‘Խմբագրական. Սերժի մոտ «ամեն անգամ՝ ինչպես առաջին անգամ»’

2409

Մի ծանոթ կին միշտ պատմում էր իր բարեկամների ամերիկյան մի ճամփորդության մասին, որի ընթացքում վերջիններս այցելել էին նաեւ Սանտա-Բարբարա, եւ մասնավորապես, նույնանուն երկարաշունչ սերիալի նկարահանումների վայրը: Ասում է`արդեն մի քանի տարի էր, ինչ ֆիլմը ցուցադրվում էր, դերասանները եկել են հերթական սերիայում նկարահանվելու, դեռ պարզ չէ, թե այդ օրը ինչ պիտի նկարահանեն, որովհետեւ տեղում են որոշում: Բայց, ասում է` ամենախնդալուն տեղի ունեցավ հետո: Մեկ էլ` դերասաններից մեկը հիշեց, որ հերոսներից մեկին արդեն մի քանի տասնյակ սերիա մոռացության են մատնել ու չեն կանչել նկարահանման: Ռեժիսորը խառնվել էր իրար, ասել էր` վա՜այ, մոռացել ենք տղային, կանչեք թող գա: Բերել տվեցին դերասանին, տեղում ոտի վրա մի բան հորինեցին նրա երկարատեւ բացակայության մասին ու նկարահանեցին:

Ամեն անգամ պատմությունն այս ինքնաբերաբար ասոցիացիաներ է առաջացնում՝ իշխանությունների կացնա-մուտիտային քարոզչության հերթական դրսեւորումներին ականատես լինելիս:

Բայց քանի որ այդ քարոզչությունը ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ հիմնված է ստի վրա, քարոզչական սերիալը երկարաձգվելու դեպքում իշխանական մեքենայում այդ սկսում են խնդիրներ առաջանալ: Մարդկային ուղեղը, ի վերջո, չի կարող ստի հարցում այնպիսի պատասխանատու  հետեւողականություն ցուցաբերել, որ երբեւէ չմատնի իրեն, հատկապես, որ ստի ու կեղծիքի չափաբաժինը անընդհատ ավելանում է: Մարդն ուղղակի չի կարող անընդհատ հիշել, թե ինչ է այս կամ այն հարցի մասին ստել 1, 2, 3 եւ, առավելեւս, 5-7-10-20-40 տարի առաջ, եթե բոլոր դեպքերում ինքը, իրական տեսակետ չունենալով կամ իրական տեսակետը թաքցնելով` հետեւողականորեն ստել է: Կամ ինչպես հայտնի թեւավոր խոսքում է ասվում` ստելու համար լավ հիշողություն է պետք ունենալ:

Բայց Սերժ Սարգսյանի իշխանական քարոզչությունը մի ուշագրավ նրբերանգ էլ ունի, որին, ի դեպ, մի առանձին գիտական աշխատություն կարելի է նվիրել:

Բանն այն է, որ իշխանություններն այս ամեն իրավիճակի համար մեկական ու մշտական գործող սուտ չեն հորինում, ըստ իրավիճակի՝ նույն դեպքի կամ գործընթացի մասին իշխանությունները նոր սուտ են հրապարակ նետում` կարծես անտեսելով կամ մոռացության մատնելով իրենց նախկին ստերը. առանց նույնիսկ հարկ համարելու որեւէ բացատրություն տալ տեսակետների փոփոխության համար:

Հիշո՞ւմ եք` ժամանակին ասվում էր, թե Հայաստանը չի մտնելու Մաքսային միության կազմ, քանի որ, նախ, մեզ չեն էլ հրավիրել, նման հարց չի էլ քննարկվել, հետո էլ թե` ընդհանուր սահման չունենք, հետո էլ թե` մենք Եվրոպա պիտի գնանք, զի միայն Եվրոպայում կա հային փրկություն, զի Հայաստանը վաղուց Եվրոպայի մի մասն է, հետո էլ` պարզվեց մեր մանկական կապույտ երազանքն իրականում Մաքսայինի կազմում հայտնվելն էր, իսկ այն, որ մինչ այդ այլ հիմնավորումներ էին ներկայացվում, միանգամից ջրվեց:

Բայց եթե Սանտա-Բարբարա սերիալում մոռացված հերոսին նորից սերիալ բերելու ժամանակ գոնե մի անցումային հիմնավորում էին հորինում (ասենք ` հերոսը ստիպված է եղել բացակայել երկրից, այդ իսկ պատճառով էլ կադրերում չի երեւացել), ապա այս պարագայում նույնիսկ դա չի արվում:  Հայաստանյան քաղաքական ներկայիս կյանքի ամեն մի հատվածն ասես մի առանձին չափման մեջ տեղի ունենա, որոնք որեւէ ձեւով չեն հարաբերվում միմյանց հետ, ոչ մեկը դրանցից գործողության սկիզբը, կուլմինացիան ու ավարտը չէ, ամեն մեկը ինքնին սուվերեն, չփոխկապակցված մի առանձին գործողություն է` առանց պատճառի ու հետեւանքի:

Ըստ էության՝ Հայաստանի քաղաքական կյանքը շարունակական մի գործընթաց չէ իրականում, եւ հենց այդ պատճառով էլ ունենք մի սովորական քաղաքական աջաբսանդալ, որտեղ իշխանությունները մի օր աջական են, մյուս օրը` ձախական, մեկ կողմ են զիջումների, մեկ ասում են` ոչ մի թիզ հող, մեկ եվրոպամետ են, մեկ` ռուսամետ, մեկ Ղարաբաղը տանում են հետները Մաքսային միություն, մեկ ասում են` Ղարաբաղն ի՞նչ կապ ունի Հայաստանի հետ, մեկ ասում են՝ տնտեսական ճգնաժամ չկա, մեկ էլ թե` կար, եկել-անցել է:

Իշխանական քարոզչամեքենայի հաջորդ առանձնահատկությունն այն է, որ այն զգալիորեն կտրված է իրականությունից: Այն ոչ միայն հաշվի չի առնում նոր տեխնոլոգիաների առկայության հանգամանքը, այլեւ չի էլ պատկերացնում, ասես, որ  շնորհիվ այդ նույն տեխնոլոգիների՝ «ստի ոտը կարճ է» արտահայտությունն իրենց պարագայում ավելի քան կիրառելի է դառնում:

Քաղաքական գործընթացների կենտրանական պլանում գտնվող սահմանադրական փոփոխությունների հարցն այսօր նույն ձեւով, ահա, տեւական ժամանակ է՝ մատուցվում է մեզ: Սկզբում փոփոխությունների գաղափարն ընդհանրապես հերքվում էր, հետո հայտարարվեց, թե փոփոխությունների գաղափարը համապատասխան հանձնաժողովինն է, իսկ Սերժ Սարգյանը դեմ է այդ գաղափարին, հետո, առանց մի բառ ասելու անգամ, նույն Սերժը լծվեց փոփոխության քարոզչությանը՝ ինքն իր բերանով հերքելով սեփական նախկին պնդումները: Ու նորից՝ ոչ մի աչք չթարթվեց, ոչ մի հոնք չշարժվեց, կարծես դրանց նախորդող հայտարարություններն արվել են այլ չափման մեջ, որեւէ աղերս չունեն ներկայի հետ, անցյալը պատասխանատու չէ ներկայի համար, եւ ներկայում իրենց վարքն էլ` ամենեւին ապագայի հետ որեւէ աղերս չունի, ժամանակը շարունակականության մեջ չէ, այլ` մասնատված, եւ հետեւաբար՝ ամեն օր սկսում են զրոյից, «ամեն անգամ՝ ինչպես առաջին անգամ» սկզբունքով:

Այսինքն, երբ քաղաքական կոնյուկտուրաները փոխվում են (արտաքին, թե ներքին` էական  չէ), սրանք փոխում են նաեւ իրենց վարքը, բայց ամեն անգամ դա անում են այնպես, ասես ամեն անգամ զրոյից են սկսում, եւ չեն արել ու ասել ոչինչ՝ մինչ այդ:

Քրիստինե Խանումյան  

 

Նախորդ հոդվածը‘Կալիֆորնիան վեց նահանգի բաժանելու նախաձեռնությունը չի դրվի հանրաքվեի’
Հաջորդ հոդվածը‘Աղիքային հիվանդության համաճարակ չի արձանագրվել’