‘
Չափազանց դժվար է, մնալով պատշաճության սահմաններում՝ բնութագրել այն, ինչ անում է մեր պետության հետ Սերժ Սարգսյանի վարչակարգը եւ անձամբ Սերժ Սարգսյանը: Վերջին իրադարձությունները՝ կապված Սերժի մոսկովյան այցի հետ, վկայում են արդեն ոչ թե սոսկ ձախողման, անհաջող որոշումների, տատանումների, այլ պարզապես արտաքին քաղաքականության լիակատար տապալման մասին: Սա այն դեպքն է, որից հետո որեւէ իշխանություն պետք է հրաժարական հայտնի անհապաղ: Չափազանցություն չկա այս խոսքերի մեջ: Դատեք ինքներդ. միայն անմեղսունակության սահմանին գտնվող կամ էլ, բացի նեղ անձնականից՝ որեւէ այլ շահ չճանաչող մեկը կարող էր բոլոր արտաքին ուժերի առաջարկներին «այո» ասելով եւ, ի վերջո, մեկ օրվա մեջ կտրուկ շրջադարձ կատարելով՝ այդ աստիճան հեղինակազրկել եւ անլրջացնել պետությունը, նրա արտաքին քաղաքականությունը, նրա ղեկավարի վարկը, ինքնիշխանության գաղափարը: Ցավոք՝ իրականացան մեր ամենաանհավանական թվացող կանխատեսումները, եւ «առաջ՝ դեպի Եվրոպա» գոռալով՝ Սերժ Սարգսյանը բերեց մեզ ….Եվրասիա (այս հնարավորության մասին մեր կայքը գրել է դեռեւս օգոստոսին): Անշուշտ, կարող եք ասել, որ խնդիրը Սերժ Սարգսյանի չար կամքը չէ, այլ այն իրավիճակը, որում նա ի սկզբանե հայտնվել է որպես երկրի ոչ օրինակարգ առաջնորդ՝ նրա իշխանության աղբյուրը եղել է ավելի շատ դրսի ուժերի հովանավորությունը, քան ՀՀ քաղաքացիների կամքը կամ էլ երկրի ներքին զարգացումը: Բայց արդյո՞ք սա մե՛ր՝ ՀՀ քաղաքացիներիս խնդիրն է: Փաստը մնում է փաստ, որ Սերժի իշխանության դիմաց վճարում ենք մեր անկախության գնով:
Մաքսային միությանն անդամագրվելը, եվրասիական ինտեգրացիոն գործընթացի մեջ մտնելը ամենեւին էլ անխուսափելի ելքեր չէին Հայաստանի համար: Այլ պարագաներում, եթե Հայաստանն ունենար օրինակարգ նախագահ (եթե նույնիսկ կեղծիքներով ընտրված լիներ, ապա գոնե իրական եւ շոշափելի ներքին բարեփոխումների արդյունքում կարող էր ձեռք բերել անհրաժեշտ զանգվածային աջակցությունը), եւ եթե վարվեր ավելի հավասարաշռված, ավելի խոհեմ, առանց «նախաձեռնությունների» արտաքին քաղաքականություն (պարտադիր չէր գազ տված քշել դեպի Եվրոպա, որպեսզի արդյունքում մտնեինք անհեռանկար եւ փակուղային մի նախագծի մեջ), ապա մեր երկիրը կարող էր բավականաչափ ռեսուրս ունենալ՝ խուսափելու համար «գիշերային դիվանագիտության» հերթական դրսեւորումից: Կարելի է սա համարել, ավելի շուտ, յուրահատուկ պատիժ ռուսների կողմից, քան պարտադրված որոշում: Շատերն են նկատել, որ Հայաստանը նույնիսկ սահման չունի Մաքսային միության հետ, այնպես որ՝ նույնիսկ աշխարհագրական այս փաստը կարող էր բավականաչափ համոզիչ փաստարկ լինել: Ի վերջո, այսքան ժամանակ Հայաստանը կարողացել է խուսափել կտրուկ արտաքին քաղաքական դրսեւորումներից, ինչը եղել է մեր երկրի անկախության հիմքը՝ հաշվի առնելով, թե ինչ բարդ պայմաններում է գտնվում մեր պետությունը: Հիմքում ընկած է եղել դեռ 1988-ի պայքարից ժառանգած՝ երրորդ ուժի բացառման օրենքը՝ ձեւակերպված Ռաֆայել Իշխանյանի կողմից: Խախտելով այդ օրենքը, ռևիզիայի ենթարկելով այն՝ հայտնվեցինք ահա այս բարդ իրավիճակում: Ինչեւէ, եղածն արդեն եղել է՝ հուսանք, որ մեր հասարակությունն ի զորու կլինի գոնե այս դեպքից անհարժեշտ դասեր քաղել, իսկ այժմ պետք է մտածել հնարավոր ելքերի մասին՝ սթափ գնահատելով եղած մարտահրավերները եւ պայքարի ռեսուրսները:
Մարտահրավերները
Նախ՝ չափազանց բարձր պետք է գնահատել գործընթացի անդառնալիության աստիճանը, որը խափանվելու հնարավորություն ունի, թերեւս, միայն հասարակական լայն եւ զանգվածային դիմադրության դեպքում: Մտնել այս գործընթացի մեջ շատ ավելի հեշտ է, քան դուրս գալ. վերջինիս հնարավորությունը Հայաստանը կարող է շատ երկար չունենալ, եւ ունենալուց էլ՝ շատ մեծ գին պահանջվի վճարել դրա դիմաց: Երկրորդ՝ անդառնալիորեն կարող են փչանալ Հայաստանի հարաբերությունները եվրոպական կառույցների հետ՝ դրա բոլոր անցանկալի հետեւանքներով: Զրկվելով եվրոպական ինտեգրացիայի հեռանկարից՝ մենք կարող ենք զրկվել զարգացման եւ առաջընթացի հնարավորությունից: Ճիշտ է, ստեղծված իրավիճակում եվրոպական կառույցներն ունեն պատասխանատվության շատ մեծ չափաբաժին, քանզի տարիներ շարունակ նրանք պարզապես աչք են փակել, հովանավորել են բռնակալական ռեժիմը՝ հույս ունենալով դրա դիմաց ստանալ իրենց անհրաժեշտ շահույթները, բայց փորձը ցույց տվեց, որ այդ հակադեմոկրատական, երկդիմի քաղաքականությունն ի վերջո նաեւ արդյունավետ եւ շահավետ չէր գործնական տեսակետից:
Բավականին թափանցիկ են նմանությունները հայ-թուրքական տապալված գործընթացի հետ: Այն ժամանակ էլ այդ՝ արտաքուստ շահավետ եւ այսպես ասած՝ առաջադեմ նախաձեռնությունը ձախողվեց բավականաչափ հաշվարկած չլինելու պատճառով, եւ արդյունքը եղավ հայ-թուրքական խնդրի է՛լ ավելի կարծրացումը, անհարկի զիջումները եւ, ի վերջո, որպես գործընթացի յուրահատուկ հետգրություն՝ ռուսական բազայի մասին պայմանագրի ժամկետի երկարաձգումը: Այժմ էլ ունենք Արեւմուտքի հետ հարաբերությունների սառեցում, արտաքին քաղաքական հավասարակշռության միակողմանի խախտում, ինքնիշխանության չափաբաժնի մեծ կորուստ եւ պետության հեղինակության անկում:
Դիմադրության ռեսուրսը
Ունի՞ արդյոք մեր հասարակությունը բավականաչափ ռեսուրս՝ այս ամենին դիմակայելու: Պետք է խոստովանել, որ իրավիճակը հեշտ չէ: Սերժ Սարգսյանը վերածվել է կոտրված մարդու, որի հայտարարություններն ու քայլերն արդեն հազիվ թե որեւէ մեկը լուրջ ընդունի արտաքին աշխարհում: Ետ շրջել իր կողմից կատարվածը նա արդեն չի կարող՝ սա այն դեպքն է, երբ ամեն հաջորդ «թպրտոց» կարող է է՛լ ավելի վատ հետեւանքների բերել: Եթե Սերժ Սարգսյանն ունենար գոնե մի քանի կոպեկի հայրենասիրություն, նա հրաժարական կտար Հայաստանի անկախության հերթական տարեդարձի նախօրեին՝ դիմելով ժողովրդին եւ անկեղծորեն խոստովանելով խնդիրը լուծելու իր անկարողությունը, որի դիմաց գուցե արժանանար ժողովրդի ներողամտությանը: Սակայն նման զարգացման հնարավորությունը գրեթե զրոյի է հավասար: Այս դեպքում միակ հնարավորությունը մնում է հասարակության ամենալայն խավերի համախմբումը: Սա այն հարցը եւ այն դեպքը չէ, որ որեւէ մեկն առաջին պլան մղի իր նեղ խմբային կամ անձնական շահերը, համակրանքները, տարաձայնությունները, որքան էլ կարեւոր եւ սկզբունքային լինեն դրանք: Խոսքն իրոք ամենալայն համախմբման մասին պետք է լինի՝ ընդդիմադիր քաղաքական եւ քաղաքացիական բոլոր ուժերով, խմբերով, անհատներով, նույնիսկ՝ եթե կան իշխանական միջանցքներում եւ վերնախավում պետական մտածելակերպ պահպանած անձինք՝ նրանցով: Եվ իհարկե, պարտադիր է պայքարի զանգվածային բնույթը: Պայքարի զանգվածայնությունն էլ կարելի է ապահովել միայն լայն, բայց, միաժամանակ, հստակ համապետական օրակարգով՝ որի առաջնային կետն է Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ որպես ներքին եւ արտաքին քաղաքականությունը տապալած եւ Հայաստանի ինքնիշխանությունը վտանգած անձնավորության:
‘