‘Խմբագրական. Սերժ Սարգսյանի ցինիզմը դառնում է բումերանգ’

5843

Արդեն տևական ժամանակ է, ինչ հայաստանյան հասարակական-քաղաքական շրջանակներում երկու թեմա է քննարկվում՝ երկուսն էլ օր օրի հիմնավորվելով դետալների՝ միմյանց հաջորդող սենսացիոն բացահայտումներով։ Առաջինը իշխանության երկրորդ դեմք Տ. Սարգսյան և եկեղեցու երկրորդ դեմք Ն. Կճոյան դուետի «անհավանական արկածներն» են օֆշորներում։ Երկրորդը՝ Սյունիքի մարզպետ Լիսկայի հերթական «հերոսությունը» հրազենի գործադրմամբ՝ ավարտված մարդկային զոհով և ծանր վիրավորներով։ Կա նաև երրորդ թեման՝ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը ԱԺ-ում, որը, ոչնչով չտարբերվելով հանդերձ նախորդ տարիների նույնպիսի հաշվետվություններից, «թեմա» է դարձել այն բանի շնորհիվ, որ այս անգամ խորհրդարանում բառի բուն իմաստով քաղաքական  ընդդիմություն կար։ Երեք թեմաների քննարկումներում էլ, տարօրինակորեն, տևական ժամանակ տեղի չէր ունենում այն արգելակումը, որ սովորաբար լինում է նման իրավիճակներում։ Այնքան, որ մի ինչ-որ պահի անգամ հանրապետականները ոգևորվեցին և սկսեցին կրծել սեփական պոչը։ Եւ նորանոր փաստեր ի հայտ գալու ու քննարկումների խորացման մթնոլորտում արդեն նույնիսկ թվում էր, թե հեսա, ուր որ է, Տիգրան Սարգսյանը կասի՝ «ղալաթ եմ արել», Կճոյանը, հանուն Բարձրյալի՝ կհրաժարվի իր սրբազանությունից, Լիսկան ինչ-որ տեղ կանհետանա, գետինը կմտնի ամոթից։ Այս ընթացքը վտանգավոր էր հատկապես նրանով, որ թվարկված երեք «թեմաներից» յուրաքանչյուրն, ըստ էության, առարկայական դրսևորմամբ ցուցադրում էր ավազակապետական ռեժիմի գործելակերպի հիմնական վեկտորները.

ա) պաշտոնյաների ծախվածություն, կողոպուտ և ապօրինի տնտեսական գործունեություն, ինչի շնորհիվ տարեկան գրպանվում են պետական բյուջեն երկու անգամ գերազանցող միջոցներ.

բ) պետական պաշտոնյաների անպատժելիություն՝ ընդհուպ ամենածանր քրեական հանցանքների դեպքում.

գ) պետական բյուջետային միջոցների առնվազն կեսի (ըստ ՎՊ-ի հաշվետվության՝ 2/3-ի) թալան։

Բոլորն սպասում էին, թե հեսա «վաղը, կամ գուցե վաղը չէ մյուս օրը» կգա Սերժ Սարգսյանը, որ կարճատև արձակուրդ էր վերցրել ու «կարևոր գործով» Բադեն-Բադենում էր, ու կասի «տղամարդու իր խոսքը»։

Եկավ ու չխոսեց առաջին երկու թեմաների մասին՝ հասկացնելով, որ պետք է չորով հերքվի օֆշորային գործարքներին Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի մասնակցությունը, իսկ երկրորդ պատմությունից պետք է որքան հնարավոր է՝ չոր դուրս բերել Լիսկային։ Մի խորհրդակցություն հրավիրեց, որտեղ ընդարձակ գրավոր ելույթով անդրադարձավ միայն երրորդ խնդրին՝ ՎՊ-ի զեկույցին։

Այստեղ կանդրադառնանք միայն Ս. Սարգսյանի ելույթի քաղաքական առանցքին, որ ներկայանում է հետևյալ ձևակերպումներում։ Նա խոսում է «կոռուպցիոն շղթաներից ձերբազատվելու» մասին, ասում է թե արդեն «այսօր որևէ մեկը, ով մտադրվել է ինչ-ինչ մեքենայություններ անել, չի կարող հանգիստ լինել, որ վաղն իր ետևից չեն գալու ու բացատրություններ չեն պահանջելու»։ Ասում է՝ կոռուպցիոն «հիմնական սխեմաները աշխատել են տարիներ շարունակ և, եթե ազնիվ լինենք, պետք է ասենք՝ տասնամյակներ շարունակ»: Ու ահա, տասնամյակներով հաստատված այդ համակարգի դեմ պայքարում ի՛նչ առ այսօր արվել է իր ղեկավարությամբ՝ «մեծ գործընթացի ընդամենը սկիզբն է»։

Ասում են՝ ամեն ինչ սահման ունի, անգամ տիեզերքը։ Կարծես թե կան բաներ, որ սահման չունեն, օրինակ՝ ցինիզմը։

Ընթերցողին Ս. Սարգսյանի «սպիտակ ձեռնոցների» մասին պատկերացում տալու համար այստեղ հռետորական հարցի տեսքով արձանագրենք երկու փաստ. ինչո՞ւ համապատասխան ընթացք չստացավ նույն Ն. Կճոյանի ապօրինի 4 ատրճանակների գործը, որ հայտնաբերել էր  Ս. Սարգսյանը, ու 3-4 օր կալանքի տակ պահելուց հետո նրան բաց թողեց անհետևանք։ Կամ՝  այդ ինչպե՞ս եղավ, որ մինչև 1998թ. անգամ իշխանական վերնախավում ոչ մեկը չգիտեր նրա Սաշիկ անունով եղբոր մասին (որ գլուխը կախ՝ իր «ՊԱԶ»-ն էր քշում), իսկ իրականացված հեղաշրջումից քիչ անց հանճարեղ ինչ-որ «սխեմաների» միջոցով նա դարձավ ամենահաջողակ գործարար-օլիգարխը։

Վստահ լինելով, որ Ս. Սարգսյանի խոսքը խորհրդային շրջանին չի վերաբերում, ստացվում է, որ կոռուպցիայի արմատավորման «տասնամյակները»՝ հոգնակի թվով, ընդգրկում են Հայաստանի անկախության շրջանն ի սկզբանե (ինչից էլ պարզ է, թե ով է քաղաքական այս գնահատականի հիմնական թիրախը)։ Որից հետո, ահա, նա, ահա, սկսել է դրա արմատախիլ անելու գործը, սակայն հիմա «մեծ գործընթացի ընդամենը սկիզբն է»։

Առանց խախտելու տարրական տրամաբանության տարրական պահանջները, ՀՀ նախագահ դառնալուց հետո՝ նման միտք, գուցե, իրենց թույլ տային արտահայտել, օրինակ, էկզոտիկ էպոսագետը կամ հացադուլավոր Անդրիասը։ Նրանք Հայաստանի անկախության երկու տասնամյակներում շատ հեռու են եղել իշխանության խոհանոցից։ Ս. Սարգսյանը իր նշած ողջ ընթացքում Հայաստանում անընդմեջ վարել է շատ կարևոր պաշտոններ՝ պատգամավոր, ՊՆ նախարար, ՆԳ նախարար, Ազգային անվտանգության նախարար, նախագահի աշխատակազմի ղեկավար, վարչապետ։ Այսինքն՝ ոչ միայն բարձր պաշտոններ է զբաղեցրել, այլև հենց այնպիսի պաշտոններ, որ ամենից շատ պիտի տեղյակ լիներ արմատավորվող «կոռուպցիոն սխեմաներից», և դրանց դեմ պայքարն իր պաշտոնեական պարտականությունն էր։ Էդ ինչո՞ւ է «տասնամյակներ շարունակ» լռել։ Այն ժամանակ է՞լ է խոսել։ Կարո՞ղ է մի օրինակ ցույց տալ։ Զեկուցել է վերադասին ու մնացել է անհետևա՞նք։ Կարո՞ղ է օրինակ մատնանշել։ Եւ ինչո՞ւ է շարունակել աշխատել մի իշխանության մեջ, որը «կոռուպցիոն սխեմաներ» էր արմատավորում։ Ինչո՞ւ այն ժամանակ ազնվություն ու սկզբունքայնություն չի դրսևորել։ Այդ ի՞նչ պատահեց, որ «ազնվությունը բռնեց» միայն հիմա՝ «տասնամյակներ անց»։

Ս. Սարգսյանի ելույթի այս առանցքային քաղաքական միտքը եթե հիմք ընդունենք, ապա այն կարող է ունենալ տրամաբանական մեկնաբանության երկու տարբերակ.

Տարբերակ 1. Ս. Սարգսյանը նույն տասնամյակներին, իր զբաղեցրած պաշտոնների բերումով առավելագույնս տեղյակ լինելով արմատավորվող «կոռուպցիոն սխեմաներին»՝ այդ մասին ոչ մեկին ոչինչ չի ասել։ Ու քանի որ «կոռուպցիոն այդ սխեմաներն» այլ բան չեն, քան քրեական հանցագործություններ, նա, ըստ էության, ցուցմունք է տալիս սեփական անձի դեմ՝ ներկայանալով որպես իմացող-չհայտնող կամ հանցագործությունը պարտակող։

Տարբերակ 2. Ս. Սարգսյանը, «տասնամյակներ շարունակ» աշխատելով նշված պաշտոններում, չի իմացել արմատավորվող «կոռուպցիոն սխեմաների» մասին, միայն հիմա է իմանում և «ազնվորեն» խոստովանում։ Այդ դեպքում ստացվում է, որ նա «տասնամյակներ շարունակ» չի տեսել, թե ինչ է կատարվում իր քթի տակ, և որ այդ պաշտոններից որևէ մեկում իր տեղում չի եղել պարզապես։

Թե իր խոսքից բխող հնարավոր այս երկու բացատրություններից որը կնախընտրի Ս. Սարգսյանը, թողնենք իր ճաշակին։ Ավելացնենք միայն, որ ցինիզմը միշտ չէ, որ ուժի ու ինքնավստահության նշան է։ Երբ այլևս սպառված են վիճակից դուրս գալու բանական բոլոր ուղիները, հենց ցինիզմն ու հոխորտանքն է մնում այն վերջին փրկօղակը, որին կառչում են անելության ու ներքին խուճապի մատնվածները։ Պատահում է նաև, որ ցինիզմը դառնում է բումերանգ, որ ետ է գալիս ու խփում նետողի ճակատին։

Հ.Գ. Ի հեճուկս Ս. Սարգսյանի՝ առկա կոռուպցիոն համակարգը Հայաստանի հասարակական պատկերացումներում ունի իր հստակ ժամանակագրությունը. դրա սկիզբը կապվում է 1999թ.  հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ, որի շահառուները դարձան Ռ. Քոչարյանը և Ս. Սարգսյանը։  Հայաստանյան կոռուպցիան հասարակական պատկերացումներում ունի նույնիսկ իր խորհրդանիշը՝ սֆինքսանման երկգլխանի մի կենդանու տեսքով, որի գլուխներից մեկը՝ Սաշիկի, մյուսը՝ Միշիկի դեմքն է արտապատկերում։

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ հուլիսի 2-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Էդգար Մալաքյանը համալրում է չեխական առաջնության նորեկ «Զնոյմո» ակումբի կազմը’