‘Խմբագրական. Սերժի սև և սպիտակ ստեղները’

3233

Ըստ Փավստոս Բուզանդի հաղորդած ավանդության՝ հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանն ասում էր պարսից Շապուհ Բ արքային, թե ինքը՝ Վասակը, մի հսկա է, որի մի ոտը մի լեռան վրա է, մյուսը՝ մեկ այլ լեռան վրա, և երբ նա աջ ոտքին էր հենվում՝ աջ լեռն էր գետին տանում, իսկ երբ ձախ ոտքին էր հենվում՝ ձախ լեռն էր գետին տանում, և այդ երկու լեռներից մեկն, ասում է՝ հունաց թագավորն էր, իսկ մյուսը՝ դու՝ պարսից արքան:

 Սերժ Սարգսյանն, իհարկե, շատ հեռու է Վասակ սպարապետ, առավել ևս՝ երկու ոտքով երկու լեռների վրա կանգնած հսկա լինելուց, բայց, ինչպես ասում էր դասականը՝ երբ պատմությունը կրկնվում է, սկզբում ողբերգություն է, հետո՝ ֆարս: Տպավորություն կա, որ Սերժ Սարգսյանն ուզում է կրկնել Վասակի պատմությունը, միայն թե դրանից հանած Վասակի ժամանակվա հայերին բնորոշ, թեկուզև չափազանցված պատվասիրությունը և ինքնավստահությունը: Որքան էլ Վասակը քաջ և հպարտ մարդ էր, իսկ Հայաստանն իր ժամանակ՝ բավական ընդարձակ և ռազմական առումով ոչ աննշան ուժ, նա, անշուշտ, չէր կարող իր նկարագրված ձևով խաղալ այն ժամանակվա երկու գերհզոր տերությունների հետ: Սակայն նա կամ, ավելի ճիշտ՝ նրա մասին ավանդազրույցներ հյուսող ժողովուրդը կարող էր այդպես պատկերացնել՝ շեշտելով իր ինքնասիրությունը և հավատը սեփական ուժերի նկատմամբ և ինչ-որ տեղ արտահայտելով այն իրականությունը, թե որքան էլ համեմատաբար «փոքր ածու»՝ այնուամենայնիվ, Հայաստանի աջակցությունը այն ժամանակվա հզորներից մեկն ու մեկին արհամարհելի գործոն չէր և որոշակի գին ուներ:

Այլ է իրավիճակը հիմա: Սերժ Սարգսյանն էլ սիրում է խաղալ, այսպես ասած, երկու ձեռքով, միայն թե տպավորությունն այն է, որ նա ոչ թե մերթընդմերթ իր ոտքերից մեկը հենում է լեռներից մեկի վրա, այլ, ավելի շուտ՝ մերթընդմերթ փորձում է ընկնել սրա կամ նրա ոտքերը, և այդ ամենն՝ ի հաշիվ սեփական երկրի և պետության պատվի և վարկի: Սերժ Սարգսյանը, այսպես ասած, հմուտ դաշնակահար է: Թեև դաշնամուրը վատ է լարված, բայց սև և սպիտակ ստեղներն իրենց տեղերում են: Երբ նա սեղմում է սպիտակ ստեղներին, մենք լսում ենք պրոֆեսիոնալ «արևմտամետների» քաղցր մեղեդին, իսկ երբ սեղմվում են սև ստեղները, ապա գործի է անցնում հին գվարդիան՝ իր «ռուսական» տաղերով: Ի դեպ, նման իրավիճակ էր նաև մի քանի տարի առաջ՝ հայ-թուրքական կարգավորման օրերին և դրանից հետո: Այն ժամանակ սպիտակ ստեղները երգում էին «խաղաղասիրական», իսկ սև ստեղները՝ «ազգային» երգեր՝ համապատասխանաբար՝ հայ-թուրքական «ֆուտբոլի» ընթացքում և տապալումից հետո: Հասարակությունը սովորաբար հակազդում է ստեղներին, ինչը նորմալ է, բայց պետք չէ մոռանալ, որ ստեղներն իրենք իրենցով չեն երգում, այլ սեղմվում են «վարպետի» կողմից: Վարպետ, որը խնամքով հավաքում է իր բարձր հովանու ներքո ամեն տեսակ իսանից մի-մի զույգ և չի խորշում օգտագործված, հնամաշ, այլոց կողմից դեն նետված իրերից՝ «տուն է՝ պետք կգա» սկզբունքով: Այս պահին վարպետի ակտիվությունը հատկապես կենտրոնացած է սև ստեղները սեղմելու վրա, և դժվար է չնկատել, որ դա ոչ այնքան ինքնաբուխ համերգ է (այլապես ինչո՞ւ էին լռում այդ ստեղները (մարդիկ) մինչև սեպտեմբերի սկիզբը, ինչո՞ւ չէին արտահայտվում), այլ յուրահատուկ սիմֆոնիայի հերթական հատվածը:

Այս ամենը գուցե նույնիսկ այդքան էլ վատ չլիներ պետական շահերի տեսակետից, եթե պետական շահերն ընդհանրապես ներգրավված լինեին որպես նպատակ: Ցավն այն է, որ սիմֆոնիկ այս համակարգը սպասարկում է ոչ թե պետական, այլ, նախևառաջ, «մաեստրոյի» անձնական շահերը: Անշուշտ, պատմության մեջ հաճախ են անձնական շահերը միահյուսված ընդհանրականի հետ, և մենք չենք ուզում սովորական բարոյախոսություն կարդալ այս թեմայով, բայց տվյալ խաղում դժվար է նշմարել պետական որևէ շահի իրականացում, իսկ հակառակը ոչ միայն նշմարվում է, այլև ակնհայտ է: Հայաստանի քաղաքական դաշտը վերածվում է տարբեր արտաքին ուժերի ազդեցության գործակալների զզվելի բախման թատերաբեմի, և այդ խաղը խրախուսվում է իշխանության կողմից: Ի տարբերություն Վասակ Մամիկոնյանի ավանդազրույցի, ուր կենտրոնը, ուժ և հավասարակշռություն տվողը հայոց սպարապետն էր, հայոց զորքը, Հայաստանը-այս մարդկանց սրտերը, մտքերը, կենտրոնները, նույնիսկ անձնական շահերը երկրից դուրս են գտնվում: Երկիրը վերածել աշխարհաքաղաքական բախումների դաշտի՝ չի՛ կարող լինել ավելի կործանարար քաղաքական մտահղացում: Ցավոք՝ այս մարդիկ նաև մենաշնորհում են հրապարակային խոսքի, հասարակական կարծիքի ձևավորման դաշտը: Իսկ հայաստայան հասարակության մեծ մասը լուռ է, արտահայտվելու, իր իրական խնդիրները ձևակերպելու հնարավորություն չունի: Երկրում չկա կամ փոքրամասնություն է կազմում Հայաստանի շահերը սպասարկող, հոգեբանական և նյութական կենտրոնը Հայաստանում ունեցող համակարգ: Այլ կերպ ասած՝ չկա ներքին քաղաքականություն, այն դառնում է այլասերված արտաքին քաղաքականության մասը, դրա շահերը սպասարկող «սիմուլյակրը»: Պատճառներն, իհարկե, բացատրելի են և ակնհայտ: Իշխանությունը կարող էր լիներ այդպիսի կենտրոնացնող ուժ, սակայն նա որևէ բանով կախված չէ հասարակությունից, պարտավոր չէ դրան՝ կառավարում է ուժի և 5000 դրամների միջոցով: Հակառակը՝ արտաքին ուժերին շատ բանով է պարտական: Մյուս կողմից՝ ճնշված է հասարակության տնտեսական ուժը՝ գրեթե ամբողջությամբ կենտրոնացած լինելով մի բևեռում: Այս պայմաններում հասարակությունը մեծ դժվարությամբ միայն կարող է իր ներսից ձևավորել և պահել իրապես անկախ, հայաստանակենտրոն ուժ, ձևակերպել հայաստանակենտրոն օրակարգ, մանավանդ՝ եթե հաշվի առնենք նաև քաղաքական ցածր, հաճախ՝ մանկամիտ, վիպական գիտակցությունը, որն առանձնապես չի փոխվել Բուզանդի ժամանակներից, իսկ եթե փոխվել է, ապա միայն դեպի վատը՝ կորցնելով թեկուզ միամիտ արժանապատվությունը, որը բնորոշ էր Փավստոսի վիպականությանը:

Ասվածը հուսահատության ազդակ չէ, սակայն: Ընդամենը իրավիճակի սթափ արձանագրում: Հակառակը՝ հենց այս միջանկյալ փուլում, քանի դեռ մարդաշատ Հրապարակը կրկին չի մաքրել դաշտն անույժ ուրվականներից, պետք է կոփվի Հայաստանով մտածող ու Հայաստանը կենտրոնում ունեցող անհատների և խմբերի կամքն ու միտքը: 

Նախորդ հոդվածը‘3 թեկնածու, 3 էլ ՀՀԿ-ից’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ փոխարտգործնախարար. Մենք ԱՊՀ երկրներին ետ չենք պահում եվրաինտեգրումից` կոչ անելով միայն կշռադատել թեր և դեմ կողմերը’