‘Խմբագրական. «Պարզ բաներ. հաց ու պանիր, մեծ ծծեր» ‘

5665

Ինչպես եւ կանխատեսել ենք կամ նույնիսկ, կարելի է ասել՝ պատվիրել ենք, իշխող խմբի ներկայացուցիչները շարունակում են «ամենահիմնավոր» կերպով փաստարկել հօգուտ սահմանադրական փոփոխությունների: «Դրանք կենսական անհրաժեշտություն են», «քայլ են դեպի ժողովրդավարություն», «ամրագրված են ծրագրերում» եւ նման խիստ համոզիչ «արգումենտներին» ՀՀԿ խոսնակ Շարմազանովն ավելացրեց եւս մեկը՝ «Պարզից էլ պարզ է, որ համակարգային փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ»: Սա եւս, անշուշտ, իր լակոնիկությամբ՝ հանճարեղ եւ իր համոզչականությամբ՝ անզուգական ապացույց է. ինչո՞ւ են պետք սահմանադրական փոփոխությունները՝ որովհետեւ պարզից էլ պարզ է, որ նրանք պետք են՝ չեխովյան երգիծական հերոսների երկաթյա տրամաբանությունը վերակենդանացնող («դա չի կարող լինել, որովհետեւ չի կարող լինել երբեք») այս հիմնավորումն արժանի է, իհարկե, մտնել դասագրքերի մեջ՝ որպես ապացուցողական գիտության նոր նվաճում, ուղենիշ, ոչ բոլորին հասանելի մտքի պարզություն, ես կասեի՝ զուլալություն, անմիջականություն, գուցե նույնիսկ՝ մանկական անմեղություն: Ընկերներիցս մեկը, թերեւս՝ հենց նման պարզամտությունը նկատի ունենալով, մի անգամ գրել էր՝ «սիրում եմ ես պարզ բաներ, հացուպանիր, մեծ ծծեր», որը, կարծում եմ, սպառիչ նկարագրում է «պարզից էլ պարզ է» տիպի տրամաբանությունը:

Ի դեպ, ծիծաղում եք, բայց մի պահ պատկերացրեք, թե ի՜նչ նոր հորիզոններ կարող են բացվել մարդկային ճանաչողության առջեւ, եթե հետեւողականորեն կիրառենք Հանրապետականի առաջարկած փաստարկման նոր համակարգը: Ես կասեի՝ դա կարող էր յուրահատուկ վերադարձ ազդանշել դեպի «նախնյաց» անարատ եւ գիտությամբ չաղճատված կենցաղն ու մտածողությունը, սերունդների երազած դարձը դեպի բնություն, ուր, ինչպես հայտնի է, գայլերն ընկերություն են անում գառնուկների հետ, իսկ էգ առյուծները կաթիկ են կթում եղնյաց ձագուկների համար, եւ ուր հացպանիրն ու մեծ կրծքերը անսպառ են եւ բոլորի համար են:

Իրոք, պարզից էլ պարզ է, օրինակ, որ Արեւը պտտվում է Երկրագնդի շուրջ, յուրաքանչյուր ոք ամեն Աստծո օր կարող է դա արձանագրել որպես սեփական աչքերով տեսած իրողություն, բայց արի ու տես, որ խորամանակ ու դավադիր գիտականները, խախտելով մեր ընկալման զուլալ անմիջականությունը, հակառակն են պնդում՝ Երկրագունդն է պտտվում Արեւի շուրջ: Բայց չէ՞ որ նաեւ պարզից էլ պարզ է, որ Երկրագունդը չի կարող պտտվել, որովետեւ, եթե այն պտտվեր, ապա մեր՝ Երկրագնդի բնակիչներիս գլուխները հետը պետք է պտտվեին, բայց դա տեղի չի ունենում: Պարզից էլ պարզ է նաեւ, որ, ասենք, Լուսինը մեր հարեւան շենքի արբանյակային անտենայից ավելի փոքր է, եւ դա նույնպես երեւում է անզեն աչքով, բայց գիտուններն այս հարցում եւս վիճարկում են մարդկային զգայարաններին տրված այդ աներկբա փաստը՝ պնդելով, որ այդ Լուսինն է Վալոդ ձձյայի արբանյակային անտենայից ավելի մեծ, այն էլ՝ որքա՜ն մեծ: Ավելի զարհուրելին կա: Ասենք, պարզից էլ պարզ է, չէ՞, որ Արեւն անհամեմատ մեծ է աստղերից, բայց արի ու տես, որ այս ինքնին պարզ բանի շուրջ էլ տարակուսողներ կան՝ պարզվում է, որ անզեն աչքով երեւացող աստղերի ճնշող մեծամասնությունն անհամեմատ մեծ է մեր Արեւից, եւ հենց դրա պատճառով էլ այդ աստղերը տեսանելի են այն հեռավորություններից, որոնցում գտնվում են: Օրինակ՝ Կարիճի համաստեղության ամենավառ՝ Անտարես աստղը մոտ 1000 անգամ մեծ է Արեւից, բայց անզեն աչքի համար սովորական կարմիր կետիկ է: Իսկ որոշ հետազոտողների կողմից ամենամեծ աստղը համարվող՝ Մեծ Շան VY-ը, որը 3000 անգամ մեծ է Արեւից, ընդհանրապես տեսանելի չէ անզեն աչքի համար, հետեւաբար, եթե առաջնորդվենք հհկ-ական «պարզից էլ պարզ է» տրամաբանությամբ, ապա այդ աստղը պարզապես չկա, քանի որ պարզից էլ պարզ է, որ այն, ինչ չի երեւում, չի կարող լինել, իսկ լինելու դեպքում՝ ավելի մեծ լինել, քան Արեւը:

Պարզից էլ պարզ է, ուրեմն, իրականում մի բան. իշխող խմբի անդամները չունեն, երբեք չեն ունեցել, ու կարեւորը՝ երբեք չեն ունենա սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության որեւէ հիմնավորում, որը ոչ միայն բովանդակային տեսակետից քննարկելի, այլեւ գոնե զուտ ձեւական նվազագույն կանոնների համապատասխան կարող է լինել: Բանավեճն այս թեմայով կարելի է փակված համարել՝ առանց նույնիսկ բացման: Ընդ որում՝ կապ չունի, թե ի՛նչ տիպի փոփոխությունների փաթեթ կառաջարկվի, որովհետեւ մինչեւ որեւէ բովանդակային քննարկման անցնելը պետք է նախապես պատասխան տրվի պարզ հարցադրման՝ ինչո՞ւ է համարվում, որ հենց սահմանադրական փոփոխություններն են այսօր մեր երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման բանալին, ի՞նչն է հին սահմանադրության մեջ խանգարում այդ խնդիրների լուծմանը, եւ ինչո՞ւ է հենց այսօր սահմանադրական փոփոխությունների ժամանակը:

Հ.Գ. Անհամեստորեն հիշեցնեմ, որ նախորդ անգամ պատրաստակամություն էի հայտնել գրազ գալ ցանկացածի հետ, որ իշխող խմբի մեջ չի գտնվի եւ չի կարող գտնվել որեւէ մեկը, ով նույնիսկ զուտ ձեւական մակարդակով ի զորու լինի բերել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության նվազագույն չափանիշներին համապատասխանող հիմնավորում: Գրազիս առաջարկն ուժի մեջ է, ես հիմա էլ վստահ եմ, որ իշխող խմբի փաստարկումը երբեք չի անցնի «պարզից էլ պարզ է», «դա պետք է, որովհետեւ դա պետք է» տիպի տավտոլոգիաներից անդին:

 

Հ.Գ. 2. Ինչ վերաբերում է «ռեւանշիզմին», «օլիգարխիային», «խորհրդարանական հանրապետությանը» եւ դրանց միջեւ եղած կապին, ապա, եթե ոչինչ չխանգարի, դրանց էլ առանձին կանդարադառնաք, որովհետեւ որոշ հետաքրքիր նրբություններ այդտեղ էլ բացվում են:

Հրանտ Տեր-Աբրահամյան

 

Նախորդ հոդվածը‘Ավտովթար Արշակունյաց պողոտայի և Գ.Նժդեհի փողոցի խաչմերուկում’
Հաջորդ հոդվածը‘Ընդամենը 2 խոսք Սարգսյան-Ուորլիք հանդիպման մասին ‘