‘Խմբագրական. Սերժ Սարգսյանի դժբախտություններից ևս մեկը’

2625

Սերժ Սարգսյանին չես նախանձի: Վայելում է ժողովրդի տոտալ ատելությունն ու ծաղրը, քաղաքական ուժերը, դրած՝ քանդուքարափ են անում իր բոլոր պլանները, մերկացնում ու բացահայտում արված սխալներն ու հանցանքները: Գործի բերումով համախոհ համարվողներն էլ իրենց պարագլխին պաշտպանում են միայն այն ժամանակ, երբ չպաշտպանելը իրենց համար կարող է հղի լինել ինչ-որ հետևանքներով: Մնացած դեպքերում սուսուփուս քաշված են մի կողմ: Միջազգային հարթության մասին խոսելն էլ ավելորդ է. աշխարհի պատմության մեջ քիչ են դեպքերը, երբ պետության ղեկավարը դառնում է ծաղրանքի առարկա: Այս առումով էլ բախտը դաժան գտնվեց հայ ժողովրդի հանդեպ. մենք էլ մտանք այդ ընտրյալների ցուցակի մեջ:

Ինչևէ, գանք դառը իրականություն և դրանում հայտնված Սերժ Սարգսյանին: Վերջինս հերթով կորցնում է այն գործոնների աջակցությունը, որոնք անհրաժեշտ են իշխանության պահպանման համար: Այս շարքում կարևոր կորուստներից է դրսի հայկական կապիտալի հետ իր հարաբերությունների անվերադարձ խաթարումը: Ընդհանրապես, Սերժ Սարգսյանի «տնտեսական քաղաքականությունը» իր իշխանության գերեզմանափորների մեջ առաջնային դերակատարներից է: Եվ այս հարցում նրան անգնահատելի ծառայություն են մատուցել իր ագահությունը, խանական նկրտումները, փեսա Միշիկն ու եղբայր Սաշիկը:

Ձգտելով տնտեսական դաշտի, ֆինանսական հոսքերի կատարյալ տիրապետման՝ Սերժ Սարգսյանը հետևողականորեն տրորում էր հայաստանյան գործարարության ոտքերը՝ ստիպելով նրանց մտնել տիրոջ ու հպատակի հարաբերությունների մեջ: Իր պաշտոնավարման տարիներին Սերժ Սարգսյանը իր ազգականների միջոցով կուլ տվեց կամ փայ մտավ հայաստանյան  խոշոր կապիտալի և բիզնեսի գրեթե բոլոր ոլորտներում. մեդիա, հեռահաղորդակցություն, ինտերնետ, վառելիք և էներգակիրներ, հյուրանոցներ ու սպասարկման ոլորտ, հանքեր, ոգելից խմիչքների արտադրություն, թանկարժեք մետաղներ և այլն:

Այս գործընթացից անմասն չէր կարող մնալ նաև արտերկրի, հատկապես՝ ռուսաստանահայ խոշոր կապիտալը: Հարկ է, սակայն, նշել, որ ռուսաստանահայ կապիտալի հետ վատթարացած հարաբերություններում առկա է նաև քաղաքական բաղադրիչ, և այն պայմանավորված է Ռուսաստանի իշխանությունների հետ Սերժ Սարգսյանի հարաբերությունների վերջնականապես փչացած լինելու, Կրեմլում Սերժ Սարգսյանի, մեղմ ասած՝ վատ համբավ ունենալու հանգամանքով: Բայց քաղաքականը՝ մի կողմ, այս ամենի պատճառը նույնն է, ինչ ցանկացած այլ տեղ: Սերժ Սարգսյանը ռուսաստանյան հայ գործարարների հետ (Սամվել Կարապետյան, Լևոն Հայրապետյան, Մուրադյաններ, Սարկիսովներ և այլն) հարաբերությունները կառուցել է՝ վերջում «քցելու» փիլիսոփայությամբ ու նպատակով: Սկզբում խոստացել է հնարավոր ամեն բան. լայն արտոնություններ, բիզնեսի հնարավորություններ, նույնիսկ քաղաքական դիվիդենտներ կամ առաջխաղացումներ, քաղել այդ համաձայնության օգուտները՝ քաղաքական աջակցությունը ընտրությունների ժամանակ, ներդրումների պատրաստակամություն,  այնուհետև սկսել է գործի դնել «քցելու» և խաբելու տեխնոլոգիան: Այստեղ է, որ նրան օգնության են գալիս պետական մեքենան, փեսան ու եղբայրը:

Սակայն ի տարբերություն հայաստանյան գործարարների՝ ռուսաստանահայ կապիտալն ավելի պաշտպանված է այն պարզ պատճառով, որ Սերժ Սարգսյանի շոշափուկները, ինչպես նաև՝ պետական պատժիչ մեքենան, չեն հասնում նրանց: Վնասը կարող է հասցվել միայն Հայաստանում: Վերջին վառ օրինակը Մարզահամերգային համալիրի ուղղակի խլումն էր Մուրադյանների ձեռքից:

Այս ամենի արդյունքում Սերժ Սարգսյանը, թերևս, անվերադարձ կորցրել է ռուսաստանահայ խորոշ գործարարության աջակցությունը՝ և՛ Հայաստանում իշխանությունը պահելու, և՛ Ռուսաստանի քաղաքական շրջանակներում բարենպաստ կարծիք ձևավորելու և իր իշխանության համար շահավետ որոշում «ստանալու» հարցում: Ոչ ոք այլև հույս չի կապում Սերժ Սարգսյանի ու նրա իշխանության հետ: Առավել ևս, շատերը սեփական փորձից ու Սերժ Սարգսյանի, նրա փեսայի ու եղբոր հետ կամա թե ակամ առնչվելուց հետո հասկանում են, որ նրանց հետ որևէ հարաբերության կառուցումը հղի է լուրջ կորուստների վտանգով:

Այս հարաբերությունների վատթարացումն, առաջին հայացքից, Հայաստանում քաղաքական ուժերի բալանսի փոփոխության տեսանկյունից՝  կարող է ոչ էական թվալ միջին վիճակագրական հայաստանցու աչքին: Իրականում այս գործոնը լուրջ դեր կարող է խաղալ Հայաստանի ներսում, որովհետև ունի տեսանելի ազդեցություն Հայաստանի իշխանական, տնտեսական և նույնիսկ հասարակական շրջանակների վրա: Այն նաև ունակ է վճռորոշ ազդեցության ունենալ հայկական խոշոր գործարարության՝ դեռևս տատանումների մեջ գտնվող հատվածի վրա: Առանց այն էլ Սերժ Սարգսյանն աշնանային պրոցեսներին ընդառաջ է գնում քաղաքականապես տկլոր, հասարակական աջակցության ամբողջական բացակայության պայմաններում: Նույնիսկ իշխանական համակարգի մի մասն է հետ քաշված և ուշի ուշով հետևում է ներքաղաքական բալանսին՝ անհրաժեշտ հետևություններ անելու և կոնկրետ պահին որոշումներ կայացնելու մտադրությամբ: Եվս մեկ գործոնի՝ Սերժ Սարգսյանի դեմ աշխատելն էլ հավելյալ բարդացնելու է առանց այն էլ նրա անհույս վիճակը առաջիկա քաղաքական գործընթացներում:

Նախորդ հոդվածը‘Էրեբունիում վաղը ջուր չի լինի’
Հաջորդ հոդվածը‘Գերակա հանրային շահ ճանաչվող տարածքների ցանկն ընդլայնվում է, իսկ վարկերը ավելանում են’