‘Խմբագրական. Սերժ Սարգսյանի հետևողական թուլացման տարի’

1945

2014 թվականը ներքաղաքական առումով պետք է կոչվի Սերժ Սարգսյանի իշխանության դիրքերի զարգացող թուլացման տարի: Զարգացող, որովհետև խոսքը ոչ թե ժամանակավոր անկման կամ էլ անկումների և վերելքների շղթայի, այլ հենց խորացող թուլացման մասին է:

Մի քանի ճշտում: Նախ՝ զարգացող թուլացում ասելով՝ նկատի չունեմ, թե այսքանով Սարգսյանի հարցերը վերջնականապես լուծված կարելի է համարել, կամ էլ նրա վերջնական տապալումն անխուսափելի է: Երկրորդ՝ պետք է շեշտեմ, որ խոսքն ինչ-որ տեղ աննախադեպ երևույթի մասին է: Կարելի է վիճել, թե 2008-ից սկսած՝ ո՛ր հատվածում է Սարգսյանի իշխանությունն առավել թուլացել, իսկ ո՛ր հատվածներում՝ առավել ամրապնդվել, բայց առնվազն 2011-ից այս կողմ նա երբեք չի հանդիպել այնպիսի լուրջ մարտահրավերի, ինչպես այս տարի: Եթե 2013-ի ընթացքում մի պահ թվաց, որ ՀՀԿ առաջնորդը վերջնականապես լուծել է իր խնդիրները (այդ շրջանում էլ շատերը ժամանակից շուտ շտապեցին լքել ընդդիմության նավը՝ իբր նոր ձևաչափեր ձևավորելու նպատակով, բայց իրականում կամա թե ակամա հայտնվելով նույն Սարգսյանի ամուր գրկում կամ ծուղակում), ապա 2014-ի ավարտին ակնհայտ է, որ Սերժը, առավել, քան երբևէ, մոտ է իր՝ տարիների քաղաքական ռազմավարության վերջնական ձախողմանը:

Այժմ վերհիշենք հիմնական այն զարգացումները, որոնք թույլ են տալիս մեզ վերոնշյալ ձևակերպումներն անելու: Քանի որ տարվա ընթացքում բազմիցս և հնարավորինս մանրամասն վերլուծությամբ խոսել ենք այս թեմաների մասին, տվյալ դեպքում միայն թռուցիկ կներկայացնենք հիմնական կետերը: Սերժ Սարգսյանի դիրքերի հետևողական թուլացման ժամանակագրությունը հետևյալն է.

ա. 2014-ի գարնանն ընդդիմության ճնշման տակ (մեծ հանրահավաք մարտի մեկին, վարչապետի հրաժարականի պահանջ, շուրջօրյա հանրահավաքների սպառնալիք գարնան վերջին) հրաժարական տվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը (հրաժարականին բերած պատճառների մասին բանավեճը համարում եմ անիմաստ՝ միայն այլմոլորակայինը կարող է համարել, որ Տիգրան Սարսգյանը հեռացավ ինչ-որ այլ պատճառով, քան ընդդիմության ճնշումն էր): Այս հրաժարականի նշանակությունը չի կարելի թերագնահատել: Տիգրան Սարգսյանը Սերժի համակարգում համակարգաստեղծ օղակ էր՝ Սերժի հիմնարար քաղաքական նախագծի («հեղափոխություն վերևից») գաղափարախոսներից, այդ նախագծի ոգու կրողը, նաև իշխանության «առաջադիմության» խորհրդանիշը և, պայմանական ասած՝ հայաստանյան բուրժուազիայի «կոսմոպոլիտ» շերտի ներկայացուցիչը:

բ. Պետք է նաև վերհիշել Տիգրան Սարգսյանի հրաժարականին հետևածը, որը կարևոր մասն է պատմության: Նշանակելով Հովիկ Աբրահամյանին վարչապետ՝ Սերժ Սարգսյանը հույս ուներ այդ քայլով պայմանավորվածության գալ գոնե ընդդիմության մի մասի հետ: Պայմանավորվածության առանցքային կետը ընդդիմության համաձայնությունն էր սահմանադրական փոփոխություններին, բայց դա տեղի չունեցավ, որով և Աբրահամյանի վարչապետացումը փուչ կրակոց էր, և վերջին պահին այլ թեկնածու չունենալով՝ Սերժ Սարգսյանը պարզապես ստիպված էր դա անել՝ արդեն իր առաջարկի մերժումը ստացած (դրա համար էլ Աբրահամյանի նշանակումը հետաձգվեց և կատարվեց վերջին օրով):

գ. Տեսնելով, որ հնարավոր չէ խորհրդարանական խոշոր ուժերի համաձայնությունը ստանալ սահմանադրական փոփոխություններին, ՀՀԿ առաջնորդը ստիպված էր հրաժարվել հուլիսին (ինչպես նախապես ծրագրել էր) դրանց զարկ տալու մտքից: Պաշտոնապես՝ նա հիմնավորեց դա նրանով, թե սահմանադրական նախագիծը պետք է քննարկվի մարզերում, իսկ ոչ պաշտոնապես՝ բազմաթիվ ակնարկներ արեց առ այն, որ իրեն անհրաժեշտ է քաղաքական ուժերի համաձայնությունը: Սա Սերժի երկրորդ խոշոր պարտությունն էր 2014-ի ընթացքում:

դ. Աշնանն ընդդիմության հրապարակային զանգվածային գործողություններին զուգահեռ՝ ՀՀԿ առաջնորդը ստիպված է լինում երկրորդ անգամ հետաձգել այս անգամ հոկտեմբերին նախատեսված սահմանադրական նախագծի սկզբնավորումը: Նա արդեն բացահայտ հիմնավորում է, թե իրեն անհրաժեշտ է քաղաքական ուժերի ավելի լայն համախմբում այս նախագծի շուրջ: Պարզ է, որ նա կրկին նկատի ուներ Եռյակին, որովհետև, բացի Եռյակից, որևէ այլ ուժ կամ գործիչ լրջորեն չի պայքարել ու չի էլ պատրաստվում պայքարել այդ նախագծի դեմ (այսինքն՝ Սերժի իշխանության հավերժացման, և 2018-ից սկսած՝ նախագահական ընտրությունների ինստիտուտի վերացման): Սա էլ երրորդ և է՛լ ավելի լուրջ հարվածն էր Սարգսյանի դիրքերին:

Ավելացնենք նաև, որ այս ընթացքում վերջնականապես քանդվեց առանց այդ էլ վաղուց ձևականության վերածված իշխող կոալիցիայի ձևաչափը, և ՀՀԿ-ն գոնե ձևական իմաստով մնաց միայնակ՝ որպես իշխող ուժ: Միակ քիչ թե շատ հաջող գործողությունը, որը Սերժին հաջողվեց իրականացնել, ՀՅԴ-ին պոկելն էր ընդդիմությունից, որը, սակայն, բավարար չէր հավասարակշռելու եղած բոլոր ձախողումները: Առավել ևս՝ ի վիճակի չէր այդ ձախողումները փոխհատուցելու տարբեր մանր, «ընդդիմադիր» քաղաքական խմբակների գործունեության բուռն, համատարած և «անսպասելի» ակտիվացումը, որը տեղի ունեցավ Եռյակի աշնանային ակտիվացմանը զուգահեռ, և որն, անկասկած, նույնպես Սերժի «խորամանկ» պլանի մասն էր. դա միայն օժանդակ, երկրորդական դեր կարող էր կատարել այս խաղում: Այս դաշտում մարտի նետվեցին անխտիր բոլոր հնարավոր գործող անձինք, առանց որևէ մեկին «զապասում» թողնելու, ինչն ինքնին վկայում է իրավիճակի լրջության մասին Սարգսյանի համար, սակայն սա կարող էր շոշափելի ազդեցություն ունենալ միայն, եթե հնարավոր լիներ վճռական հարված հասցնել գլխավոր ճակատում: Չունենալով իր ձեռքին որևէ «տուզ» կամ նույնիսկ «կառոլ» ու «դամա», լավագույն դեպքում՝ միայն վալետներով ու տասնոցներով, էլ չասած՝ վեցնոցների մասին, Սերժը, բնականաբար, չի կարող էական փոփոխություներ մտցնել խաղի մեջ:

Սահմանադրականից երկրորդ անգամ հրաժարվելուց հետո Սերժը կրկին փորձեց խաղարկել «երկխոսության» սցենարն ընդդիմության հետ: Այս հերթական փորձը տապալվեց ավելի արագ, քան նախորդները՝ չնայած քարոզչական լայն նախապատրաստությանն ու աջակցությանը բոլոր վերահսկելի լրատվամիջոցներով:

Սպառելով այս քայլերը՝ ՀՀԿ առաջնորդը դիմեց նոր մարտավարական հնարի՝ ուժի ցուցադրական կիրառմանը և նույնքան ցուցադրական ուժային ճարտասանությանն իր թիմակիցներից ոմանց միջոցով: Նախորդ հրապարակման մեջ մանրամասն վերլուծել ենք այս մարտավարության իմաստը, և նույնը կրկնելու անհրաժեշտություն, թեկուզ՝ հանուն ամփոփման, չեմ տեսնում: Նշեմ միայն, որ ըստ իս՝ ուժային այս մարտավարությունը հենց ցուցադրական է, այսինքն՝ դրա իմաստն ընդամենը տպավորություն գործելն է սեփական թիմում և ընդդիմության վրա՝ գալիք տարվա սկզբին սպասվող առանցքային զարգացումներից առաջ:

Իսկ ի՞նչ ենք ունենալու գալիք տարի: Փաստացի ավարտվում է միայն օրացուցային տարին՝ քաղաքական տարին շատ կարճ հանգստից հետո (եթե այդպիսին էլ լինի) շարունակվելու է նոր թափով: Սահմանադրական փոփոխությունների հերթական ժամկետը, որը նշել է Սերժ Սարգսյանը, հունվար-փետրվարն է: Հետևաբար՝ հենց այդ ժամանակ էլ պետք է սպասել քաղաքական կինոյի շարունակությանը: Խաղադրույքները գնալով բարձրանում են, որովհետև խնդիրները, որոնք առկա էին անցնող տարում, մնում են նույնը տարեմուտին: Բարդ չէ կանխատեսել, որ արդեն տարվա սկզբին քաղաքական գործընթացները զարգանալու են ինտենսիվ կերպով: Քանի որ վճռական «կռիվը» մի քանի անգամ հետաձգվել է, ուրեմն՝ առավել արագ, անսպասելի և արմատական հետևանքներ կարող է ունենալ հանգուցալուծումը:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘2014-ին Հայաստանի հետ տեղի ունեցածից հետո ճիշտ կլիներ ԱՊՊԱ կանչել. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է, ճանապարհները անցանելի են ‘