‘Խմբագրական. Սերժ Սարգսյանը՝ վախերի իր իսկ հյուսած սարդոստայնում ‘

2789

Բժշկագիտությունն արձանագրում է վախի շուրջ 500 տարատեսակ։

Վախը համարվում է բոլոր հույզերից ամենավտանգավորը, որ կարող է ոչ միայն հոգեկան, այլ նաեւ ֆիզիկական ախտահարումների պատճառ դառնալ։ Իսկ ինտենսիվ վախը կարող է հասցնել ընդհուպ մահվան։ Այս բանը վաղուց հայտնի է եղել ժողովրդական բժկությանը, դրա դեմ պայքարել են ամենասովորական կենցաղում. ինչ-որ բանից վախեցածի «վախը բռնում» կամ «վախը չափում էին», որ այն հետեւանքներ չունենա։

Շատ ուժեղ վախը, վերածվելով ֆոբիայի, մեծապես ազդում է մարդու հոգեկան առողջության, վարքագծի վրա եւ կարող է ճակատագրական, կործանարար դեր խաղալ անհատի կյանքում։ Իսկ երբ այդ անհատը, իրերի բերմամբ, նաեւ երկրի, պետության ղեկավար է, այն կարող է նույնպիսի դեր խաղալ նաեւ ողջ ժողովրդի համար։ Եւ եթե այդ պետությունն էլ հզորագույններից մեկն է՝ նաեւ բազմաթիվ այլ ժողովուրդների համար։ Հայտնի է, որ, օրինակ, Ստալինի վարքագծի դրսեւորումների հիմքում դրված հիմնական գործոններից է եղել վախը։ Նա տառապել է մարդկանց մեջ գտնվելու վախով (սոցիոֆոբիա), նա չի վստահել ու վախեցել է բժիշկներից (իատրոֆոբիա), միշտ վախեցել է թունավորումից (իոֆոբիա), նրան թվացել է, թե իրեն միշտ հետապնդում են, վախեցել է քնելուց (սոմնիֆոբիա), վախեցել է դավադրություններից։

Այս ամենը նրա մոտ ձեռքբերովի էր՝ կապված, մի կողմից՝ ինքնաճանաչման, մյուս կողմից՝ իշխանության ձեռքբերման ու պահպանման իր գործադրած մեթոդների հետ։ Ձեռք բերած իշխանությունը պահպանելու, չկորցնելու մտասեւեռումն է եղել նրա ելակետը եւ պայմանավորել, թե ով պետք է լինի իր թիրախը։ Երբ որպես իր իշխանության վտանգ՝ նրա սեւեռուն միտքը տեսել է կուսակցական վերնախավի այն գործիչներին, որոնք իրենց ինտելեկտով, հեղինակությամբ, հռչակվածությամբ կամ այլ հատկանիշով գերազանցել են իրեն, նա ոչնչացրել է այդպիսիներին։ Երբ որպես իր իշխանության համար վտանգավոր տարր՝ նա տեսել է բանակի սպայական կազմը, ոչնչացրել 50.000-ից ավելի հրամանատարների։  Գործած հանցանքները, սակայն, չեն ամոքել եղած ֆոբիաները եւ առաջացրել են նորերը։ Նա վախեցել է ժողովրդից. ըստ կենսագիրների՝ նա վերջին անգամ հանրության մեջ երեւացել է 1931թ.։ Ըստ հոգեբանների՝ «վախը դավադրություններից» եւ «վախը հանրությունից» եղել են այն հիմքը, որը ծնել է 30-ականների «մեծ տեռորը»։

Կյանքի վերջին տարիներին նրա վախերն ավելացել ու խորացել են։ Ու, վերջին հաշվով, հենց վախերի, ֆոբիաների այս կծիկը, սարդոստայնը, քայքայելով նրան ֆիզիկապես ու հոգեպես, հասցրեց մահաբեր կաթվածի։ Սակայն ընդամենը մի մարդու ֆոբիաները նաեւ տասնյակ միլիոնավոր մարդկային կյանքեր խլեցին, տասնյակ միլիոնավոր մարդկանց, եթե չասենք՝ մի ողջ սերնդի ճակատագրեր խեղեցին։

Դժվար է ասել՝ եղե՞լ է ժամանակ, երբ Ստալինի վարքագիծն ու գործողությունները պայմանավորված են եղել գաղափարական ինչ-որ սկզբունքներով, ինչ-որ գերագույն արժեքով, օրինակ՝ համաշխարհային հեղափոխության, սոցիալիզմի կամ կոմունիզմի կառուցման ծրագրերով եւ այլն։ Պայմանականորեն ընդունենք անգամ՝ եղել է։ Սակայն ակնհայտորեն ինչ-որ պահից, արդեն գործած հանցանքների, խաբեությունների եւ պատասխանատվություն ենթադրող այդօրինակ այլ հիմքերով վախից սեփական անձն է դարձել այդ գերագույն արժեքը, ու այդ անձն իրեն, իր կյանքը, ապրելը ոչ մի կերպ չի պատկերացրել առանց իշխանության։ Մնացած ամեն ինչ, բացարձակապես՝ ամե՛ն ինչ, պիտի ծառայեր, անհրաժեշտության դեպքում՝ զոհաբերվեր գերագույն այդ արժեքի ու նրա իշխանության պահպանմանն ու հավերժացմանը։

Սա, ակնհայտորեն, վախի հիմքով հոգեկան հիվանդություն է՝ այս կամ այն չափով հատուկ մեծ ու փոքր շատ բռնապետների, շատ վտանգավոր դրանով տառապող անձի, ու բազմակի վտանգավոր՝ նրանց համար, ովքեր տվյալ անձի իշխանության տակ են։

***

Որքան էլ անձի եւ երկրի առումով մասշտաբները՝ անհամեմատելի, սակայն կարելի է զուգահեռներ տանել այսօրվա հայաստանյան իրականության հետ։ Ավելի շատ են տարբերությունները, ընդհանուր է մի բան՝ իշխանության բարձունքի հասած անհատի վարքագիծն ու գործելակերպը՝ իրեն պատած վախերի, ֆոբիաների թելադրանքով, ու դրա կործանարար հետեւանքները։

Անենք նույն հարցադրումը. եղե՞լ է ժամանակ, երբ Սերժ Սարգսյանի վարքագիծն ու գործողությունները պայմանավորված են եղել գաղափարական ինչ-որ սկզբունքներով, իր անձից դուրս ինչ-որ գերագույն արժեքով, օրինակ՝ Ղարաբաղի ազտագրման ու Հայաստանին միացման, անկախության եւ այլ գաղափարներով։ Պայմանականորեն ընդունենք, որ եղել է։ Եւ այս դեպքում էլ՝ ինչ-որ պահից՝ արդեն գործած հանցանքների ու խաբեությունների բացահայտման ու դրանց համար պատասխանատվության վախից, առաջին պլան է ելել սեփական անձը՝ որպես գերագույն արժեք, որին կարելի է զոհաբերել ամեն ինչ։ Ո՞րն է եղել այդ պահը. 1998-ի հեղաշրջմանը մասնակցությո՞ւնը, դրանից առաջ պաշտոնավարման տարիներին ինչ-որ դեռ անհայտ հանցավոր փաստե՞ր, ապօրինի կուտակած հարստությո՞ւնը, նախագահական իշխանության հասնելու համար արտաքին աշխարհի հետ ազգային շահերի հաշվին գաղտնի գործարքնե՞րը, 2008-ի ընտրակեղծիքներն ու մարտիմեկյան սպա՞նդը, բանակի ներգրավմամբ պետական հեղաշրջման իրականացո՞ւմը։ Դժվար է ասել։

Ակնհայտ է մի բան։ Վաղուց արդեն մենք գործ ունենք մի մարդու հետ, որը տառապում է բազմաթիվ վախերով, ֆոբիաներով, նրա վարքագիծն ու գործունեությունը բխում են դրանից, եւ հետեւանքները կործանարար են Հայաստանի ու հայ ժողովրդի համար։ Սերժ Սարգսյանի ողջ գործունեությունն ուղղված է սեփական վախերի հարուցիչները, պատճառները վնասազերծելուն, անվտանգ դարձնելուն։ Նրա ֆոբիաների հիմնական տեսակներն են.

Վախ արտաքին աշխարհից

Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում էր եւ հասկանում է, որ դրսում իր իշխանության ոչ օրինակարգ ճանաչումը կործանարար կլինի։ Նկատի ունենալով ուժերի եւ ռեսուրսների անհամեմատելիությունը, նա այս դեպքում գործադրում է ոչ թե վախի հարուցիչին դիմակայելու, նրան ոչնչացնելու, այլ նրան քծնելու, զիջումների ու խոստումների մեթոդը։ Ուժեղին նա պատրաստ է զիջել ամեն ինչ՝ Ցեղասպանության ուրացումից սկսած՝ մինչեւ պետական լեզու, Ղարաբաղի ինքնորոշման իրավունքից՝ մինչեւ երկրի ռազմավարական ոլորտների վաճառք։ Պատրաստ է Թուրքիայի նախագահին հաճոյանալու համար հրճվել Հայաստանի հավաքականի դարպասը Թուրքիայի հավաքականի խփած գոլով եւ Հայաստանի պետական զինանշանի վրայից հանել Արարատ սարի պատկերը։ Պատրաստ է մեկ գիշերում տրամագծորեն փոխել ամբողջ չորս տարի հետապնդած արտաքին քաղաքական կուրսի վեկտորը։ Պատրաստ է ամեն տեսակ քծնանքի, հանդուրժելու ամեն կարգի ստորացումներ։

Վախ սեփական ժողովրդից.

Ի տերբերություն դրսի՝ նա տրամագծորեն այլ մեթոդներ որդեգրեց երկրի ներսում իր վախերի հարուցիչները չեզոքացնելու համար։ Դրանցից առաջինը Հայաստանի ժողովուրդն էր։ Խնդիրն այն է, որ այդ ժողովուրդը, 1998-ից ի վեր, այդպես էլ չհամակերպվեց ոչ օրինակարգ իշխանության գոյության փաստի հետ։ Հայաստանում չհաջողվեց ստեղծել այնպիսի ռեժիմ, երբ ողջ ժողովուրդը, համոզված, մոլորված թե վախից, զուռնա-դհոլով 99%-ով գնար ընտրությունների եւ նույն 99%-ով ընտրեր միակ թեկնածուին։ 1990-ականներին ջախջախվել էր այդ ավանդույթը ու դրա փոխարեն արմատավորվել էր իրական ընտրությունների քաղաքական ավանդույթը, որ դիմակայեց եւ տեղի չտվեց։ Ուստիեւ՝ իշխանության պահպանման, վերարտադրման համար այլ բան չէր մնում, քան ստեղծել ընտրակեղծիքների այնպիսի մի մեքենա, որը կարողանար ընտական պրոցեսից դուրս բերել ոչ թե ստացված, այլ պատվիրված արդյունքը։

Բայց սա դեռ բավական չէր ժողովրդից ունեցած վախի խնդիրը լուծելու համար։ Այդ ժողովուրդը ոչ մի անգամ չհամակերպվեց նաեւ ընտրակեղծիքների ու կեղծված արդյունքների հետ, ու ամեն անգամ փողոց էր դուրս գալիս այնպիսի թափով ու վճռականությամբ, որ կարող էր մահացու լինել ռեժիմի ու նրա պարագլխի համար։ Այդ ընդվզումն իր գագաթնակետին հասավ 2008թ. ընտրությունների առիթով՝ հետընտրական բողոքի բուռն ակցիաներից վերածվելով ռեժիմի հիմքերը խարխլող տեւական համաժողովրդական շարժման։ Այս իրողության հանդիման՝ Սերժ Սարգսյանը պիտի մտածեր իր իշխանությանն սպառնացող այս վտանգի ֆիզիկական չեզոքացման մասին։

Ժողովրդից իր վախը «բռնելու» համար Ս. Սարգսյանի կողմից մշակվեց ու գործի դրվեց անհավատալի, սահմռկեցուցիչ՝ արտագաղթի մի ծրագիր. դուրս մղելով՝ նվազեցնել երկրի բնակչությունն այն աստիճան, որ այն չբավարարի գոյացնելու համար հեղափոխական իրավիճակ ստեղծելու համար անհրաժեշտ կրիտիկական զանգվածը, իսկ մնացածներն էլ կորցնեն իրենց քաղաքացիական հատկանիշները եւ դադարեն լինել իշխանության հարցի լուծման գործոն։ Մարդկանց արտագաղթի մղելու լծակներն ու մեթոդները բազմազան են. իրավազրկում, ունեզրկում, թալան, կողոպուտ, գործարար միջավայրի աղճատում եւ ոչնչացում,  տարբեր կարգի հետապնդումներ, հեռանկարի ոչնչացում։ Դրա համար, որպես քարոզչական գործիք, առատ վճարի դիմաց լայնորեն օգտագործվեց «ազատ» մամուլը, որին հանձնարարվեց զարգացնել «էս ազգը ազգ չի», «սրանք մի բան չեն, նախկիններն էլ մի բան չէին, ով էլ գա նույնն է լինելու», «բոլոր չարիքների հիմքերը դրվել են 90-ական թվականներին» եւ հուսահատության ու հուսալքության մղող նմանօրինակ այլ անհեթեթություններ։ Մարդկանց երկրից դուրս քշելու քաղաքականությունը բացահայտ է, դրա արդյունքներն արտագաղթի տեսքով անսակարկելի են, այդ ծրագրի մասին իրեն հատուկ ցինիզմով հրապարակավ հայտարարեց անգամ Ս. Սարգսյանի երկարամյա վարչապետ Տ. Սարգսյանը։

Վախն ընդդիմությունից

Սերժ Սարգսյանի ամենախոր վախի հարուցիչն, անշուշտ, քաղաքական ընդդիմությունն է, որը կարող է հունավորել, ուղղություն տալ, կազմակերպել դժգոհ ժողովրդին։ Այստեղ Ս. Սարգսյանի բախտը չբերեց։ Ի սկզբանե, ազգային շահերի վաճառքի դիմաց ունենալով միջազգային հանրության անվերապահ աջակցությունը՝ նա ամենադաժան հաշվեհարդարը տեսավ 2008թ. ընտրությունների շրջանում Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ հավաքված քաղաքական ուժերի եւ համաժողովրդական շարժման դեմ. սպանություններ, հարյուրավոր ձերբակալություններ, քաղբանտարկյալներ, տասնյակ հազարավորների հետապնդումներ։ Եւ չկարողացավ հասնել ցանկալի արդյունքի։ Հայ ազգային կոնգրեսի՝ միայն հանրապետական մասշտաբով շուրջ 7 տասնյակ հանրահավաքներից յուրաքանչյուրը ծանրագույն սթրես է եղել Ս. Սարգսյանի համար, բազմապատկել ու խորացրել նրա վախերը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին ենթական, չկարողանալով հաղթահարել իր մեջ արմատացած բարդույթները, իր համար ամենավտանգավոր պահերին նրա դեմ գործել է ամենաճղճիմ ու, միաժամանակ՝ ամենախղճուկ ձեւերով ՝ չխորշելով օգտվել ամենաստոր մեթոդներից ու ամենավարկաբեկված մարդկանց ծառայություններից։

Վերջին տարիներին տեղի ունեցան քաղաքական գործընթացներ, որոնք բազմապատկեցին Ս. Սարգսյանի վախը քաղաքական ընդդիմությունից։ Շուրջ հինգ տարի Հայ ազգային կոնգրեսի դեմ նրա մղած ամենօրյա պայքարը ցանկալի արդյունքի չհասավ։ Ընդհակառակը. չնայած նա շարունակեց մնալ  իշխանության ղեկին, նրանից աստիճանաբար հեռացան նրա բոլոր դաշնակիցները։ Ավելին՝ նրանք բոլորը հայտնվեցին Հայ ազգային կոնգրեսի հետ նույն ընդդիմադիր միավորման մեջ, նույն քաղաքական պլատֆորմի վրա։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչպիսի սթրես ու խուճապ է ապրել Ս. Սարգսյանն այս ամենից, կարելի է պատկերացնել, թե, օրինակ, նա ինչպիսի սթրես է ապրել ս/թ ապրիլի սկզբին, երբ Քառյակը նույն ամսվա 28-ին համատեղ հանրահավաք հայտարարեց։ Իսկ պատկերացնելու համար սթրեսի, խուճապի ու վախի այդ աստիճանը, բավական է այն փաստը, որ հաջորդ իսկ օրը նա ստիպված էր այդ հեռանկարից խուսափելու համար զոհաբերել իր շատ սիրելի վարչապետին։

Վախը գործարարներից

Այն գործողությունը, որը վերջ է տալիս բռնապետություններին եւ հաստատում ժողովրդավարություն, իրավունքի եւ օրենքի գերակայություն, գիտական գրականության մեջ կոչվում է բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն։ Դրա շահառուներն ու շարժիչ ուժերը շահագործվող ու   իրավազրկված ժողովրդական լայն զանգվածներն են եւ գործարարները՝ մեծ թե փոքր։ Այսինքն՝ հիշյալ հեղափոխությունն իրականություն է դառնում հասարակական այս երկու բաղադրիչների մեկտեղմամբ։ Անկախ այն բանից, թե ինքը՝ սերժ Սարգսյանն ինչպես կկոչի դա, նրա համար ակնհայտ է, որ այդ երկու բաղադրիչների «միացումը» վերջ կդնի իր իշխանությանը։ Ուստիեւ՝ նրա հաջորդ վախի աղբյուրը գործարարներն են՝ մեծ, միջին թե փոքր։ Այդ վախից դրդված է, որ նա առավելագույնս խեղճացրեց, ոչնչացրեց մանր ու միջին գործարարությունը՝ հետեւողականորեն աննպաստ ու անտանելի պայմաններ ստեղծելով նրանց համար։ Խոշոր գործարարների նկատմամբ նա առայժմ վարում է նրանց «կապելու» քաղաքականություն։ «Սաշիկի» ու «Միշիկի» դեմքով բոլորի բիզնեսների մեջ «50-50 փայ մտնելու» մասին ամենուր տարածված, ընդհուպ անեկդոտների հիմք դարձած խոսակցությունները ոչ միայն անհիմն չեն, այլեւ հենց դա է Ս. Սարգսյանի հիմնական գործելակերպը։ Այդ կերպ խոշորներին «կապելուց» զատ (որ դեռ նրանցից վախ չունենալու լիակատար երաշխիք չէ)՝ նա լուծում է մի այլ խնդիր, ինչը նույնպես բազմիցս իրավացիորեն արձանագրվել է. Հայաստանում ստեղծել «մեկ օլիգարխի» տնտեսություն։ Նա իրեն լիակատար ապահով կզգա միայն այն ժամանակ, երբ իր ունեցվածքը ավելին կլինի, քան մյուս բոլորինը՝ միասին վերցրած։ Իսկ դրա համար պետք է խլել մյուսներից։ Այսինքն՝ խոշոր գործարարներից յուրաքանչյուրը նրա պոտենցիալ թիրախն է՝ մի հարմար օր մինչեւ վերջ ունեզրկվելու, «բոմժ դառնալու» հեռանկարով։ Ընդ որում՝ որքան խոշոր, այնքան ավելի մեծ է առաջինը թիրախ դառնալու հավանականությունը։ Այլ կերպ այդ խնդիրը չի լուծվի, եւ Ս. Սարգսյանի այս վախը չի փարատվի։

Վախը սեփական քաղաքական թիմից

Այս մասին եւս վերջերս գրվել է՝ կոնկրետ փաստերով ցուցադրելով, որ ինչպես իր գործողություններով, այնպես էլ՝ հատկապես ձեռնասուն «ազատ» լրատվամիջոցների քարոզչական հնարավորությունների օգտագործմամբ, Ս. Սարգսյանը երբեմն «փուռն է տալիս» ինչպես առանձին ՀՀԿ-ականների, այնպես էլ առանձին խմբերի։ Նա շատ լավ հասկանում է, որ ինքը ՀՀԿ-ի մեջ մտավ խիստ գործնական նկատառումով ու նպատակով։ Նա շատ լավ հասկանում է, որ ՀՀԿ-ն առ այսօր «իր թիմն» է այնքանով, որքանով իր իշխանությունը ամուր է համարվում։ Նա շատ լավ հասկանում է, որ իր դիրքերի խարխլման նշանների դեպքում այստեղ կարող են անկանխատեսելի (կամ՝ հե՛նց կանխատեսելի) ու ճակատագրկան շարժեր լինել (ասօր արդեն, Քառյակի հետեւողական ջանքերի շնորհիվ, խորհրդարանում «մազի վրա է» օրենքների դակումը)։ Եւ սարսափում է դրանից։

***

Թե որքանո՞վ է ֆոբիաների, խորը վախերի իր իսկ գործած այս սարդոստայնում ախտահարվել Ս. Սարգսյանը հոգեպես եւ ֆիզիկապես՝ թողնենք մասնագետներին։ Ակնհայտ է, որ նրա վախերը բազմազան են, խորը եւ անշրջանցելի։ Ակնհայտ է նաեւ, որ վաղուց նրա որեւէ նախաձեռնություն ու գործողություն ոչ մի կապ չի ունեցել երկրի ու ժողովրդի շահերի կամ դրանց նկատմամբ մտահոգության դրսեւորման հետ։ Դրանք բացառապես բացատրելի են ունեցած իշխանությունը կորցնելու վախերի հիմքով։ Քաղաքական առումով՝ այստեղ հետեւությունը միակն է. նրա իշխանության ամեն րոպեն օբյեկտիվորեն հղի է անկանխատեսելի վտանգներով ու անդառնալի կորուստներով։ Ուստիեւ, ողջախոհությամբ թելադրված, իշխանությունից նրա շուտափույթ հեռացումը, քաղաքականից սկսած՝ մինչեւ մարդասիրական առումով՝ հրամայական անհրաժեշտություն է։

Աշոտ Սարգսյան

 

Նախորդ հոդվածը‘Վճարեք ընդամենը 200 հազար դրամ և խոսեք՝ ինչ լեզվով ուզում եք. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Բողոքի ակցիա՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման. Ուղիղ ‘