‘Խմբագրական. Սերժի սիրտը Գալիպոլիում է’

3065

Երբ Սերժ Սարգսյանը Թուրքիայի ապագա նախագահին (այն ժամանակ Թուրքիայի նախագահը դեռ Սարգսյանի սիրելի Գյուլն էր, բայց այնտեղ նախագահական ընտրություններ էին սպասվում) ապրիլի 24-ին հրավիրում էր Հայաստան՝ պատճառաբանելով, որ «եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24­ին լինեն հայ ժողովրդի կողքին», եւ «չէր կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան», ապա պիտի որ նաև պատկերացներ, որ թուրքական կողմից կարող է  «քայլ ձիով» պատասխան լինել:

Սերժ Սարգսյանը, ակնհայտորեն, ինչ-ինչ միջազգային պայմանավորվածությունների մեջ մտնելով՝ փորձում էր նոր հայ-թուրքական «հաշտեցում» սկսել` հայտարարելով, թե «պաշտոնական Անկարան շարունակում է խոսել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու մասին, Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել բոլոր այն հետազոտողների համար, ում հետաքրքրել է հարցի գիտական մասը: Բաց են եղել նաև գիտական հաստատություններում և թանգարաններում պահվող նյութերը: Բայց ողջ հարցը նրանում է, որ Հայոց Ցեղասպանության ճշմարտությանն առերեսվելու համար արխիվային աշխատանք

ընդհանրապես չի պահանջվում: Բավական է մտնել ցանկացած հայկական տուն, ցանկացած ընտանիք, և վկայությունները կլցվեն ցանկացած ունկնդրի սիրտը: Բավական է լինել Ծիծեռնակաբերդում ապրիլի 24­ին և տեսնել, թե ո՞րն է այդ օրվա խորհուրդը յուրաքանչյուր հայի համար` Հայաստանում և Սփյուռքում: Բավական է գնալ Սփյուռքի ցանկացած համայնք և հարցնել` ինչպե՞ս են ձեր նախնիները հայտնվել այստեղ»:

Ակնհայտ էր, որ եթե թուրքական կողմն անհրաժեշտություն ու կարիք ունենար, ապա կարող էր օգտվել Սարգսյանի այս հրավերից, թուրքական պատվիրակությունը կարող էր գալ Հայաստան եւ մի այցով լուծել բազմաթիվ քաղաքական կարիքներ: Բայց Սարգսյանի ջերմեռանդությունն այս անգամ էլ հօդս ցնդեց, քանզի պարզվեց, որ այս փուլում թուրքական կողմը ո՛չ նրա կարիքն ունի (գոնե առայժմ), ո՛չ էլ` նրա ջերմեռանդության: Եւ հետեւեց այս ամենին քաղաքական ցինիկ ապտակը. Թուրքիայի նախագահ Էրդողանը պատասխան քայլով ապրիլի 24-ին Սարգսյանին հրավիրեց Թուրքիա` ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին:

Ի դեպ, Էրդողանի պաշտոնական նամակը դեռ չի հրապարկվել, եւ դեռ հայտնի չէ, թե իրականում որքան ստորացուցիչ է այդ նամակի բովանդակությունը: Բայց փոխարենը Սարգսյանը արագացված կարգով պատասխանեց այդ նամակին, եւ պատասխանեց մի այնպիսի նամակով, որը, համենայն դեպս, պակաս ստորացուցիչ չէ, քան Էրդողանի բուն  հրավերը:

Բանն այն է, որ Սարգսյանն իր նամակի նախաբանում ինքն է ներկայացնում, թե որքան անտեղին ու արհամարհական է Էրդողանի հրավերը:

Ասում է. «Հիրավի, Առաջին աշխարհամարտը մարդկության պատմության ամենազարհուրելի էջերից է, որ միլիոնավոր անմեղ մարդկային կորուստների և ճակատագրերի խեղման պատճառ դարձավ: Գալիպոլիի ճակատամարտի մասնակից էր նաև Օսմանյան կայսրության զորքերի հայազգի հրետանավոր, կապիտան Սարգիս Թորոսյանը. սպա, որ նվիրվել էր կայսրության պաշտպանության ու անվտանգության ապահովմանը և հավատարիմ ծառայության ու սխրանքների համար Օսմանյան կայսրության կողմից արժանացել էր ռազմական պարգևների: Մինչդեռ նույն թվականին իր գագաթնակետին հասած՝ Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ նախապես ծրագրված և իրականացված զանգվածային ջարդերի ու բռնի տեղահանման ալիքը չշրջանցեց անգամ Սարգիս Թորոսյանին: Ցեղասպանությանը զոհ գնացած մեկուկես միլիոն հայերի թվում էին նրա ծնողները, ովքեր դաժանաբար սպանվեցին, իսկ քույրը մահացավ Սիրիայի անապատում:

Հենց նախադեպը չունեցող այդ կոտորածի արդյունքում էր, որ Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» եզրույթը, և դրա անպատժելիությունն էր, որ հող նախապատրաստեց Հոլոքոստի և Ռուանդայում, Կամբոջայում ու Դարֆուրում ցեղասպանությունների համար:

Ըստ Ձեզ՝ Գալիպոլիի մարտերը ոչ միայն Թուրքիայի, այլև ողջ աշխարհի համար պատերազմից ծնունդ առած բարեկամական հարաբերությունների առանձնահատուկ օրինակ են, իսկ ճակատամարտի դաշտը՝ պատերազմի դառը ժառանգության մասին հիշեցնող խաղաղության և բարեկամության հուշարձան: Մի կողմ թողնելով բոլորին քաջ հայտնի Գալիպոլիի ճակատամարտի նշանակությունը կամ Թուրքիայի վիճահարույց դերակատարությունը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում՝ անհրաժեշտ է հիշել, որ խաղաղությունը և բարեկամությունն առաջին հերթին պետք է հիմնված լինեն սեփական անցյալի հետ առերեսման խիզախության, պատմական արդարության, ինչպես նաև համամարդկային հիշողության՝ ոչ թե ընտրովի, այլ ամբողջական ճանաչման վրա:

Ավա՜ղ, Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը, սկսվել են ապրիլի 25-ին: Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:

Ուստի, խորհուրդ կտայի համաշխարհային խաղաղությանն ուղղված Ձեր կոչերում չմոռանալ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձ հղել աշխարհին՝ ոգեկոչելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Յուրաքանչյուրիս պարտքն է գալիք սերունդներին փոխանցել խեղաթյուրումից զերծ իրական պատմությունը՝ այդ կերպ կանխելով ոճրագործությունների կրկնությունն ու հող նախապատրաստելով ազգերի, հատկապես հարևան ազգերի միջև մերձեցման և հետագա համագործակցության համար»:

 

Մեջբերումն, իհարկե, մի փոքր երկար ստացվեց: Բայց այն հնարավորություն է տալիս պատկերացնել Սարգսյանի ողջ խեղճությունը:

Մի կողմից՝ նա կարծես ցանկանում է «շշպռել» Էրդողանին, որովհետեւ հասկանում է նրա արարքի ողջ ցինիզմը, մյուս կողմից՝ չի կարողանում դա անել նույնիսկ դիվանագիտական լեզվով: Թե ինչո՞ւ չի կարողանում, դա էլ ինքը կիմանա (մեկ էլ երեւի Էրդողանն ու նրանք, ովքեր միջնորդական առաքելություն են իրականացնել), պատճառներ, հաստա՛տ, կունենա: Որովհետեւ եթե տակը «մի կեղտ չլիներ», նա այդ թեմայով այսպիսի ստորացուցիչ նամակ չէր գրի:

Բայց, մյուս կողմից, նամակի ամենահետաքրքիր մասը դեռ առջեւում է` հետգրության մեջ: «Ձերդ Գերազանցություն, դեռևս մի քանի ամիս առաջ հրավիրել եմ Ձեզ Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը: Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:

Այն, որ Էրդողանը պատասխան հրավեր նամակ է հղել Սարգսյանին` առանց վերջինիս հրավերն ընդունելու կամ մերժելու, արդեն իսկ փաստում է Էրդողանի մերժումը: Սա հիրավի դիվանագիտական մերժում է՝ պատճառաբանությամբ, թե՝ ներո՛ղ, Սարգսյան ջան, բայց էդ օրը շատ զբաղված եմ լինելու, որովհետեւ այլ` ավելի կարեւոր իրադարձություն պիտի գլուխ բերեմ: Բայց դա Սարգսյանին կարծես չի հասել: Նա շարունակում է համառել, երեխայի պես ասում է` չէ՛, սկզբից դու իմ հրավերին պատասխանիր, հետո նոր ես քո հրավերի պատասխանը կասեմ: Էլ ո՞նց պատասխանի Էրդողանը, որ Սարգսյանը հասկանա՝ պարզ չէ: Էլ ի՞նչ պիտի անի:

Հ.Գ. Ի դեպ, ծանոթ լինելով Սարգսյանի արտաքին քաղաքական ողջ «պոտենցիալին», կարելի է վստահ պնդել, որ Սարգսյանն, իհարկե, մեծ սիրով կընդուներ Էրդողանի հրավերը, մեծ սիրով կգնար Թուրքիա, պարզապես իրեն մի «փոքր» խանգարող հանգամանք կա: Հարյուրամյակը: Այ եթե մի օր շուտ կամ ուշ նշվեր այդ Գալիպոլիի ճակատամարտի օրը, ախ եթե միայն…

Բայց պետք չէ բացառել, որ Սարգսյանը մի տարբերակ կգտնի (կամ նրան կհուշեն), թե ինչպես համադրել այդ երկու իրադարձությունները: Նա երևի մի կարգին չգիտի էլ, թե որտեղ է այդ չարաբաստիկ Գալիպոլին, բայց լավ հասկանում է, որ իր սիրտը հիմա այնտեղ է` Գալիպոլիում:

 

Քրիստինե Խանումյան

Նախորդ հոդվածը‘Արման Հարությունյանը հետմահու պարգեվատրվել է մարտական ծառայության մեդալով’
Հաջորդ հոդվածը‘Քեմերոնը պաշտպանում է ուրիշի դավանանքը ծաղրելու իրավունքը’