‘
Ինչքան մոտենում ենք աշնանը և եվրոասոցացման հարցում առկա դեդլայնին, իշխանական քարոզչությունը ձեռք է բերում ավելի սուր արտահայտված պարանոիդալ դրսևորումներ: Հրահանգը պարզ է. աշխատել երկու հիմնական ուղղություններով: Այն է՝ բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով դրական կերպարի ներքո ներկայացնել Արևմուտքը, եվրոպական հանրությունը, ասոցացման համաձայնագիրը և նրա հետևանքները, Սերժ Սարգսյանի վարած «եվրոպականացման» քաղաքականությունը, և մյուս կողմից էլ՝ քողարկված կամ անսքող հակառուսական տրամադրություններ շաղ տալ հասարակությունով մեկ: Ու քանի որ պատվիրատուն առանձնապես հիմնավորվածության կողմնակից չէ, այլ, մեծ մասամբ՝ շուխուռի, իրական խնդիրներից (այդ թվում՝ նաև բարդագույնը համարվող արտաքին քաղաքական) հասարակության ուշադրությունը շեղելու և աղմուկի մեջ բանական մտքերը խլացնելու, պատվերն էլ ի կատար է ածվում նույն տրամաբանությամբ: Իհարկե, տասը հրապարակման արանքում արմնյուզներն ու լրագիրները խցկում են մի քննադատական հրապարակում, որպեսզի անհրաժեշտ պահին այն ներկայացնեն որպես իրենց «անկախության» երկաթյա ալիբի:
Եվ այսպես, «անկախ» մամուլը մեզ փորձում է հրամցնել, թե ասոցացման պայմանագրի կնքումից հետո Հայաստանն անճանաչելի երկիր կդառնա: Ընտրությունները Հայաստանում չեն կեղծվի (երևի պայմանագրով կետ կա, որը կպարտադրի եվրոպացի դիտորդ/չինովնիկներին՝ մտածել, իսկ Սերժ Սարգսյանի ռեժիմին՝ վարակվել դեմոկրատիայի ազգանպաստ վիրուսով), կվերանա կոռուպցիան (այս դեպքում պայմանագրում պետք է լինի կետ, որ ենթադրում է այս վարչախմբի խմբակային ինքնասպանություն, որովհետև ստիպել Սերժ, Սաշիկ, Տիգրան Սարգսյաններին, Վովա Գասպարյանին, Տարոն Մարգարյանին և մնացածներին՝ կոռուպցիոն մեխանիզմների, մոնոպոլիաների, օֆշորային փողլվացումների միջոցով չհափշտակել պետական, մասնավոր և հանրային ռեսուրսները՝ նույնն է, թե ստիպեն չշնչել): Որ Հայաստանում կձևավորվի մրցակցային տնտեսություն (տես՝ նախորդ բացատրությունը): Եվ այսպես շարունակ: Զուգահեռաբար՝ Ռուսաստանի դեմոնիզացիա: Նաև դեմոնիզացիա բոլոր նրանց, ովքեր հորթային հրճվանք չեն ապրում նրանց այս եվրոհեքիաթասացությունից:
Ավելի ողբերգական իրավիճակ դժվար թե լիներ: Ողբերգական, որովհետև վարչախմբի այս քարոզչությունն ի ցույց է դնում ծանրագույն քաղաքական իրավիճակում հայտնված Հայաստանի գործող իշխանության քաղաքական մերկությունն ու վտանգավոր տգիտությունը, ինչպես նաև նրան ծառայող հասարակական, լրատվական միավորների հակահայաստանյան, բառիս բուն իմաստով՝ հակապետական գործնեությունը:
Ինչ պիտի լիներ փոխարենը: Նախևառաջ, նույն այդ «անկախ» լրատվամիջոցները պետք է պահանջեին վարչախմբից՝ հրապարակայնացնել ԵՄ ասոցացման համաձայնագիրը (ասոցացման համաձայնագիրը ստորագրել պատրաստվող մյուս հետխորհրդային երկրներում իրենց համաձայնագրերը հրապարակված են և հանձնված հասարակությունների դատին): Այլ ոչ թե գովաբանեին մի փաստաթուղթ, որի բովանդակությանը տեղյակ չեն: Փաստաթուղթ, որի մեկ ստորակետը Հայաստանի համար կարող է ճակատագրական նշանակություն ունենալ:
Դառնալով այս քարոզչության պատվիրատուներին՝ անհրաժեշտ է արձանագրել հետևյալ փաստերը: Վարչախումբը խուսափում է.
— հասարակությանը ներկայացնել, թե ինչ համաձայնագիր է բանակցել ԵՄ պատասխանատուների հետ
— ներկայացնել, թե որքանով են հաշվարկված այս համաձայնագրի կնքման քաղաքական հետևանքները Հայաստանի համար
— ներկայացնել, թե ինչպիսի ազդեցություն է այն ունենալու ղարաբաղյան հակամարտության վրա
— ասել՝ արդյո՞ք համաձայնագիրն ունենալու է բացասական ազդեցություն հայ-ռուսական հարաբերությունների (ասել է թե՝ անվտանգության համակարգի) վրա, եթե այո, ապա ինչպիսի՞:
Այս փաստերը բարձրաձայնողներն ու հարցադրումներն առաջ քաշողները իշխանական քարոզչության կողմից անմիջապես որակվում են ռուսամետներ, Հայաստանի ժողովրդավարացման դեմ հանդես եկող ուժեր (երկաթյա՛ տրամաբանություն): Նրանց անհնար է բացատրել, որ
— քաղաքականության մեջ բարեկամներ ու թշնամիներ չկան, այլ կան շահեր (անկախության 23 տարում այս աքսիոման պետք է որ ամոթ լիներ գրելը)
— որ կտրուկ քաղաքական շրջադարձեր կատարում են այն պահին, երբ ուժեղ են, երբ չեզոքացված են անվտանգության, տնտեսական ոլորտների խոցելի կետերը, որոնք կարող են լծակ հանդիսանալ երկրի վրա անհամաչափ ճնշում բանեցնելու համար
— որ նման շրջադարձերում առնվազն չպետք է կորցնել այն, ինչ երաշխավորված ունես (տվյալ պարագայում՝ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը և անվտանգության համակարգը) և ճամփա ընկնել մշուշոտ երաշխիքների ուղղությամբ
— որ պետք է ամեն գնով խուսափել գերտերությունների՝ մեր երկրի ուղղությամբ կտրուկ շարժումներից, անկախ նրանից՝ մենք նրան համակրում ենք, թե ոչ, այն ժողովրդավար է, թե բռնապետական:
Վստահաբար կարելի է պնդել, որ Սերժ Սարգսյանի պարագայում այս հարցերի պատասխանները տրված չեն: Ավելին, ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի եվրոպական հիվանդությունը պայմանավորված է միմիայն մեկ նպատակով՝ ամեն գնով պահել իշխանությունը: Ներքին լեգիտիմության փոխարեն՝ ստանալ արտաքինը (հաջող փորձ արդեն կա՝ հայ-թուրքական հակապետական արձանագրությունները): Ստորագրել համաձայնագիրը, ստանալ փող, դա էլ հափշտակել ինչպես նախկինները, հանգիստ սրտով կեղծել ընտրությունները և հնարավորինս երկարացնել իր իշխանությունը: Թքա՛ծ, թե ինչ կլինի Ղարաբաղի հետ: Թքա՛ծ, որ միայն այս տարի Հայաստանից արտագաղթել է Ղարաբաղի բնակչության չափ քաղաքացի:
Հ.Գ. Արևմտամետ, թե ռուսամետ՝ քաղաքական օրիենտացիայի և հարակից այլ թեզերի մասին լավագույնս արտահայտվել է Հայաստանի առաջին նախագահ, կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ անցյալ տարվա վերջին ունեցած իր ելույթներից մեկում: Ելույթի տեսանյութը՝ ստորև:
‘