‘Խմբագրական. Ստալինիկները երկնքից չեն ընկնում’

2874

Հայաստանը մեր «դարավոր բարեկամ» Ռուսաստանի նման անծայրածիր չէ, եւ մեր փոքրիկ երկրում, որքան էլ ջանք թափեն պաթոլոգիկ քծնողները, անձի պաշտամունքը նույնքան ժանտատեսիլ ու ահարկու չի կարող ստացվել, եթե նույնիսկ պաշտամունքի առարկան իր բռնակալական հակումներով հիշեցնում է Իոսիֆ Վիսարիոնովիչին: Բարեբախտաբար, Սիբիր էլ չունենք, այնպես որ՝ մեր պոտենցիալ ստալինները որքան էլ ծամածռեն իրենց ծնոտները եւ կոկորդ պատռեն՝ հանրությանն իրենց «միհատիկությունն» ապացուցելու համար, միեւնույնն է՝ ե´ւ նրանց անուններից «իկ» մասնիկն է անբաժան լինելու, ե´ւ անգամ սրանցից սարսափող ամենավախկոտների դեմքերին քմծիծաղ է նշմարվելու:

Այս ստալինիկները երկնքից չեն ընկնում: Ավելին, մինչ իշխանության հասնելը՝ սրանցից շատերի մտքով չի էլ անցնում, որ իրենց քաջարի հոգու ծալքերում այդքան արատներ կան բուն դրած: Հանուն արդարության եւ ազատության պայքարող, մի քանի անգամ բանտ նստած, ավելին՝ մի քանի անգամ հաջողությամբ բանտից ճողոպրած, ասել է թե՝ ստաժավոր քաղբանտարկյալ եւ խիզախ հեղափոխական Ջուղաշվիլի-Ստալինի «Կոբա» մականունը հենց ինքը՝ «ժողովուրդների հայրն» էր իրենով արել՝ կարդալով վրաց գրող Ալեքսանդր Կազբեգիի «Հայրասպանը» վիպակը եւ հմայվելով այդ գրական գործի հերոս, արդարության մարտիկ, Ռոբին Հուդին ու Քյոռ Օղլուն հիշեցնող Կոբային, ինչը վկայում է, որ այս արյունարբուն, իր հեղափոխական գործունեության ճանապարհի սկզբին, մարդասիրական նպատակներ է ունեցել: Եվ թե այդ նպատակներն ինչ «փառահեղությամբ» իրագործեց,  դժվար թե մարդկությունը մոռանա՝ քանի բերանումը շունչ կա:

Ստեփանակերտի մետաքսի կոմբինատի պարտկոմի մտքով էլ անցած չի լինի, թե մի օր հրաման է տալու գնդակահարել իր հայրենակիցներին, որ իր նմանակը «եղբայրների ու քույրերի» արյունը կոխկռճելով բարձրանա ու սոսնձվի Հայաստանի նախագահի գահին:

Բայց սրանցով կյանքը չի սկսվել, եւ արդեն ակնհայտ է, որ սրանցով չի ավարտվելու: Հայոց քաղաքական դաշտի «քանդակագործները» նոր Կոբայի մոնումենտն են ծեփում: Հայաստանի անկախացումից ի վեր, ազատ խոսքի վայրիվերումների ողջ ընթացքում՝ ժամանակը բարեպատեհ լիներ, թե՝ ոչ, հասարակությունը հնարավորություն ունեցել է որեւէ կերպ արտահայտել իր վերաբերմունքը իշխանությունների, քաղաքական գործիչների նկատմամբ: Արդարացի, թե անարդարացի՝ համարձակները քննադատել են, զազրախոսները վայրահաչել են, եւ գաղտնիք չէ, որ ամենադառը եւ ամենամեծ չափաբաժինն ուղղվել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Պատմությունը հետո կդատի, թե ոնց պատահեց, որ հաղթանակի կարոտից շրթունքը ճաքած Հայաստանում հենց հաղթանակած Նախագահին ամենաշատը հարվածեցին եւ դեռ երկար կհարվածեն, բայց մի բան ակնհայտ է՝ նույնիսկ Հիմնադիր նախագահի պարագայում, նույնիսկ նրա ամենամոլեռանդ համախոհները եթե պաշտպանել են նրան հանիրավի մեղադրանքներից, ապա դա արել են հիմնավորումներով՝ լավ, թե վատ, համոզիչ, թե անհամոզիչ, ոչ թե բութ «անձնվիրությամբ» հայտարարել են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին չի կարելի քննադատել, եւ վե´րջ:

Մեկն էլ կա, որ ժամանակ առ ժամանակ իր տասնյոթամյա ազատազրկումն է թափահարում ապերախտներիս ի տես, նզովում է իրեն քննադատող սրբապիղծներին, բայց այս «երգը» երգված-պրծած է, ժամանակը հոսում է, եւ նորագույն «անձեռնմխելին» այս մեկի պատվանդանը խլելու հայտ է ներկայացրել:

Նորօրյա «Կոբան», պարզվում է, կարող է քննադատել ում ցանկանա, երբ ցանկանա, ինչպես ցանկանա, իսկ ահա իրեն հակադարձելը դաժանագույն հալածանք է: Ինչու՞: Որովհետեւ ինքը բանտ է նստել: Ի դեպ, բանտի «հմայքները» վայելել է  նաեւ Հայաստանի առաջին նախագահը՝ իր զինակիցների հետ միասին, այն էլ՝ չարիքի կայսրության  բանտի, բայց ոչ ոք չէր խորշում նրանց մեղադրել աշխարհում կատարվող բոլոր չարիքների համար: 2008-ի մարտիմեկյան սպանդից առաջ եւ հետո բանտում են հայտնվել հարյուրավորները, շատերը՝ գազանաբար խոշտանգվելով: Այդ քաղբանտարկյալներից ով ինչ նկարագիր ուներ, նախկինում ինչ մեղքեր էր գործել կամ չէր գործել՝ կարեւոր չէ. մարդիկ բանտ են նստել հանուն ազատության հանցագործ իշխանությունների դեմ ըմբոստանալու համար: Այս մարդկանցից ոչ մեկի դեպքում այս «վետոն» դրված չէ, միակ անձեռնմխելին մեր տեղական արտադրության «Կոբան» է, ում բռնակալական հակումներն ակնառու են վաղուց՝ իր «տիրակալության» խմբակի սահմաններում:

Ո՞վ է շահելու հերթական անձի հերթական պաշտամունքի այս «շինիչ» ջանքերից հետո՝ անորոշ է: Բայց որ անձամբ ինքը՝ անձեռնմխելին, միայն կորցնում է եւ կորցնում է ոչ միայն քաղաքական դաշտում իր տեղն ունենալու հնարավորությունը, այլ նաեւ իր մարդկային դեմքը՝ ախորժելի, թե մերժելի, սա այնքան ակնհայտ է, որ քիչ է մնում ասես՝ ափսոս էր երեխան:

Քիչ է մնում ասես, բայց չես ասում, որովհետեւ երեխան վաղուց այլեւս երեխա չէ, արդեն ձեւավորված «Կոբա» է: Իսկ թե ինչ են դառնում կոբաները՝ իրենց համախոհների միջոցով սեփական անձեռնմխելիության անհեթեթ «լեգենդը» հյուսելով, ոտնատակ տալով իրենց անցած ճանապարհը եւ իրենց ազատության համար ոչինչ չխնայած մարդկանց, Իոսիֆ Ջուղաշվիլի-Կոբան կասեր, եթե ողջ լիներ: Բարեբախտաբար՝ ողջ չէ:

Ուրեմն՝ այս «երեխայի» վիճակն անհուսալի է. նրա մերձավորների եւ երկրպագուների շրջանում չի նկատվում գոնե մեկը, ով սառը ցնցուղով կսթափեցներ ինքնաշիկացած «ամենափրկչին»: 

Նախորդ հոդվածը‘Արմավիրի մարզպետը օլիգարխ է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Թաղապետարանները և ՀՀԿ-ն` մեկ ամբողջություն. Մամուլ’