‘
Վազգեն Սարգսյանի «Հացի փորձություն» վիպակը հիշեցի…
Առիթը ներքոգրյալ հայտարարությունն էր, որ պատահաբար կարդացի արյունը երակներում սառեցնող gerezman.com անվամբ կայքում. «Կյանքն անհնար է գնել, այն անգին է, բայց միշտ էլ կարելի է պահպանել այն տեղը, որտեղ թաղված է Ձեր հարազատ մարդը, եւ դրանով իսկ երկարացնել նրա կյանքը ժառանգների հիշողության մեջ: ԵԹԵ ԴՈՒՔ ԱՊՐՈՒՄ ԵՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ (ընդգծումն իմն է – Լ.Ճ.), բայց Ձեր սիրտը լցված է անսահման սիրով այն մարդկանց նկատմամբ, ովքեր արդեն Ձեր կողքին չեն, բայց ում հիշատակը դեռ կենդանի է, եւ դուք մասնագետների հետ գործ ունենալու փորձ ունեք, Դուք կարող եք մեր մոտ պատվիրել ցանկացած տեսակի շինարարական, վերականգնողական եւ գերեզմանների խնամքի հետ կապված այլ ծառայություններ Հայաստանում Ձեզ հարազատների գերեզմանների համար» (տեքստը` ինչպես որ կա- Լ.Ճ.):
Ինչու՞ հիշեցի «Հացի փորձությունը»: Այս վիպակը պատմություն է մի գյուղի մասին, որտեղ մարդ է մահացել, բայց… գերեզմանափոր չկա: Պատճառն արտագաղթը չէ, ոչ էլ` տղամարդկանց աղետալի պակասությունը, պարզապես այդ գյուղի տղամարդիկ գերեզման փորելն անպատվաբեր գործ են համարում` պա՛հ, էդ էր պակաս: Սիրում եմ Վազգենի այս գործը եւ կարդալիս էլ եմ շատ տխրել, ամեն անգամ հիշելիս` նույնպես:
Եվ չէի կարող անգամ երեւակայել, որ երեսունից ավելի տարի հետո` մի քանի տողանոց «կաղ» գրագիտությամբ այս խեղճուկրակ տեքստը շատ ավելի մեծ ցավ կպատճառի ինձ, քան տաղանդավոր արձակագրի գրչով ստեղծված «Հացի փորձությունը», որտեղ հանգուցյալն անթաղ մնալու նզովքին դեմ հանդիման է հայտնվել…
Հիմա ե՛ւ ուղղակի, ե՛ւ անուղղակի իմաստով գերեզման փորողներ ունենք` որքան ուզենք: Հիմա իրենց հարազատներին վերջին հրաժեշտ տվողներն ու նրանց գերեզմանները խնամողներն են աղետալիորեն պակասել: Եվ պատճառն այն չէ, որ մեծամտացել են ու Վազգեն Սարգսյանի գրքի հերոսների նման` իրենց պատվից ցածր են համարում գերեզման փորելն ու խնամելը. բոլորս էլ գիտենք, որ մեր ժողովուրդը քաղցած կմնա, անշոր-անկոշիկ կմնա, անտուն կմնա, բայց իր հարազատին դեպի հավերժություն կճանապարհի ինչպես հարկն է, հաճախ նույնիսկ` ցուցադրական եւ տհաճ «շքեղությունների» ուղեկցությամբ: Եվ միայն մի դեպքում «կմոռանա» խնամել իր հարազատի վերջին կացարանը` եթե ֆիզիկապես է բացակայում երկրից, ինչն էլ հենց ընդգծված է վերոգրյալ հայտարարության մեջ:
Տպավորություն չստեղծվի, որ մեղադրում եմ այս գործը նախաձեռնողներին: Հակառակը` շնորհակալ պետք է լինենք, որ թեկուզեւ փող աշխատելու նպատակով` ինչ-որ մարդիկ պատրաստ են այլոց հոգու պարտքն իրենց ուսերին առնել (պարզից պարզ է` եթե պահանջարկ չլիներ, առաջարկ նույնպես չէր լինի): Խնդիրն այն է, որ այս հայտարարությունն ամենախոսուն ու աղաղակող վկայությունն է, որ Հայաստանում իրոք արտագաղթի չափերը ազգային անվտանգության սահմանագիծը հատել են, ինչի մասին ահազանգում է ընդդիմությունը, իսկ հանցագործ իշխանությունները թեթեւացած շունչ են քաշում. «Հա, բա ի՞նչ եք ուզում. մնաք Հայաստանում, որ հեղափոխություն անե՞ք»:
Եվ այս չարագուշակ փաստի ֆոնին` այնքան ճղճիմ ու անհեթեթ են թվում ոմանց ճռճռան քննադատական վերլուծություններն ընդդեմ այն քաղաքական ուժերի, որոնք պնդում են, որ Սերժիկ Սարգսյանի իշխանությունը Հայաստանի գերեզմանափորն է դարձել, եւ սրանց հեռացման անհրաժեշտությունը քննարկելի չէ:
Լիզա Ճաղարյան
‘