‘
Սերժիկ Սարգսյանի համար գրված ելույթում, որը նոյեմբերի 14-ին նա վարժ ընթերցեց Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի համատեղ զորավարժությունների ժամանակ, այս «ֆլեշմոբ» բառը նույնպես ճարճատել է` մնացյալ ճռճռան բառերի «կրակահերթում»: Ահա՛. «Նրանք մտածում էին, որ Ղարաբաղի, Հայաստանի դեմ կռվելը կարճ եւ հաճելի զբաղմունք է, ֆլեշմոբի պես մի բան` հավաքվեցինք, մի բան սարքեցինք ու ցրվեցինք: Ո՛չ, ֆլեշմոբ չի՛ լինելու»:
Մինչ կորոշակիացնենք, թե ովքեր են Սերժիկ Սարգսյանի նշած «նրանք»-ը, շատ համառոտ հիշենք, թե ֆլեշմոբն ինչ է: Սա, ուրեմն, նախապես կազմակերպված զանգվածային միջոցառում է, որը կատարվում է մարդաշատ վայրերում` արագ եւ անսպասելի, ականատեսների վրա պետք է տպավորություն թողնի, թե իբր` այս միջոցառման մասնակիցները միմյանց չեն ճանաչում, միջոցառումը ղեկավար չունի, ամեն ինչ տեղի է ունենում ինքնաբուխ եւ չի հետապնդում ֆինանսական կամ գովազդային նպատակ:
Իսկ հիմա տեսնենք, թե այս «նրանք»-ն ովքեր են, որոնց ուղղությամբ աննկուն Սերժիկ Սարգսյանը մատ է թափ տալիս, թե` հույսներդ կտրեք, ֆլեշմոբ չի լինելու: «Նրանք» ադրբեջանցիներն են, որոնք Սերժիկ Սարգսյանի ելույթից ընդամենն օրուկես առաջ` ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցեցին ԼՂՀ ՌՕՈՒ «Մի-24» ուղղաթիռը, զոհվեց ուղղաթիռի հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանը, իսկ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի ու լեյտենանտ Ազատ Սահակյանի ճակատագիրը դեռեւս անհայտ է, քանի որ ադրբեջանցիները կրակահերթի տակ են պահում այն տեղանքը, որտեղ մեր խոցված ուղղաթիռն է, որին` հենց նշված պատճառով, ըստ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, հայկական կողմն անկարող է մոտենալ:
Սերժիկ Սարգսյանի բնորոշմամբ` այս ողբերգությունն ընդամենը «ցավալի դեպք» է, ու «չնայած ցավալի դեպքին, ես համարում եմ, որ զորավարժությունները հաջող են ընթացել»,- հատու եւ խրոխտ հայտարարել է նա, եւ այսքանով «ցավալի դեպքին» անդրադարձն ավարտվել է:
Մնացածը հոխորտանք է հակառակորդ «ֆլեշմոբիստների» նկատմամբ, որ հանկարծ շատ չոգեւորվեն ու մտքներով չանցնի` մեր ուղղաթիռի խոցման նման մի «ֆլեշմոբ» էլ անեն:
Մի անգամ էլ մտածենք. այս ու՞մ ձեռքին է հայտնվել մեր պետության ներկան ու ապագան: Այս մարդը, որին ոմանք «գերագույն հրամանատար» են ասում ու ասելիս` լեզուները չի ջարդվում, հասցրել էր արդեն` վառոդի հոտ անգամ չառած հանրապետական կերած-խմածներին զինվորական հագուստ հագցնել ու խրամատներ ուղարկել` խեղկատակություն անելու` սրանից բխող զավեշտալի հետեւանքներով, ծաղրուհեգնանքով, «ծափուծիծաղով», որոնցից միայն մեր բանակը հեղինակազրկվում է:
Մնացել էր «ֆլեշմոբը», սա էլ տեղ հասավ:
Վստահ եմ, նույնիսկ ադրբեջանցիների մտքով չէր անցնի` մարդկային կյանքեր խլող դաժան «միջոցառումները» զուգահեռել «ֆլեշմոբի» հետ:
Իսկ Սերժիկ Սարգսյանի մտքով անցավ:
Եթե «մեղմացուցիչ դեպք հանցանաց» մտքի բացակայությունն է պատճառը, առավել ե՛ւս նորից ամոթահար հարցնենք ինքներս մեզ` այս ու՞մ ձեռքին է հայտնվել մեր պետության ներկան ու ապագան, ու՞մ ենք վստահել մեր պատանիների, մեր երեխաների կյանքը:
Ուշանում է «Սերժիկ, հեռացիր» ֆլեշմոբը, շատ է ուշանում, եւ մեր հապաղման համար հատուցում են մեր երեխաները: Իրենց կյանքով:
Լիզա Ճաղարյան
‘