‘Խմբագրական. Սերժ Սարգսյանի հրաժարականի ձնագունդը գլորվում է’

3637

Մինչեւ բուն նյութին անցնելն ասենք, որ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի՝ Ս. Սարգսյանին հրաժարական տալու կոչ պարունակող հայտարարության առիթով արժե անել երկու արձանագրում։ Եթե հիշյալ հայտարարությունն ազատենք «քաղաքավարական» պաճուճանքներից եւ թողնենք միայն չոր հիմնավորումները, ապա վերջիններս ճշգրիտ (ու սպանիչ) արձանագրումներն են Ս. Սարգսյանի իշխանավարման ողջ շրջանի ամբողջական ձախողումների՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական ոլորտներում (այն, ինչ տարիներ շարունակ պնդում է, մասնավորաբար, Հայ ազգային կոնգրեսը)։ Իսկ եթե նկատի ունենանք, որ 1998-ից ի վեր Ղարաբաղից ոչ մեկը, առավել եւս՝ որեւէ պաշտոնյա, ամենափոքր չափաբաժնով անգամ «թթու» մի խոսք չի ասել «յուրայինների» հասցեին, ապա տվյալ հայտարարությունը (անկախ դրա հեղինակի անձից, կողմնորոշումներից եւ այլն) հասարակական բոլորովին նոր որակի տրամադրությունների ու համոզմունքների մասին մի վկայություն է։ Հասարակական նոր որակի տրամադրություններն ու համոզմունքներն էլ, իրենց հերթին, հենված են վերջին շրջանում Ս.Սարգսյանի արտաքին քաղաքականության աղետալի կրախի առարկայացման, երկրի ներսում սոցիալական լարվածության սրընթաց խորացման եւ կրկնապատկված արտագաղթի փաստի վրա։

Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածը գերհասունացած խնդրի՝ Ս. Սարգսյանի հրաժարականի անհրաժեշտության քաղաքական ճշգրիտ բանաձեւում-հիմնավորումն է։ Որքան էլ տարօրինակ հնչի, դրական արձագանքներից ավելի՝ նրա հիմնավորումների անխոցելիությունը հավաստեց, առաջին հերթին, իշխանական շրջանակների ջղաձիգ ու ցածրորակ ռեակցիան, որոնք այդպես էլ չհամարձակվեցին  բովանդակային իմաստով անդրադառնալ դրված հարցերից եւ ոչ մեկին։ Աննախադեպ են հոդվածի արձագանքները եւ ընթերցողների մեծաթիվ շրջանակը, գուցեեւ ավելի, քան 2007-2008թթ. նախընտրական ամիսներին Տեր-Պետրոսյանի առաջին ելույթներինը։ Դա  պայմանավորված է հասարակական ընկալման մեջ խնդրի հրատապության արմատավորմամբ, ինչը շեշտակի բարձրացավ հոդվածի հիմնավորումների ու փաստարկների համոզկերությամբ։ Մի բան ակնհայտ է, որ դրանով Ս. Սարգսյանի հրաժարականի խնդիրը դարձավ Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը։

Նկատի ունալով հոդվածի ու հարցի հսկայական հասարակական հնչեղությունը՝ մի քանի մասնավորեցումներ եւ արձանագրումներ՝ ստորեւ ։

Հարցադրման նորությունը

Ս. Սարգսյանի հրաժարականի խնդիրը, որպես երկրում սահմանադրական կարգի վերականգնման առաջին քայլ, հետապնդվել է ի սկզբանե՝ նրա ոչ օրինակարգության, գործած հանցանքների, սխալների եւ այլ հիմքերով։ Այդ պայքարն իր բարձրակետին հասավ 2011 թ. ամռանը, երբ, փաստորեն՝ հենց այդ օրակարգով, իշխանությունն ստիպված եղավ երկխոսության նստել Հայ ազգային կոնգրեսի հետ։ Դրա հիմնավորումները՝ շարադրված 85 էջի վրա, որքան էլ ծանրակշիռ, այսօր այլեւս անցած էտապ են։ Անցած են, որովհետեւ դրանց կողքին առաջացել են շատ ավելի ծանրակշիռ ու վտանգավոր հիմքեր ու հանգամանքներ՝ կապված վերջնական, առարկայական ձախողումների եւ երկիրը պատային վիճակի հասցնելու հետ։ Եթե մինչ այս, թեկուզ տեսականորեն, Ս. Սարգսյանն ուներ նաեւ ճիշտ քայլեր անելու հնարավորություն, հիմա, «ցուգցվանգի» մեջ՝ նա ամբողջությամբ զրկվել է նաեւ այդ հնարավորությունից։ Ուստիեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը այս հոդվածում շեշտը դնում է նրա հրաժարականի նոր ի հայտ եկած հիմնավորման ելակետի վրա. «Իմ ելակետը ո՛չ թե Սերժ Սարգսյանի՝ անցյալում գործած սխալներն ու հանցանքներն են, այլ այն, թե գոնե սրանից հետո ունա՞կ է նա, արդյոք, որևէ օգտակար գործ կատարելու Հայաստանի և Արցախի համար»։ «Ոչ» է այս հարցի պատասխանը, եւ դա տեսնում են բոլորը։ Նրա պաշտոնավարման յուրաքանչյուր օրը անդառնալի վնասներ բերելու մակարդակից վերաճել է Հայաստանի եւ Ղարաբաղի ազգային անվտանգությանն սպառնացող գործոնի։

Գերակա ազգային շահը

Պետական գործչի համար ազգային շահը գերակա է ամե՛ն ինչի, նաեւ՝ սեփական իշխանության նկատմամբ։ Հենց այդ սկզբունքին դավանելով է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1998թ. հրաժարվեց իշխանությունից. «Եթե ընդունել եմ հրաժարականի որոշում, հավատացեք, դա նշանակում է, որ այլընտրանքը մեր պետության համար համարել եմ ավելի վտանգավոր»: 2007թ. աշնանը որպես նախագահի թեկնածու մտնելով քաղաքական պայքարի մեջ՝ Տեր-Պետրոսյանի համար ազգային գերակա շահով պայմանավորված խնդիրը երկիրն ավազակապետությունից ազատելն էր։ Այդ խնդրի խաղաղ ու անցնցում լուծման համար ռեժիմի դեմ հասարակական ու քաղաքական ուժերի առավելագույն համախմբում էր պետք։ Դա ապահովելու համար է, որ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե ընտրվելու դեպքում կբավարարվի միայն 3 տարի պաշտոնավարելով . «Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելուց ուղիղ երեք տարի հետո ես պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից՝ ձեզ հնարավորություն տալով լիովին ազատ եւ օրինական ընտրությունների միջոցով երկրի նոր Նախագահ ընտրել» (ելույթ 16.11.2007թ. հանրահավաքում)։ 2009թ. սեպտեմբերի 18-ին նա կրկին նույնպիսի պատրաստակամություն հայտնեց, եթե բոլոր քաղաքական ուժերը համախմբվեն եւ պահանջեն Ս. Սարգսյանի հրաժարականը. «Նախագահի պաշտոնից Սարգսյանի հրաժարականի պարագայում ես իմ թեկնածությունը չեմ առաջադրելու, բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման դեպքի»։ Եւ ահա հիմա էլ, երբ Ս. Սարգսյանը երկիրը հասցրել է անխուսափելի արհավիրքների նախադռանը, ու նրա պաշտոնավարման ամեն օրը հղի է այդ արհավիրքների առարկայացումով, Լեւոն Տեր-Պետրոսյանը, հանուն գերակա խնդրի լուծման, այն է՝ նրա հրաժարականի պահանջով հասարակական ու քաղաքական ուժերի ակտիվացման ու համախմբման, համաժողովրդական նոր շարժման սկիզբ տալու համար՝ պետական գործչին վայել նույն քայլն է անում. «Անձնական շահադիտության մեջ չմեղադրվելու նկատառումով հարկ եմ համարում հայտարարել, որ նախագահական ընտրություններում ես առաջադրվելու մտադրություն չունեմ։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ եթե ոչ այլ, ապա թեկուզ միայն Սերժ Սարգսյանին մարտիմեկյան սպանդի միջոցով իշխանության բերելու պատճառով բացառելի է նաև Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը»։ Սա, անշուշտ, չի նշանակում, թե նա, անհրաժեշտության դեպքում, պատրաստ չէ գլխավորել նման մի համաժողովրդական շարժում։ Որեւէ այլ կերպ մեկնաբանել խոսքը կամ այս քայլը, իրոք, այլ բան չէ, քան քաղաքական կուրություն կամ մեղկ դիտավորություն։

 

Քաղաքական նպատակահարմարության խնդիրը

Քաղաքական նպատակահարմարություն ասվածն այլ բան չէ, քան առաջնահերթ ու կենսական դարձած խնդիրը լուծել նվազագույն կորուստների գնով՝ խուսափելով անկանխատեսելի վտանգներից, ինչից, առաջին հերթին, տուժում են երկիրը, ժողովուրդը,  սովորական քաղաքացին։ «Սերժ Սարգսյանի կամավոր հրաժարականն ամենևին քաղաքական վենդետա չի ենթադրում։ Ավելին, կարծում եմ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, դա պետք է տեղի ունենա Ազգային ժողովի կողմից նրան անձի և գույքի լիակատար անձեռնմխելիությամբ օժտելու պայմանով»։ Երկրի ու ժողովրդի իրական շահերի տեսակետից կա՞ օրակարգային թիվ մեկ խնդիրը լուծելու ավելի «էժան» ու անվտանգ այլընտրանք։ Ոմանց դուր չեկած, ոմանց էլ քննադատության առիթ տված այս մոտեցումը եւս Լեւոն Տեր-Պետրոսյանի համար նորություն չէ։ Հիշենք եւս երկու այսօրինակ դրվագ։ 2007թ. աշնանը իր առաջին ելույթում նա Ռ. Քոչարյանին եւ Ս. Սարգսյանին «ընկերաբար» կոչ արեց խաղաղ հեռանալ՝ երաշխավորելով անգամ, որ ժողովուրդն այդ դեպքում հիշաչար չի գտնվի ու նրանց կհիշի միայն իրենց՝ նախկինում արած դրական գործերով. «Լավագույն ելքը եւ իրենց պատմական վաստակն ու արժանապատվությունը փրկելու վերջին շանսը կլիներ, եթե Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը կամավոր հեռանային քաղաքական ասպարեզից, ինչը, վստահ եմ, հավուր պատշաճի կգնահատվեր երախտապարտ եւ ներողամիտ հայ ժողովրդի կողմից» (ելույթ 26.10.207թ. հանրահավաքում)։ Պատկերացնենք, որ նրանք այն ժամանակ անսային այս կոչին. մենք չէինք ունենա վերջին 6 տարվա չարքաշ կյանքը, չէինք ունենա Մարտի մեկ, չէինք ունենա կես միլիոն արտագաղթ եւ այսօր կապրեինք բոլորովին այլ Հայաստանում։ Քաղաքական նպատակահարմարության նկատառումով է, որ մի այլ անգամ էլ (պատմությունից Եղիազար Այնթապցի կաթողիկոսի օրինակի վկայակոչմամբ) նա Ս. Սարգսյանին կոչ էր անում. ընտրության հանգամանքով լինելով հանդերձ ոչ օրինակարգ՝ գործել երկրի օրինակարգ նախագահի նման՝ հաստատել օրինականություն, կատարել իրական բարեփոխումներ, քանդել ավազակապետական բուրգը ու այդ կերպ օրինակարգություն եւ վստահություն ձեռք բերել։ Պարզ է, որ եթե նման բան տեղի ունենար, ապա երկիրը զերծ կմնար բազմաթիվ կորուստներից, եւ այսօր լուծված կլիներ գերակա ազգային խնդիրը։ Ս. Սարգսյանն այն ժամանակ կարող էր, բայց չգնաց այս ճանապարհով, իսկ հիմա այլեւս անկարող է։

Նոր իրավիճակը

Հիմա որակապես նոր իրավիճակ է ստեղծվել, ինչի ամենացայտուն դրսեւորումն այն է, որ Ս. Սարգսյանը դրսի համար «թանկարժեք տղա» լինելուց վերածվել է անվստահելի գործընկերոջ։ Արտաքին քաղաքականության ղեկը բաց է թողնված, եւ մեր արտաքին քաղաքական խնդիրները, այդ թվում, առաջին հերթին՝ Ղարաբաղի հարցը, վտանգված են առավելագույնս։ Թե որքանով է Արեւմուտքի կամ Ռուսաստանի համար մտահոգիչ  այս հանգամանքը՝ թողնենք մի կողմ։ Դա, առաջին հերթին, հարյուրապատիկ ու հազարապատիկ ավելի պիտի մտահոգի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու։

Հայաստանը, սակայն, վտանգված է ոչ միայն արտաքին քաղաքական խնդիրների առումով։ Նույնքան, գուցե եւ ավելի վտանգավոր է երկրի ներսում։ Ավազակապետական բնույթի իշխանության «բնականոն» կենսագործունեության կարեւորագույն պայմանը այդ բուրգի գագաթին գտնվող անձի բացարձակ վերահսկողությունն է իշխանության բոլոր մարմինների եւ պաշտոնյաների վրա։ Արտաքին ասպարեզում շռնդալից տապալումներ ունեցած Ս. Սարգսյանն այլեւս չի կարող ունենալ նույն հեղինակությունն ու պահպանել նույն ազդեցությունը իշխանական բուրգի վրա եւ «արբիտրի» դեր խաղալ։ Առանց այդ էլ վերջին տարում իշխանական բուրգում անարխիկ երեւույթներ էին նկատվում։ Հիմա դա կարող է շատ ավելի խորանալ՝ վերածվելով, մի կողմից, միմյանց հետ անվերահսկելի գզվռտոցի, մյուս կողմից՝ այդ անարխիան կարող է դրսեւորվել հենց անպաշտպան հասարակության թալանի ու կողոպուտի մակարդակի շեշտակի բարձրացման, քրեական հանցագործությունների ծավալման տեսքով։

Աղետների ու կործանման տանող այս ընթացքը պետք է կասեցնել։ Կասեցման միակ միջոցը Ս. Սարգսյանի անհապաղ հրաժարականն է։ Համախմբման դեպքում Հայաստանում կան անհրաժեշտ հասարակական ու քաղաքական ռեսուրսներ այդ խնդիրը լուծելու համար։ Համախմբման շարժառիթը նույնքան, գուցեեւ ավելի ծանրակշիռ է, որքան արտաքին վտանգի դեպքում։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածը համաժողովրդական համախմբման կոչնակն է ու շարժիչը։ Ս. Սարգսյանի հրաժարականի ձնագունդը գլորվում է։

 

Նախորդ հոդվածը‘«Չելսին» ձմռանը կփորձի ձեռք բերել Լուիս Սուարեսին’
Հաջորդ հոդվածը‘Լոնդոնում քննարկել են Հայաստանի հանքարդյունաբերության թափանցիկության խնդիրը ‘