‘Խմբագրական. Սերժ, մեզ բան չունե՞ս ասելու ‘

2557

Ո՛չ Մոսկվա գալուց առաջ, ո՛չ էլ Մոսկվայից վերադառնալուց հետո Սերժ Սարգսյանն այդպես էլ հրապարակային խոսքով չդիմեց հանրությանը, չգնաց ԱԺ` չհանդիպեց պատգամավորներին, բաց հանդիպում չունեցավ լրագրողների հետ: Եւ ինչպես Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների կիզակետում նա այդպես էլ բացատրություններ չներկայացրեց, թե ինչ է տալու Հայաստանին այդ համաձայնագիրը, ինչի շուրջ են ընթանում բանակցությունները, ու ինչ հնարավոր վտանգներ կամ կորուստներ կարող է ունենալ Հայաստանն այդ համաձայնագրի ստորագրման դեպքում, այնպես էլ այս անգամ` որեւէ բացատրություն չհնչեց նրա կողմից, թե ինչու վերջին պահին կատարվեց կտրուկ շրջադարձ, ինչ է տալու Հայաստանին նոր պայմանագիրը:

Դեռ մի կողմ ենք թողնում այն, որ բոլոր ադեկվատ քաղաքական գործիչներն ու փորձագետները ամիսներ շարունակ զգուշացնում էին, որ իշխանությունների անմեղսունակ վարքը Հայաստանին, ի վերջո, ծանր երկընտրանքի առաջ է կանգնեցնելու` դրանից բխող բոլոր հետեւանքներով, եւ որ պետք չէ` առանց ուժերը հաշվարկելու եւ ակնհայտորեն՝ ոչ բավարար ներուժով, նետվել քաղաքական ավանտյուրաների ծոցը: Զգուշացրին՝ չլսեցին, քարն էլ` իրենց գլուխը (կամ` Գալուստ Սահակյանի ասած` իրենց Կալինինգրադը թող իրենց գլխին կպնի): Չնայած՝ տուժողն էլի մենք ենք լինելու: Բայց՝ ինչեւէ:  

Ենթադրենք՝ իշխանությունները վստահ են, որ գիտեն, թե ինչ են անում, վստահ են, որ ճիշտ ուղու վրա են: Մի պահ ենթադրենք: Բայց նույնիսկ այդ պարագայում իշխանությունների վարքը որեւէ քննադատության չի դիմանում:

Եթե Սերժ Սարգսյանը վստահ էր, որ կարողանալու է «դուրս գալ» իր իսկ ձեռքով եփած այս բորշից, ուրեմն, մեզ հետ պետք է խոսեր ոչ թե միջնորդավորված` գալուստսահակյանների եւ շարմազանովների միջոցով, այլ` ուղիղ, տետ ա տետ:

Բայց Սերժ Սարգսյանը չի խոսել եւ չի խոսում: Չի խոսում ոչ միայն այն պատճառով, որ խոսել չգիտի (որովհետեւ, ի վերջո, ինքն էլ խոստովանել է, որ ինքը չի հեղինակում իր ելույթները, ասել է թե` հանգիստ կարող էր մի քանի ուղերձի տեքստեր գրել տալ ու դրանք հղեր ՀՀ քաղաքացիներին), այլ որովհետեւ ասելիք չունի: Որովհետեւ մի բան է, երբ իշխանական ցածր օղակները, իշխանությանը կցված փորձագետներն ու լրատվամիջոցներն են խոսում, և այդ դեպքում ինքը կարող է ցանկացած պահի հրաժարվել նրանց ասածներից եւ հայտարարել, որ դրանք իր տեսակետները չեն, այլ բան` երբ ինքն անձամբ է խոսում:

Սարգսյանը, սակայն, չի խոսում, որովհետեւ խելքին մոտ որեւէ փաստարկ չունի: Որովհետեւ ինքն էլ շատ լավ հասկանում է, որ այս կծիկն ինչպես ու ինչքան էլ բացեն, գալու-հասնելու ենք 2008-ի նախագահական ընտրություններին եւ դրա հետեւանքներին:

Սա՝ մեկ:

Եւ երկրորդ: Հասկանալով, որ ինքն ընտրված նախագահ չէ եւ չունի Հայաստանի անունից դժվար, էլ չենք ասում` ճակատագրական որոշումներ  կայացնելու լիազորություններ, Սերժ Սարգսյանը «նա խադու» փորձեց մի քանի մանեւրներ կատարել, որոնց իրականացման դեպքում` հույս ուներ ստանալ լեգիտիմության որոշակի պաշար, պատմության գիրկը նետեր կեղծված ընտրությունները,  եւ, ինչու չէ` մի հատ էլ Նոբելյան մրցանակ ստանալ ու «տեսա՞ք` ինչպես բոլորիդ հարիֆցրի» դեմքի արտահայտությամբ  գնար վայելելու իր միլիոնները:

Բայց իրենց գյուղի կլուբում հարեւան Վալոդին եւ Սաշիկին թղթախաղում կրած գեղական մակարդակի շուլլերը պետք է հասկանա, որ եթե հեռավոր Հեռվաշենում շուստրիությամբ ու շուլլերությամբ թղթախաղում հաղթել ես համագյուղացիներիդ, դա դեռ չի նշանակում, որ կարող ես գնալ Լաս Վեգաս, ձեռնոց նետես հայտնի խաղացողներին ու ընտանիքիդ ունեցվածքը դնելով խաղասեղանին`հույս ունենաս, թե կարող ես շուստրիությամբ հաղթել բոլորին: Որովհետեւ եթե չես հաշվարկում ուժերդ, ապա վերջում, լավագույն դեպքում՝ մի անդրավարտիքով դուրս կգաս խաղատնից, իսկ վատագույն դեպքում` շվեյցարները քեզ ծեծելով կհանեն դուրս կամ, ընդհանրապես, հարցերդ այնպես կլուծեն, որ իզ ու թոզդ էլ չի երեւա…

Ներողություն ենք հայցում ընթերցողներից օրինակն այս ձեւով ներկայացնելու համար, ուղղակի` տվյալ օրինակը բերեցինք Սերժ Սարգսյանի համար միակ հասկանալի լեզվով: Վիկտոր Դալլաքյանը վկա:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ այս ամբողջ ավանտյուրայի հետ կապված՝ Սերժ Սարգսյանը որեւէ բացատրություն, ուղերձ, կոչ չի հղել հանրությանը, քաղաքական ուժերին, պատգամավորներին: Ո՛չ անելուց առաջ, ո՛չ էլ` հետո: Բացառությամբ նախօրեին նախագահականում կայացած փակ «ինքնաասուլիսի», որտեղ Սերժ Սարգսյանը զրուցել է «պատասխանատու» լրատվամիջոցների հետ: Զրույցը, սակայն, ի տարբերություն նախորդ անգամվա, նույնիսկ նախագահականի կողմից չի տեսագրվել: Բայց սա էլ ասուլիս համարելով` մեղք կվերցնեք մեր հոգիների վրա, քանի որ տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան` սովորական ինստրուկտաժ: «Գնացեք եւ հանրությանը ասեք, փոխանցեք, որ…» ծիրին մեջ:

Իհարկե, հանրությունը կարող է դեռ շատ երկար ասել` Սերժ, մեզ բան չունե՞ս ասելու, ու մինչ սպասի նրա ասելուն, մի առավոտ էլ կարող ենք զարթնել Իսլամական կոնֆերանսի շրջանակներում (նորից՝ Գալուստ Սահակյանի ականջը կանչի): Խնդիրն այն չէ, սակայն, թե Եվրամիությունը, Մաքսային միությունը լավն են կամ վատը: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարման ողջ ընթացքում արդեն քանի անգամ, առանց հանրությանը տեղյակ պահելու, առանց հանրության ցանկությունները եւ տրամադրությունները հաշվի առնելու, միանձնյա (գալուստահակյաններն ու շարմազանովները հաշիվ չեն)՝ Հայաստանի հետ կապված կարեւոր որոշումներ է կայացնում, որոնց մասին ՀՀ քաղաքացիները տեղեկանում են պոստֆակտում: Սա է: Այլ բան չկա:

Մինչդեռ Սերժ Սարգսյանը մեզ պատմելու շատ բան ունի: Անշո՛ւշտ: Բայց` ցուցմունքների տեսքով: Իսկ մինչ այդ՝ ասելու բան ունի հանրությունը: Եւ քանի դեռ Սերժ Սարգսյանը հերթական անակնկալը չի մատուցել մեզ` ՀՀ քաղաքացիներիս, հանրությո՛ւնը պիտի իր խոսքն ասի:

Հետո կհանդիպենք դատարանում: Հետաքրքիր ցուցմունքներ լսելու: 

Նախորդ հոդվածը‘Telegraph. Բրեյվիքը հեռակա կրթություն կստանա համալսարանում’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին’