‘
Ոչ բարդ լրագրողական հետաքննությունը պարզեց, որ Երեւանի փողոցների կարմիր գծանշումներ իրականացնող «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունը պատկանում է Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջը։ Կա նաեւ հանրահայտ մի ճշմարտություն, այնքան հանրահայտ, որ արձանագրել է նույնիսկ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը, այն է՝ Հայաստանում բոլոր իշխանավորներն իրենց ունեցվածքն ու բիզնեսները ձեւակերպում են հարազատների, ընկերների, ընդհուպ՝ զոքանչների անուններով։ Այսինքն՝ մեզ մնում է կատարել ուղեղային եւս մի ոչ բարդ գործողություն եւ հասկանալ, որ կարմիր գծանշումներով վճարովի այդ ավտոկանգառների իրական տերը Սերժ Սարգսյանն է, այս անգամ՝ ոչ թե Սաշիկի կամ Միշիկի դեմքով, այլ «մանկության ընկերոջ»։
Ընդամենը մի 3 տարի առաջ մեքենայի վրա մի տեխզննման ծախս էր կատարվում։ Երեք տարում դրան ավելացել են ԱՊՊԱ-ն, արագաչափերը, խաչմերուկների տեսախցիկները, հիմա՝ կարմիր գծանշումները։ Այսինքն՝ երեք տարում մեքենայի համար կատարվող տարեկան ծախսը քառապատկվել է։ ԱՊՊԱ-ից ստացած շահույթը 15 միլիոն դոլարից ավելի է։ Արդեն հաշվարկված է, որ ֆիքսված արագաչափերի շնորհիվ վերջին մեկ տարում վարորդներից գանձվել է ավելի քան 7 միլիոն դոլար։ Մոտավորապես այդքան էլ կազմած պետք է լինեն խաչմերուկներում տեղադրված տեսախցիկների արձանագրած այլ կարգի խախտումների տուգանքները։ Նվազագույն հաշվարկներով՝ այս նոր՝ վճարովի ավտոկանգառների տարեկան եկամուտը կկազմի ավելի քան 15 միլիոն դոլար։ Բայց դրամական այդ միջոցների միայն 30%-ն է, որ պետք է մտնի բյուջե, մնացածը, արդեն հայտնի մեխանիզմով, մտնում է որեւէ իշխանավորի գրպանը։
Ինչպես դժվար չէ կռահել արդեն արված կարմիր գծանշումներից, որպես վճարովի կանգառ՝ կարող են գծանշվել Երեւանի բոլոր փողոցները։ Եթե «կարմիրների» այդ արշավանքի դեմ պայքարը հաջողություն չունենա, թող ոչ մեկը չկասկածի, որ մի տարի հետո նույն կերպ գծանշվելու են նաեւ բակերը։ Իսկ եթե լուրջ խոչընդոտներ չդրվեն, ապա սաշիկական հզոր ֆանտազիան կարող է այնտեղ հասնել, որ կարմիր գծանշումները կմտնեն շենքերի մուտքերը, բնակարաններ, ննջասենյակներ….
Ինչպես գիտենք, իշխանությանը դեռ մեկ տարի առաջ հայտնի էր, որ գազը թանկանալու է, որ դրա հետ կապված լինելու են զանազան այլ ապրանքների ու ծառայությունների թանկացումներ։ Հայաստանում այս ամենը կարող է էական նշանակություն չունենալ բնակչության 1%-ից շատ պակաս՝ ունեւոր մի շերտի համար։ Հասարակության մեծագույն մասը դրա հետեւանքով եւս մի անգամ դժվարանալու է նոր պայմաններում լուծել «ծայրը ծայրին հասցնելու» խնդրը։ Շատերի համար էլ դա պարզապես դառնալու է անհնար։
Ս. Սարգսյանի օրոք, նույնիսկ ըստ պաշտոնական վիճակագրության, ավելի քան կրկնապատկվել է բնակչության աղքատության տոկոսը։ Նույն շրջանում խաղաղ պայմաններում աղետալիորեն աճել է արտագաղթի ծավալը, եւ այս տարի, արդեն ակնհայտ է, որ կարձանագրվի ամենաբարձր ցուցանիշը՝ մոտենալով 100.000-ի։ Դա շատ ավելին է, քան եղել է անգամ ԽՍՀՄ-ի փլուզման եւ պատերազմի տարիներին։ Իշխանությունը կանգնած է արտաքին-քաղաքական ծանր ու պատասխանատու խնդիրներ լուծելու անհրաժեշտության առաջ, ինչի համար վստահության գեթ նվազագույն մի պաշար պիտի ունենա երկրի ներսում։ Այս ամենի հանդիման՝ մարդկային եւ քաղաքական տարրական տրամաբանությունը հուշում էր, որ իշխանությունը պետք է ամեն ինչ աներ, որ գեթ գազի հետ չկապված ոլորտներում չավելանար հասարակության ծախսային բեռը, չխորանար աղքատությունը, չկրկնապատկվեին առանց այդ էլ բարձր աստճանի հասած դժգոհությունն ու ատելությունը։ Չէ՞ որ համընդհանուր զայրույթը կարող է հանգեցնել զանգվածայն անվերահսկելի ընդվզման, անկառավարելի «սոցիալական բունտի», ինչի առաջին թիրախը, հաշվեհարդարի առաջին առարկան կլինի ատելի ռեժիմն իր պարագլուխներով։ Ս. Սարգսյանն ու նրա ղեկավարած վարչախումբը չունե՞ն այս մտավախությունը։
Ունեն։ Գուցե եւ ավելի, քան կարելի է պատկերացնել։ Պարզապես՝ բոլորովին այլ, ոչ մարդկային եւ ոչ քաղաքական է ավազակապետական այս համակարգի ինքնապահպանման ներքին տրամաբանությունը, ավելի ճիշտ՝ բնազդը։ Իսկ դա բխում է իշխանության ձեռքբերման մեթոդից։ Իրենց ձեռք բերած իշխանության աղբյուրը այդ հասարակությունը, այդ ժողովուրդը չէ։ Այդ իշխանությունը ձեռք է բերվել դավով ու բռնությամբ (Հոկտեմբերի 27, Ապրիլի 12, Մարտի 1), խաբելով (կեղծ ընդդիմություններ), փողով (ընտրակաշառք)։ Այդ կերպ ձեւավորված ռեժիմը չի կարող մտածել հասարակական հնարավոր զայրույթը մեղմել՝ օրինականությամբ, արդարությամբ, կենսամակարդակի բարձրացմամբ, արժանապատիվ կյանքի ապահովմամբ նրան սիրաշահելով։ Նման իշխանությունը պահելու մեկ ձեւ կա. հնարավորինս հյուծել, կազմալուծել, վհատեցնել, ստորացնել, մարդկային ու ազգային արժանապատվությունից զրկել հասարակությանը, ժողովրդին, այնպես ու այնքան, որ նա ի զորու չլինի երբեւէ մտածել այնպիսի բաների մասին, ինչպես Սահմանադրությունը, դրանով իշխանության՝ իրեն վերապահված իրավունքը։
Այսինքն՝ այն ամենը, ինչը հաճախ որպես ընչաքաղցության, չտեսության, անհագ ու անվերահսկելի կողոպուտի դրսեւորումներ են ներկայանում, նաեւ հենց ինքնապահպանման այն միակ միջոցն են, որին ապավինում է ավազակապետությունը։ Սա է թանկացումների վերջին տարափի եւ կողոպուտի այլեւայլ ձեւերի գործադրման քաղաքական իմաստը։ Դա բնազդական հակազդեցությունն է իշխանությունը կորցնելու վախին։ Որքան այդ վախն ավելի մեծանում է, այնքան, որպես փրկության խարիսխ, հասարակությանը կողոպտելու, ունեզրկելու, անելություն մատնելու, արտագաղթի մղելու նորանոր միջոցներ են գտնվում ու գործադրվում։
‘