‘Խմբագրական. Սերժ Սարգսյանի վերջին խարդավանքը, կամ՝ ինչպես «Ոսկե ձկնիկի» Պառավը’

3388

Այն, որ «Սահմանադրական բարեփոխումները» փորձանք են դառնալու Սերժ Սարգսյանի համար, այլեւս կասկածից դուրս է։ Ավելին՝ հստակ ուրվագծվում է այն հեռանկարը, որ դա ոչ միայն փորձանք, այլեւ նրա իշխանության վերջի (վախճանի) առիթն ու հիմքն է լինելու։

(Դրանում համոզվեցի, երբ մի քանի օր առաջ հանդիպածս Գորիսի 20 բնակիչ ունեցող գյուղից (հիմա այդքան է մնացել 100-ից) ճանապարհի պատահական զրուցակիցս ասաց, թե «սեփական վերլուծությամբ» հասկացել է, որ այդ «բարեփոխումների» նպատակը Ս. Սարգսյանի իշխանության հավերժացումն է։ Ընդ որում՝ պարզեցի, որ մոտ 70-ամյա զրուցակիցս ոչ միայն դուրս է ընդդիմադիր լրատվամիջոցների լսարանից, այլև դրանցից որեւէ մեկի անունն անգամ չի լսել)։

Ինչո՞ւ Ս. Սարգսյանը դիմեց այդ քայլին

Առաջին անգամ նա «սահմանադրական բարեփոխումների» մասին խոսեց 2013թ. սեպտեմբերի 3-ին, նույն օրը, երբ մեկ օրում հրաժարվելով «եւրոասոցացման»՝ 4 տարի թմբկահարվող կուրսից, հանկարծ որոշեց Մաքսային միություն մտնելու «դիմում գրել»։ Գրեց ու հասկացավ, որ՝

1. Դրանով Ռուսաստանն իրեն շատ կոպիտ ստորացնում է (գեթ մի շաբաթ ժամանակ չտալով իր երկրում «նախապատրաստել» այդ քայլը), ուրեմն եւ նրանից պաշտպանության որեւէ հույս այլեւս չի կարող ունենալ։

2. Դրանից հետո, հասկանալի է, նաեւ «քցված» ու հուսախաբված Արեւմուտքում պիտի ամբողջությամբ կորցնի իր վստահելիությունը եւ որեւէ աջակցութուն։

3. Այդ անակնկալը իշխանական համակարգում պիտի ընկալվի որպես իր անկարողության ապացույց, եւ ամեն մեկը պիտի սկսի մտածել «իր գլխի ճարը» տեսնելու մասին։

4. Նման մի անսպասելի կտրուկ քայլը պիտի տասնապատկի իր ձախող քաղաքականության մասին պատկերացումը Հայաստանի ողջ հասարակության մեջ։

Միակ բանը, որից կարելի էր կառչել որպես վերջին փրկօղակ՝ «սահմանադրական բարեփոխումների» գաղափարն էր։ Դա, իհարկե, չէր կարող լուծել 1-ին եւ 2-րդ՝ Ռուսաստանի եւ Արեւմուտքի մոտ վստահության եւ աջակցության վերականգնման հարցերը։ Ս. Սարգսյանը հույս ուներ դրանով լուծել 3-րդ եւ 4-րդ հարցերը։ Այսինքն՝ իր թիմակիցներին ցույց տալ, թե ինքը դեռ «տիրապետում է իրավիճակին», իսկ հասարակությանը մոլորեցնել՝ մինչեւ այժմ եղեծ ամեն տեսակ չարիքներն ու ձախողումները բարդելով գործող Սահմանադրության վրա։ Հենց այս նպատակով է, որ նա ամեն ինչ անում է սահմանադրափոխության գործընթացի մեջ ներքաշելու Քառյակի մեջ մտնող կուսակցություններին կամ նրանցից գոնե մեկին։ Ու քանի որ դա չի հաջողվել, նա արդեն 3 անգամ ձախողման վախից հետաձգել է «բարեփոխումների» հանրային քննարկումների ժամկետը։

Ե՞րբ են Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարվում։

Սահմանադրությունը երկրի Հիմնական կամ Մայր օրենքն է։ Այն կարգավորում է հասարակության եւ պետության հարաբերությունները, որոշում իշխանական համակարգի կառուցվածքը, դրա բաղադրիչների իրավասություններն ու միմյանց հետ հարաբերությունները։ Աշխարհի փորձն ապացուցում է, որ որքան ավելի կայուն է ու քիչ է փոփոխվում մայր օրենքը, այնքան ավելի կայուն են տվյալ երկրի ներքաղաքական կյանքը եւ զարգացումը։ Սակայն ժամանակի ընթացքում կարող են ի հայտ գալ նոր իրողություններ եւ իրավիճակներ, որ ժամանակին հաշվի չեն առնվել, հակասություններ, որ ժամանակին չեն նկատվել եւ այլն։ Երբ սահմանադրության մեջ նման խնդիր է ի հայտ գալիս, այն նախ արձանագրվում է, տեւական մի շրջան դառնում է հասարակական ու քաղաքական քննարկումների առարկա։

Արդ՝ իր իշխանավարման ավելի քան վեց տարիների ընթացքում Ս. Սարգսյանը երբեւէ, որեւէ առիթով չի արձանագրել գործող Սահմանադրության որեւէ հակասություն, նրա դրույթների որեւէ անհամաձայնություն կամ պակասություն, որը սահմանադրական ճգնաժամ է ստեղծել, խանգարել երկրի կյանքում որեւէ, թեկուզ փոքր մի խնդրի լուծմանը։ Նման արձանագրում չի կատարել նրա որեւէ պաշտոնյա՝ իշխանության երեք ճյուղերում միասին վերցրած։ Նման արձանագրում չի արել անգամ որեւէ քաղաքագետ կամ փորձագետ։ Ըստ այդմ՝ Ս. Սարգսյանի համար «Սահմանադրական բարեփոխումների» հրատապ անհրաժեշտության անակնկալ առաջացումը, ակնհայտորեն, սահմանադրական կարգավորման բարելավման հետ որեւէ կապ չի կարող ունենալ եւ բոլորովին այլ մի նպատակ է ենթադրում։

Քաղաքական իմաստով ի՞նչ է սահմանադրական փոփոխությունը իշխանության համար։

Սահմանադրության ընդունումը կամ դրանում փոփոխությունները նախաձեռնելը չափազանց կարեւոր քաղաքական խնդիրներ են։ Դրա նախաձեռնության իրավունքը Հայաստանում պատկանում է նախագահին եւ Ազգային ժողովին։ Այսինքն՝ նման մի քայլի գնալիս իշխանությունը պետք է լիակատար համոզվածություն ունենա, այնքան, որ պատրաստ լինի կշեռքի նժարին դնել ընդհուպ իր հրաժարականի հարցը։ Եւ եթե այս բանը սահմանադրորեն արձանագրված չէ, ապա միայն՝ որպես աշխարհում վաղուց ընդունված քաղաքական արժանապատվության հանրահայտ բարոյական խնդիր։

Չբերենք օտար օրինակներ, քանզի նման ցայտուն մի օրինակ ունենք մեզանում՝ կապված 1995թ. մեր Սահմանադրության ընդունման հետ։ Սահմանադրության շուրջ բուռն բանավեճերի շրջանում ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հենց այդպես էլ վարվեց։ Ահա շատերի կողմից մոռացված այդ դրվագը իր իսկ խոսքերով.

«Ես առաջարկում եմ Սահմանադրության ընդունման հետեւյալ կարգը. Սահմանադրական հանձնաժողովի հավանությանն արժանանալուց հետո նա-խագիծը ներկայացվելու է խորհրդարան։ Լավագույն լուծումը կլիներ, իհարկե, եթե խորհրդարանը նույնպես հավանություն տար Սահմանադրությանը, որից հետո այն դրվեր հանրաքվեի։

Այս փուլում ես, փաստորեն, տալիս եմ առաջին շանսը քաղաքական ընդդի-մությանը՝ ազատվելու ե՛ւ նախագահական համակարգից, ե՛ւ անձամբ ինձնից։ Այսինքն, եթե հանրաքվեով այս Սահմանադրությունը չի ընդունվում, ես հրաժարական եմ տալիս։ Երկրորդ. ես ընդդիմությանը տալիս եմ հաջորդ շանսը ազատվելու ինձնից, բայց պահպանելով նախագահական համակարգը։ Այսինքն՝ Սահմանադրության ընդունումից հետո անմիջապես անցկացվում են թե՛ Նախագահի եւ թե՛ Ազգային խորհրդի (Այդ պա­հին Սահ­մա­նադ­րու­թյան նա­խագ­ծում այդ­պես էր նա­խա­տես­վում կո­չել օրենս­դիր մար­մի­նը-Ա.Ս.) միաժամանակյա նոր ընտրություններ։ Ավելին, ես տալիս եմ նաեւ երրորդ շանսը։ Անհրաժեշտության դեպքում խորհրդարանը կարող է հանրաքվեի դնել ոչ միայն այս նախագիծը, այլեւ այլընտրանքային տարբերակ, այսինքն՝ պառլամենտական հանրապետության մի Սահմանադրություն։ Այլընտրանքային հանրաքվեի դեպքում էլ, եթե չի ընդունվում Սահմանադրության այն տարբերակը, որը մշակվել է մեր հանձնաժողովի կողմից, ես հրաժարական եմ տալիս (Ելույթ Սահմանադրական հանձնաժողովի նիստում, 27.03.1993, Ընտրանի, էջ 366-367)։

Այսինքն թե՝ իշխանությունը պետք է շատ հստակ դիրքորոշում ունենա Սահմանադրության կամ նրանում առաջարկվող փոփոխության հարցում եւ պատրաստ լինի կշեռքի մյուս նժարին դնել իր հրաժարականի հարցը։

Այս իմաստով՝ ի՞նչ է ասել Ս. Սարգսյանը։ Նա ասել է… ճիշտ հակառակը։ Ասել է՝ մեր երկրի համար ներկա փուլում ճիշտը նախագահական համակարգն է, բայց ես ամեն ինչի պատրաստ եմ սահմանադրական փոփոխությամբ խորհրդարանական համակարգ հաստատելու համար։ Ճիշտ է՝ անհեթեթ է, բայց դա է։ Ահա.

«Ինչ վերաբերում է պետության կառավարման ձեւին, ապա այս հարցում իմ մոտեցումը հայտնի է, եւ ես առիթ եմ ունեցել այդ կապակցությամբ արտահայտվել, որ մեր երկրի համար, գոնե թե զարգացման ներկա փուլում, գործող կառավարման մոդելն (նախագահական համակարգը) առավել ընդունելի է…Ես իմ կողմից ուզում եմ անել առաջին քայլը սահմանադրական բարեփոխումների քննարկումները իսկապես անկաշկանդ հունի մեջ դնելու առումով… եւ հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին» (10.04.2014)։

Ի՞նչ է ստացվում.

— Փոփոխության նախաձեռնողը դու ես, եւ ինքդ էլ դե՞մ ես այդ փոփոխությանը։

— Համզված ես, որ մեր երկրի համար այս փուլում ճիշտը նախագահական համակարգն է, բայց պատրաստ ես ամեն զոհաբերության, որ դրա փոխարեն ա՞յլ համակարգ հաստատվի։ Հանուն ինչի՞։ Գուցե խոստացել են այդ դեպքում Ղարաբաղը մեզ տալ։ Ասա, իմանանք։

— Ի՞նչ կապ ունի հետագայում պետական որեւէ պաշտոնում քո առաջադրվել-չառաջադրվելու հարցը սահմնադրական փոփոխությունների հետ։ Եթե կապ ունի՝ ապա կապ ունի քո այսօրվա պաշտոնը, եւ դա պետք է խաղաթղթի վրա դնես, ոչ թե որեւէ մեկին չհետաքրքրող քո ապագան։

— Ու, եւս մի «փոքր» հարց. իսկ ԱԺ նախագահի պաշտոնից չե՞ս հրաժարվում։

Ուրեմն՝ ի՞նչ է թելադրում նվազագույն քաղաքական արժանապատվությունը նման սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնողին։ Թելադրում է, որ նա հայտարարի հետեւյալ տարբերակներից որեւէ մեկը.

— Ես համոզված եմ, որ մեր երկրի համար ներկա փուլում ճիշտը նախագահական համակարգն է, բայց եթե, հակառակ դրա, Ազգային ժողովի նախաձեռնությամբ սահմանադրական փոփոխություններ կատարվեն, եւ հաստատվի խորհրդարանական համակարգ, ապա ես հրաժարական կտամ։

— Ես համոզված եմ, մեր մեր երկրի համար այս փուլում ճիշտը խորհրդարանական համակարգն է, ուստիեւ ինքս նախաձեռնում եմ նման սահմանադրափոխություն։ Եթե իմ նախաձեռնությունը Ազգային ժողովում կամ հանրաքվեում ձախողվի, ապա ես հրաժարական կտամ։

— Ես եւ Ազգային ժողովում ինձ պաշտպանող մեծամասնությունը համոզված ենք, որ մեր երկրի համար այս փուլում ճիշտը խորհրդարանական համակարգն է, ուստիեւ նախաձեռնում ենք նման սահմանադրափոխություն։ Եթե այն հանրաքվեով չանցնի, ապա անմիջապես կնշանակվեն նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

Իսկ այն, ինչ ասել է Ս. սարգսյանը, հենց այն խարդավանքն է, որի մասին բազմիցս է գրվել է, այն խաբեությունը՝ որի շնորհիվ նա վերջին մի փորձն է անում, նախ՝ վերակենդանացնել, ապա՝ հավերժացնել իր իշխանությունը, այս անգամ՝ միանձնյա, որպես իշխող կուսակցության Գլխավոր քարտուղար («գենսեկ»)՝ ինչպես խորհրդային տարիներին։ Իսկ վերջինիս իշխանությունը, ինչպես հիշում ենք, ոչ միայն անսահմանափակ էր, այլեւ դուրս էր սահմանադրական որեւէ վերահսկողությունից։

Հիշո՞ւմ եք ինչպես էր «Ոսկե ձկնիկը» հեքիաթում. Պառավն է՛լ չի ուզում մնալ Ազատ թագուհի, ուզում է դառնալ Ծովի տիրուհի եւ Ոսկե ձկնիկին էլ իր մոտ «ծառա ունենալ»։ Հիմա Ս. Սարգսյան է՝ է՛լ պաշտոն չի ուզում, ուզում է դառնալ ողջ երկրի տերը՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանություններն իր մոտ ծառա ունենալով։ Իսկ դրա ավարտն էլ, ինչպես հայտնի հեքիաթի Պառավի դեպքում, վաղուց կանխորոշված է։

Աշոտ Սարգսյան


Նախորդ հոդվածը‘Այսօր մեռելոց է. Եկեղեցիներում կմատուցվի հոգեհանգստյան Սուրբ Պատարագ’
Հաջորդ հոդվածը‘Սոնա Ռուբենյանը «Նոր ալիք» մրցույթում արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին’