‘Խմբագրական. Սերժական քարոզչական ամալգամա’

1980

Արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու այն հանգամանքին, որ աշնանը սպասվելիք քաղաքական զարգացումներին ընդառաջ՝ իշխանական քարոզչությունն իր հոգեպահուստից հանել է ու փոշիներից ու ժանգից մի թեթեւ մաքրելով՝ հասարակությանը (հայ, բայց նաեւ ռուս) ներկայացրել  իր հին ու բարի նաղլներից մեկը՝ «արեւմտամետ» ընդդիմության մասին, որը պատրաստվում է «նարնջագույն» հեղափոխություն անել Հայաստանում, այս անգամ՝ ուկրաինական սցենարով: Չնայած այս թեմայով մեր վերջին հրապարակումներից քիչ ժամանակ է անցել, բայց նույն թեման շարունակում է զարգացվել, եւ հատկապես ռուսական մամուլում նոր նյութեր են հրապարակվել (պատվիրվել Հայաստանից), որոնք զարգացնում են դավադրական այս տափակ տեսությունը: Պարզ է, ուրեմն, որ եղածը ոչ թե պատահականություն է, այլ ծրագրված տեղեկատվական արշավ, հետեւաբար՝ ստիպված ենք ոչ միայն եւս մեկ անգամ անդրադառնալ թեմային, այլեւ փորձել մի փոքր ավելի մոտիկից ծանոթանալ դրա տեխնոլոգիային եւ քաղաքական իմաստին՝ ինչո՞ւ հենց այսօր նորից «բուսնեց» «արեւմտամետ ընդդիմության» առասպելը, եւ ի՞նչ ռեցեպտով  է պատրաստվում իշխանական քարոզչական այդ կծու «բլյուդը»:

Հեղափոխական տրիբունալի ռեցեպտները

Ռեցեպտը, որով թխվում է Հայաստանում «արեւմտամետ» հեղափոխության սպառնալիքի մասին քարոզչական «բոբոն», բավականին հին է, եւ կարող է նկարագրվել դեռեւս Ֆրանսիական հեղափոխության շրջանից ժառանգված, բայց հատկապես ստալինյան քաղաքական դատավարությունների ընթացքում առավել վառ դրսեւորված «ամալգամա» եզրով: Ի՞նչ է ամալգաման: Տարբեր գիտություններում՝ քիմիայում, հանրահաշվում եւ այլն՝ տարբեր երանգներով, բայց ընդհանուր իմաստը տարասեռ երեւույթների, նյութերի միաձուլումն է: Քաղաքական բառարանի մեջ նույնպես կարող է տարբեր նշանակություններով օգտագործվել, որոնցից մեկն, ինչպես նշեցինք, գալիս է Ֆրանսիական հեղափոխության շրջանից եւ ավելի ստույգ նշանակում է՝ քաղաքական դատավարության, հետապնդման կամ պիտակավորման մի տեսակ, որի շրջանակներում տարբեր, իրար հետ կապ չունեցող եւ հատկապես իրար հակադիր քաղաքական դիրքերի տեր անձինք եւ խմբեր պաշտոնական մեղադրանքի կամ քարոզչության կողմից միավորվում են մտացածին դավադիր դաշինքների մեջ:

Քաղաքական-իրավական ամալգամայի կնքահայրը համարվում է յակոբինյան դիկտատուրայի շրջանում՝ 1793-94 թթ., Հեղափոփոխական տրիբունալի հասարակական մեղադրող (տրիբունալի փաստացի ղեկավար) Ֆուկյե-Տենվիլը: Նրա մեթոդը մոտավորապես հետեւյալն էր. օրինակ՝ պետք էր դատապարտել այս կամ աչքի ընկնող, հեղինակավոր հեղափոխական գործչին, որն ընդդիմանում էր դիկտատուրային այս կամ այն հարցում կամ ինչ-ինչ պատճառներով խանգարում էր յակոբինյան պարագլուխներին (մեղադրվողը հենց ինքն էլ կարող էր յակոբինյան լինել, դա էական չէր): Այդ նպատակով «թխվում էր» մի մեծ դավադրություն, որի մասնակիցն էր, իբր, տվյալ հեղինակավոր հեղափոխական գործիչը, իսկ որպես դավադրության մյուս մասնակիցներ՝ «բացահայտվում» էին, ասենք, մի երկու հակահեղափոխական միապետականներ, մեկ-երկու լրագրող, մի երկու մաքսանենգ եւ այլն: Արդյունքում ընդդիմացած հեղափոխական գործիչը վարկաբեկվում էր՝ որպես հակահեղափոխականների եւ քրեական տարրերի հետ կապի մեջ մտած մեկը, հենց ինքը հայտարարվում էր հակահեղափոխական եւ դատապարտվում մահապատժի: Այսինքն՝ ամեն կոնկրետ նման դատավորության նպատակը այս կամ ազդեցիկ գործչի վերացումն էր, բայց քանի որ ուղիղ քաղաքական մեղադանքով նրան չէին կարող դատապարտել, հորինվում էր լայն դավադրություն, որի մեջ «մտնում էին» իրար հետ որեւէ կապ չունեցող, իրար հակադիր տարրեր, որոնց հարցերն էլ լուծվում էին «ձեռի հետ»՝ ըստ հանգամանքների:

Դաշնակ տրոցկիստները եւ անգլո-գերմանա-ճապոնական շպիոնները

Այս նույն սկզբունքով 1930-ականների երկրորդ կեսին գծվում էին ստալինյան հայտնի դատավարությունները, որոնց տեխնոլոգիան, որպես տիպիկ ամալգամա՝ առաջինը վերլուծել եւ բացահայտել է Լ. Տրոցկին հենց նույն ժամանակաշրջանում իր հոդվածներում: Ստալինյան դատավարությունների ժամանակ, որոնք ուղեկցվում էին նաեւ լայն քարոզչական արշավով, մեկ մտացածին դավադրության շրջանակներում միացվում էին, օրինակ, բոլշեւիկյան կուսակցության նախկին երկու, իրար հակադիր՝ աջ (բուխարինական) եւ ձախ (տրոցկիստական) թեւերի ներկայացուցիչները, նաեւ՝ այդ նույն երկու թեւերի անդամների հետապնդումներում աչքի ընկած ՆԳԺԿ (НКВД) բարձրաստիճան պաշտոնյաները եւ այլն, եւ այլն, որոնց ներկայացվում էին ամենածայրահեղ, անհեթեթ եւ նույնիսկ մեկը մյուսին հակասող մեղադրանքներ: Ասենք, հին հեղափոխականները մեղադրվում էին հակահեղափոխական ծրագրեր եւ սպիտակգվարդիականների հետ կապեր ունենալու մեջ, կամ նույն անձը կարող էր ներկայացվել որպես միաժամանակ մի քանի երկրների, ասենք՝ Գերմանիայի, Ճապոնիայի եւ Անգլիայի գործակալ եւ այլն: Այս նույն «տրամաբանությամբ» Հայաստանում մարդկանց մեղադրում էին միաժամանակ տրոցկիստ եւ դաշնակ, այսինքն՝ ծայրահեղ ձախ բոլշեւիկ ինտերնացիոնալիստ եւ միաժամանակ՝ հայ ազգայնական լինելու մեջ եւ այլն: Առավել հատկանշական է այս առումով, այսպես կոչված՝ 3-րդ Մոսկովյան դատավարությունը (1938 թ.), ուր որպես մտացածին «աջ-ձախ» դավադիր դաշինքի անդամներ՝ դատապարտվեցին Բուխարինն իր համախոհներով (աջ), մի քանի հայտնի տրոցկիստներ (ձախեր), ՆԳԺԿ-ի ղեկավար Յագոդան, մի քանի բժիշկներ, Ուզբեկստանի Կոմկուսի նախկին ղեկավարներ (որպես ազգայնականներ) եւ այլն: Բնական է, որ այս դատավարությունների սցենարը գծող Ստալինը հրաշալի հասկանում էր, որ նման քաղաքական դաշինքներ եւ դավադրություններ ո՛չ եղել են, ո՛չ էլ կարող են լինել, բայց նրա տեսակետից՝ նպատակը՝ քաղաքական նախկին մրցակիցների վերացումը, սովետական վերնախավի զտումը հին կադրերից, արադարցում էր միջոցը՝ ամալգամայի մեթոդով սարքված մեղադրանքներն ու հակաքարոզչությունը:

Թիրախը՝ Տեր-Պետրոսյանն է եւ ընդդիմադիր Քառյակը

Ահա, ուրեմն, ճիշտ նույն ամալգամայի սկզբունքով Հայաստանի իշխանության կողմից թխվում է «արեւմտամետ» ընդդիմության դավադրության «գործը»: Ճիշտ է, մեր դեպքում խոսքը ոչ թե քաղաքական դատավարության, այլ քարոզչական արշավի մասին է, բայց դա էական տարբերություն չէ, մանավանդ որ նշվածս պատմական օրինակներում էլ խոսքը ոչ միայն դատավարությունների, այլ նաեւ քարոզչության մասին էր:

Այսպես՝ համադրելով մի քանի հրապարակումների տվյալները՝ ստանում ենք սերժական ամալգամայի հետեւյալ սցենարը: Մեկ դավադիր դաշինքի մեջ միավորված են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սերժ Սարգսյանի իսկ հովանու ներքո գործող «արեւմտամետ» լրատվամիջոցները (անունները չեմ տալիս՝ բոլորդ էլ հասկանում ենք՝ որ լրատվամիջոցների մասին է խոսքը), նաեւ նույն ԶԼՄ-ներում ակտիվորեն հանդես եկող գործիչները (օրինակ՝ Իգոր Մուրադյանը), ապա անկախ համարվող փորձագետները (ասենք՝ Ռիչարդ Կիրակոսյանը), հայտնի ՀԿ-ների ղեկավարները (ասենք՝ Բորիս Նավասարդյանը), նույնիսկ ՊՆ-ին կից Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Քոթանջյանը, քաղաքական գործիչներից՝ Արթուր Բաղդասարյանը եւ …. ընդդիմադիր Քառյակի անդամ կուսակցությունների ղեկավարները կամ դրանցում բարձր դիրք գրավողները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննսիյանը: Իհարկե, հայկական իրականությանը ծանոթ ցանկացած մեկի համար պարզ է, թե այս բոլոր տարբեր անձանց միավորելը ի՜նչ աստիճանի անհեթեթություն է: Բայց ամալգամայի սկզբունքն էլ հենց այն է, որ անհեթեթության աստիճանը ոչ միայն կարեւոր չէ, այլեւ պարտադիր մասն է կազմում «գործի»: Փույթ չէ՛, որ նշված անձանցից մի քանիսը հենց Սերժ Սարգսյանի թիմից են (եթե բոլորին մի կողմ թողնենք, հենց Տիգրան Սարգսյանի անունը տալն ամեն ինչ արժե), փույթ չէ՛, որ ծայրահեղ արեւմտամետ դիրքերից հանդես եկող ԶԼՄ-ները հենց իշխանության կողմից են վերահսկվում եւ իշխանական քարոզչության գործին են լծված, փույթ չէ՛, որ նույն այդ ԶԼՄ-ները, ինչպես նաեւ անկախ համարվող փորձագետները, հենց ընդդիմադիր Քառյակին, այդ թվում՝ նույն Տեր-Պետրոսյանին եւ ԲՀԿ-ին մեղադրում են ռուսամոլության, երկիրը ռուսին ծախելու մեջ՝ այդ ամենը հենց ամալգամայի տեխնոլոգիայի հարազատ մասն է, ճիշտ այնպես, ինչպես փույթ չէր, որ ՆԳԺԿ պետ Յագոդան կաշվից դուրս էր գալիս՝ «մերկացնելու» համար բուխարինականներին եւ տրոցկիստներին, իսկ նույն Բուխարինը ժամանակին կաշվից դուրս էր գալիս, որ մերկացնի Տրոցկու «հակասովետական» բնույթը. բոլորը միասին, ի վերջո, դատապարտվեցին նույն հոդվածով:

Ուրեմն, ականատեսն ենք դասական քաղաքական ամալգամայի, որի իրական թիրախն, անշուշտ, «մեղադրական» ակտի մեջ նշված՝ ընդդիմադիր Քառյակի ղեկավարներն են՝ Տեր-Պետրոսյանը, Օսկանյանը, Հովհաննիսյանը, ոչ թե՝ որովհետեւ նրանք մյուսներից ավելի լավ կամ վատն են, այլ այն պարզ պատճառով, որ ամալգամայի նպատակը քաղաքական է՝ քաղաքական սպառնալիքի չեզոքացումն է, հետեւաբար՝ հենց նրա՛նք են հիմնական թիրախը, ովքեր այս պահին ակտիվ քաղաքական գործընթացի մասն են կազմում՝ անկախ մեր վերաբերմունքից այդ գործընթացին: Պարզ ասած՝ այս ամբողջ «հրաշապատումը» ստեղծվել է միայն մեկ նպատակով՝ վարկաբեկելու կամ չեզոքացնելու համար նշված գործիչների քաղաքական ակտիվությունը:

Իշխանություն պահել-չպահելու հարց

Իսկ ինչո՞ւ այս ամենը տեղի է ունենում հենց հիմա, ինչո՞ւ է հանկարծ մոռացության փոշոտ նկուղներից վերահանվում «արեւմտամետ» դավադրության անհեթեթ մեղադրանքը, ընդ որում՝ նաեւ այնպիսի մարդու նկատմամբ, որը ոչ շատ վաղ անցյալում քննադատվել էր շատերի կողմից հենց «մայդանական» սցենարի ժխտման, հակառուսական ալիքով հեղափոխություն անելու հնարավորությունը բացառելու համար: Պարզ է, որ սա մասն է սպասվելիք քաղաքական «մարտերի» նախապատրաստման, բայց միայն այդքանը փաստելը քիչ է:

«Արեւմտամետ դավադրության», «նարնջագույն հեղափոխության» եւ այդ կաղապարների շուրջ հյուսված «ամալգամայի» շրջանառության մեջ դնելը, ակտիվ քարոզչական արշավի ծավալումը պետք է ցուցիչ համարել նրա, որ իշխանությունը լուրջ վտանգ եւ սպառնալիք է տեսնում իր համար առաջիկայում: Հիշեցնեմ, որ վերջին անգամ այդ նույն սյուժեն ակտիվորեն շրջանառության մեջ էր դրվել իշխանության կողմից 2008-ին: Իշխանությունը միշտ չէ, որ շահարկել է այս վարկածը՝ այն դեպքերում, երբ ընդդիմության գործունեությունը իշխանության կողմից չի ընկալվել որպես անմիջական սպառնալիք, «նարնջագույյն հեղափոխության» վտանգի մասին  քարոզչությունը սառեցվել կամ լուսանցքային դեր է կատարել: Դրա ակտիվացումը նշանակում է, ըստ իս, ոչ թե պարզապես սպառնալիքի, այլ անմիջապե՛ս իշխանություն պահել-չպահելու հարցում սպառնալիքի գիտակցում Սարգսյանի կողմից: Բացի այդ, այս չարաբաստիկ վարկածի շրջանառության մեջ դնելը կարող է ազդարարել նաեւ ռեպրեսիվ գործողությունների նախապատրաստում եւ կիրառում՝ կախված հանգամանքներից: Ամալգամայի մեթոդը, որն, ինչպես տեսանք, իր ծագամբ կապված է քաղաքական դատավարությունների հետ, այս իմաստով, թերեւս, պատահական չի կիրառվում, եւ բացի այդ՝ հիշում ենք, որ 2008-ին նույնպես «նարնջագույն» վարկածն օգտագործվում էր նաեւ որպես քաղաքական հետապնդումները հիմնավորող թեզ: Իհարկե, նորից շեշտեմ, որ ամեն բան կախված կլինի հետագա զարգացումներից եւ այլեւայլ հանգամանքներից, բայց այն, որ խնդրո առարկա քարոզչական արշավը ցուցիչ է քաղաքական իրավիճակի սրման, կարծում եմ, փաստ պետք է համարել:

Պարզ է նաեւ, որ որեւէ եզրակացություն չի կարող արվել մեկ առանձին վերցված գործոնի վերլուծման հիման վրա միայն, եւ երբ ասում ենք, թե դատելով ամալգամայի մեթոդի կիրառումից՝ Սերժ Սարգսյանը լուրջ վտանգ է զգում իր համար, նշանակում է ոչ թե այն, որ տվյալ եզրահանգումը բխում է միայն այս նյութում վերլուծված հանգամանքներից, այլ այդ հանգամանքների իմաստավորումից ավելի լայն քաղաքական պատկերի շրջանակներում, որն այստեղ, իհարկե, չենք մանրամասնի, քանի որ բազմիցս անդրադարձել ենք այլ հրապարակումներում:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘«Լեգիա»-ն տուգանվել է ֆանատների՝ ՈՒԵՖԱ-ի մասին ցուցապաստառի համար ‘
Հաջորդ հոդվածը‘Դանիա-Հայաստան. պրոմոհոլովակ’