‘
Հայ իրականության հակասություններից՝ «անհայրենասիրության» մեջ մեղադրվող, «ապազգային» պիտակավորվող իշխանության օրոք ունեցանք մեր նոր պատմության միակ շոշափելի ռազմական հաղթանակը եւ տարածք կորցնելու փոխարեն՝ պահեցինք եւ ազատագրեցինք: Իրականում, իհարկե, այստեղ ոչ մի հակասություն չկա. հակասական է ոչ թե իրականությունը, այլ դրա ընկալումներն ու անվանումները, հատկապես՝ հայրենասիրության եւ ազգայինի հարցում:
Նոր չպիտի բացահայտենք, որ մեզանում հայրենասիրությունը շփոթվում է հայրենասիրական ճոռոմ ճարտասանության, նաեւ՝ որպես հայրենասեր ինքնահռչակման հետ: Ընդհանրապես՝ ինքնահռչակումը շատ բնորոշ է մեր իրականությանը՝ ունենք ինքնահռչակ գործիչների, քաղաքագետների, վերլուծաբանների, հրապարակախոսների մի ամբողջ բանակ, բայց ամենաէժան եւ ձեռնտու տարբերակն, իհարկե, «հայրենասեր» լինելն է: Աշխարհի ամենաձեռնտու բաներից է դա, որովհետեւ՝ ա. կարելի է առանց որեւէ պատասխանատվության ճառել եւ պահանջել, ասենք, Միացյալ Հայաստան՝ հենց հիմա եւ հենց այսօր (պահանջի իրականանալիությանը հավատալ պարտադիր չէ), կամ պատերազմ հայտարարել Անգլիային (Թուրքիային, Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Վրաստանին, Սոմալիին) ժամը 5-ին, բ. բողոքել աշխարհի՝ ընդհանրապես, եւ ամեն առանձին վերցված ազգի անարդարությունից եւ նենգությունից հայերիս նկատմամբ, միաժամանակ հուզվել որեւէ արտասահմանցու կողմից հայերին «պուպուշ» ասած կամ արած ցանկացած խոսքից եւ գործողությունից, գ. ժամանակ առ ժամանակ խիստ ուսուցչական տոնով խրատալից ճառեր կարդալ նաեւ հայ ժողովրդի գլխին, որից «հայրենասերը» միշտ մի քիչ կամ շատ դժգոհ է, որովհետեւ ժողովուրդը երբեք չի համապատասխանում հայրենասերի բարձր պահանջներին՝ «ծախու է», «ստրուկ է», «անկիրթ է», «վախկոտ է» եւ այլն, դ. «Հայրենասեր» լինելը բացարձակապես խոչընդոտ չէ Հայաստանը լքելու, հայերեն չխոսելու, հայատառ չգրելու, հայոց պատմությունից անտեղյակ լինելու համար՝ այդ ամենը նույնիսկ ինչ-որ տեղ խրախուսելի է, քանզի փոքր տարածքով եւ նեղմիտ ժողովրդով բնակեցված հայրենիքն առավել հաճախ չի համապատասխանում հայրենասերի մեծ եւ լայնախոհ ոգու պահանջներին, ե. «հայրենասիրությունը» թույլ է տալիս լավամարդ լինել, զ. նաեւ՝ հաճախ եկամտաբեր է:
Պարզ է, իհարկե, որ այս ամենն իրական հայրենասիրության հետ կապ ունի այնքանով, որքան սպիտակ արջը կապ ունի Աֆրիկայի ջունգլիների հետ: Հայրենասիրության այս կերպը նոր չէ՝ այն ձեւավորվել է նախորդ դարերում հայաշատ գաղութներում, բուն Հայաստանից դուրս եւ հեռու, սկզբում, գուցե՝ որպես միամիտ եւ անկեղծ դրսեւորում, հետագայում կայացել է որպես հայ կյանքում գերակայող մտավոր եւ քաղաքական հոսանք, իսկ վերջերս վերածվել է «շուստրի» բիզնեսի կամ էլ «անմոռուկներ լցնենք Վանա լիճը՝ թուրքերի ինադու» այլասերված անհեթեթության: Զարմանալի չէ, որ «հայրենասերների» ղեկավարությամբ հայ ժողովուրդը միայն կորցրել է հայրենիքի հատվածները եւ անհամար զոհեր տվել (խոսքն, ի դեպ, միայն քաղաքական միավորների մասին չէ, այլ լայն հասարակական հոսանքի, թե չէ «հայրենասերը» սիրում է պատասխանատվությունից պլստալ՝ մեղքը միայն կուսակցությունների վրա բարդելով): Զարմանալի չէ նաեւ, որ այս տիպի «հայրենասիրությունն» անխնա շահագործվել է արտաքին ուժերի կողմից՝ հանուն իրենց շահերի եւ ի հաշիվ Հայաստանի եւ հայ ժողովրդի:
Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ծանր օրեր սկսվեցին «հայրենասերի» համար՝ հասկանալի պատճառներով: Բայց պատերազմից հետո վերադարձան «հայրենասերի» երանելի ժամանակները: Թերեւս, հոգու խորքում նա չկարողացավ ներել «ապազգային» իշխանությանը, ինչպես եւ «անկիրթ» ժողովրդին, որ այս անգամ ամեն ինչ ավարտվեց ոչ թե հայերի զանգվածային կոտորածներով, տեղահանությամբ եւ տարածքային հերթական կորուստներով, այլ անվիճելի ռազմական հաղթանակով, եւ այդ ամենն՝ առանց «հայրենասերի» մասնակցության: Եվ «հայրենասերը» ստեղծեց «պատահական» հաղթանակի տեսությունը՝ իբր դա տեղի է ունեցել առանց պետության իմացության, նույնիսկ՝ հակառակ պետության կամքի, ինչպես նաեւ՝ ի հեճուկս «անկիրթ» հրամանատարների: Այսօր, ստանալով պետական հովանավորություն, այդ վարկածը վերածվել է պատմության կեղծման պաշտոնական եւ անխնա մեխանիզմի: Մարդկանց թվում է, որ դրանով նրանք վնասում են 90-ականներին իշխանության եղած ուժին եւ անձանց, բայց չեն հասկանում, որ իրականում խնդիրը շատ ավելի լուրջ է՝ հարված է հասցվում պետության հեղինակությանը՝ ամենազգայուն կետերից մեկում:
Իրո՛ք, եթե լուրջ ենք ընդունում «ռազմական հաղթանակները տարվել են առանց երկրի բարձրագույն իշխանության իմացության» տեսակետը, ապա Արցախյան պատերազմը վերածվում է խուժան քուչի կռվի՝ անղեկավար, տարերային մի գործընթացի, պատահական արդյունքով, որը հետեւանք էր ոչ թե մտածված քաղաքական եւ ռազմական կամքի, այլ ինչ-որ գաղտնի դավադրության կամ էլ հեքիաթային հրաշքի: Հայաստանի Հանրապետությունն էլ մի անիմաստ կազմավորում էր, որի քաղաքական գլուխը տեղյակ չէր իր քթի տակ տեղի ունեցող ռազմական գործողություններից, եւ որին հնարավոր էր խաբել տնայնաբույծ խորամանկությունների միջոցով: Սա արդեն ոչ թե պատմություն է, այլ ծաղրանկար: Հայ ժողովուրդը կարող է եւ պետք է հպարտանա, որ ծանրագույն պայմաններում իր մեջ գտավ արագ եւ արդյունավետ քաղաքական եւ ռազմական կազմակերպման ներուժ, բայց նրանից ուզում են խլած լինել դա եւ ներշնչել, թե դարերի ընթացքում իր միակ խոշոր եւ կայուն ռազմական հաղթանակն ընդամենը պատահականության եւ դավերի արդյունք էր: Դե բնական է, որ հայ «հայրենասերին» նման խնդիրները չհետաքրքրեն՝ ո՞ւմ դարդն է կտրվել մտածել պետության հեղինակության մասին, եթե կա ինքնահաստատման եւ դատարկաբանության խրախուսելի եւ լայն ասպարեզ:
Այն, որ ռազմական հաղթանակները չեն կարող ձեռք բերվել քաղաքական կամքից անկախ եւ դուրս, ավելորդ է հերթական անգամ հիշեցնել: Ռազմական տեսության մեծ գիտակ եւ մասնագետ լինել պետք չէ՝ իմանալու համար թեկուզ Կլաուզեւիցի դասական սահմանումը՝ «պատերազմը քաղաքականության շարունակությունն է»: Պատերազմները վարում, հաղթում կամ պարտվում են պետությունները, իսկ ծայրահեղ դեպքում, եթե տվյալ ժողովուրդը պետություն չունի՝ պետության սաղմն իրենց մեջ կրող կազմակերպությունները: Ռազմական ոլորտը երբեք չի եղել եւ չի կարող լինել լիովին ինքնաբավ, անկախ, այլ միշտ մասն է կազմել քաղաքականության: Եթե մեկ ճակատամարտում հնարավոր է հաղթել զուտ ռազմական հմտության շնորհիվ, ապա պատերազմական հաղթանակներն անհնար են առանց պետական քաղաքականության: Սրանք պատմական աքսիոմատիկ դրույթներ են, բայց, իհարկե, սրանք էլ «հայրենասերի» հետաքրքրության ոլորտում չեն, քանզի հակասում են նրա շահերին: «Հայրենասերը» պետք է, բացի ամենից, իր ենթագիտակցական վրեժը լուծի հայկական հաղթանակից, եւ նա դա անում է իրեն հասու բոլոր՝ թույլատրելի եւ անթույլատրելի միջոցներով:
Բացի հակագիտական լինելուց եւ պետության հեղինակության հետ խաղալուց, պատահական հաղթանակի «հայրենասիրական» վարկածը նաեւ պարզապես ծիծաղելի է եւ ինքնահակասական: Այսպես, օրինակ, «հայրենասերը» 90-ականների Հայաստանի բոլոր եղած եւ չեղած թերությունների պատասխատուն համարում է այն ժամանակվա իշխանությանը (եղած թերությունների մասով դա, անշուշտ, արդար մոտեցում է), բայց, մյուս կողմից՝ նույն ժամանակաշրջանի ակնհայտ նվաճումները, որոնց շարքում՝ ռազմական հաղթանակը, համարում է պետական քաղաքականության հետ կապ չունեցող, պատահականության արդյունք: Ստացվում է ինքնահակասող պատկեր. եթե իշխանությունը պատասխանատու է թերությունների համար, ուրեմն՝ դա բավականաչափ ուժեղ իշխանություն է եղել, որը վերահսկել է երկիրը, եւ որի քաղաքականությունն ազդեցություն է ունեցել: Բայց եթե պատկերացնում ենք, որ հաղթանակը ռազմի դաշտում տեղի է ունեցել նույն այդ իշխանության կամքին հակառակ, ապա դա կարող էր լինել միայն այն դեպքում, երբ իշխանությունը չափազանց թույլ էր, իրական ազդեցություն չուներ, ձեւական էր եւ այլն: Հետեւաբար՝ պետք է ընտրել կա՛մ մեկը, կա՛մ մյուսը: Կա՛մ իշխանությունը եղել է ուժեղ եւ պատասխանատու, հետեւաբար՝ նրանն են ե՛ւ թերությունները, ե՛ւ ձեռքբերումները, կա՛մ էլ իշխանությունը թույլ էր եւ անպատասխանատու, եւ այդ դեպքում՝ ո՛չ թերություններն են նրանը, ո՛չ էլ հաջողությունները: Էլ չեմ ասում այն մասին, որ թույլ իշխանությամբ երկրները կարող են պատերազմ հաղթել միայն հայ «հայրենասերի» արթմնի երազներում, բայց ոչ երբեք իրականության մեջ: Չեմ խոսում նաեւ այն մասին, որ միայն նույն արթմնի երազներում են հնարավոր ռազմական գործողություններ՝ առանց համապատասխան փաստաթղթային ձեւակերպման, այլ կերպ ասած՝ առանց հրամանների, եթե, իհարկե, խոսքը պատերազմի, այլ ոչ թե քուչի կռվի մասին է: Իսկ եթե ընդունենք, որ պատերազմի փոխարեն հենց քուչի կռիվ ենք ունեցել, ապա, այդ դեպքում էլ պետք է հասկանանք, որ քուչի կռվի մակարդակով գործերը վարելու դեպքում երբեք չէինք ունենա ռազմական հաջողություն:
Ակներեւ է, ուրեմն, Արցախյան պատերազմում մեր հաղթանակի խորհուրդը, դրա ուղերձը, որն անհրաժեշտ է հիշել Շուշվա ազատագրման հերթական տարեդարձի նախօրեին: Հաղթանակը պետական, իրատեսական, իրապես ազգային, հայաստանակենտրոն քաղաքական գծի հետեւանք էր՝ առաջին անգամ մեր նոր պատմության մեջ ազգային գործերը ղեկավարվեցին «հայրենասիրական» կաղապարին հակառակ ոճով, եւ անմիջապես արդյունք ունեցանք: Եվ այս առումով, պատերազմական հաղթանակի խորհդանիշ դարձած Շուշվա գրավումը ճիշտ հակապատկերն է 100 տարի առաջ տեղի ունեցածի, որը ոչ միայն արդյունքը, այլեւ գագաթն էր հայոց պատմության մի ամբողջ դարաշրջան կազմող «հայրենասիրության»: Զարմանալի է, բայց փաստ. հայ «հայրենասերը» ձգտում է Հայաստանն ազատել եւ հայկական հարցը լուծել «աշխարհով», այսինքն՝ իրականում «աշխարհաքաղաքացի է»՝ «կոսմոպոլիտ». Հայաստանն իր իրական ներուժով երբեք նրա չափով չէ, իսկ «ազգադավն» ու «կոսմոպոլիտը» նրա համար նա՛ է, ով գործում է՝ հենման կենտրոն ունենալով Հայաստանն ու Հայաստանի ներուժը, որը թեեւ համեստ է, բայց ճիշտ օգտագործման դեպքում բավական է՝ լուրջ հաջողությունների հասնելու համար:
Հրանտ Տեր-Աբրահամյան
‘