‘
Սերժ Սարգսյանի վերջին կարճ հարցազրույցը, որտեղ նա առաջարկում է կառավարությանը` կրկին անդրադառնալ ընդդիմության կողմից դեռեւս գարնանն առաջարկած 12 կետերի հարցին, ինչպես նաեւ նշում է սահմանադրական փոփոխություների փաթեթի շուրջ մինչեւ փետրվար ավելի լայն քաղաքական համախմբման հասնելու անհրաժեշտության մասին, միայն ձեւական իմաստով կարող է անակնկալ համարվել` այնքանով, որքանով գուցե սպասելի չէր, որ հենց ա՛յս պահին Սարգսյանը պիտի նորից անդրադառնար 12 կետերի խնդրին: Բայց քաղաքական գործընթացի տրամաբանության տեսակետից` Սարգսյանի հայտարարությունը ոչ միայն նորույթ չէր, այլեւ ինչ-որ տեղ` հին հայտարարությունների ձանձրալի կրկնություն:
Իրոք, սկսած դեռ գարնանից, երբ խորհրդարանական չորս (հետագայում՝ երեք) ուժերի համագործակցությունը նոր փուլ մտավ եւ իր առաջին շոշափելի պտուղները տվեց (վարչապետի հրաժարական, սահմանադրական փոփոխությունների մեկնակետի երկու անգամ հետաձգում), Սերժ Սարգսյանի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն պարբերաբար հնչում են ընդդիմությանն ուղղված երկխոսության առաջարկներ: Դրանք բոլորն էլ փաստացի մերժվել են, եւ պատճառն ընդդիմության «չուզողությունը» չէ, այլ այդ առաջարկների կեղծ էությունը, որի մասին` ստորեւ:
Բովանդակային առումով Սարգսյանի առաջարկները նույնպես որեւէ նոր բան չեն պարունակում: Չնայած արված են տարբեր առիթներով եւ տարբեր ձեւակերպումներով, բայց դրանցում պարունակվող մշտական կետը սահմանադրական փոփոխությունների շուրջ փոխհամաձայնության գալու ուղերձն է, իսկ մնացածը կարող ենք համարել սոսկ փաթեթավորում: Մեծ հաշվով չկա նույնիսկ հերթական առաջարկ որպես այդպիսին, այլ կա միեւնույն առաջարկի հնչեցման հերթական փորձը, քանի որ նախորդ բոլոր փորձերն անհաջողության են մատնվել:
Ի՞նչ էր ուզում ասել Սերժ Սարգսյանը. 12 եւ 112 կետ
Այնուամենայնիվ, մեկ անգամ եւս վերադառնանք վերջին հայտարարության բովանդակությանը. ի՞նչ է ասում դրանով Սերժ Սարգսյանը: Նրա ուղերձն այս անգամ էլ բաղկացած է երկու մասից՝ «փաթեթավորում» եւ էական մաս: Փաթեթավորումն այս անգամ 12 կետերի մասին խոսակցությունն է, իսկ էական մասն, ինչպես եւ նախորդ դեպքերում՝ սահմանադրական փոփոխությունները: Ինչո՞ւ է այս «նեղ մաջալին» Սարգսյանը հանկարծ հիշում 12 կետերի մասին, որոնց կատարման ժամկետը վաղուց անցել է, եւ հենց այդ չկատարմանն էլ հետեւել են ընդդիմության հանրահավաքները, քանի որ 12 կետերն ըստ էության վերջնագրային են, եւ դրանց չէր կարող չհետեւել որեւէ լուրջ գործողություն ընդդիմության կողմից: Եթե Սարգսյանը պատրաստվում էր այդ կետերի շուրջ փոխհամաձայնության գալ, նա բավական ժամանակ ուներ մինչեւ հանրահավաքների սկիզբը: Կետերի գոնե մի մասն էլ այնպիսին չեն, որ դրանց կատարումը կամ դրանց շուրջ որոշում ընդունելը մեծ ժամանակ է պահանջում: Եվ հանկարծ, ահա, դրանք նորից հիշվեցին, այն էլ ոչ թե պահանջատերի՝ ընդդիմության, այլ պահանջի հասցեատիրոջ կողմից: Եթե հաշվի առնենք Սարգսյանի հայտարարության միայն այս՝ 12 կետանոց մասը, ապա իրավիճակը մնում է անբացատրելի: Հետեւաբար, այս մասը միայն փաթեթավորում է, իսկ իրական իմաստը կարելի է հասկանալ միայն հարցազրույցի մյուս հատվածի հետ կապի մեջ:
Սահմանադրական փոփոխությունների կարեւորության, կենաց-մահու, քաղաքական թիվ մեկ խնդիր եւ ի վերջո` իշխանության հարց լինելու մասին շատ է խոսվել՝ այստեղ չեմ ուզում փաստարկները կրկնել: Կարծում եմ, դրանց համաձայնելու դիմաց Սերժ Սարգսյանը ոչ թե 12, այլ 112 կետերի շուրջ էլ կարող է բանակցել եւ զիջել: Նա պատրաստ էր այս հարցի շուրջ համաձայնության դիմաց լուրջ զիջումների գարնանը, պատրաստ էր ամռանը, պատրաստ է այսօր, ինչի մասին հենց ինքն էլ հայտարարել է բաց տեքստով՝ մի քանի, այդ թվում եւ ա՛յս անգամ շեշտելով, որ սահմանադրական փաթեթն անցկացնելու համար նրան անհրաժեշտ է ավելի լայն քաղաքական համախմբում, իսկ դա թարգմանաբար նշանակում է խորհրդարանական ուժերի համաձայնություն (այլ ոչ թե, ասենք` Արշակ Սադոյանի եւ Խոսրով Հարությունյանի գլխավորած կուսակցությունների): Ուրեմն` առաջարկը, որը մնում է ուժի մեջ, կապված է սահմանադրական փոփոխությունների հետ: Դրանց իրականացումը Սարգսյանը հերթական անգամ հետաձգեց մինչեւ փետրվար` հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո՝ պատճառաբանելով արդեն հիշատակված քաղաքական համախմբման անհրաժեշտությունը: Այդ քայլն ու դրան ուղեկցող հայտարարությունն ինքնին բանակցության առաջարկ էին, իսկ այժմ էլ այդ առաջարկը փաթեթավորվեց ժամկետանց 12 կետերով, հա՛մ` որ ավելի սիրուն ու ոչ այդքան բացահայտ լինի, հա՛մ էլ, որ զիջման տեղ լինի. ես ձեզ` 12 կետերը, դուք ինձ` սահմանադրականը:
Ամեն ինչ` ոչնչի դիմաց
Այժմ փորձենք գնահատական տալ Սարգսյանի առաջարկին: ՀՀԿ մամլո խոսնակ Շարմազանովը բնութագրեց իր կուսակցության նախագահի հարցազրույցը որպես երկխոսության առաջարկ: Արտաքուստ` իրոք այդպես է, բայց ոչ` էությամբ: Սա երկխոսության ձեւական, կեղծ առաջարկ է: Ինչո՞ւ: Դա առաջարկում է բանակցության կեղծ օրակարգ. արտաքուստ Սարգսյանն առաջարկում է ընդդիմությանը փոխզիջում՝ դուք համաձայնում եք սահմանադրական փոփոխություններին, այսինքն՝ իմ իշխանության երկարացմանն անորոշ ժամկետով (Շարմազանովի ասած՝ «մոտակա տասնամյակով»), իսկ ես պատրաստ եմ դրա դիմաց ձեր ուզածն անել, թեկուզ նույն 12 կետերը (բայց նաեւ մնացած պայմանական՝ 112-ը):
Միայն առաջին հայացքից է թվում, որ սա փոխզիջումային տարբերակ է: Իրականում սա խաղ է մեկ դարպասով, որտեղ` եթե ընդդիմությունը համաձայնում է սահմանադրականին, կորցնում է ամեն ինչ, իսկ Սերժը շահում է ամեն ինչ: Համաձայնելով Սարգսյանի իշխանության «հավերժացմանը» (անորոշ ժամկետով հետաձգմանը)՝ ընդդիմությունը հրաժարվում է իր բոլոր հավակնություններից, ծրագրերից, արդեն կատարված քայլերից ու խոստումներից եւ վերածվում քաղաքական բանկրոտի՝ առանց որեւէ տեսանելի լուրջ հեռանկարի ապագայում: Ընդ որում, այդպիսին է դառնում ոչ միայն ներկայիս ընդդիմադիր ձեւաչափը, այլեւ «քաշվում են» նրանք, ովքեր իրապես կամ ձեւականորեն հույս են փայփայում ներկայիս ձեւաչափի քայքայման դեպքում գերակա դիրքեր ունենալ ընդդիմադիր դաշտում (թե ինչու՝ սրա մասին բազմիցս խոսել ենք): Այլ կերպ ասած, իրական, էական զիջման դիմաց Սարգսյանն առաջարկում է «տալ» ձեւական մի բան, փայլուն թուղթ, որի պատճառով էլ նրա երկխոսության առաջարկը կեղծ է:
Մաշված ձայնապնակը
ՀՀԿ առաջնորդի առաջարկը կարելի է բնութագրել նաեւ այլ տեսանկյուններից: Այսպես. նրա առաջարկը նաեւ ժամանակավրեպ է, քանի որ այս պահին արդեն նա՛ չէ քաղաքական օրակարգի թելադրողն, այլ ընդդիմությունը: Եթե նա լիներ օրակարգ ձեւավորողը, ապա ստիպված չէր լինի մի քանի անգամ նույն առաջարկը կրկնել՝ մի քանի անգամ էլ մերժում ստանալով: Փաստացի ստացվում է, որ Սարգսյանն ասելիք չունի եւ վերածվում է յուրահատուկ մաշված եւ «լռված» ձայնապնակի: Դատելով նույն մեղեդիի անդադար կրկնումից՝ նա քաղաքական փակուղում է: Իրոք, մյուս կողմից, ի՞նչ կարող է նա առաջարկել ընդդիմությանը կամ ի՞նչ քայլ կարող է անել: Սահմանադրական փոփոխությունները կա՛մ պետք է ուժով առաջ տանի՝ անտեսելով ընդդիմադիր եռյակի դիմադրությունն ու անհամաձայնությունը, ինչն առավել քան խնդրահարույց տարբերակ է, կամ էլ` պետք է կորզի այդ համաձայնությունն, ինչը նույնքան խնդրահարույց տարբերակ է: Այդ իսկ պատճառով, չնեղվելով անընդհատ մերժումից, նա կրկնում է նույն «երգը»: Իհարկե, այստեղ կա նաեւ զուտ տեխնոլոգիայի պահը: ՀՀԿ առաջնորդի ասածը, բացի ամենից, նաեւ «մուտիլովկա» է, որի նպատակներից է` քաղաքական գործընթացը լցնելով կեղծ բանակցային օրակարգով, ճահճացնել իրավիճակը, մանրացնել հիմնախնդիրը:
Իսկ եթե պատկերացնենք, թե ինչպիսին կարող էր լինել իրական, այլ ոչ թե կեղծ երկխոսության օրակարգը, ապա այն կարող էր բաղկացած լինել հետեւյալ կետերից` արտահերթ ընտրություններ եւ իշխանության անցնցում փոխանցում:
Հրանտ Տեր-Աբրահամյան
‘