‘Խմբագրական. Սարդարապատը եւ 1918-ի Հայաստանը. կա՞ր արդյոք այլընտրանք’

2732

Մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը սկսվեցին կռիվները թուրքերի կողմից նախորդ օրը գրավված Սարդարապատ գյուղի եւ երկաթուղային կայարանի ուղղությամբ: Լույսը բացվելուց հետո՝ ամսի 22-ին, կռիվները թեժացան եւ ծավալվեցին ամբողջ ճակատով: Ամբողջ օրը տեւած համառ կռիվներից հետո թուրքերը երեկոյան կողմ նահանջեցին, եւ մերոնք ընդհուպ մոտեցան մի թեւով գյուղին, իսկ մյուսով՝ կայարանին: Մութն ընկնելու հետ կռիվը դադարեց, իսկ 23-ի առավոտյան պարզվեց, որ թուրքերը լքել են իրենց դիրքերը եւ նահանջել հյուսիս՝ Արաքս կայարանի ուղղությամբ: Հայկական զորքերը մտան Սարդարապատ, իսկ հաղթանակի լուրն ուղարկվեց Երեւան: Երկու օր անց՝ ամսի 25-ին, սկսվեց հայերի հարձակումը Արաքս կայարանի եւ շրջակա բարձունքների ուղղությամբ: Ամսի 25-ի եւ 26-ի կռիվերը վճռական արդյունք չտվեցին, բայց մայիսի 27-ին հայերը նոր հաղթանակ տարան, եւ թուրքերը, թողնելով դիրքերը, նահանջեցին դեպի Ալեքսանդրապոլ (ներկայիս՝ Գյումրի):

Սա է Սարդարապատի գործողության կարճ նկարագրությունը: Այս ճակատամարտի գնահատման առումով մեր պատմագիտությունը չի սխալվում՝ այն իրոք հնարավորություն տվեց հայրենիքի մի փոքր հատվածում ապագա, այդ թվում՝ այսօրվա Հայաստանի միջուկ ձեւավորել:

Սարդարապատի ճակատամարտի պայմանները

Սարդարապատի կռիվներից մի քանի օր անց կնքվեց Բաթումի հաշտությունը Հայաստանի եւ Օսմանյան կայսրության միջեւ, որով ճանաչվեց անկախ Հայաստան՝ ընդամենը 10.000 կմ2 տարածությամբ: Հաշտության մասին լուրերը Երեւան հասան հունիսի 2-ին, եւ դրա դեմ տեղի ունեցան ժողովրդական ցույցեր, շատերը նույնիսկ չէին հավատում հաշտության մասին տեղեկություններին՝ համարելով դրանք թուրքական խորամանկություն: Բացի այդ՝ հույս կար, որ հայկական զորքերը, նոր հարձակման անցնելով, պետք է ազատագրեն նաեւ Ալեքսանդրապոլն ու Շիրակի դաշտը, որի մասին կոչ էր արձակել գեներալ Սիլիկյանը, եւ որը պետք է, ըստ այդմ, դառնար ավելի արժանապատիվ հաշտության հիմք: Ամեն դեպքում՝ Երեւանի Ազգային խորհուրդը բուռն քննարկումներից հետո ընդունեց հաշտությունը: Այսօր էլ, սակայն, տեսակետ կա, որի սկիզբը դրվեց դեռ սովետահայ պատմագիտության մեջ (այն պահից, իհարկե, երբ թույլատրելի եղավ խոսել Սարդարապատից, այսինքն՝ Ստալինի մահվանից հետո), թե կնքված հաշտությունը գրեթե մի դավաճանություն էր, եւ որ եթե չլիներ դա, ապա հայ զորքերը պետք է առաջ շարժվեին՝ ազատագրելով նորանոր տարածքներ:

Այս հարցադրումը, որն, առաջին հայացքից, սոսկ այլընտրանքային պատմության՝ այսօր մոդայիկ ժանրից է, ունի նաեւ ավելի լայն՝ պատմաքաղաքական իմաստ: Ըստ այդմ՝ արժե դա մի փոքր քննության ենթարկել, միայն թե պետք է հարցը վերցնել ավելի լայն՝ ներառելով ոչ միայն 1918-ի մայիսի վերջին օրերի, այլեւ նույն թվականի փետրվարից սկսած՝ փաստացի հայ-թուրքական պատերազմի ամբողջ պատկերը: Բնականաբար, այս քննությունը նախաձեռնելով՝ չենք հավակնում որեւէ վերջնական եւ 100 տոկոսանոց արդյունքի, այլ ընդամենը քննարկման դուռ ենք բացում:

Նախ՝ մի քանի հավելյալ խոսք բուն Սարդարապատի կռվի եւ դրան զուգահեռ ծավալվող ռազմական իրադարձությունների մասին: Սարդարապատի հաղթանակին նախորդեց ժողովրդական շարժումը Երեւանում, որի պահանջը թուրքերին դիմադրելն էր, եւ որը կարեւոր դեր կատարեց՝ բարոյալքված եւ կիսասոված զորքին, մի կողմից՝ ոգի, մյուս կողմից՝ «նյութ»՝ պարեն հասցնելով: Առանց այդ շարժման, շարունակ նահանջող զորքը հազիվ թե կարողանար դիմադրել: Բայց այսքանով հանդերձ՝ պետք է հաշվի առնել, որ ժողովրդական այս շարժումը ներառում էր, ինչպես բխում է ականատեսների վկայությունից, միայն Երեւանի, Էջմիածնի եւ Սուրմալուի գավառները, այսինքն, այսօրվա լեզվով ասած՝ մոտավորապես Արարատյան դաշտը, Աշտարակը եւ Իգդիրը: Սա արդեն, ինչ-որ տեղ՝ ոչ թե համահայկական պատերազմ էր, այլ տեղական ինքնապաշտպանական մարտեր: Օրինակ, Նոր Բայազետի ընդարձակ գավառը (Սեւանի ավազան եւ հարակից շրջաններ) չմասնակցեց կռիվներին՝ ո՛չ կամավորներով, ո՛չ էլ պարենով: Մյուս շրջաններն այդ պահին կամ արդեն գրավված էին թշնամու կողմից, կամ մեկուսացված էին, ինչպես Զանգեզուրն ու Ղարաբաղը, կամ էլ իրե՛նց կռիվն էին մղում թուրքերի դեմ, ինչպես Ապարանը: Պետք է հաշվի առնենք նաեւ, որ կռիվ մեկնող կամավորներն առանձնապես լուրջ ռազմունակ ուժ չէին, քանի որ 4 տարի տեւող պատերազմի ընթացքում ռազմունակ ուժերի մեծ մասն արդեն զորակոչվել էր բանակ. կամավորներն ավելի շատ բուն զորքին ոգի տվողներ էին, քան կռվողներ: Բացի այդ, որքան էլ ժողովուրդը պարեն հասցներ զորքին, դա չէր կարող վերածվել մշտական համակարգի՝ ոչ բնակչության պարենն էր անսպառ, ո՛չ էլ ոգեւորությունը: Է՛լ ավելի լուրջ էր փամփուշտի խնդիրը, որի պաշարները սպառվելու վրա էին. մինչ այդ թուրքերի կողմից գրավված շրջաններում մերոնք կորցրել էին ռազմական պաշարների հսկայական քանակ, որը կուտակված էր այնպիսի կարեւոր կետերում, ինչպիսիք էին Էրզրումի, Կարսի, Ալեքսանդրապոլի բերդերը: Սրանք առարկայական պայմաններն էին Սարդարապատի ճակատում, տեսնենք, թե ի՛նչ կար մյուսներում:

Ղարաքիլիսայի մոտ հայերի պարտությունը

Սարդարապատին զուգահեռ՝ ծավալվեցին ճակատամարտեր Ապարանի եւ Ղարաքիլիսայի (Վանաձորի) մոտ: Ապարանում փոփոխական բախտ ունեցող մի քանի օրվա կռիվներից հետո հայերին հաջողվեց, ի վերջո, պարտության մատնել թշնամուն, հետ գրավել կորցրած դիրքերը եւ պատրաստվել նոր հակահարձակման: Նկատի ունենենք, սակայն, որ Ապարանի ճակատում գործում էին երկու կողմից էլ երկրորդական, ոչ մեծաքանակ ուժեր:

Ղարաքիլիսայում մարտի ելքն այլ էր: Այստեղ գտնվում էին հայկական զորքերի գլխավոր ուժերը, որոնք ղեկավարում էր Հայկական կորպուսի հրամանատար, գեներալ Նազարբեկյանը: Այս ուղղությամբ էր նահաջել նաեւ Անդրանիկն իր զորքերով: Մայիսի 24-ին մերոնք անցան հակահարձկման՝ ոգեւորված Սարդարապատի հաղթանակի լուրերով, եւ 25-26-ի կռիվներում հաջողության ունենալով՝ հետ գրավեցին մինչ այդ թողած Ղարաքիլիսան: Մայիսի 27-ին ծրագրված էր հարձակում Համամլուի (Սպիտակի) ուղղությամբ, սակայն դրա փոխարեն՝ մերոնց համար անակնկալ հակահարձակման անցան թուրքերը, եւ ծավալված մարտերում հայերը խոշոր պարտություն կրեցին՝ նորից թողնելով Ղարաքիլիսան եւ անկանոն նահանջելով:

Մայիսի 29-ի դրությամբ Ղարաքիլիսայի ճակատում հայկական զորքը լիովին կազմալուծված էր. զինվոր չէր մնացել՝ բոլորը փախել էին տարբեր ուղղություններով, փախել էր նաեւ սպաների մի մասը: Սպաների մյուս մասը, ամսի 29-ին այցելելով Դիլիջանում գտնվող Նազարբեկյանին՝ վերջնագիր են ներկայացնում նրան՝ թուրքերի հետ հաշտություն կնքել ամեն գնով: Նազարբեկյանը մերժում է այդ վերջնագիրը եւ բացառապես սպաներից բաղկացած «զորքին» հրամայում է պահել դեպի Դիլիջան տանող ճամապարհները, իսկ ինքը Կորպուսի շտաբով նահանջում Ախտա (Հրազդան): Այս ուղղությամբ, ուրեմն, մայիսի վերջի դրությամբ հայկական բանակ գոյություն չուներ, եւ Դիլիջանով Երեւան ճանապարհը փաստացի բաց էր թուրքերի առաջ: Դա նշանակում է, որ դեպի Ալեքսանդրապոլ գրոհող երեւանյան զորքի թիկունքը լինելու էր խիստ վտանգված:

Ղարաքիլիսայի պարտության մասին մեր այսօրվա պատումները սովորաբար շրջանցում են մերոնց պարտությունը եւ խայտառակ փախուստը՝ անորոշ կերպով միայն նշելով, թե հայկական զորքերը թողեցին Ղարաքիլիսան հերոսական մարտերից հետո:

Քաղաքական քաոսը 1918-ի սկզբին

Հիմա դիտենք ավելի ընդհանուր պատկերը՝ 1918-ից սկսած: Սարդարապատի ճակատամարտը պատերազմի վերջին գործողությունն էր միայն՝ պատերազմ, որի ընթացքում 3 ու կես ամիս հայերը միայն շարունակ պարտություններ, կորուստներ ու նահանջներ են ունեցել այն պահից, երբ առաջին համաշխարհայինի ռուս-թուրքական ճակատը, ռուսական զորքերի ինքնակամ նահանջից հետո, մնաց բացառապես հայերի պաշտպանության հույսին: Պետք է վերհիշենք այն քաղաքական եւ ռազմական իրավիճակը, որի շրջարկում տեղի էին ունենում մերոնց շարունակ պարտություններն ու նահանջը:

Որեւէ պատերազմ քննելիս, նախ, պետք է հաշվի առնել քաղաքական, ապա միայն՝ բուն ռազմական իրավիճակը: Իսկ քաղաքական առումով 1918-ին Անդրկովկասում կատարյալ քաոս էր, ոչ միայն իրադարձությունների, այլեւ մտքերի:

Նախեւառաջ, բացակայում էր քաղաքական ղեկավարում՝ ծրագիր եւ դրա իրագործման կամք. ոչ ոք չէր կանխատեսել իրավիճակը եւ չուներ այդ իրավիճակում գործելու որեւէ «պլան Ա» կամ «Բ»: Անդրկովկասյան քաղաքական վերնախավը՝ ռուսական մտավորականության ծոցից ելած եւ այդ խավին բնորոշ մտածողության կրող, բացարձակապես ի զորու չէր ոչ միայն համարժեք քայլերի, այլեւ իրավիճակի համարժեք իսկ գնահատման (խոսքն, իհարկե, ընդհանուրի մասին է, այլ ոչ թե որոշ անհատների, որոնք կարող էին բացառություն լինել): Իսկ ինչ վերաբերում է Անդրկովկասի երեք հիմնական ժողովուրդների միջեւ ծագած տարաձայնություններին, ապա դրանց մասին ավելորդ է հիշեցնել իսկ: Տեղական թուրքերը կանխատեսելիորեն համակրում էին իրենց հավատակից եւ ազգակից տաճիկներին (չնայած հայ հեղինակները սիրում են շինծու զարմանքով եւ վրդովմունքով բողոքել «նենգ» թուրքերից, կարծես որեւէ մեկը սպասում էր, թե նրանք պետք է հանուն Անդրկովկասի վերացական շահերի կռվեն օսմանյան բանակի դեմ): Վրացիները, որոնց մերոնք նույնպես սիրում են մեղադրել «նենգության» մեջ, սպասողական դիրքում էին: Նրանք, ի տարբերություն հայերի, չունեին սեփական զինված ուժ, ի վիճակի չէին կռիվ մղել թուրքերի դեմ, նույնիսկ՝ եթե ցանկանային (վրացիների կողմից թուրքերի դեմ կռվելու կարճ փորձն ապրիլին պսակվեց կատարյալ խայտառակությամբ): Նրանք կուզենային, իհարկե, զերծ մնալ օսմանյան տիրապետությունից եւ չզիջել թուրքերին Վրաստանի մասերը, բայց դա կախված էր բացառապես հայերի զինված դիմադրության հաջողությունից: Դրա բացակայությամբ, ակնհայտ է, որ վրացիները պետք է «դավաճանեին» հայերին եւ թուրքերի հետ լեզու գտնեին, մանավանդ, որ վերջիններս մտադիր չէին վրացիներին իսպառ բնաջնջել:

Ինչ վերաբերում է մասնավորապես հայերին, ապա ոչ միայն միասնական անդրկովկասյան, այլեւ փաստացի միասնական հայկական քաղաքական կամք գոյություն չուներ, չնայած՝ կային հայկական գործերը ղեկավարող Թիֆլիսի Ազգային խորհուրդը եւ տեղական գործերի պատասխանատու մյուս խորհուրդները: Հայկական քաղաքական վերնախավի համար ստեղծված իրավիճակը նույնպես բացարձակապես անկախատեսելի էր, եւ գործողության ծրագիր նա չուներ: 1918-ի բոլոր որոշումներն ընդունվել եւ իրագործվել են ստիպողաբար՝ կամ առարկայական գործոնների, կամ էլ թուրքերի անմիջական թելադրանքով: Միակ բացառությունը հենց Երեւանի Ազգային խորհուրդն էր եւ նրա՝ Սարդարապատում ճակատամարտ տալու որոշումը, որը որոշակի հաջողություն բերեց, բայց, ինչպես տեսանք, այնպիսի պայմաններում, երբ արդեն սպառման եզրին էին նույնիսկ առկա չնչին ռեսուրսները: Այն էլ Սարդարապատը տեղական՝ երեւանյան որոշում եւ գործ էր, որից Թիֆլիսում նույնիսկ տեղյակ չէին: Չերկարացնենք. պարզ է, որ այս քաղաքական իրավիճակը գրեթե բացարձակապես անհույս էր որեւէ պատերազմի բարեհաջող ավարտի համար:

Ռազմական անհույս իրավիճակը

Բուն ռազմական իրավիճակն էլ պակաս վատը չէր: Պետք է հասկանալ, թե ի՛նչ է նշանակում համաշխարհային պատերազմի ռուս-թուրքական ճակատ՝ իրապես պատկերացնելու համար, թե ի՛նչ բեռ ընկավ հայերի վրա: 1917-ի աշնան դրությամբ միայն բուն ճակատում կար 100. 000 ռուսական զորք, իսկ ընդհանուր Ասիական կոչված թատերաբեմում ռուսներն ունեին 600.000 հասնող զինված ուժեր: Ռազմական թատերաբեմը ոչ միայն բուն կռվող զորքերն են, այլեւ դրանց կենսագործունեությունն ապահովող մի ամբողջ բարդ համակարգ՝ մատակարարման, պարենավորման, բժշկական եւ այլ ենթակառուցվածքներով: Երբ այս ամբողջը կայծակնային արագությամբ փլվեց, ինչո՞վ կարող էին հայերը, որոնք Կովկասում, ռուսներից բացի՝ միակ կազմակերպված ռազմունակ ուժն էին (չհաշված ավազակային սկզբունքով կազմակերպված թուրքերին ու քրդերին) լցնել գոյացած բացը: Մեծ հաշվով՝ չնչին ուժերով: Այս պահին ընդհանուր թվեր, ցավոք, չունեմ ձեռքիս տակ, բայց խոսքն, ասենք, ճակատի յուրաքանչյուր կարեւոր կետում մի քանի հազար կռվողների մասին է: Բայց նույնիսկ քանակն այդքան էական չէ: Հայկական զորքի ոգին ցածր էր՝ դասալքության տրամադրությունը վարակել էր զորմասերի զգալի մասին: Յուրաքանչյուր նահանջ միայն ամրապնդում էր այդ տրամադրությունը: Նույն Երեւանի Ազգային խորհդի կոչերը դասալքության դե՝ առանձնապես արդյունք չէին տալիս՝ դատելով այդ կոչերի շարունակ կրկնությունից: Դասալիքների դեմ գործադրած խստությունները նույնպես առանձնապես արդյունավետ չէին:

Շատ կարեւոր է նաեւ, որ հայերը չունեին ամուր եւ կայուքն թիկունք: Թե՛ Արեւմտյան, թե՛ Արեւելյան Հայաստանի բնակչության մի զգալի, իսկ որոշ կարեւոր կետերում՝ մեծ մասը կազմող թուրքերն ու քրդերը սաստկացնում էին իրենց խռովությունները տաճկական առաջխաղացմանը զուգահեռ: Իսկ դա նշանակում է, որ չափազանց դժվար էր բուն ճակատում կենտրոնացնել նույնիսկ եղած ուժերը: Նման թիկունքով պատերազմ վարել հազիվ թե կարողանար նույնիսկ ուժեղ մի պետություն, էլ ուր մնաց պետությունից զուրկ եւ քաղաքական կենտրոնացված եւ հստակ ղեկավարում չունեցող մի ազգ:

Բայց եթե նույնիսկ մի պահ պատկերացնենք, որ այս բոլոր խնդիրները չկան (եթե կարելի է այստեղ օգտագործել «խնդիրներ» «անմեղ» բառը), եւ վերցնենք միայն զուտ ճակատի գիծը: Ի՞նչ կարող էր անել մի որեւէ բանակ այստեղ: Ճակատը պահելու համար պետք էր, նախ, պահել Էրզրումը: Էրզրումի անկմամբ՝ գրեթե ամբողջ Արեւմտյան Հայաստանը, նվաճված ռուսների կողմից, անհրաժեշտաբար ընկնում էր թուրքերի ձեռքը: Թերեւս միայն Վանը հնարավոր լիներ պահել, բայց այն էլ՝ միայն ամուր թիկունք ունենալու պայմանով, այն է՝ Իրանական Ադրբեջանը (Ատրպատականը), նաեւ՝ Նախիջեւան, Իգդիր, Բայազետ, Ալաշկերտ շրջանը հիմնովին վերահսկելու պարագայում, ինչը հայերն այդ պահին, բնականաբար, չունեին եւ չէին կարող ունենալ: Ենթադրենք՝ հայկական զորքն ի վիճակի է ուժեղ կենտրոնացման եւ մեծ ջանքերի գնով պահել Էրզրումը, բայց կա Էրզրումի ճակատի հյուսիսային թեւը՝ Տրապիզոնը եւ Սեւ ծովի հարավային եզերքը, որը պահելու համար հայերը ո՛չ զորք, ո՛չ էլ քաղաքական նախադրյալ ունեն: Այդ շրջանը պետք է պահեին վրացիները, որոնք ո՛չ նորմալ զորք, ո՛չ էլ քաղաքական հստակ կամք ունեին դա անելու: Տրապիզոնը գրավելով եւ դեպի Բաթում շարժվելով՝ թուրքերը ստիպելու էին իքս պահին հայերին լքել Էրզրումը՝ նույնիսկ առանց կռվի: Ուրեմն՝ ռազմական վիճակը պակաս բարդ չէր քաղաքականից:

Այլընտրանքի հնարավորությունը

Ի՞նչ կարող էր անել այս պայմաններում որեւէ հայկական քաղաքական ղեկավարություն, եթե պատկերացնենք, որ այդպիսին կար եւ բավականաչափ գիտակցություն, կամք եւ զորություն ուներ խնդիրներն արագ լուծելու: Նախ՝ նա պետք է արագ հասկանար եւ ընդուներ, որ Արեւմտյան Հայաստանը պահել եղած պայմաններում՝ անհնարին է, եւ եղած ուժերը պետք է կենտրոնացնել գոնե Արեւելյան Հայաստանի պահպանման համար՝ 1914-ի ռուս-թուրքական սահմանով: Դրա համար պետք էր դատարկել Արեւմտյան Հայաստանը հնարավորինս կազմակերպված նահանջի ձեւով՝ կետային զինված դիմադրություն ցույց տալով առաջացող թուրքական զորքին: Նահանջը, միեւնույն է, տեղի ունեցավ, միայն թե ոչ թե նախապես ընդունված որոշմամբ եւ կազմակերպված ձեւով, այլ անխուսափելի պարտություններին հետեւած բարոյալքման եւ անկազմակերպության պայմաններում՝ ծանր մարդկային եւ ռազմական կորուստներով: Նախապես ընդունված որոշման եւ կազմակերպված նահանջի դեպքում կորուստների զգալի մասից կարելի էր խուսափել՝ պահպանելով դիմադրության ռեսուրսը:

Քաղաքական իմաստով՝ պետք է ընդունվեր թուրքերի հետ հաշտվելու՝ այդ պահին միակ հնարավոր նպատակը: Համաշխարհային պատերազմը շարունակվում էր, եւ դրանում թուրքերի պարտության հնարավորությունը, եթե նայենք 1918-ի մարդու աչքերով, բավականին մեծ էր, բայց միայնակ մնացած հայ ժողովուրդը միայն իր ուժերով չէր կարող դիմադրել օսմանյան բանակին, հետեւաբար՝ պետք էր ժամանակավոր հաշտություն՝ մինչեւ համաշխարհային պատերազմի ելքը: Այդ հաշտությունը նույնպես, միեւնույն է, անհրաժեշտաբար կնքվեց, միայն թե՝ շատ ծանր պայմաններով հայերիս համար: Եթե հենց սկզբից մենք հասկանայինք հաշտության անխուսափելիությունը եւ դրա վրա կառուցեինք մեր քաղաքականությունը, ապա այդ ծանր պայմանների մի մասից հնարավոր էր խուսափել:

Անդրկովկասյան համադաշնության վրա որեւէ հույսից պետք էր ոչ պաշտոնապես հրաժարվել եւ թուրքերի հետ հաշտվելու քաղաքականությունը վարել անմիջականորեն հայ-թուրքական ձեւաչափով: Միեւնույն է՝ հայերը Անդրկովկասի միակ ռազմունակ ուժն էին, հետեւաբար՝ մեր եւ թուրքերի հաշտության պայմանները պարտավորեցնող էին լինելու մյուսների համար: Այդ դեպքում արդեն ոչ թե մենք կողբայինք՝ բողոքելով «նենգ» վրացիներից, որոնք սեպարատ հաշտություն կնքեցին, այլ վրացիները կողբային՝ բողոքելով նենգ հայերից, որոնք, ի հաշիվ Վրաստանի՝ խաղաղություն կնքեցին թուրքերի հետ: Կարծում եմ՝ ողբի այս տարբերակը շատ ավելի հաճելի կլիներ մեր ականջին այսօր: Իսկ եթե լուրջ, ապա հաշտությունը, որպես առաջնային եւ հստակ քաղաքական նպատակ հենց սկզբից չձեւակերպելով մեզ համար՝ մենք քաղաքական առաջնային դիրքն Անդրկովկասում կամովին զիջեցինք վրացիներին, մինչդեռ հաշվի առնելով մեր ռազմական առավելությունը վրացիների եւ տեղացի թուրքերի նկատմամբ՝ այդ դիրքը մերը պետք է լիներ:

Թուրքերի հետ հաշտություն կնքելու համար պետք էր ճակատի առավել հարմար կետում կազմակերպել տեւական եւ լուրջ դիմադրություն: Առանց դրա, իհարկե, հաշտությունը գրեթե անհնար կլիներ: Այդպիսի հարմար կետ պետք է լիներ, անշուշտ, Կարսի բերդը: Եթե մեր նահանջը դեպի Կարս լիներ, ոչ թե ստիպողաբար եւ պարտությունից հետո, այլ ծրագրավորված եւ կազմակերպված, եթե այդտեղ հնարավոր լիներ կենտրոնացնել ճակատով մեկ ցրված ուժերը՝ չվատնելով դրանք անհույս դիմադրության վրա Արեւմտյան Հայաստանում, ապա, հենվելով բերդի ամրությունների եւ ռազմական պաշարի վրա, կարելի էր քիչ թե շատ տեւական դիմադրություն կազմակերպել՝ ապահովելով ամուր դիրքեր թուրքերի հետ բանակցություններում:

Այդ դեպքում արդեն կարիքը չէինք ունենա նաեւ «ղզիկ» արդարացումների, թե «ուխտադրուժ» վրացիները Կարսը հանձնեցին թուրքերին, իսկ «պուպուշ», բայց այդ պարագայում, մեղմ ասած, նաեւ բավականին «ապուշ» դիրքում հայտնված հայերը ստիպված ենթարկվեցին վրացիների «ոչ լեգիտիմ» հրամանին (հրամանի օրինականությունն, իրոք, վիճելի է, որովհետեւ դա արձակող գեներալ Օդիշելիձեն այդ պահին, ըստ որոշ աղբյուրների, չուներ դրա լիազորությունը): Որ դա այդպես կարող էր լինել, անուղղակիորեն հաստատվում է գեներալ Նազարբեկյանի հուշերով, որը գրում է, թե եթե ինքը վստահ լիներ, որ մեր զորքերը կպահեն Կարսը, ապա, չէր ենթարկվի բերդաքաղաքը հանձնելու հրամանին: Գուցե Նազարբեկյանն այստեղ պոստֆակտում արդարանում է, բայց, համենայն դեպս՝ նրա հուշերի այդ դրվագը, հաստատում է, որ չենթարկվելու տարբերակ կար: Այս պարագայում մեր հաղթանակը կարող էր լինել ոչ թե Երեւանի մատույցներում՝ Սարդարապատում, այլ Արեւելյան Հայաստանի սրտից՝ Արարատյան դաշտից շատ ավելի հեռու՝ Կարսում, հետեւաբար եւ՝ հաշտության պայմանները շատ ավելի տանելի կարող էին լինել, քան դա եղավ իրականում՝ Բաթումում՝ դրա բոլոր հետեւանքներով հանդերձ (օրինակ՝ չէր լինի 1918-19-ի սովը, որը Հայաստանից խլեց ավելի շատ բնակչություն, քան բուն պատերազմը):

Ամփոփում

Իհարկե, այս ամենը միայն պատմական այլընտրանքային տարբերակ է, որը հեշտ է շարադրել թղթի վրա, բայց հարյուրապատիկ ավելի բարդ կլիներ իրագործել, եւ նույնիսկ այս իրագործման դեպքում հաջողությունը երաշխավորված չէր: Պետք կլիներ նաեւ կենտրոնացված քաղաքական ղեկավարում՝ ռազմական դիկտատուրայի ձեւաչափին մոտ: Բայց, համենայն դեպս, սա, կարծես, միակ խելքին մոտիկ տեսական հնարավորությունն է, որ կարելի է պատկերացնել հայերիս համար 1918-ին՝ հեռու «խուժան» ուռա-հայրենասիրությունից, անպատասխանատու ճարտասանությունից, պատերազմի մասին «տնգում ենք առաջ» պատկերացումներից, եւ քաղաքական լացակումած ողբերից՝ հայոց սեւ բախտի ու նենգ թուրքերի ու վրացիների մասին:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. Դեմ ենք հոսանքի գնաճին: Կդորըմ մարդ եղեք’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Հոսանքի թանկացման հարցը կարող է միավորել ընդդիմադիր ուժերին ‘