‘
Այս գիշեր ասուպ՝ ընկնող աստղ տեսա: Սեւ երկնքում՝ արդարված բազմաթիվ թարթող աստղերով, որոնցից յուրաքանչյուրը՝ մեծ թե փոքր, վառ թե հազիվ նշմարվող՝ իր տասնյակ հազարավոր տարիների կայուն տեղն ունի, ընկնող աստղը՝ լույսի անսպասելի փայլատակում, որը տեւում է վայրկյաններ, շլացնում է: Չնայած առարկայորեն (օբյեկտիվորեն), ֆիզիկայի տեսակետից` այն ընդամենը քարի կամ մետաղի մի կտոր է, որն ընկնելով երկրագնդի ձգողականության դաշտ՝ վայրկենաբար այրվում է, սակայն ենթակայորեն (սուբյեկտիվորեն)՝ այն մարդկային ուղեղի վրա ավելի մեծ տպավորություն է թողնում, քան իրենց տեղերում կայուն գամված թվացող իսկական աստղերը: Ասուպը պատահականորեն հայտնվում է, երբ ուզում է, եւ վերանում է ավելի շուտ, քան տեսածդ հասնում է գիտակցությանդ: Բայց օրերն անցնում են, հիշողությունը մաշվում է, աստղերը մնում են իրենց տեղերում, իսկ ասուպի պատկերը ջնջվում է մտքից, շփոթվում-նույնացվում է իր նմանների հետ՝ ոչ անուն ունի այլեւս, ոչ ամսաթիվ՝ մի օր մի բան փայլատակեց ու անցավ-գնաց: Կարճատեւ հեռավորության վրա՝ գերտպավորիչ, հեռանկարում՝ աննշան. այսպես առարկայական իրականությունը հաստատում է իր գերակայությունը ակնթարթային տպավորության նկատմամբ:
Կա՞ արդյոք նմանություն հասարակական երեւույթների հետ: Մասնագետների շրջանում նոր չէ պատմական, հասարակական գործընթացներում անհատի, հերոսի դերի մասին վեճը: Այն հատկապես թեժ էր 19-րդ դարում, բայց անկախ դարաշրջանից՝ կարող է հուզել ցանկացածին, ով հետաքրքրվում է պատմությամբ եւ հասարակագիտությամբ: Ո՞րն է ավելի վճռորոշ՝ անհատի՞, թե՞ զանգվածի դերը, անձի՞, թե՞ առարկայական պայմանների, հերոսի՞, թե՞ ժամանակաշրջանի, եւ ինչպե՞ս են հայտնվում, ձեւավորվում եւ դրսեւորվում պատմական հերոսներն ու հակահերոսները՝ հզոր անհատականությունները, գործիչները, որոնք իրենց հետքն են թողնում սերունդների հիշողության մեջ: Տեսական վեճը կարող է շարունակվել անվերջ, եւ թվում է՝ հարցն անպատասխան է: Սակայն տեսական պատմական գիտելիքին օգնության է հասնում հասարակական-քաղաքական գործընթացներին մասնակցելու կամ մոտիկից հետեւելու սեփական փորձը: Բազմաթիվ անպատասխան թվացող տեսական հարցեր դառնում են մատչելի եւ պարզ:
Վերջին տարիների փորձի ամփոփումը հուշում է՝ հերոսը գոյանում է իրեն շրջապատող բազմաթիվ անձանց, իր մարդկային միջավայրի ներուժի կենտրոնացումից: Իհարկե, այն անձը, որին հերոս ենք ընկալում, ինքն ունի նախնական որոշակի ներուժ, որը գերազանցում է մյուսներին, բայց եթե չլինեն տասնյակները, հարյուրավորներն ու հազարավորները՝ սեւ երկնակամարի նման, չի լինի նաեւ աստղի փայլն ու կայուն դիրքը: Ամեն մեկն այդ բազումներից, իր կարողության համապատասխան՝ անջատում եւ նվիրում է իրենից, եթե չասեմ՝ զոհաբերում է մի փոքր կտոր, որից գոյանում է «աստղային» անհատի հասարակական-պատմական կերպարը: Հերոսը, փաստորեն, որքանով որ, մի կողմից՝ վառ անհատականություն է, նույնքան էլ խմբի, հավաքականության, թիմի, զանգվածի արտացոլումն է, պատկերը, այսպես ասած՝ ներուժային դիմանկարը: Որքան հզոր է խմբի ներուժային դաշտը, այնքան ավելի վեր է կարողանում թռչել հերոսը հասարակական երկնակամարում:
Հայտնվելով բարձունքին՝ նա ունի երկու ճանապարհ: Որքան էլ տարօրինակ է, բայց հզոր անհատականության տեր հերոսն իր դիրքը կայունացնելու եւ անհատականությունը չկորցնելու համար պետք է հնարավորինս հրաժարվի իր նեղ ես-ից: Դա՝ առավելապես կարեւոր առաջնորդության հավակնություններ ունեցող անձի համար: Այլապես նրան վիճակված է ընկնող աստղի ճակատագիրը՝ արագ փայատակող, զարմանք պատճառող, բայց ժամանակավոր, մարող ու մոռացվող երեւույթի: Չնայած՝ ինչո՞ւ տարօրինակ, եթե արդեն 2000 տարի է, ինչ ասված է՝ «Որ բարձրացուցանէ զանձն՝ խոնարհեսցի՛, եւ որ խոնարհեցուցանէ զանձն՝ բարձրասցի՛» (Մատթեոս, ԻԳ, 12) («Ով որ իր անձը բարձրացնի, պիտի խոնարհի, եւ ով որ իր անձը խոնարհեցնի՝ պիտի բարձրանա»): Սա ոչ թե ինքնանվաստացման պահանջ է, այլ մանր ես-ից իրապես մեծ անհատականության վերածվելու «ճանապարհային քարտեզ»:
Հասնելով հասարակական ճանաչման եւ հերոսացման որոշակի մակարդակի՝ անհատը ենթարկվում է փորձության: Նա կանգնում է խաչմերուկի առջեւ, որտեղից բացվում են արագ սպառման՝ գահավիժման, կամ էլ իրական մեծացման՝ աստղային վիճակի կայունացման հեռանկարները: Իհարկե, հասարակական կենսագրությունն ավելի դանդաղեցված է, քան ընկնող աստղի ակնթարթային ճակատագիրը, որի պատճառով էլ հերոսի գահավիժումը որոշ ժամանակ կարող է այնքան էլ ակնհայտ չլինել: Եվ ինչպես ընկնող աստղը՝ գահավիժող հերոսն էլ մի պահ փայլատակում է եւ իր վրա ավելի ուշադրորություն հրավիրում, քան մյուսները: Ընկնող աստղը ձգում է մարդկանց, որովհետեւ մարդն ինքն իր կյանքի ավարտականությունը, սահմանափակությունն է վերապրում՝ դիտելով այն: Բայց այդ հմայքը ժամանակավոր է:
Զի բարեհաճ Կրոնիդաց մոտ
Հաճելի կյանք անցկացնելով, բախտին երկար չդիմացավ. խելակորույս հոգով տենչաց
Նա Հերային, որ կիսում է ուրախավետ անկողինը
Դիոսի հետ…Լկտիությունն անասելի մի խենթության նրան մղեց,
Եվ այդ այրը իսկույնեւեթ իրեն արժան
Յուրահատուկ պատիժ ստացավ….
Դաս է սա մեզ. հարկ է հավետ ամեն ինչում չափ պահպանել:
Անկողինը այդ անօրեն նետեց իսկույն տարփածուին
Արհավիրքի մեջ անվախճան. անիրազեկ այրն ամպի հետ մահիճ մտավ՝
Տիրանալով ախորժելի այդ կեղծիքին,
Զի Կրոնոսի դստերն իրոք խիստ նման էր այն արտաքուստ:
Ահա թե ինչ խայծ հրամցրեց նրան այնժամ ձեռքը Զեւսի՝
Չքնա՜ղ չարիք:
(Պինդարոս, «Պիթիական ներբողներ», 2, 20-35)
Ընտրելով եսակենտրոն ճանապարհը՝ հերոսը ինքնաբերաբար հակադրվում է իր նախկին խմբին: Ինքնահաստատման համար նրան պետք է, նախեւառաջ, հենց այդ խմբի ուղղությամբ հարվածել՝ բոլոր մնացած թիրախները դառնում են երկրորդական, ձեւական, ծիսական-սովորութային: Նա պատրաստ է ցանկացած դաշնիքի՝ բաց կամ քողարկված, միայն թե լուծի այդ խնդիրը: Մի անգամ ընտրելով սեփական նեղ ես-ը՝ նա այլեւս չունի նահանջի ճանապարհ, եւ անհրաժեշտաբար կանցնի բոլոր երեւակայելի եւ աներեւակայելի սահմանները՝ բարոյական, մարդկային, հասարակական: Նրա ազատությունը պատրանքային է, քանի որ չնայած նրան թվում է, թե ի՛նքն է ընտրում իր ճակատագիրը, սակայն, իրականում նրան շարժող միակ ուժը դեպի անկում տանող ձգողականությունն է:
Զարմանալիորեն՝ նա շարունակում է սնվել հենց իր նախկին խմբի ներուժից: Բայց ի տարբերություն նախկին՝ բարձրանալու ընթացքի, այժմ դա, այսպես ասած՝ բացասական սնման համակարգ է: Նախկին խմբին հարվածելու ենթագիտակցական նպատակը, բացի ինքնահաստատումից՝ պատասխան հարվածներ ստանալն է եւ դրանց ներուժով գոյատեւելը: Այլ կերպ ասած՝ նախկին հերոսը վերածվում է վամպիրի: Եթե նախկինում, ստանալով իր համար զոհողությունների գնացող կամ իրեն աջակցող խմբի ներուժը, նա կարողանում էր «վերամշակելով» դա՝ արտադրել ներուժային ավելցուկ (կամ հավելյալ արժեք՝ դրամագլխի հիմքը), որն էլ հենց նրա ու խմբի փոխհարաբերության իմաստն էր, ապա այժմ նա ի զորու չէ որեւէ բան արտադրել, այլ միայն սեւ խոռոչի պես կլանել ուրիշինը՝ առանց որեւէ փոխհատուցման:
Ի՞նչ է նշանակում սնվել նախկին խմբի հետ հակադրության հաշվին: Դա նշանակում է, որ, վերջին հաշվով, անձը խժռում է ինքն իրեն, քանի որ նրա անհատականության լայնացումը եւ հասարակական բարձրացումը պայմանավորված էր հենց խմբի հետ դրական լիցքով հարաբերություններով: Այժմ նա կռվում է սեփական իսկ անցյալի, այսինքն՝ սեփական եսի կարեւոր մասի հետ, բայց անցյալը հնարավոր չէ պոկել ու դեն շպրտել՝ այն հետապնդում է մարդուն ստվերի պես, որից ազատվելն անհնար է: Եվ ի վերջո արդեն պարզ չէ՝ ո՞րն է ստվերը, գուցե հենց ինքը մարդը վերածվում է ինքն իր ստվերի: Ինքն իրեն խժռող համակարգը, բնականաբար, չի կարող անվերջ գոյատեւել:
«Զիարդ անկավ յերկնից Արուսեակն որ ընդ առաւօտն ծագէր. անկավ յերկիր, խորտակեցաւ…Դու ասէիր ի մտի քում, ելից յերկինս….ի վերայ լերանց բարձանց հիւսիսոյ, ելից ի վեր քան զապմս: Արդ ահավադիկ ի դժոխս իջցես եւ ի հիմունս երկրի: Որք տեսանիցեն զքեզ՝ զարմասցին ի վերայ քո…» (Եսայի, ԺԴ, 12-15)
Ցավոք՝ մեր 20 տարվա պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի հերոսների բարձրացման եւ գահավիժման: Զարմանալի եւ ցավալի է նաեւ, որ նորերը ոչինչ չեն սովորում հների փորձից, եւ նույն հայկական սերիալն անվերջ կրկնվում է: Այդ ճանապարհով մեր հասարակությունը կորցնում է իրապես հզոր պոտենցիալ ունեցող անհատականությունների, որոնք վերածվում են իրենց նեղ անձնական ոխը լուծող մանր աքիլլեսիկների եւ զբաղեցնում քաղաքական մակաբույծների եւ քաղաքական խուժանի տեղը հասարակական դաշտում՝ իշխանության կողմից վերահսվող կառույցների խրախուսականների ներքո:
Եթե գոնե մի հատ հայհոյող լիներ քեզ, հույս կունենայի, որ դեռ ճամփա ունես՝ անկումից դուրս: Բայց ոնց նայում եմ՝ ամայացել է քեզ հայհոյողների դաշտը: Փոխարենն այնտեղից, ուր հայհոյանք պիտի լսվեր քո հասցեին՝ գովք է կամ չեզոք լռություն: …Այս գիշեր ընկողն աստղ տեսա աստղերով արդարված սեւ երկնքակամարում:
Սակայն այդ ամենը մեզ ի՞նչ…
Թզենու մոտ իմ Աքիլլեսը մեռավ
Եվ Այաքսն է հանգչում
Ծովի անձավների դիմաց….
….Զի դժգոհ են երկնայինները, երբ ոմն հոգին խնայելով
Չի պահում իրեն….նրա հանգույն սխալվում է ողբը
(Հյոլդերլին, «Մնեմոզինե»)
‘