‘Խմբագրական. Սերժիկ Սարգսյանի հրաժարականը խաղաղության միակ գրավականն է’

2891

Եթե որևէ մեկի չափազանցություն կթվա պնդումը, որ վերջին օրերին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմաններում Ադրբեջանի սանձազերծած լարվածությունը միմիայն Սերժիկ Սարգսյանի հանցավոր գործունեության հետևանքն է, ուրեմն «մեղմացնեմ»` ստեղծված ծանր իրավիճակը Սերժիկ Սարգսյանի երազանքն էր, որը վերջապես կատարվում է:

Ներքին և արտաքին բոլոր ճակատներում խայտառակ պարտություններ կրած, ներսում և դրսում իր բոլոր հենարանները կորցրած, Հայաստանը մեծ աշխարհի անկյուն քշած այս պարոնին` իր պատվազուրկ իշխանությունը երկարաձգելու ընդամենը մեկ ելք է մնացել այլևս, և այդ «փրկարար ելքը», որքան էլ սահմռկեցնող հնչի` պատերազմն է:

Իսկ որ հանուն իր զավթած արյունոտ աթոռի Սերժիկ Սարգսյանը մինչ օրս չի խորշել ոչ մի հակապետական քայլից և չի խորշի նաև այսուհետ, այնքան ակնհայտ է վաղուց ի վեր, որ հակաճառողներ եթե գտնվեն, ապա նրանց փտած «արմատը» փնտրեք Հայաստանի իշխանությունների «բոստանում»: Կասկած չունենաք, որ անպայման կգտնեք:

Եվ այսպես, սահմանին սաստկացող կրակոցներին զուգընթաց` գործի են լծվել իշխանական հացկատակները: Իրար հերթ չտալով` մրցույթի են դուրս եկել, թե ով ավելի հուզաթաթախ բաժակաճառ կասի մեր զոհված զինվորների մասին: «Թուրքի» մաման են լացացնում բազկաթոռներին փռված` «ով ավելի կատաղի կհայհոյի Ալիևին, և ով ավելի հավեսով կպարի ասկյարների դիակների վրա» նշանաբանով: Արցախ կամ Հայաստանի մարզեր «հյուրախաղերի» մեկնած հանրապետականներին են գովազդում, հայրենասիրության դասեր են տալիս «այս օրհասական պահին» ՀՀ իշխանություններին քննադատողներին ու բոլուկով հարձակվում պատերազմ հաղթած Նախագահի վրա:

Ավելի երանելի վիճակ կարո՞ղ էր երազել ոտքի տակի հողը կորցրած Սերժիկ Սարգսյանը: Չէ՛ր կարող. մնացած բոլոր ռեսուրսները խփշտել է մինչև վերջ:

Պետք չէ կասկածել, որ շուտով կակտիվանան պալատական «աստղիկները», «մտավորականները» և այլ ականներ ու կոչ կանեն հասարակությանը, որ «կենաց-մահու» կռիվ տվող Հայաստանում Սերժիկ Սարգսյանի դեմ պայքարը հայրենիքի դավաճանություն է, հրապարակ կելնեն մանրապճեղ կուսակցություններ, զանազան ոտանավորչիներ և իրենց «շատ հայրենասեր» կուրծքը ծեծելով կաղաղակեն, որ Սերժիկին քննադատողները դավաճանաբար «ջուր են լցնում թշնամու ջրաղացին»:

Սակայն Բաղրամյան 26-ում այս օրերին «իմաստնաբար լալկված» Սերժիկ Սարգսյանը և նրա մանկլավիկներն այս էժանագին թամաշան բեմադրելուց առաջ հաշվի չեն առել այն «մանրուքը», որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունն Ադրբեջանի ակտիվացման գլխավոր մեղավոր է տեսնում Սերժիկ Սարգսյանին, և որ` հասարակությունը սահմանին զոհվող յուրաքանչյուր զինվորի մահվան մեղավորը համարում է հենց այս նույն Սերժիկ Սարգսյանին և խորապես գիտակցում է, որ պատերազմից խուսափելու միակ ճանապարհը Հայաստանն այս ծանր փորձության շեմին հասցրած ապիկարին վտարելն է: Եվ ցանկացած ոք, ով փորձում է ու կփորձի թևերը փռել այս պարոնի վրա` կրում է և կրելու է նույնքան պատասխանատվություն, որքան իրենց «ստնտուն»` ե՛ւ Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծման բոլոր այլընտրանքները տանուլ տալու համար, ե՛ւ սգվոր մայրերի թիվը բազմապատկելու համար:

 

«ԱՍԱԼԱ»-ի «ջանին մեռնողները», «շուն թուրքերին» օրական քսանչորս ժամ մտովի քառատողները, պատերազմի անխուսափելիության մասին ոգեշնչված ճառ ասողները, «մին զարկող` հազար ջարդողները», գիտակցաբար, թե անգիտակցաբար` Եռաբլուրի  շիրմաքարերի բազմապատկմանն են նպաստում:   

Պայքարը Սերժիկ Սարգսյանի դեմ` Բանակում ծառայող մեր երեխաների բարի վերադարձի անհրաժեշտ և հրատապ պայմանն է:

Սերժիկ Սարգսյանի հեռացումը Հայաստան պետության պահպանման աներկբա երաշխիքն է:

Սերժիկ Սարգսյանի հրաժարականը խաղաղության միակ գրավականն է Հայաստանում:

Վա՛յ չհասկացողին:

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘Արցախի պաշտպանության նախարարը՝ սահմանին ստեղծված իրավիճակի մասին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Իրանի ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը ռազմական լուծում չունի’