‘Խմբագրական. Սերժիկ Սարգսյանից ի՞նչ եք ուզում ախր, «խոխա ա` իրա համար մածուն ա ուտում»’

3098

Մեր «բարեփոխված» ոստիկանության վերին օղակների ներկայացուցիչներին երբ մեղադրում են խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունների կիրառման համար, սրանք անմիջապես մատները տնկում են դեպի արեւմուտք. «Բա հեչ չե՞ք տեսել հեռուստացույցով, էն կողմերում էլ են բռնություններ գործադրում»: Տեսել ենք, իհարկե: Բայց «բարեփոխվածները» մի կարեւոր հանգամանք «միամտորեն» անտեսում են. արեւմուտքում եթե անգամ բռնություն են կիրառում, ապա միայն` բռնություն կիրառողների դեմ, ոչ թե պաստառը վեր պարզած ու խաղաղ կանգնած ցուցարարի դեմ: Իսկ եթե պատահում է` խաղաղ քաղաքացու նկատմամբ են գործի դնում իրենց դագանակները, ապա կանգնում են դատարանի առջեւ, ոչ թե տուժողի դիմակը երեսներին քաշած` դագանակահարված քաղաքացու դեմ ցուցմունք տալով` հերթական անմեղ մարդուն են բանտ ուղարկում: Եվ ընդհանրապես` անսահմանության ձգտող լկտի ու անամոթ պետք է լինել` թալանչիների ու մարդասպանների առջեւ թրջված մուկ դարձող ու անմեղ-անպաշտպան քաղաքացու դեմ «առյուծ կտրող» Հայաստանի ոստիկան կոչեցյալներին քաղաքակիրթ աշխարհի իրենց գործընկերների հետ համեմատելու համար: Իսկ որ մեր երկրի այս փտած-հոտած «կանտորայում» լկտիության ու անամոթության ահռելի ավելցուկ կա, ՀՀ քաղաքացին տեսնում եւ իր մաշկի վրա զգում է ամեն օր:

Սակայն, սրանց հիշեցի` իրենց տիրոջը հասնելու համար: Թե ինչ վիճակ է հիմա մեր երկրում, թե Ամանորից առաջ ինչ «հաճելի անակնկալներ» մատուցեց հղփացած իշխանությունը Հայաստանի քաղաքացիներին «դոլար-դրամ» մութ խաղերով, թե շփոթված ու խուճապահար ժողովուրդն օրուգիշեր ինչ «հաճոյախոսություններով» է օծում Սերժիկ Սարգսյանին ու իր ավազակախմբին, թե հասարակության ատելությունն ինչ վտանգավոր չափերի է հասել սրանց նկատմամբ` բոլորիս աչքի առաջ է:

Եվ ինչպե՞ս է փորձում արդարանալ Բաղրամյան 26-ը զավթած Սերժիկ Սարգսյանը`թշվառության այս «շքահանդեսին» ընդառաջ: Իսկեւիսկ` «բարեփոխված» ոստիկանների պես: «Աշխարհի յուրաքանչյուր պետությունում, յուրաքանչյուր տնտեսությունում, նույնիսկ ամենահզոր տնտեսություններում, ինչպիսիք Միացյալ Նահանգների տնտեսությունն է, միշտ էլ հնարավոր են բարդություններ, դժվարություններ»,- երեկ` Հայաստանի գործարարների հետ իր շատ սիրած ուտուշ-խմուշի ժամանակ հայտարարել է սույն պարոնը:

Ճիշտ է ասում: Բայց շա՛տ կիսատ է ասում: Միացյալ Նահանգների պես երկրների տնտեսություններում եթե բարդություններ են լինում, ապա հասարակության հետ տուժում են նաեւ «խոշոր գլուխները», ոչ թե այդ տուժած հասարակության հաշվին ավելի են հղփանում ու տռզում: Սրա մասին Սերժիկ Սարգսյանը չի կարող բարձրաձայնել, որովհետեւ, հասկանալի է, հղփացողներն ինքն ու իր եղբայր Սաշիկն են ու մեկ էլ` իր «շրջակա միջավայրը»` լիսկաներ, նեմեցներ, լֆիկներ ու եսիմէլինչեր:

Բայց սա դեռ նախերգանքն է, շարունակությունն ավելի հետաքրքիր է. «Այստեղ չափազանց կարեւոր է, որ այդ դժվարությունների, բարդությունների պահերին մենք անմիջապես չսկսենք մեղավորներ փնտրել, անմիջապես չսկսենք պատասխանատուներ ման գալ…»:

Բայց ինչու՞ որ, պարոն Սերժիկ Սարգսյան: Գուցե փնտրենք ու ման գա՞նք: Այ, որ շատ փնտրենք ու ման գանք` հաստատ կգտնենք: Ես, օրինակ, ման եկա ու գտա:

Մեղավորներն ու պատասխանատուները Հայաստանի չարքաշ, կիսաքաղց քաղաքացիներն են: Որովհետեւ, նախ, ո՞նց են համարձակվում այս օրերին, երբ մեր պաշտելի Հայրենիքը «բարդությունների» միջով է անցնում, մտածել Ամանորի սեղանին մանդարին ու ընկույզ ունենալու մասին, իրենց երեխաների համար Ձմեռ պապիկի նվեր հայթայթելու մասին եւ ընդհանրապես` երբեմն-երբեմն հաց ու պանիր ուտելու մասին: Ու առհասարակ` սա ի՞նչ չուզողություն է, շատ չար ու նախանձ ժողովուրդ է էս ժողովուրդը: Ա՛յ մարդ, քո դարդը լացիր, ի՞նչ ես սրա-նրա գրպանի պարունակությունը, սրա-նրա լափածը հաշվում: Բա լավ չի՞, որ էս «բարդությունների» հանգրվանում Հայաստանում մի ոհմակ կա, որը կշտությունից բխկում է: Ասենք թե` դրանք էլ սովից կոտորվեցին, դրանից ձեր «բարդությունները» վերանալու՞ են: Մեղավոր եք ման գալիս, որ ի՞նչ անեք: Որ խիարը թարս աճի՞: Ո՞վ է մեղավոր, որ դուք չեք կարողանում թալանել, գողանալ, սպանել, սողալ համապատասխան կճղակների առաջ: Ապրել չգիտեք` խալխի հացի՞ն եք վայիս լինում: Գլուխներդ կախ` օրներդ մթնեցրեք, թե չէ Գորիկին ու Վովիկին կասեմ` էնպիսի «արդարություն» կհաստատեն, որ Մարտի 1-ն աչքներիդ խաղուպար կթվա:

Ճիշտ եմ ասում, չէ՞, ընկեր վերջի(ն) բոլշեւիկ:

Կարծում եմ, քո հաջորդ ելույթը քերթելիս` գրագիրներդ օգտակար մտքեր կքաղեն այս տեքստից, որ հետագայում կակազելով կարդաս, օրինակ, «զակոննի գողերի» հետ հանդիպման ժամանակ:

Եթե հասցնես:

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘Արսեն Ջուլֆալակյանը հաղթել է Կայլ Դեյկին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ըստ Քննչական կոմիտեի՝ նռնակը պայթել է զինծառայողի գործողությունների արդյունքում’