գնում-գալիս, փողոցներով` ավտոմեքենաներ, սրճարաններում երիտասարդներ են նստում, սիրահարվում են, միանում-բաժանվում են: Ավտոբուսներն ու երթուղայինները մարզերից մայրաքաղաք, մայրաքաղաքից մարզեր ուղեւորներ են տանում-բերում, շուկաներում միրգ ու բանջարեղեն են վաճառում: Ուշ երեկոները շենքերի պատուհանների վարագույրների ճեղքերից ծիկրակող լույսերն էլ հուշում են, որ այդ տներում բնակվողներ կան, որոնք, բնականաբար, հենց սրտները քաշում է` նստում և ուտում են շուկայից գնած միրգն ու բանջարեղենը:
Երիտասարդների մի խումբ նստացույց է անում տարոնանոցի դիմաց, իսկ աղվանանոցի դիմաց ամեն ուրբաթ օր բողոքի ակցիա են անում կոնգրեսականները:
Դատավորները փոխվում են, եւ իշխանություն կոչեցյալը կա, թե չկա` քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը մնում է նույնը:
Եվ այս գոյություն քարշ տվող Հայաստանի բնակիչները չեն էլ նկատում, որ այնտեղ, որտեղ իրենք գոյություն են քարշ տալիս` իշխանություն չկա, ֆիկցիա է, ուղեղային մորմոք: Կամ` գուցե նկատում են՝ չե՞ն ուզում բարձրաձայնել, որ աչքով չտան: Մտածում են` եթե սկսենք ի ցույց դնել, որ նկատում ենք, ի՞նչ իմանաս, մեկ էլ` էդ իշխանություն կոչեցյալը յոթգլխանի դևի պես գլուխը հանի՞ խաղատներից կամ չալաղաջանոցներից, ու ամառային հովվերգությունը խախտվի՞:
Հայաստանի նախագահի աթոռը զավթողն անհետ կորել է, և նրա վիրտուալ գոյության մասին հիշեցնում են միայն վերջինիս ստորագրությամբ հրապարակվող աղեկտուր ցավակցական հեռագրերը որեւէ երկրում աղետից կամ որեւէ նշանավոր մարդու մահից հետո: Սա էլ, իհարկե, պայմանական գոյություն է. ո՞վ չգիտի, որ այդ հեռագրերի տեքստերի հետ սույն անձնավորությունն այնքան կապ ունի, որքան կապ ունի, ասենք, Յալմար Բերգմանի «Ծաղրածու Յակ» վեպի հետ: Փնտրող կա՞ սույնին` արդի պատմագիրները դրա մասին լռում են: Չփնտրողն էլ ամեն օր փառք է տալիս Աստծուն, որ դեռ գտնողն էլ չի գտնվել, փնտրվողն էլ:
Հանուն արդարության՝ ասենք, որ իշխանություն կոչեցյալի մասին, անխոնջ լրագրողների ջանքերով, մեկ-մեկ փորձում են հիշեցնել իմաստուն ժայթքումներ օդ արտանետող Գալուստ Սահակյանը, սեփական բերանում իմաստուն ժայթքումները լմլմացնող ու այդպես էլ օդ չարտանետող Տարոն Մարգարյանը, Գասպարյան Վովայի «բազազներն» ու Հովսեփյան Աղվանի «իքիբիրները»:
Եվ իհարկե` ֆեյսբուքցի սրամիտները:
Մշտադալար քծնողներն էլ են սսկվել, մարաղ են մտել գող կատվի պես: Սպասում են. հները ետ կգան` օճառը կա ու կա, չեն գա` նորերի համար օճառն էլի կա ու կա:
Եթե քաղաքագետները հրապարակավ չբարձրաձայնեն, իրենց տնեցիների ականջներին հո արդեն մի քանի անգամ փսփսացած կլինե՞ն, որ անիշխանությունը պոզով-պոչով չի լինում, հենց սա է, որ կա: Կար այդ իշխանություն կոչվածը` չորրորդ դասարանի աշակերտի մակարդակի ճառեր էր ասում, օրենքներ էր դակում, զանազան «պոզաներով» հարցազրույցներ էր տալիս, օրումեջ աղմկալի հանցագործությունների անմիջական կամ միջնորդավորված մասնակից էր դառնում, ու մեկ էլ` չկա՛: Եվ ի՞նչ: Ոչինչ: Կյանքը նույն կերպ շարունակվում է. մեկի համար` տանելի, մյուսի համար` անտանելի:
Մի տարբերություն, սակայն, ակնհայտ է: Խոշոր հանցագործություններն են պակասել, մարդասպանություններն են պակասել, փողոցային ժարգոնով բարբաջողներն են պակասել, թալանչիներն են պակասել, ծառ կտրողներն են պակասել…
Գասպարյան Վովային հարցրեք: Եթե ասի` սուտ է, չեն պակասել, ուրեմն` թող սուսուփուս հրաժարական տա ու գնա աղոթելու: Էդ գործն իր մոտ ավելի լավ է ստացվում: Եթե ասի` ճիշտ է, ուրեմն` աղոթքը բարերար ազդեցություն է ունեցել, մարդը բացեիբաց խոստովանում է, որ մեր երկրում սանձազերծված հանցագործությունների Ալֆան ու Օմեգան Հայաստանի իշխանություններն են:
‘