‘
Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը Փակ շուկայի մասին ասել է. «Ազգային խայտառակություն է, և դա ես չեմ ասել, դա համազգային կարծիք է»։ Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ևս նույն բանն է ասել և հավելել, թե շինարարությունը կատարվել է ապօրինի, ու դա կանխելու՝ քաղաքապետարանի ջանքերն արդյունք չեն տվել։
ՀՀ մշակույթի նախարարության անունից փոխնախարարը հայտարարել է, որ ապօրինի շինարարության դեմ պայքարել է նաև նախարարությունը, և դարձյալ՝ ապարդյուն։
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ հայտարարել է. «Հուշարձանը կորցրինք»։
Եւ այսպես՝ պատմական հուշարձանի համար պատասխանատու երեք հիմնական օղակ հայտարարում են, որ իրենց աչքի առաջ տեղի է ունեցել դրա կործանումը, և իրենք անզոր են եղել դա կանխել։ Իսկ այդ օղակներն այլ բան չեն, քան Երևանի քաղաքապետարանը, որ Հայաստանի իշխանության կեսն է, ի դեմս մշակույթի նախարարության՝ ՀՀ կառավարությունն ամբողջությամբ, Ճարտարապետների միությունը՝ իր հարյուրավոր անդամներով։
Քաղաքական իմաստով՝ սա ծանր ու դաժան մի խոստովանություն կամ ինքնախոստովանություն է.
Ա) Ի՞նչ պետք է աներ մշակույթի նախարարը՝ իր աչքի առաջ կատարվող այլանդակության դեմ։ Բնականաբար՝ պետք է համապատասխան հարց մտցներ կառավարություն։ Պետք է ենթադրել, որ նա, բնականաբար, դա արել է։ Ի՞նչ պետք է աներ, երբ դա էլ օգուտ չտար։ Բնականաբար՝ պետք է հրաժարական ներկայացներ՝ նշելով պատճառը։ Սա՝ այն դեպքում, եթե նախարարն օժտված լիներ նվազագույն քաղաքական որակներով, նվազագույն պաշտոնեական և մարդկային արժանապատվությամբ և ինքնասիրությամբ։ Որովհետև դա նշանակում էր թքել նախարարության և իր կառավարության երեսին։
Բ) Ի՞նչ պետք է աներ Երևանի գլխավոր ճարտարապետը, երբ գիտեր, որ շինարարությունն ապօրինի է, և դրա հետևանքով քաղաքի դեմքը հանդիսացող հուշարձան է կորչում։ Չասենք՝ պետք է գնար պառկեր բուլդոզերի տակ։ Բայց պետք է ենթադրել, որ հարցը բարձրացրել է քաղաքապետարանում, և քաղաքային իշխանությունը՝ իր քաղաքապետով հանդերձ, անզոր են գտնվել։ Ի՞նչ պետք է աներ գլխավոր ճարտարապետը՝ իր քաղաքապետով հանդերձ։ Բնականաբար՝ պետք է հրաժարական տային, որովհետև դա հրապարակային ապտակ էր իրենց երեսին, ծաղր ու արհամարհանք։ Բայց դա էլ՝ այն դեպքում, եթե նրանք ունենային նվազագույն պաշտոնեական և մարդկային արժանապատվություն և ինքնասիրություն։
Գ) Ի՞նչ պետք է աներ Ճարտարապետների միությունն՝ ի տես հուշարձանի նկատմամբ կատարվող վանդալիզմի։ Մի քանի տասնյակ անձնազոհ քաղաքացիական ակտիվիստների փոխարեն կամ նրանց առաջնորդելով՝ իրենք առաջին իսկ օրը պիտի հայտնվեին հուշարձանի մոտ և շուրջօրյա նստացույց-պիկետ անեին՝ օրերով, շաբաթներով, ինչքան որ պետք էր։ Չէ՞ որ քաղաքի կենտրոնում օրը ցերեկով և ամիսներ շարունակ հուշարձանի ավերումը նաև իրենց մասնագիտական ու մարդկային արժանապատվության ոտնահարում էր։
Ա՜յ եթե թուրքական իշխանությունների կողմից վերականգնվող Աղթամարի վանքի քարերից մեկը մի քիչ ծուռ դրած լինեի՜ն…
Բայց մենք սրանցից ոչ մեկին չենք մեղադրում։ Նույնիսկ ապօրինություն կատարած օլիգարխի խնդիրը տասը հազար անգամ ավելի փոքր է այն վտանգից, ինչի ախտանշանն է նույն այդ ապօրինությունը։ Սրանք բոլորը՝ քաղաքապետարանով, նախարարությունով (կառավարությունով) ու ճարտարապետների միությունով հանդերձ, Փակ շուկայի անվերադարձ այլանդակումից հետո, քաղաքական իմատով, հրապարակավ շատ կարևոր երկու բան են ասում — արձանագրում.
Առաջին՝ Սերժ Սարգսյանի գլխավորած ռեժիմը բոլոր պետական պաշտոնյաներին զրկել է պաշտոնեական, մարդկային և մասնագիտական տարրական արժանապատվությունից։
Երկրորդ, որ շատ ավելի կարևոր է. երկրում ծայր է առնում անարխիան՝ անիշխանությունը։ Սերժ Սարգսյանը (ի պաշտոնե՝ որպես պետական կառույցների բնականոն աշխատանքի ապահովման երաշխավոր) չի վերահսկում իրավիճակը։ Այլ կերպ մեկնաբանել իշխանության հզորագույն օղակների՝ քաղաքապետարանի և կառավարության՝ հրապարակավ խոստովանած անզորությունը քաղաքի կենտրոնում տարիուկես տևող ապօրինությունը կանխելու հարցում՝ դժվար է։
Անիշխանությունից, բնականաբար, առաջին հերթին օգտվում են հզորները, հարուստները, անգամ իրենք՝ իշխանավորները (Փակ շուկան այդ դեպքերից մեկն է)։ Սակայն անարխիան էլ ունի իր ներքին տրամաբանությունն ու օրինաչափությունները։ Սկիզբ առնելով վերևում՝ այն իր բնական զարգացմամբ ծավալվում է դեպի ներքև և ստանում, օրինակ, սոցիալական բունտի կամ տարերային ընդվզման այլ տեսք։ Այս դեպքում, դարձյալ՝ առաջին հերթին, հասարակական կուտակված զայրույթի թիրախ են դառնում նույն այդ հզորները, հարուստները, իշխանավորները՝ ոչ միայն իրենց գույքով, երբեմն նաև անձնապես։ Ընդ որում՝ հաճախ թացն էլ չորի հետ է վառվում։ Բայց դեռ դա չէ ամենասարսափելին։ Ամենասարսափելին այն է, որ քաղաքական բովանդակությունից զուրկ անարխիան կործանարար հետևանքներ է բերում երկրի ու նրա բոլոր բնակիչների համար։
Քաղաքական դիմագծից զուրկ ավազակապետական ռեժիմը Հայաստանը, բնականաբար, պիտի հասցներ անարխիայի նախադռանը։ Խուսափելու համար վատթարագույն զարգացումներից՝ դրա դեմ քաղաքական պատնեշ է պետք դնել։
‘